PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապրի'ր...



Ծով
29.09.2007, 20:39
Ապրի՛ր…

Այս պատմությունը գրելու համար մարդ պիտի առնվազն գլուխը կորցրած լինի: Ասեմ ինչու…որովհետև չես կարող նորից չվերապրել այդ անտանելի զգացումները, չես կարող նորից չկախվել անցյալի դառը խոհերից, չես կարող քեզ չարդարացնել՝ բնականաբար միաժամանակ մեղավոր զգալով: Բայց դե կգրեմ, ոչինչ, այդպես էլ է պատահում, գրեմ իմացե’ք դուք էլ, թե ես ինչքան վատն եմ, ինչքան չար եմ ու անսիրտ, գրեմ՝ պաշտպանեք նյրան... դուք էլ…Հա, միայն թե ինձ չստիպեք այցելել նրան. Ես այդ այլևս չեմ անի. երդվել եմ…
Ուրեմն մի մտերիմ ընկեր ունեի, անունը Աստղիկ էր /ինչ կարևոր է անունը/։ Ինձ ավելի շատ թվում էր, որ մտերիմս է, որովհետև ուր գնում էի հետս գալիս էր, անընդհատ զանգում էր` սկզբում չվիրավորվելով, որ ես իրեն երբեք չեմ զանգում, կարճ ասած կպել էր ինձնից, չէր պոկվում:
Ինքը նվիրված էր, ինչ խոսք, բայց չափ ու սահման չուներ իր նվիրվածությունը։ Իրեն համարում էր իմ ընտանիքի անդամը։ Մտքով անցնում էր ներխուժել նույնիսկ կյանքիս ամենաանձնական դարակները, տակնուվրա էր անում մտքերս, ջղայնացնում էր, նվերներ էր տալիս` ասես փորձելով նյութականով սիրտս շահել, ամեն ինչ անում էր ինձ համար, ինչ-որ իսկական քույրը կանի անիրական քրոջ համար։
Ու Ձեզ միգուցե արդեն թվաց, որ ես էլ ապերախտի մեկն եմ, որ նրան արհամարհում էի ինչ-որ տեղ։ Բայց ի՞նչ է, դա արհամարհե՞լ է…Հենց միայն այն, որ արդեն արյունս էլ էր կարողանում մերել, արդեն իսկ խոսում է իմ ամենամեծ սխալի մասին, որ ես թույլ էի տվել նրան այդ…բա էլ ինչ արհամարհանքի մասին է խոսքը…
Ինքը կարողացավ...Ես կապվեցի նրան. սկսեցի կարոտել, արդեն նույնիսկ զանգել, այստեղ-այնտեղ պատիվ տալ, խորհուրդներ տալ, օգնել ամեն հարցում ու գիտե՞ս ինչ եղավ. դարձա նրա կյանքի կարևորագույն նախագծի ամենակարևոր կետը…ասենք ամենակարևորը որն է…միակ կետը, ես կասեի…Թող անհամեստ թվա, բայց նա հասկացավ, որ ես բարի’ եմ ու իր գործն արեց, սակայն այդ մասին քիչ հետո, հերթով…
Շուտով դուք բոլորդ կմտնեք իմ դրության մեջ, կհասկնաք ինձ, հետո մի պահ կատեք, վերջում չգիտեմ՝ ինչ կանեք, բայց հիշեք, որ ինձ բնավ հետաքրքիր չէ՝ ինչ կմտածեք իմ մասին։ Ինձ միայն ձեր դիմախաղն է հետաքրքրում. այն առավել քան համոզված եմ, որ անկեղծ կլինիինձ հետ, բայց դե ափսոս, որ չեմ կարող տեսնել…
ՄԻայն թե մեծ լավություն արած կլինեք, եթե հետո մոտավորապես նկարագրեք…Չէ…Բա որ էլի անկեղծ չլինեք այս անգամ էլ Ձեզ հետ : Մեկ-մեկ ընթացքում հայելու մեջ նայե՛ք, լա՞վ…
Ուրեմն այս աղջիկը դրամաների սիրահար էր. իրավիճակներ էր սարքում, ինքն իր հորինածին հավատում էր, սկսում էր ինձ համոզել։ խենթանալ կարելի էր այդ խելահեղ ընկերության մեջ։ Փորձում էր ինձ, իմ նվիրվածության չափը։ Ես ինձ չեմ ների /ասենք արդեն ներելեմ/, որ սկսեցի խղճալ նրան ու սրտիս թուլությունը շփոթեցի ընկերական ջերմ զգացման հետ, բայց դե հո անսիրտ չէի, թույլ սիրտ էի։ Արդեն ասացի՝ կապվեցի. անվիճելի փաստ ու ընկերական ամենասուրբ ճաղեր…Ես հոշոտում եմ ջղերս ու երակներս ցնցվում են ամեն մի նոր հեքիաթից…Ինքն անընդհատ հորինում է, ես վայ-վույ եմ անում, հավատում եմ հիմարի նման, բայց ինքը բնական է խաղում ու բոլորի սուրբն է ինքը` հասնող, սրտաբաց, ընկերասեր։ Մարդիկ սկսում են նրան պաշտել, ու ես միայն այդ ժամանակ եմ հասկանում, որ ինչ-որ բան այն չէ…Ինքը սկսում է բացահայտ պայքարել անարդարությունների դեմ, ես էլ ասում եմ .<<Տե՛ս է, գտած ընկեր է, ո՞նց կարող էի մտքովս անցկացնել կորցնել նրան>>:
Հետո մի օր ուշքի եմ գալիս /չեմ ուզում շատ խորանալ, դուք ինքներդ նրան շուտով մինչև վերջ կճանաչեք/, հա, ուշքի եմ գալիս, երբ մայրիկս մի օր նայում է ինձ ու ցնցվում հայացքիս փոփոխությունից։ Աչքերս նրան անտանելի դժբախտ են թվում, ձեռքերիս դողը` բանտի ճաղերից քաշքշող թելեր, շուրթերս ճաքել են, այնքան եմ կծոտել, այտերս նիհարել են, որովհետև հաց չեմ ուտում, լուռ քայլում եմ անընդհատ ու ինչ-որ բան եմ մրմնջում, բայց այսքանը ինչ եմ նկարագրում. նա միայն աչքերիս մասին խոսեց.
«Աչքերիդ սառույցը ջարդի՛ր, փոքրի՛կս։ Եթե ուզում ես մի քիչ լաց եղիր, գրկումս, հետո կխոսենք»։
Մա՛յր իմ, Ի՛մ գանձ, ովքե՞ր են դրանք, որ այսքան ժամանակ չեն զգացել՝ հետս ինչ է կատարվում, իսկ դու միանգամից զգում ես։ Մի վայրկյան նայում եմ հայելու մեջ…հա, դուք էլ այդպես վարվեք, եթե ուզում եք հասկանալ, թե Ձեզ հետ ինչ է կատարվում…նայում եմ հայելու մեջ, ինձ չեմ ճանաչում...ասում եմ՝ բա ոնց որ Աստղիկը չի տեսել իմ այս ծանր վիճակը։ Օ՜, իմ ամենասու՛րբ ընկե՛ր...ախր նա է հեղինակը։ Կջարդեմ նրա վրձինը…տես՝ ոնց է ինձ այլանդակել։
Ջարդելը ո՞րն է…իսպառ թողնում եմ այն միջավայրը, որտեղ նա է։ Բարեբախտաբար պայմանները թույլ են տալիս, բայց նա քարի տակից էլ ինձ կգտնի, ասենք քարը որն է, տան տեղը գիտի, հո տունը չենք վաճառելու…տունն էլ քարից է /ինչ հիմարություն/։
Մտածիր ինչպես կուզես։ Գուցե դա փախուստ էր, թող այդպես լինի, ուրեմն ես փախա նրանից։ Ես շատ անկեղծ եղա նրա հետ, բացատրեցի զգացածս, նա միանգամից ողջ շրջապատին փորձեց իմ դեմ լարել։ Իր նախագծի հերոսին կորցրել էր, հեքիաթների հերոս գտավ, ինչ ասես չհորինեց իմ մասին, բայց մարդիկ նրան չհավատացին, որովհետև հենց իմ շնորհիվ էլ ճանաչեցին նրան, չնայած որ ես բառ անգամ չէի ասել որևէ մեկի։
Հեռացա...ընդմիշտ...
Ինձ համար խաղաղ ապրում էի։ Երբեմն միայն հիշում էի նրան, ցնցվում, բայց այդ շատ արագ անցնում էր, և ես երջանիկ էի ։ Ամեն ինչ փոխվեց…զարմանալի է…մեկ տարին ասես ողջ կյանքս փոխել էր և այն մոռանալու դեպքում կյանքս նորից պիտի փոխվեր` այս անգամ վերադառնալով նախկին վիճակին:
Եվ ահա մի օր, երբ ես ինձ համար ապրում էի…հա միայն ինձ համար։ Հավատացե՛ք, որ ծնողների, ընկերների հոգսերով տարվելը, նրանց օգնելը, նրանցով ապրելը հենց քեզ համար ապրելն է նաև, բայց դա նույնիսկ հաճելի էր, իսկ այն Աստղիկը, այն թյուրիմածությունը, ինչպես ես սիրում էի նրան անվանել հետո, նա ուզում էր անել այնպես, որ իր համար ապրեի…
Էէէ…շատ չերկարացնեմ…
Այսպես…
Մի օր զանգում է ինձ նրա մայրը.
-Լսում եմ,-համարն անծանոթ է։
-Բարև, Լիլիթի հետ եմ խոսում
-Այո
-Քեզ մի խնդրանք ունեմ
-Ո՞վ է,-զարմացա, գոնե ներկայանան սկզբից։
-Աստղիկի մայրն է
Միանագամից հասկացա՝ ում մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ հարցրի.
-Ո՞ր Աստղիկի
-Քո մտերիմ ընկերունու
-Մտերի՜մ,-էս կինը գժվել է, ի՞նչ է... նա վաղուց արդեն իմ մտերիմը չէ, ի՞նչ խաղ է…
-Լավ, դա կարևոր չէ, դու պետք ես նրան և ուրեմն և ինձ
-Չէ՞ք կարող ավելի պարզ
-Նա ծանր հիվանդ է, դու նրան պետք ես
-Բայց ես բժիշկ չեմ,-ես նույնիսկ ծիծաղեցի, ինչի համար հենց նույն պահին զղջացի։
-Ես էլ չգիտեմ, թե ինչու հենց դու, բայց նա պնդում է, որ հենց քեզ է ուզում տեսնել։ Դու մեր տոան տեղը գիտես, չէ՞... եթե մոռացել ես, ես քեզ կդիմավորեմ
« Էս կինն ի՞նչ է ինձնից ուզում։ Խնդրանքն արդեն հրամանի վերածվեց…
Այ քեզ բան, բոլորն են գժվել…որտեղի՞ց եկար էէէ….թքած ունեմ, ինձ հանգիստ թողե՛ք…»
Երանի այս ամենը հենց նրան ասեի ու դրանով ամեն ինչ փակվեր, բայց ես ասացի.
-Տան տեղը հիշում եմ, կմտածեմ, հաջողություն,-ու կախեցի լսափողը` առանց սպասելու նրա պատասխանին:
Գլուխս նորից կորցրի…
Տե’ր Աստված, էլի հայտնվեց…էլի կկապի ինձ` այս անգամ էլ հիվանդության պատճառով…մինչ այդ նման խաղեր եղել են, բայց սա մի՞թե իրական է:Երանի մայրիկը շուտ տուն գա, երանի արգելի ինձ գնալ նրանց տուն, երանի նույնիսկ ուժ գործադրի, որ չգնամ, երանի ինձ կապի, ծեծի, չէ, երանի չմեղադրի եթե գնամ...այս ի՞նչ է, Աստվա՛ծ իմ։ Ի՞նչ եղավ նորից..ու՞ր գնամ, ինչի՞ Համար էէէ...բոլորը լքել են, ինձնից կպավ։ Ես հո սպեղանի չեմ։ Հենց հիմա կգնամ: Չէ, կսպասեմ մայրիկին…
Մայրիկը եկավ տուն, պատմեցի, գունատվեց հիշեց ինձ այն ժամանակ, հիշեց իր տանջվող աղջկան, որը ոչ մի կերպ ոչինչ բացատրել չէր կարողանում և նրան հայտնի էր միայն անունը ցավի` Աստղիկ։ Ու նորից հանկարծ իր բալիկին կանչում են։ Այն էլ այս անգամ մայրն է կանչում, ինչը ավելի բարդ է. ընտանիքն է կառչում այժմ իր բալիկից;
Մայրս սկզբում արգելեց ինձ, հետո ուզում էր զանգել ու խոսել Աստղիկի մայրիկի հետ, հետո դա անհեթեթ համարեց, մի քիչ խորհեց, հետո ասաց.
-Վարվի՛ր այնպես, ինչպես կուզես, սիրելի՛ս։
Քիչ անց ուրիշ ճանապարհ էլ չթողեց.
-Գնա՛, գուցե իրոք նրան շատ ես պետք: Եթե զգաս, որ նորից տանջում է քեզ, ես քեզ կստիպեմ մոռանալ նրա հասցեն:
Գնացի…
Ճանապարհին հիշեցի մի դեպք: Մինչև հասնենք նրանց տուն, կհասցնեմ պատմել:
Ուրեմն մի անգամ Աստղիկը իմ նվիրվածության աստիճանը փորձելու համար զանգահարում է ինձ գիշերվա ժամը մեկին ու ասում, որ սարսափելի վատ է իրեն զգում, ասես մեռնում է, ուզում է տեսնել ինձ, կարևոր բան պիտի ասի։ Սարսափելի բնական շնչակտուր է լինում, ձայնը դողում է ասես ուղիղ կապ է հաստատել ինձ հետ արցունքի միջոցով: Ես ասում եմ` կգամ ու նետվում եմ հայրիկիս մոտ, խնդրում եմ նրան ինձ հասցնել Աստղիկենց տուն։ Այդ ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ ես նույնիսկ հայրիկին չեմ թողնում կոշիկներ հագնի, լեղապատառ ինձ դուրս եմ գցում։ Արդեն շարժվում ենք, մեկ էլ մայրիկս պատուհանից գրեթե շշուկով, բայց լռության մեջ ձայնը լսում ենք` հետ եկեք…/պարզ է՝ ստիպված մորս ամեն բան բացատրել էր և ներողություն խնդրել/։
Ու հենց այդ պահին ես հասկանում եմ, որ նա հիմարացրել է ինձ, իսկ ես, նրան հավատալով, ծնողներիս…
Կարծում եք ե՞ս էի ամենամեծ հիմարը։ Բայց դուք այդ ձայնը մեկ անգամ պիտի լսեիք...այդքան համոզիչ…և հետո ես այդ մեկը հաստատ գիտեի, որ նա առողջական խնդիրներ ուներ։
Դիտարկենք այս պատմությունը իբրև մինչև նրանց տուն հասնելը չձանձրանալու և էլի ձեզ համար մի քանի բաներ պարզ դարձնելու միջոց։
Բայց դե ես այդքան շուտ նրանց տուն չէի հասնի…

Ծով
29.09.2007, 20:40
Կանգնել էի նրանց տան դռան դիմաց ու երկմտում էի։ Ինչ-որ բան հուշում էր` թողնել ու գնալ…ինչ-որ մեկը` ես, անել այն ինչի համար եկել էի` տեսնել նրան։ Դուռը թակեցի շատ թույլ` ասես երազելով, որ չլսեն ու չբացեն, որ ես էլ ինձ համոզեմ, թե տանը չեն…հիմարություն է այս ամենը…
Զանգը սեղմեցի շատ ուժգին, ու դուռը բացեց նրա մայրը։ Նա գունատ էր, շատ դժբախտ տեսք ուներ, աչքերը հոգնած էին ու կարմրած, նրա վրայից դեղերի հոտ էր գալիս, և ամբողջ տանից դեղերի հոտ էր գալիս։ Նա նույնիսկ չժպտաց ինձ, բայց բարեհամբույր ներս հրավիրեց: Երևի ձայնը ժպտաց էլի, ի՞նչ տարբերություն…
Ես հիշեցի այդ տունը, թեպետ ո՞վ է ասել, որ մոռացել էի։ Ես այդ տանը շատ էի եղել և միշտ բարկացած հեռացել էի։
Չէ, պիտի անկեղծ լինեմ՝ ոչ միշտ…հինգ անգամից ընդամենը երեքը…ծիծաղելի է։ Կարծու՞մ եք հինգ անգամը քիչ է..դա ես շատ-շատ եմ համարում, համարում էի նրա համար:
Նա ննջասենյակում չէր պառկած, այլ հյուրասենյակում` բազմոցի վրա: Խիստ հայկական վատ սովորություն է, բայց դե ինչ արած:
Նա այնպիսի հայացքով նայեց ինձ, ասես ուզում էր ասել`«Իսկ կարո՞ղ էիր չգալ», ինչպես կասեն շատերը, երբ փափագում են ինչ-որ բան և հետո հեշտությամբ՝ մի հարվածով հասնում դրան, նրան, ինձ…
«Նրա ժպիտի մեջ հեգնանք կա»,- մտածում եմ ես և վախեցած նայում եմ նրան:
-Ինձ չե՞ս կարոտել, ես վարակիչ չեմ, դե գրկի՛ր ինձ, քույրի՛կս,-ասաց նա տարօրինակ քնքշությամբ:
Վերջապես ես ուշադիր նրան նայեցի։ Փոխվել է շատ. աչքերն ուռած են, դեմքն այնքան նիհարած, որ ոսկորները երևում են, մազերն անխնամ երկարած, շուրթերը կապույտ, ունքերը հաստացած, ինքն էլ ասես կիսատ լինի…
Աչքերս լցվեցին…
Գրկեցի նրան, բայց չարտասվեցի, այլ չորացրի աչքերս դեղի բույրի մեջ թաթախված գիշերանոցին` այնպես սեղմվելով, ասես կարոտին էի փարվում…
Մայրը մի աթոռ դրեց նրա կողքին ու գնաց:
-Դե պատմիր,- ասաց նա շատ հանգիստ:
-Ի՞նչ պատմեմ
-Ի՞նչ կա քո կյանքում հիմա
Նա ժպտաց…
Ես այդ ժպիտը ոչ մի կերպ չկարողացա տեղը բերել։
-Ոչինչ էլ չկա,- սառը պատասխանեցի ես և միանգամից զղջացի, ինչպես նրա հարցում միշտ ինձ հետ պատահում էր։
-Գիտե՞ս, ես կմեռնեմ
-Ես էլ մի օր կմեռնեմ…դա գյուտ չէ
«Էս ի՞նչ չարություն է մեջս մտել»,- մտածեցի, բայց մտացածս արհամարհեցի»։
-Ես շատ շուտով կմեռնեմ,- նա շարունակեց նույն հանգիստ տոնով։
-Ես էլ այսօր հնարավոր է փողոցն անցնելիս մեքենայի տակ ընկնեմ
-Լի՛լ, ես հիվանդ եմ
-Ես էլ…ես հիվանդանալ չեմ ուզում..ների՛ր
-Քեզ շա՞տ եմ տանջել, հա՞
Էլի ոչ մի կերպ չեմ ճանաչում այդ ժպիտը…ուրիշ է, ուրիշ…գուցե շուրթերի կապույտից է...
-Չէ…ինչու՞ Եմ քեզ պետք
-Դու իմ ամենալավ ընկերն ես եղել։ Ես քեզ երբեք մտքիցս չեմ հանել, ուզում էի քեզ միշտ իմ կողքին պահել, ասես գիտեի, որ այս օրը գալու է, ուզում էի սեփականցնել քեզ, որ ինձ օգնես իմ միայնակ ու անհույս օրերին…ուզում էի չտանջվել և…
-Տանջել ինձ,-մեքենայաբար շարունակեցի
-Չէ, ի՞նչ ես ասում, ես շատ բան չեմ պահանջի…
«Շատ բան, ուրեմն այնուամենայնիվ կպահանջի»,-մտածեցի;
-…Ես միայն խնդրում եմ, որ օգնես ինձ մինչև վերջին վայրկյանն իմ կյանքի...
«Նա նույնիսկ ռեժիմ դրեց կյանքիս մեջ»,-...
-...Ես միայն ուզում եմ, որ հասկանաս ինձ, ճիշտ հասկանաս…
«Նա հաստատ գիտի, որ ճիշտ կհասկանամ և այդ զգուշացնում է, որ փորձեմ սխալ հասկանալ, այսինքն իր ուզած «ճիշտ»-ը…»,-...
-…արի՛ մոռանանք անցյալը, ես քեզ արդեն ներել եմ…
-ի՞նչ, -վերջապես խոսեցի։
Նա սկսեց բարձր ծիծաղել, բայց լավ չհասկացա, թե հենց որտեղ ցավ զգաց, որ թուլացրեց ձայնը, նույնիսկ դադարեց։
-Ուզում էի ասել` ես քեզ արդեն ներել եմ, որ ինձ չես ներում,-և նա նորից ծիծաղեց, այս անգամ խիստ թույլ:
Լռություն…
-Ժամը կասե՞ս, խնդրում եմ,-ասաց նա, ոչ թե խնդրեց/ բառն ի՞նչ կապ ունի. ձայնում թախանձանք չկար…/
-Ժամը հինգն է
-Այնտեղ`սեղանի վրա դեղ կա, կտա՞ս
-Կտամ..
Մոտեցա սեղանին. շատ դեղեր տեսա, ո՞ր մեկն էր ուզում...դիտմամբ արեց, որ դեղերը նկատեմ, նրանց քանակից հասկանամ, որ վիճակը լուրջ է։
-Ո՞ր մեկը
-Քո ցանկությամբ,- այս անգամ քրքջաց` ընթացքում ախ ու վախ անելով։ /ցավում էր էլի/
-Մի՛ կատակլիր, ո՞ր մեկը
-Սպիտակը
-Մեկ, երկու… երեք սպիտակ դեղ կա, ո՞րն ես ուզում
-Էն որ մեջից մի հատ եմ խմել, դա տուր
Տվեցի…
-Բա ջու՞ր…էլի սեղանի վրա է…
Տվեցի…
Խմեց… անտարբեր… Հետո մի քիչ բարձրացավ անկողնուց ու զարմացա, որ ինձ չխնդրեց, այլ իր սեփական ձեռքերով բարձն այնպես հարմարեցրեց, որ նստած հենվի։ Նայեց ուղիղ աչքերիս մեջ, ու այս անգամ ճանաչեցի նրա ժպիտը…առաջվա ժպիտը, որին սովորել էի և որը սովորել էի սիրել:
-Լի՛լ, ես մահից չեմ վախենում
-Մահն էլ քեզնից
Ծիծաղեցինք…
Մի քիչ էլ, ու ես մերվեցի։ Հաշտվեցի ինքս իմ մտքերի հետ ու սկսեցի նրան ծիծաղեցնել։ Այն էլ հենց ծիծաղում էր, ախ ու վախը խառնում էր կչկչոցին, ես էլ սկսում էի ինձ մեղավոր զգալ, բայց հենց դադարում էի, խնդրում էր որ շարունակեմ զվարճախոսել, իսկ ես էլ մերժել չէի կարողանում: Զանազան պատմություններ պատմեցի ու մի լավ ուրախացանք…
-Լի՛լ
-Հն… էէէ
-Պաշտում եմ քեզ, քույրի՛կս
-Դա լավ չէ
-Ինչու՞
-Դու այդքան փող չունես, որ իմ պատվին եկեղեցի կառուցես
-Գի՛ժ
Հանկարծ ներս մտավ նրա մայրը…
-Ա՛ստղ, դեղդ խմելու ժամանակն է,-դիմեց նա աղջկան
Աստղիկը կարծես չլսեց։ Ես մոտեցա դեղասեղանին, որ դեղ ընտրեմ…այսինքն ես տամ նրան այն դեղը, որը մայրը կասեր։ Հիմարը սխալվել էր ինչ-որ տեղ կամ պատահաբար էր եղել այդ սխալմունքը, ճիշտ չէր հաշվարկել։ Նրա մայրը ինձ տվեց հենց այն դեղը, որը 30 րոպե առաջ Աստղիկը պահանջել էր։ Ես շատ արագ հասկացա, որ հենց այդ դեղի ժամը հինգ անց կեսն էր, իսկ կես ժամ առաջ նրա սարքած փոքրիկ խաղի համար մեկ էր, թե որ դեղահաբն իմ ձեռքից կուլ կտա։ Միևնույն է դեղ ընդունելու ժամ չէր…
Նա ուշադիր չեղավ: Նա իր վրիպելը հասկացավ, երբ ես մերժեցի մորը տալ այդ դեղը Աստղիկին…
-Դեղս տվե՛ք,-ասաց նա` ձևացնելով, թե հանգիստ է
-30 րոպեն մեկ, խմու՞մ ես այս դեղը։
Մայրն անտարբեր էր, և չհասկացավ՝ ինչ է կատարվում ու գնաց` մտածելով, որ կդեղավորեմ իր աղջկան..
-Վե՛րջ տուր, Լի՛լ, հասկացա ինչ նկատի ունես…շփոթել էի դեղերը, ուրիշը պիտի խմեի։
-Դրա համար էիր ինձ խնդրում քեզ տալ այն դեղը, որը կնախնտրեմ..նողկալի է։
-Դե՛ վե՛րջ տուր, խղճա՛ ինձ, դու սխալ ես, սխալ…մի՛ շարունակիր նույնը, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ
-Ես էլ…վատնելու,-անգիտակցաբար նետեցի ես
-Ինձ նյարդայնացնում է քո կասկածամտությունը։ Եթե ուզում ես իմանալ, հա, ես փոխվել եմ ու առաջվանը չեմ, մի՛ զրպարտիր ինձ։
-Դու պաշտպանվու՞մ ես,-նկատեցի ես
-Ինչի՞ց
-Համոզվեցի…ես գնում եմ, ների՛ր
Նա էլ չէր պահանջում դեղը, ես համոզվեցի, որ չէի սխալվում
-Մի’ գնա, խնդրում եմ, իմ լավատե՛ս քույր, դու օգնում ես ապրել։
-Իսկ դու մեռնել…ների՛ր...
-Լի՜լ /խնդրանք/…Լիլի՛թ, մնա՛ /հրաման/։
Բայց նա կատաղած վիճակում մի ուրիշ մարդ դարձավ…ես վախեցա ու մեղմացրի ձայնս, հայացքս, ժպտացի մի կերպ ու անտարբեր հայտարարեցի.
-Էլի կգամ, չմտածե՛ս, լավ եղիր, կգամ, հիմա գործեր ունեմ…
Նա գիտեր, որ ոչ մի կարևոր գործ էլ չունեմ, բայց դիվանագիտորեն համակերպվեց գնալուս մտքի հետ ու պատասխանեց.
-Գնա՛, քեզ չեմ համոզի, կսպասեմ…շնորհակալ եմ, հրեշտա՛կս։
Չժպտաց…

Ծով
29.09.2007, 20:44
Ես ինքս բացեցի դուռը ու հեռացա։ Նրա մորն անգամ ցտեսություն չասացի, ասես մի քանի վայրկյան անց պատրաստվում էի վերադառնալ։
Դուրս եկա շենքից ու զարմանալիորեն թեթևացա: Բայց թուլացել էի, թվում էր` շուտով կընկնեմ: Նստեցի նրանց բակում` երկաթե նստարանի վրա ու երկար-երկար խորհեցի…գուցե նրա մասին, գուցե իմ, գուցե մի ուրիշ բանի, որ ինձ չտանջեմ, չգիտեմ, բայց այդ բակում երկար նստեցի, ասես նրա հիվանդասենյակում էի, բայց կարևորն այն էր, որ հիվանդը չկար: Մայրիկի զանգից սթափվեցի ու նրա հետ խոսելուց հետո անմիջապես գնացի տուն:
Մայրիկը հարցուփորձ արեց, ես պատմեցի, թե ինչ վիճակում գտա Աստղիկին, բայց դեղախաղի մասին ոչ մի խոսք չբացեցի:
Նույն օրը՝ ուշ գիշերին, նա զանգեց ինձ։ Ողջ ժամանակ ինքն էր խոսում, իսկ ես լուռ լսում էի։ Պատմում էր, թե իմ գնալուց հետո քանի դեղ է ընդունել, թե ովքեր են այցելել իրեն, ինչ է կերել, ինչ է խմել և նույնիսկ քանի անգամ է զուգարան գնացել և թե ինչպես է այդ ամենն արել ինքնուրույն` արգելելով մորն օգնել իրեն.
-Խնայում եմ մայրիկիս,-ասաց,-ուզում եմ կարծի, որ ուժեղ եմ, թող ադպես մխիթարվի, չեմ ուզում տառապի։
Խոսեց, խոսեց ու հրաժեշտ տվեց միայն երբ քունը տարավ։ Ես ամբողջ գիշեր չքնեցի…ասենք աչքս կպավ միայն վաղ առավոտյան, բայց շուտով նրա զանգից արթնացա։
-Կգա՞ս
-Կգամ,-քնաթաթախ ասացի։
-Հաց չեմ ուտի, քեզ կսպասեմ։
Այդ էլ նրա համար, որ ես կարծեմ թե քաղցած եմ թողնում և շուտափույթ գնամ նրանց տուն:
Պատրաստվեցի ու դուրս եկա։ Զգեստս խիստ գունավոր էր, շպարս՝ արտահայտիչ։ Չգիտեմ ինչու նորից տուն եկա, լվացվեցի, շատ սովորական մի բան հագա ու դուրս եկա։ Մայրիկն այդ ամենը տեսավ ու հառաչանքով ինձ ճանապարհեց։
Երբ հասա նրանց տուն, սեղանն արդեն պատրաստ էր։ Երկու սկուտեղ կար դրված. մեկի վրա այն էր, ինչ նրան կարելի էր, մյուսի վրա այն, ինչ չէր կարելի։
-Եթե ուզում ես իմ սկուտեղից էլ օգտվիր։ Քեզ ամեն ինչ էլ կարելի, իսկ ինձ գիտե՞ս, թե ինչ չի կարելի…
Ու նա սկսեց թվարկել իմ սկուտեղի պաշարը` ասես ուզում էր ասել՝ հյուրասիրվիր…
Քաղցած էի, բայց ախորժակս փակվեց։ Մի երկու բան բերանս դրեցի, ծամծմեցի, հետո կես բերան ասացի, որ հիմա քչով եմ կշտանում, նա իբր թե հավատաց ու, վերջացնելով իրենը, կանչեց մայրիկին, որ հավաքի սեղանը։
Ջղերս լարվեցին հենց առավոտից…
-Հն, ինչպե՞ս ես..
-Լավ..
-Իսկ ես ոչ
Այսինքն դրանից հետևում է, որ ես պիտի նախապես ասեի` այնպես, ինչպես դու…
Սեղանը հավաքելու ժամանակ մայրն ասաց.
-Քեզ Մերին է այցելելու այսօր..
-Օ՜, նա ամեն օր գալի՞ս է…
Մերիի անունն էլ էր տվել նախորդ օրվա իմ գնալուց հետո նրան այցելածների ցուցակի մեջ;
Աստղիկը շշուկով ասաց ինձ.
-Հա, նա ամեն օր այցելում է…
Աստղիկի մայրը՝ անտարբեր, գունատ ու դժբախտ մի էակ, մտքերի մեջ սուզված մի տխուր մայր, դառնում է իր դստեր մատնիչը..
-Մերին եղբոր հետ է գալու,-ասաց, որ վաղուց քեզ չի տեսել, կարոտել է,-շարունակեց մայրը…
Աստղիկի աչքերը կատաղությունից փայլեցին։
-Մա՛մ, շուտ, հա՞, հավաքի՛ր ու գնա’
Մայրը մեխանիկորեն հնազանդվեց` արագացնելով գործողությունները:
Աստղիկը ոչինչ չասաց, ասես սպասում էր իմ բարկանալուն…
Ես լուռ էի…
Մտածում էի.
« Է՜..էս ինչ է…խեղճի ծրագիրն անընդհատ ձախողվում է։ Ժամանակն էլ քիչ է, ինչ արած։ Անընդհատ պատահականորեն կոդը բացում եմ, ու մայրը դատում է` չգիտակցելով, իսկ ես մեղադրողի դերում եմ գիտակցաբար:
Եվ այս ի՞նչ պատահականություն է…Կյանքիցս դեղի հոտ է գալիս, իսկ ես այդ բույրը կուլ եմ տալիս, ներում եմ...նա ժամանակ չունի…տանջվում եմ, բայց նա ժամանակ չունի: Շոշափում եմ ժամանակս, չեմ զգում, ասես իմն արդեն վաղուց հոգևարքի մեջ է, իսկ նա քմծիծաղ է տալիս ու շարունակում կյանք քաղել ինձնից։Աասում է՝ իրեն օգնում եմ ապրել: Բա եթե մեռնի, ուրեմն էլ չե՞մ օգնում…Այս ի՞նչ մտքեր են, Տե՛ր Աստված, ու՞ր եմ հասել։ Կարողացավ…կապվեցի...նա ժամանակ չունի, իսկ ես ինչքա՜ն ունեմ, ո՞վ գիտե…ասե՛ք իմանամ, էլի…տանջվում եմ»
Աստղիկը միացրեց հեռուստացույցը. հետաքրքիր ֆիլմ էր, շեղվեցի, շեղեց, շեղվեցինք, ծիծաղեցինք։ Ընթացքում նույնիսկ քննարկում էինք, իսկ հենց ֆիլմը վերջացավ վերլուծեցինք։
Նրան թվաց` այս էլ անցավ, ես հասկացա` այս էլ անցկացրի…
Դեղերի ժամերը էլ չասեմ։ Մայրը պարտաճանաչ կերպով ստիպում էր նրան ընդունել դեղերը, իսկ դեղախաղի փորձն արդեն անցել էր, հաջորդ փուլերը դեռ կռահել չէի կարողանում:
Հետո ես նույնկերպ հրաժեշտ տվեցի, ինչպես նախորդ օրը: Ասացի, որ գործեր ունեմ, մորն էլի հրաժեշտ չտվեցի, բայց այնպես կուզենայի խնդրել նրան անընդհատ մատնել աղջկան: Աստղիկն ինձ անտարբեր հայացքով ճանապարհեց, ասաց.
-Կգա՞ս…կամ կգա՛ս…
Չեմ հիշում ինչ տոնով ասաց, արդեն խառնում էի ամեն ինչ…
Ես հեռացա` համոզված լինելով, որ կգամ…
Այդ գիշեր ջերմությունս բարձրացավ։ Ես հոգեկան մոլորության մեջ ընկա։ Մայրիկը հենց տուն մտնելիս զգաց, որ լավ չեմ զգում ու փորձեց կանխել, որ չվատանամ։ Չստացվեց…ջերմությունս հասավ մինչև 40 աստիճան։
Ուրեմն այսպես...
Մրսած չեմ, դե հիվանդ չեմ, ներքին լարվածություն է, դողում եմ։ Մոտս ստրես է սկսվել, լալիս եմ անընդհատ։ Մայրս տրորում է ձեռքերս, համբուրում ու ասում.
-Չեմ թողնի, էլ էդ անիրավի տունը չգնաս, էս ի՜նչ է անում քեզ հետ։
Ես պաշտպանում եմ, ճչում.
-Նա մեղավոր չէ...
Ու լալիս եմ լալիս առանց դադարի…
Հետո չգիտեմ ինչպես քնեցի։ Արթնացա շատ շուտ։ Մայրս երևի ամբողջ գիշեր կողքիս էր մնացել, որովհետև նա շորերով քնած էր իր անկողնում: Հա, ողջ ընթացքում միայն նրա անունն եմ տալիս, շատ կարճ ասեմ, որ այդ ժամանակ հայրս պարզապես արտերկրում էր:

Ծով
29.09.2007, 20:45
Ես ցայվեցի` մոռանալով նախորդ օրվա ջերմությունս, որ դեռ զգում էի, հագնվեցի ու պատրաստվում էի դուրս գալ, երբ մայրիկը ձայն տվեց.
-Դու ոչ մի տեղ չես գնում
-Մա՛յր
-Ես քեզ արգելում եմ
-Խնդրում եմ…պիտի գնամ, նա ժամանակ չունի, նա մեռնում է, պիտի գնամ…
-Դու նույնիսկ չգիտես` ինչով է հիվանդ, կբուժվի, թե ոչ։ Ինչու՞ Ես համոզված, որ մեռնում է։ Լսի՛ր, յուրաքանչյուր մոր համար թանկ է իր բալիկի առողջությունը։ Եթե նույնիսկ սխալվում եմ, միևնույն է, արգելում եմ քեզ այլևս շփվել նրա հետ։ Դու սպառվում ես..
-Մա՛յր, խնդրում եմ…
Նա արդեն հասել էր դռան մոտ, պինդ հենվել դրան ասես վախենում էր, որ չեմ հնազանդվի ու կփախչեմ։ Ես փարվեցի նրան ու էլի խնդրեցի։ Նա ոչ մի կերպ չէր ուզում զիջել, և ես վերջապես ձգվեցի ու հանդարտ հայտարարեցի.
-Սա վերջինն է, երդվում եմ, ես այլևս նրան չեմ այցելի:
-Խոստանու՞մ ես
-Երդվում եմ
-Լավ, սպասիր մեքենա կանչեմ, գամ քեզ հետ։
-Չէ…
-Հա, հա…կամ ես կգամ քեզ հետ, կամ ոչ մի տեղ չես գնում
-Լավ,-ես գիտեի, որ կարող եմ չհնազանդվել, բայց հնազանդվեցի:
Մենք միասին գնացինք նրանց տուն: Աստղիկը մի պահ խոժոռվեց, երբ տեսավ մորս։ Մայրիկը վարպետորեն թաքցրեց լարվածությունը և համբուրեց նրան` ասելով, որ ինքը համոզված է, թե աստղիկը շատ շուտով լրիվ կազդուրվի: Նա այդ այնքան համոզիչ տոնով ասաց, որ Աստղիկի մայրը վերջապես ժպտաց, ասես մայրս աշխարհի Ամենաբժիշկն էր և նրա ասածն ամենաքիչը օրենք էր:
Հետո իմ ու նրա մայրերը գնացին խոհանոց` մեզ մենակ թողնելով հյուրասենյակում։ Հա, նրանց տանն էլի մարդիկ կային, որոնք, սակայն, նույնպես դուրս եկան հյուրասենյակից:
-Մայրդ ինչու՞ Է եկել,-հարցրեց Աստղը։
-Ուզում էր քեզ տեսնել և ուղեկցել ինձ։
Ես դեռ չէի կազդուրվել։ Զգում էի, որ ջերմում եմ. աչքերս վառվում էին։
Իսկ նա` Աստղիկը, նա դա չնկատեց կամ չնկատելու տվեց, ինչպես առաջ, երբ հանկարծ մի փոքր հիվանդանում էի, այն ժամանակ երբ դեռ չգիտեր իր հիվանդության մասին, այլ մանր-մունր խնդիրներ ուներ, որպիսությունս հարցնելու փոխարեն արդեն համոզում էր, որ այդ դատարկ բան է իրենի առաջ։
Ես հազիվ էի ինձ զսպում, որ չընկնեի։ Այդժամ հաճույքով նրա տեղում կպառկեի ու մի քիչ կքնեի։ Նրանից գունատ էի երևի. նա՝ անբուժելի /հավատում էի նրան/, ես` բուժվող…
-Լսի’ր, տե՛ս ինչ եմ գտել, նայի՛ր
Եվ նա ինձ մի վարդագույն ծանոթ թուղթ մեկնեց…
Ինձ թվաց թղթից էլ դեղի հոտ էր փչում, բայց այդ մտքի վրա ծիծաղս եկավ. ախր տնից էր դեղի հոտ գալիս, թուղթն ինչպե՞ս խուսափեր…
Եվ այդ հոտը նույնիսկ բույն էր դրել շնչառությանս մեջ։ Ամեն տեղ այդ էր…նույնիսկ դրսում…
-Կարդա՛,-ասաց նա` տեսնելով, սակայն, որ արդեն կարդում եմ։
«Քմահաճ տխրություն է…գալիս է, երբ ուզում է, ու չի հեռանում հատկապես, երբ ես եմ այդ ուզում։ Սիրում է ներխուժել աչքերիս մեջ ու կեղծ ժպտացող հայացք հորինել։ Խաղում է ինձնով, ինձ հետ առանց իմ ցանկության։ Կամակոր լռություն է և վաղուց չփակված հոգնած աչքերի թաղանձան…թե գնա՛, ինձ մի՛ տանջիր…
Օրը երեք անգամ դեղահաբի ժամ է. պիտի ընդունեմ արցունքներս…»
-Սա ես եմ գրել...
-Գիտեմ, հիշու՞մ ես երբ և ինչու
-Քեզ համար
-Հա, ես էի խնդրել` նկարագրես քո տխրությունը
-Հա, հիշեցի
-Իսկ…
Նա կարծես զղջաց, որ տվել է…շարունակեց.
-Իսկ…իմ մեռնելուց հետո դու քանի՞ անգամ կընդունես այդ դեղերը…արցունքի դեղերը…
«Ի՞նչ է ուզածդ»…ուզեցի ասել, բայց չասացի…
Փոխարենը շշնջացի.
-Իսկ դու քանի՞ հատ կթողնես
-Ե՞ս
-Հա, դու՛
Նա ոչինչ չասաց…
Առաջին անգամ ինձ հետ անկեղծ եղավ։ Ես այդ զգացի լռությունից և լավ է, որ նա ոչինչ չասաց։ իսկ ի՞նչ պիտի ասեր։ Ես օգնում էի նրան ապրել, հա՞…
Նա ինձ անթիվ արցունքադեղեր կթողներ, եթե ճար ունենար։ Ես այդ գիտեմ, որ նրա ամենասիրված ընկերն էի, որովհետև նա ընկերներ չուներ։ Եվ այդ դեղերը չէր թողնի, եթե կարողանար, եթե միայն կարողանար ինձ իր հետ տանել։ Նա մեռնելու սիրահար էր, հավատա՛ ինձ, չե՞ս հավատում ինչ է… կարծում ես՝ հորինում եմ։ Նա ապրելուց միշտ էլ ձեռ էր քաշել, երբ դեռ ապրում էինք։
Այդ դեղերը, այդ դեղերը ցավ չեն մեղմացնում. դրանք կուլ ես տալիս ու խեղդվում ես։ Նա այդ թերթիկը պահել էր, ասես ռեժիմս փոխելու համար։
-Ինչու՞ ես սա պահել,-հարցրի նրան
-Սիրում եմ մտքերդ…
-Իմ դե՞մ սրել..
-Քո զարկերով սրել…
-Սովորել ես, ինչ խոսք
-Գեղեցիկ խոսե՞լ…
-Չէ, ինձ կյանք սովորեցնել։
-Չէ, այդ դու՛ ես, դու՛, հրեշտա՛կս, լավատե՛սս, ամենապայծա՛ռ քույրիկ, այդ դու՛ ես օգնում ինձ ապրել
-Որովհետև քո միջոցով ես արդեն վաղուց ծանոթ եմ մահվանը…
Նա ցնցվեց…
Ես նույնպես…
Ես այդ ինձանից չէի սպասում…որ կասեի…
Լռեցինք...նա առաջինը խախտեց.
-Դու ինձ պետք ես, դու ինձ պետք ես մինչև վերջին վայրկյանս։ Ինձ քո սերն է պետք կյանքի նկատմամբ։ Դա ինձ օգնում է հակառակվել քեզ և նախապես սիրել մահվանը։
-Կյանքս քեզ եմ տալիս, վերցրու՛
-Վե՛րջ տուր... ամեն մեկն իր կյանքն ունի,իսկ ինձ քոնը որպես սեղան է պետք…
Ի՞նչ կատարվեց…մայրը չէր…մատնե՞ց իրեն…էս ինչ ասաց…չարացավ…նա ժամանակ չունի կներեմ։ Մարմինը կյանքիս վրա է թողնում, իսկ հոգին ու՞ր պիտի գնա…էս ի՞նչ եմ մտածում..ի՞նչ ասաց…
Էդ ի՞նչ է դնելու սեղանի վրա…զառանցում է…չարացել է…կներեմ..գի՛ժ, չի հասկանում, որ տանջում է…
Հետո սկզբում արհեստականորեն /ես այդ միանգամից զգացի/, քիչ անց խիստ բնական նա հեկեկաց, գլուխն ափերի մեջ։ Ես մոտեցա նրան, նա հրեց ինձ։ Ես գրկեցի նրան, նա կուչ եկավ։ Հետո ես հետ քաշվեցի ու մի պահ նայեցի նրա աչքերին. ներե՛ք ինձ, խնդրում եմ, բայց ես այդ չեմ մոռանա…այդ քմծիծաղն ու հենգնանքը։ Ես նույնիսկ ճաղեր տեսա նրա հայացքում և դրա հետևում ինձ տեսա, իմ աչքերը, որ խնդրում էին ազատել…
Հենց հիմա որոշե՛ք, թե այս երկու գլխավոր հերսներից` ինձնից ու նրանից ում եք ընտրում։ Հենց հիմա նայե՛ք հայելու մեջ, հիշե՛ք դիմախաղը, ինձ այն պետք է, միայն թե ես բոլորովին չեմ պահանջում…սիրտս լցված է պարզապես, ես ուղղակի խնդրում եմ….
Մայրս փրկեց ինձ…
Նա մտավ հյուրասենյակ և խիստ ու սառը ասաց.
-Գնացինք
Նա մեկ անգամ ևս առողջություն մաղթեց Աստղիկին ու նույնիսկ հրաժեշտի համբույր շնորհեց։ վերջինս չհասցրեց հետ քաշվել, բայց ես նկատեցի, որ այդ պահին նա ատում էր մորս…
Ես էլ, չգիտեմ ինչու, մոտեցա ու նորից նրան գրկեցի։ նա ակԱնջիս շշնջաց.
-Կգա՜ս, հա՞, կսպասեմ…ժամանակ չունեմ, վե՛րջ տուր…
Ինձ այդ պահին թվաց, թե այդկերպ իմ ժամանակից արյուն էր քաշում…
Տունդարձի ճանապարհին մայրս ոչինչ չասաց, բայց նա ավելի խաղաղ էր։
Երբ հասանք տուն, նա էլի մի որոշ ժամանակ ոչինչ չասաց, իսկ ես փակվեցի իմ սենյակում, բայց զարմանալի էր, որ արդեն փոքր-ինչ լավ էի զգում:
Հետո մայրկը թեյ բերեց ու նստեց կողքիս…
Խոսեցինք.
-Լի՛լ, նրա հետ չփորձես կապվել
-Մա՛մ, բայց…
-Չզանգե՛ս և չգնա՛ս
Ես զգացի, որ նույնիսկ ուզում եմ հնազանդվել…
-Իսկ եթե նա զանգի՞,-վախեցած հարցրի` ասես փափագելով, որ այդ չլինի:
-Նա չի զանգի…
-Դու նրա մոր հետ ես խոսել
-Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ նա չի զանգի։ Եթե նույնիսկ որևէ կերպ կարողանա այդ անել, դու միևնույն է նրա հետ չես խոսի…
-Լավ
Մայրիկը համբուրեց ինձ ու դուրս եկավ սենյակից: ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, ասես ինձ փրկել էին… ասես փրկել էին մահից:
Մի քանի օր ես դեռ տանջվում էի։ Մեղադրում էի ինձ ու արդարացնում։ Չէի լավանում, տանջվում էի։ Նրանից լուր չկար…դա էլ մի կողմից…մտածում էի` մեռած չլինի…
Բայց շուտով նորից ամեն ինչ անցավ…դե ոչ ամեն ինչ, բայց խաղաղվեցի մի քիչ…
Մտածում էի` ինչ էի անելու, եթե մայրիկը չլիներ…


Մեկ ամիս անցել էր այն օրից, ինչ նրան չէի տեսել…
Արձակուրդային վերջին ամիսն էր։ Վայելում էի. զվարճանում էի ընկերներիս հետ, զբոսնում, ազատ ժամանակս լցնում զանազան օգտակար և անօգտակար բաներով…
Ու մի օր նորից զանգ…այսինքն նորից զանգ նրա մորից
-Լսում եմ
-Աստղիկի մայրն է
-Գիտեմ…ինչպե՞ս է,-վախենում եմ` մտածելով, որ նորից կպահանջի այցելել դստերը։
-Նա չկա…,-դողալով ասաց նա /և այդ ձայնը հենց սկզբից կարող էր հուշել ինձ այդ/,-մտածեցի գուցե կամենաս վերջին անգամ հրաժեշտ տալ նրան։
Ես սառել էի..
-Սպասե՛ք,-ասացի։
-Ի՞նչ կա…
-Նա ինձ ատու՞մ էր
-Կխոսենք հետո
-Խնդրում եմ, հիմա
-Չգիտեմ…գուցե չէր էլ սիրում…
Եվ նա կախեց լսափողը` առանց պատասխանիս սպասելու, ինչպես այդ արել էի ես մի ժամանակ…
«է՜, սա՞ էլ է պատահականություն, թե ինձ պատժելու համար ասաց…նորից մատնեց դտերը…Տե՛ր Աստված, գուցե չէր էլ սիրում։ Ես նրա քույրը չեմ եղել…»
Ու ես ասես մոռացած, որ հենց նոր մահվան լուր եմ լսել, ժպտում եմ…
Հետո հանարտ նստեցի հատակին, ու արցունքները գլորվեցին…
«Նա մեռավ»,- անդադար կրկնում էի՝ ասես ձգտելով այդ խոսքերի վազքը հավասարեցնել արցունքներիս վազքին, ասես նրանք մրցում էին…

Մայրիկն արգելեց վերջին անգամ նրան հրաժեշտ տալ
-Չէ՛, փոքրի՛կս,-դժվարությամբ խոսեց,-դու նրան հրաժեշտ ես տվել վաղուց։ Դու նրան մեռած չես հիշի…ես քեզ լավ եմ ճանաչում…ների՛ր ինձ, բայց…տե՛ր Աստված, եթե շատ ես ուզում գնա, ես քեզ հետ կգամ..
-Չէ,-ասացի ես,-վախենում եմ։
Հա, վախենում էի, ինձ թվում էր, թե այնտեղ` ինչ-որ տեղ կկարդամ. «դու սպանեցիր ինձ»։
Այս հիմարություն է, գիտեմ…
Բայց երբ հիշում էի, որ ես իբրև թե նրան օգնում էի ապրել, թվում էր, թե նա մեռավ, որվհետև ես դադարեցի նրան օգնել…
Չէ…գուցե չի էլ սիրել…է՜…ես նրան չեմ սպանել…
Նա չէր կարող ապրել, որովհետև ինքն իրեն չէր օգնում։
Ես տեսա թե ինչպես մայրիկը, սև շորեր հագած, դուրս եկավ տանից։ Ես գիտեի, որ գնաց Աստղիկի մորը ցավակցելու։

Անցան օրեր…Նորից ցավ, մեղադրանք, արդարացում…
Եվ հանկարծ…
Մի օր արթնացա արևի շողերից…
Պատուհանից մի այրող ջերմություն ընկավ աչքերիս։ Մոտեցա պատուհանին, նայեցի, արթնացա, բայց նորից պառկեցի։
Հետո փոքրիկ հայելի վերցրի, երկար զննեցի ինձ` դեմքս աչքերս, քիթս, շուրթերս, ասես ամենատարօրինակ կերպով փորձում էի ծանոթանալ ինքս ինձ հետ, կամ ամենաքիչը ճանաչել ինքս ինձ։
Մտածեցի.
«Իսկ ես երբևե պահանջե՞լ եմ ինչ-որ մեկից, որ ինձ իր կյանքով, թեկուզ իր մեջ եղած կյանքով փաթաթի։ Այդ այսպես է եղել. ես տվել եմ կյանքս և լրացրել եմ այն, որվհետև ինձ էլ տվել են։ Եվ նշանակություն չունի, թե մենք ինչքան ժամանակ ունեինք կամ չունեինք։ Մենք ապրել ենք, որովհետև ամենից առաջ չենք մտածել մահվան մասին։ Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ գեթ մի վայրկյան նրա մասին մտացած չլինի։ Կա, գուցե…բայց նա էլ հաստատ մի օր կմտածի։ Միայն թե նա, ով մեռնելիս ապրում է, չի սպանում ո՛չ իրեն, ո՛չ որևէ մեկին։ Գուցե այդ դժվար է, չգիտեմ…հիմա դա կարևոր չէ…
Ես նայեցի իմ աչքերին` հենց հաելու մեջ ու շշնջացի.
-Ապրի՛ր…
Եվ կա քո մեջ ինչ-որ յուրատեսակ մի կյանք, որը ոչ ոքի չես կարող տալ, այլ քեզնով կարող ես հաղորդել ուրիշներին, միայն թե նրանք երբեք չպետք է փորձեն այն շոշափել…
11.08.07

Հ.Գ. Եթե այդքան հավես ունեք, կարդացե'ք.../գիտեի, որ հետգրությունը ստեղծագործությունից առաջ եք կարդալու:))/

Lapterik
29.09.2007, 22:57
Հ.Գ. Եթե այդքան հավես ունեք, կարդացե'ք.../գիտեի, որ հետգրությունը ստեղծագործությունից առաջ եք կարդալու:))/

Մի քիչ սխալվեցիր, հետգրությունը վերջում կարդացի:
Լավ ես գրում, ապրես: Ժամանակին ես էլ ունեի մի «ընկերուհի», որից բաժանվելուց հետո զգացի, որ ծանր բեռ ուսերիցս ընկավ:

StrangeLittleGirl
29.09.2007, 23:17
Հետգրությունը վերջում կարդացի: :D
Հետաքրքիր ստեղծագործություն էր, Աստղիկի կերպարը հաջողված էր: Միայն թե սկզբերը չհասկացա. ինչու՞ էր նա սառույց ստեղծել պատմողի աչքերում: Կարծում եմ՝ այդ մասերը մշակման, բացատրության կարիք ունեն:
Իսկ ընդհանրապես, պատմվածքը կարդալիս ես հիշեցի, որ պետք է մի բան գրեմ, որն անընդհատ սկսում եմ և ուրիշ ուղղությամբ շարունակում կամ կիսատ թողնում: Հուսով եմ՝ սա ինձ համար խթան կլինի:
Ծո՛վ, ապրե՛ս:

Selene
30.09.2007, 01:14
Պատմվածքը լավն էր, միայն սկիզբն էր մի քիչ խառը, մի պահ թվաց, թե կրկնվող մտքեր կային:8
Կարդալիս հիշեցի այն թեման էներգիա խլող մարդկանց մասին:think
Իմիջայլոց, ես էլ հետգրությունը վերջում կարդացի;) Ծովինար ջան, որքան էլ երկար լինեն քո պատմվածքները, պիտի անպայման սկզբից վերջ գնամ, միևնույնն է:ok:love

Ծով
30.09.2007, 01:48
Միայն թե սկզբերը չհասկացա. ինչու՞ էր նա սառույց ստեղծել պատմողի աչքերում: Կարծում եմ՝ այդ մասերը մշակման, բացատրության կարիք ունեն:

Բյու՛ր ջան, պատմողը կեղծավոր մարդու էր նվիրել իր անկեղծ ջերմությունը՝փոխարենը կորցնելով աչքերինը, որն ակամայից սառույցի էր վերածվել ու անզգայացրել ճշմարիտը տեսնելու ունակությունը...
աչքերը գրեթե չեն ստում, չէ՞..ուրեմն երբեմն ստին էլ չեն դիմանում;)
Հա, ի դեպ շնորհակալ եմ հատկապես հետգրությունը վերջում կարդալու համար...:D
իսկ ընդհանուր պատմվածքը մշակման կարիք հաստատ ունի, որովհետև ես այն գրել եմ մի շնչով ու կարդացել եմ ընդամենը մեկ անգամ..:)
Խնդրում եմ պատմության մեջ ինձ ոչ մի տեղ չփնտրել...ես ինձ նրանում արդեն կորցրել եմ;)

Արշակ
30.09.2007, 15:19
:(Դու երևի ավելի լավ գիտես, իմ խառնվելու բանը չի, բայց վախենում եմ մշակելով փչացնես։ Ամեն ինչ հրաշալի էր նկարագրված, ոչ մի ավելորդ բան չկար, պետք չի ձեռք տալ (բացի իհարկե որոշ անուշադրության տառասխալներից)։

Hambik
30.09.2007, 17:58
Ի դեպ, ես էլ երեկվանից ի վեր հետգրությունն ու կարծիքներն եմ կարդացել, բայց այսօր,
Արշակի գրառումից հետո, որոշեցի կարդալ և …
ճիշտ արեցի !!! ;)

Ծով
01.10.2007, 01:10
:(Դու երևի ավելի լավ գիտես, իմ խառնվելու բանը չի, բայց վախենում եմ մշակելով փչացնես։ Ամեն ինչ հրաշալի էր նկարագրված, ոչ մի ավելորդ բան չկար, պետք չի ձեռք տալ (բացի իհարկե որոշ անուշադրության տառասխալներից)։
:D.../իսկականից մեջբերում/
Ուրեմն, էս անգամ անպայման անուշադրական սխալները կուղղեմ, եթե հավես անեմ կարդամ:D
Իսկ մշակելը՞...:)դե ես կփորձեմ անել այնպես, որ մնա առանց ավելորդ բաների, բայցև խառը չլինի: Երևի մի երկու շարադասության ձեռք կտամ, իսկ կերպարների զգացածին ու զգացմունքները յուրովի փոխանցած ձևին ձեռք չեմ տա միայն նրա համար, որ հանկարծ արհեստական չդառնան. միայն դրանից եմ վախենում:8
Շնորհակալ եմ:)

Dina
01.10.2007, 14:18
Ինչպես միշտ շատ հավանեցի պատմվածքտ. շատ լավ ես գրում ու ընթերցողին ստիպում ես կտրվել արտաքին աշխարհից ու մտնել ստեղծագործությանտ մեջ, ապրել հերոսներիտ կյանքով…

Անհամբեր սպասում եմ նոր գործերիտ, :) շատ անհամբեր… :P դե շուտ գրի էլի ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Հա մոռացա ասել ես ել հետգրությունը վերջում կարդացի :)

Cassiopeia
01.10.2007, 14:27
Ծով, քո ոճը չես դավաճանում: Լավն էր, Կեցցես…
Կարդալով փորձում էի հիշել, թե որ գրողի ստեղծագործությանն եմ նմանեցնում… այդպես էլ չկարողացա…

Apsara
01.10.2007, 16:14
Ինձ համար այն խառը չէր, շատ էլ լավ հասկացա, շատ լավ նկարագրված էր, ոճդ գեղեցիկ է ու հեշտ է կարդացվում, չնայած երկարաշունչ լինելուն: Բայց որ ճիշտն ասեմ բուն թեման այդքան տպավորիչ չէր: Ինչևէ օգտակար պատմվածք է, ուսուցանող: Ակամա հիշեցի
…մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք…

Ծով
02.10.2007, 00:37
…մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք…համաձայն եմ, Վա'րդ, բայց ոչ միշտ...
Երբեմն մե՛նք ընտելանում ենք Կեղծիքին:[ /այս դեպքում որպես մարդու տեսակ/: Գուցե նախօրոք ընտելացնում ենք նրան / ի դեպ հաճախ նա է ինչ-որ տեղից ընդառաջ գալիս հենց քեզ/ մեզ՝ մեր էությանը, այն «գոյությանը», որ կա...երբ մտացածին չենք, նա հորինում է նույնիսկ մեզ...
Մենք սովորում ենք դիմակի տակից մեզ նայող դեմքին՝չնկատելով, որ հենց դիմակն է մեզ դեմք թվացել...իսկ երբ նա անզգուշորեն /<----անզգուշությունը մեզ ծառայող նրա առավելությունն է/ օգնում է մեզ պատռել այդ մտացածին վարագույրը, մենք ուղղակի իրավունք չունենք նրա համար պատասխանատվություն կրելու.../կուզենայի ասել նրանք...շատ են:(/
Մենք պատասխանատու չենք չեղածի համար, եթե անգամ այն «կա»...;)
Հ.Գ. Իսկ «Փոքրիկ իշխան»-ը ես շատ եմ սիրում, բայց Աղվեսը հաստատ էս պարագայում ինձ հետ կհամաձայներ…:oy:D:)

Ուլուանա
02.10.2007, 02:04
Ես էլ վերջապես կարդացի: :)

Ծով... Ի՞նչ ասեմ, ուղղակի խոսքեր չեմ գտնում, լուրջ: Էնքան բնական էր, էնքան պատկերավոր, էնքան իրական, ու մեջը լիքը զգացմունք կար... Երբ զգացմունքը շատ-շատ է լինում, հաճախ դրա մի մասն ինքնըստինքյան ավելորդ է դառնում, բայց սրա մեջ ոչինչ ավելորդ չէր: Մի խոսքով՝ հրաշալի էր, ապրե՛ս, ավելի ճիշտ՝ ապրի՛ր: :) Ապրիր ու շարունակիր ստեղծագործել, Ծովինար ջան, դա քեզ աննկարագրելիորեն լավ է հաջողվում: :love

Kuk
05.12.2008, 02:46
Ծով, վերջը կարդացի.. Աստղիկի էմոցիաները քսեռոքս ես արել, լուրջ եմ ասում, դեմքը եկավ աչքերիս դեմը, լրիվ ինքն ա.. Արդեն մտածում եմ` նվիրե՞մ գիրքը, թե չէ:)) Բայց որ ինձ մնա, կնվիրեմ:D Մերիին էլ ճանաչեցի, ճիշտ ե՞մ նկատել:D
Լսի բայց էս մեռնելու պահը չգիտեի:o ամենակարևորը չէիր ասել:o Ախր էնօրը իրար հետ ասում-խոսում էինք:D Այ քեզ աբսո՜ւրդ:o
Հլը էլի եմ կարդալու, կարողա էլի գրեմ;)

Chilly
05.12.2008, 09:41
Ծով, պետք չի էդքան խորը, հետաքրքիր, զարմանալի ու յուրահատուկ ստեղծագործել, չի կարելի էդքան հստակ զգալ... կնախանձեն :P ;)
Ապրես, լավն ես... ես նույնիսկ կասեի` ՇԱՏ :)
Տառա - և մտքա - սխալները կարևոր չեն, ուզում ես փոխի, չես ուզում` մի փոխի... դրանից արժեքը չի փոխվի...
ԱՊՐԵՍ

Ծով
05.12.2008, 22:01
Վայ, էստեղ էլ ա պետք խմբագրել կարգին...խայտառակ եղանք:D:D:D
Կու՛կ, լեզուդ կարճ պահի՛:angry:angry:angry:D բա հենց էդ մեռնելն ա էլի, որ չէի ուզում;):)
Հուսով եմ՝ հիշում ես, որ փաստավավերագրական չի գրածս...

Lion
06.12.2008, 18:40
Հ.Գ. Եթե այդքան հավես ունեք, կարդացե'ք.../գիտեի, որ հետգրությունը ստեղծագործությունից առաջ եք կարդալու/

Չէ, պատկերացրա հենց վեր)ում էլ կարդացի... Լավ էիր գրել, հզոր էր, օրիգինալ. իմ կարծիքով այս թեմայով գրելը շատ դժվար է: Լավ ես նկարագրել մարդկային հոգեվիճակները...

Ահագին մտածելու թեմա տվեցիր... Եսիմ, երևի տենց մարդիկ էլ կան...:think