PDA

Դիտել ողջ տարբերակը : Անցյալի աղմուկը



Մարիաննա
25.09.2007, 23:36
Անցյալն ու ներկան զարգանում են զուգահեռաբար և համեմատաբար ինքնուրույն, նրանք գործում են ինքնահատուկ օրենքներով և որոշակիորեն ազդում են միմյանց վրա: Ի՞նչ է անցյալը: Անցյալը մարդկության զարգացման համեմատաբար ցածր աստիճանի վրա գտնվող հասարակական գիտակցության ձևերից մեկն է: Այն նույնքան հին է, որքան մարդուկությունը և արտացոլում է նախասկզբնական իրականությունը: Անցյալը նպաստում է մարդկանց իմաստավորել աշխարհը և իրենց գոյությունը նրանում, և նրա բազմազան արձագանքները օգնում են մեզ հաղորդակցվել անցած գնացած ժամանակների գաղտնիքներին: Գաղտնիքներ, որոնք լի են հմայքով, քնարականությամբ, տառապանքներով, խորիմաստ են և այդ գաղտնիքներն էլ իրենց հերթին պարունակում են գաղտնիքներ, որոնք, որքան էլ տարօրինակ թվա, ցակացած պահի ապրում են յուրաքանչյուրիս մեջ, մեր մտքերում, մեր զգացմունքներում, մեր ցանկություններում …
Անցյալի աղմուկը դուք լսո՞ւմ եք, իսկ խշշո՞ցը: :) Որքանո՞վ է կարևոր ձեզ համար ձեր անցյալը, արդյո՞ք անցյալը հիշելիս ժպտում եք, թե՞ հակառակը, այն ձեզ համար բեռ է դարձել, որից ցանկացած հարմար առիթի դեպքում կհրաժարվեիք, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ինչ-որ մեկը փորձում է մխրճվել ձեր անցյալի մեջ, թո՞ւյլ եք տալիս, թե՞ թեթևակի հրում եք մի կողմ, պատճառաբանելով. «Ճանապարհը դյուրին չէ»: :) Ավելի ամփոփ՝ անցյալի կարևորությունը ձեր կյանքում: ;)

Guest
25.09.2007, 23:44
Ցավոք սրտի անցյալից կախված լինելով շատ հաճախ չենք կարողանում ապրել ներկայում, ավելի ճիշտ ապրել, քանզի մենք միայն ներկայում ենք ապրում այս մի վայրկյանի մեջ: Անցյալը չպիտի մոռանալ, բայց չպիտի կառչել նրանից և թույլ տալ, որ իր շողքը գցի կյանքի վրա: Անցյալը պետք է օգտագործել, հիշել, որ նույն սխալները չկատարել, որ հաջորդ քայլերը ավելի ճիշտ ու սահուն լինեն:
Իսկ եթե անձնական անցյալի մասին է խոսքը ապա ցավոք սրտի մեկ մեկ ափսոսանքով եմ հիշում այն ինչ անցավ գնաց ու այլևս ետ չես բերի, չէ որ քաջ գիտակցում ենք բոլորս, որ ինչքան էլ տառապենք անցյալով նրա լավով ու վատով, միևնույնն է այն չես փոխի, ետ չես բերի, պիտի կարողանանք մեզ ներկայում պահել, որ կերտենք ապագան, :

Գիտեք մի համեմատություն անեմ, մարդ որն ապրումա անցյալով նույննա ինչ մեքենա քշես նայելով հայելու մեջ մեքենայի անցած չանապարհին, չէ որ այդպես ավարիաները անխուսափելի են

Mari
28.09.2007, 18:08
Անկեղծ ասած, մինչև 20տ միշտ ժպիտով եմ հիշել անցյալս: Թերևս պատճառն այն է, որ անցյալի ժպիտների առատությունը իր ալիքի մեջ խեղդել է այն փոքրիկ տհաճությունները, որոնք անցյալիս մի մասն են կազմել: Յուրաքանչյուր տարի, թևակոխելով մի նոր տարիք, ինձ թվացել է, թե գրքի մի էջ եմ լրացրել, լրացրել 20 էջ, որոնք ցանկացած պահի հիշողությունների միջոցով թվում էր, թե վերընթերցվում էին: Ինչ վերաբերում է 20տ-ին: Երբ արդեն այդ էջն էլ էի լրացրել, որոշեցի այն պատռել, այրել... Սակայն, հիշողությունները չես ջնջի: Այդ էջը ես դրեցի մի սնդուկի մեջ, ու բանալին նետել եմ որքան հնարավոր է հեռու: Սակայն, ինչպես նշեց Մարիաննան, երբեմն լսում եմ անցյալի, այդ էջի խշշոցը....
Անցյալի սխալների վրա պետք է սովորել, որ այս պահը, երբ անցյալ դառնա, երբևէ չփոշմանես այն հենց այդպիսին անցկացնելու համար: Անցյալն է, որ ցանկացած պահի կարող է անդրադառնալ ներկայիդ ու ապագայիդ վրա: Սկսել եմ գիտակցել պահի լրջությունը, որ ցավոք, կրկին անցյալ դարձավ....

ivy
29.09.2007, 23:57
Անցյալում կորցրածը երբեմն թույլ չի տալիս փնտրել նորը ներկայում: Հատկապես կորստի դեպքում մարդիկ կարող են այնպես կապվել անցյալին, որ ներկայի ոչ մի ուժ ի զորու չլինի արձակել այդ կապերը:

Ու եթե անգամ չխոսենք ծայրահեղ դեպքերի մասին, մեզնից քանի՞սը կարող է վստահաբար ասել, որ միշտ ապրում է «այստեղ ու հիմա»...

Selene
03.10.2007, 00:16
Չեմ կարծում, անկեղծ ասած, որ անցյալն ու ներկան միմյանցից ինքուրույն են զարգանում ու անկախ, որովհետև վայրկյանի տարբերությամբ ներկան անցյալ է դառնում, իսկ մարդու կյանքի համար անցյալն ու ներկան իրար հետ փոխապակցված են, եթե ոչ ամուր, ապա հիմնավոր կապերով, անգամ եթե կապերի ամրությունը ժամանակավոր բնույթ է կրում ոմանց մոտ:ok
Մի բան պարզ է միայն, չես կարող կտրվել քո անցյալից, կամ ջնջել այն, որքան էլ ցանկանաս, այն քոնն է, հոսում է քո երակներով, քո հիշողության մեջ է ներծծված, ու անջնջելի նյութի տեսքով է, այնպես որ ներկայի րոպեները չարժե կորցնել՝ անցյալի մասին հուշերը ջնջելու վրա, դրանց էլ անիմաստ անցյալ դարձնելով:ok

Ես իմ անցյալը ժպիտով եմ հիշում ու շինծու չի ժպիտս, այլ սրտանց, կամ ավելի ճիշտ՝ ի սրտե:)
Ու որքան էլ որ ծանր ու տառապալից լինի անցյալը, պետք չի երկու ձեռքով կառչել նրանից, նույն ապրումներն ու ցավը ինքներդ ձեզ ստիպելով ներկայում էլ ապրել:

Պետք է լսել անցյալի շշունջը, այլ ոչ՝ խշշոցը...;)

Ուլուանա
03.10.2007, 21:18
Մոտավորապես այս հարցին ես որոշ չափով պատասխանել եմ Philosopher-ի անցկացրած հարցազրույցի մեջ, չկրկնելու համար հիմա կմեջբերեմ այդ հատվածը.

Philosopher
Անցյալիդ զգացմունքները քեզ համար արժե՞ք են, թե՞ նորերը ստիպում են ու պահանջում ջնջել ապրումներիդ այդ շերտը։
Ուլուանա
Անշուշտ, արժեք են։ Բայց նորերն իսկապես ստիպում են շատ բան ջնջել, որպեսզի կարողանաս լիաթոք ու լիասիրտ ապրել ներկան՝ միաժամանակ մտածելով ապագայի մասին։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ անցյալի հուշերով՝ թե՛ դրական, թե՛ բացասական, և դա ինձ որոշակիորեն խանգարել է առաջ նայելուն։ Անցյալի զգացմունքները հաճախ թունավորել են իմ ներկան և ոչնչացրել դեռևս չծնված ապագան։ Այն, ինչ ապրել եմ, իհարկե, չի կարող հօդս ցնդել, նույնիսկ եթե մոռացվի որպես փաստերի ամբողջություն, միևնույն է, իմ ներկայի կերպարը զգալի չափով դրանով է սնված ու կերտված, միայն թե հիմա ես աշխատում եմ անցյալի բեռից ազատ ապրել և կարող եմ ասել, որ հաջողվում է։

Առաջ ոչ մի դեպքում չէի կարող պատկերացնել, որ իմ անցյալի բազմաթիվ ծանր ու տհաճ հուշեր կարող են հուզական առումով ջնջվել հիշողությունիցս... Բայց, փաստորեն, այդպես է. հիմա շատ բաներ ես զուտ որպես փաստեր եմ հիշում, ոչ ավելին, դրանք ինձ համար արդեն գրեթե զուրկ են նախկին հուզականությունից ու չեն տանջում ինձ, ինչպես տարիներ շարունակ անում էին... Չեմ բացառում, որ որոշակի նպաստող պայմանների դեպքում կարող են ժամանակավորապես շունչ առնել, բայց դժվար թե վերակենդանանան, վատագույն դեպքում դրանք կարող են ուրվականների տեսքով ինձ այցելել ու հեռանալ:

Հիմա անցյալն ինձ համար հաստատ չի աղմկում, այլ ընդամենը երբեմն-երբեմն կամացուկ շշնջում է ականջիս: :)

Philosopher
03.10.2007, 21:28
Անցյալը երբեք չի աղմկում, անցյալը շշնջում է քո ներքին աղմուկի մասին:

Մարիաննա
06.10.2007, 12:03
Անցյալի հիշողությունները և՛ բախտավորություն, և՛դժբախտություն են մարդու համար:
Բախտավորություն է, երբ նա բերանացի արած բանաստեղծություններում արագորեն և անսխալ հիշեցնում է քեզ հերթական տողը, բազմապատկման աղյուսակում՝ ճիշտ պատասխանը: Բախտավորություն է, երբ նա ազատորեն տանում է քեզ անտառային ոլորապտույտ արահետներով և հուշում, թե, որտեղ էիր անցած անգամ հանդիպել հասած պտուղներով ծանրաբեռնված ծառին: Կամ էլ հանկարծ ապրածդ կյանքի պատառիկները զարմանալի գեղեցկությամբ ժամ առ ժամ իրար ետևից քեզ կներկայացնի այնքան պարզ ու ցանկալի, որ կուզես ամեն ինչ թողնել ու նորից վերադառնալ, այն հեռավոր օրերը ու բոլորը կրկնել նորից: Դա բախտավորություն է: :)

Բայց եթե հիշողությունը համառորեն քեզ բերում է միայն այն ինչ կապված է եղել սարսափի, ցավի կամ այրող վիրավորանքի հետ. եթե լուսավորը հայտնվում է սոսկ նրա համար, որպեսզի դու անմիջապես տեսնես, թե ինչից և ինչպես է նա ոչնչացել, եթե դու չես կարող վերհիշել այն ինչ հաճելի է հիշել, և ոչ մի կերպ չես կարողանում մոռանալ այն, ինչը լավ կլիներ, որ ընդմիշտ մոռացված լիներ,- չկա դրանից ավելի ծանր տառապանք մարդկային: Եվ անկախ նրանից ճերմակն է նստած քունքերիդ վրա, թե առայժմ վարդագույն ժապավեններ են հյուսքերիդ մեջ, անկախ նրանից դառնության գավաթը կաթիլ առ կաթիլ է լցվել, թե միանգամից, միևնույն է, անցյալը երբեք հեռու չէ աղմուկից, և բնավ էլ կապ չունի աղմուկը ներքին է, թե արտաքին: Ինչպես կասեր Philosopher-ը. «Եվ սա փաստ է»: :)

Apsara
11.10.2007, 17:30
Անցյալի աղմուկը ոչ միայն տհաճ այլ նաև հաճելի հիշողություններ է արթնացնում: Բայց չէ, ես չեմ կարող ասել, որ իմ մանկությոնը աղմկում է իմ մեջ հիմա, այն երաժշտության նման հոսում է իմ մեջ…
Հիշողությունը տրված է մարդուն որ իր անցյալը հիշի, իր սխալները, իր բացթողումները, անցյալը չի կարող աղմկել, քանզի այն այլևս չկա, այն մեր մեջ է հիշողության տեսքով: Կառչել անցյալից կամ ապրել անցյալով սխալ է սեփական փորձից եմ ասում: Բայց մոռանալ այն կամ ջնջել ինչ-որ բան այնտեղից որ նորերը լցվեն, կարծում եմ կարիք չկա:

StrangeLittleGirl
11.10.2007, 17:43
Երբեմն ստիպված ես լինում ատելի անցյալը վերապրել, որ ջնջես ավելի ատելի ներկան…

Կաթիլ
11.10.2007, 21:55
Անցյալն ու ներկան իմ կարծիքով երբեք ինքնուրույն, իրարց անկախ չեն կարող լինել: Մարդն առանց անցյալի չի կարող լիարժեք անձնավորություն համարվել, ինչպես և մի ազգ չի կարող լիարժեք համարվել, չունենալով պատմություն: Մենք ապրում ենք մեր անցյալում ունեցաց ձեռքբերումենրով և խուսափում ենք անցյալում կատարած սխալները կրկնելուց: Հետևաբար մեր ներկան ընթանում, իսկ ապագան կառուցվում է անցյալի հիմքերի վրա: Եվ ապրելով այս պահին, պիտի մտածենք, որ շուտով այսօրը անցյալ կդառնա, ուստի պիտի ձգտենք այնպես ապրել, որ չամաչենք, կամ չզղջանք մեր անցած-գնացած օրերի համար: Թող, որ անցյալը բոլորի մոտ ժպիտ ու քաղցր կարոտ միայն արթնացնի... Ապրենք, հնարավորինս քիչ սխալներ գործելով: :)

Հ.Գ. Իմ անցյալն իմ մեջ շա~տ մեծ կարոտ է ծնում...:love

Ուրվական
03.11.2007, 15:23
Բոլորիդ գրառումները հատ-հատ կարդացի: Ինձ ամենամոտը սա էր.

Երբեմն ստիպված ես լինում ատելի անցյալը վերապրել, որ ջնջես ավելի ատելի ներկան…
Շատ են այսպիսի դժվար պահեր եղել, և, համոզված եմ, դեռ կլինեն: Բայց անցյալը իմ մեջ երբեք չի աղմկել, եթե փորձել էլ է, ապա կանխել եմ այդպիսի փորձերը: Իմ անցյալն ինձ համար նման է մի գետի, որը երբեմն փորձում է աղմկել, սակայն, ընդհանուր առմամբ, հանգիստ է, և ունի իր հունը, և, ոչ մեկը այլևս չի կարող փոխել այն: Ուղղակի, մի տարբերությամբ, այս գետի վերջնակետը ինձ համար պարզ չէ: Ես եմ փորում նրա հունը, չնայելով, թե նախկինում այդ գետը ինչ հունով էր հոսում:

Script
03.11.2007, 16:03
Իմ անցյալի շնորհիվ եմ ես գտել իմ այժմյան «ես»-ը:
Շատ ցավոտ ու քաղցր հիշողություններ ունեմ, որ դժվար պահերին օգնում են ինձ, իսկ երջանիկ պահերին ստիպում են սթափ դատել: