Դիտել ողջ տարբերակը : Հայ ընտրողն ու հայկական ժողովրդավարության ապագան
Philosopher
16.08.2007, 11:45
Հայաստանում սկսվում է նոր քաղաքական սեզոն, որի հիմնական շեշտադրումը լինելու է նախագահական ընտրությունների վրա: Ընդդիմությունը ու իշխանությունը փոխադարձ ձեռնտու բախմանը սպասում են ձեռքերը շփելով: Ձեռքերը շփում է նաև հայ ընտրողը, նա իր խաղն է խաղում, իր` երկրի համար խորապես վտանգավոր ու կործանարար խաղը, որը, սակայն, երբեք չի վերագրվելու այդ ընտրողին, քանի որ նա ավանդաբար անմեղ է իր ինքնագնահատականում: Եվ այսպես, ով է հայ ընտրողը և ինչպիսին է իրականում հենց նրա ձեռքը տրված հայկական ժողովրդավարության ապագան:
P.S. Այս հոդվածի տեղադրումն էլ կարելի է համարել դիլիջանյան հանգստի արդյունքներից մեկը;)
Վերջին տարիների հայ հասարակական-քաղաքական մտքի թիվ մեկ խնդիրը, որի շրջանցումը որևէ մեկի կողմից ինքնին ենթադրում է նրա աչառու վերաբերմունքը երկրի զարգացման ուղիների նկատմամբ, ընտրություններն են: Ժողովրդաիշխանության իրականացման այս ձևի և հայ քաղաքական կյանքում նրա ապրած մետամորֆոզների վերաբերյալ բազմաթիվ ելույթներ ու փաստարկումներ են եղել: Սակայն զարմանալիորեն այս` թվացյալ ավելի քան ակնհայտ թեմայում ցայսօր բաց է մնում կարևոր մի խնդիր, առանց որի լուծման հազիվ թե ընտրությունները և ընտրական համակարգը կարողանան տալ այն արդյունքները, որոնք այդքան ջերմեռանդորեն ակնկալվում են ժողովրդավարության քարոզիչների կողմից: Խոսքը հայկական ընտրախավի կամ, որ նույնն է, միջին վիճակագրական ընտրողի մասին է: Ո՞վ է հայ ընտրողը, ի՞նչ է նա ուզում, ի՞նչ է պահանջում այն մարդուց, որին ձայն է տալիս, ի՞նչ է ակնկալում նա ամեն անգամ ընտրախցում գտնվելով, եթե ընդունենք, որ նա որևէ ընտրակաշառք չի ստացել և նրա քվեն չի կեղծվելու, այլ հրապարակվելու այն թեկնածուի կամ կուսակցության օգտին, որին նա ընտրել է: Հարցն այսպես դնելով` իհարկե, ակնկալում ենք, որ արդեն այս երկու պայմանները կառաջացնեն ընտրությունների արդարության քարոզիչների վրդովմունքը, թե ինչպե՞ս մենք կարող ենք այդ հարցերի պատասխանները տալ, եթե, այնուամենայնիվ, ընտրողը կաշառք վերցնում է, իսկ եթե չի վերցնում, ապա նրա ձայնի պատկանելությունը կեղծվում է ընտրական հանձնաժողովներում: Այս հակադարձմանը, սակայն, կարող է հետևել ոչ պակաս տրամաբանական հակադարձում. իսկ արդյո՞ք ընտրողի նախապատվությունները, նրա մտածողությանը ու հոգեբանությանը բնորոշ հատկանիշները պարզելու լավագույն միջոցը ընտրությունները, որոնցում առաջադրված թեկնածությունների և կուսակցությունների տարբերությունները նույնիսկ մի ամբողջ քաղաքական հետազոտությունների կենտրոն չի կարող պարզել այն պարզ պատճառով, որ այդ տարբերությունները բոլորովին քաղաքական չեն: Հետևաբար` միջին վիճակագրական հայ ընտրողի նկարագիրը և դրանից բխող հնարավոր ընտրությունը պարզելու համար ընտրությունները բոլորովին էլ լավ, առավել ևս` լավագույն մեթոդը չեն: Իսկ այդ խնդիրները արզաբանել իրականում հնարավոր է և ոչ թե ընտրությունների, այլ սոցիալ-հոգեբանական քննության միջոցով, որը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային քաղաքական պրակտիկան, առավել խորքային օրինաչափություններ կարող է բացահայտել, քան բանալ քվեարկությունները: Մինչ իշխանության գալը գերմանական նացիոնալ-սոցիալիստները ընտրություններին մասնակցողների մեջ չէին, սակայն դա չխանգարեց առաջատար հասարակագետներին կանխատեսել, որ գերմանական քաղաքական կյանքի Օլիմպոսը վերցնելու են հենց այդ քաղաքական և սոցիալական մարգինալները:
Եվ այսպես, սկսենք այն հարցից, թե ո՞վ է միջին վիճակագրական հայ ընտրողը: Առաջ անցնելով արձանագրենք. նա խորհրդային շրջանի միջին խավի ցածր (պայմանականորեն` արհեստավորական) և միջին (պայմանականորեն` ինժեներական) շերտերի մարդն է, որն այսօր իր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծում է կամ արտագնա աշխատանքի, կամ ցածր վարձատրվող տեղական աշխատանքի միջոցով, ինչպես նաև խորհրդային ժամանակներում միջին և բարձր կենսամակարդակ ունեցած գյուղացին, որը կազմում է գյուղացիության մեծագույն մասը: Մնացյալ բոլոր խավերը` միջին խավի բարձր շերտը` մտավորականությունը, խորհրդային չինովնիկական խավը, ինչպես նաև քաղաքային ու գյուղացիական ամենացածր խավերը, մարգինալները, ըստ էության, որևէ ռեալ բնորոշիչ գիծ չեն հավելում միջին վիճակագրական հայ ընտրողի նկարագրին: Առաջին հայացքից այս պնդումը միանգամայն լավատեսական հետևությունների տեղիք է տալիս: Եվ իսկապես, ավանդաբար հայ արհեստավորն ու գյուղացին, ինչպես և մտավորականության ցածր ու միջին շերտերը, որոնք խորհրդային համակարգում առանձնանում էին բարձրագույն կրթության դիպլոմով, առավել պահպանողական, ազգային բարոյական և մշակութային արժեքների նկատմամբ իրենց բնական ակնածանքը պահպանած, սեփական աշխատանքով, առանց կեղծիքների կամ սուր մրցակցության սեփական հանապազօրյա հացն ապահովող շերտերն են, որոնք կարող են լինել յուրաքանչյուր հասարակության, առավել ևս` ավանդական հասարակության կայունության երաշխավորը: Սակայն այս շերտերի նմանօրինակ գնահատականը հիմնված է դրանց արժեվորմանը նախակապիտալիստական մտածողության ու կենցաղ-մշակույթի համատեքստում, ինչը որևէ կերպ չի համընկնում այն գնահատականին, որը պետք է տրվի այդ շերտերի վերաբերյալ արդեն նոր` կապիտալիստական հարաբերությունների պայմաններում: Ցավոք սրտի, այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ հենց այս խավերն են դառնում այն սոցիալական բազան, որի հիմքի վրա տեղի է ունենում նախկինում նրանց իսկ կողմից պահպանվող ավանդական հասարակական հարաբերությունների և ազգային կեցության քայքայումը: Այս խավերը դառնում են անցումային շրջանի կապիտալիզմի սոցիալական բազան, որոնց բարոյական, հոգեբանական, ինտելեկտուալ հատկանիշների վրա հիմնվելով` հնարավոր են դառնում հասարակական արմատական փոփոխությունները: Անշուշտ, կարելի կլիներ այս պնդմանը չհամաձայնել, եթե այն հիմնված չլիներ զարգացող երկրներում ինչպես այժմ, այնպես էլ տարբեր պատմական ժամանակաշրջաններում քաղաքականության հիմնական սոցիալական բազան կազմող ընտրախավի օրինաչափ և համընդհանուր բնութագրի վրա: Եվրոպական կապիտալիզմի ձևավորման սկզբնական շրջանում, ինչպես դա ապացուցեցին Մ. Վեբերը, Յ. Բուրկհարդտը, Է. Ֆրոմը և այլ գիտնականներ, նոր քաղաքականության շարժիչ ուժն էին կազմում հենց այս խավերը` քաղաքային միջին խավի ցածր շերտը և գյուղացիությունը, որոնք կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ ուրբանիզացվելով ու լյումպենացվելով արդեն անդառնալիորեն օկուպացրեցին կոնկրետ հասարակություններում միջին վիճակագրական ընտրողի տեղը: Նույն այս խավերն էին նաև 19-րդ դարում Եվրոպայում բռնկված “ազգերի գարնան”` միմյանց փոխհաջորդող հեղափոխությունների շարժիչ ուժը: Նույն այս խավերն էին նաև գերմանական Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության ընտրողներն ու առաջխաղացումն ապահովող սոցիալական բազան: Այս բոլոր դեպքերում, թերևս բացառությամբ բանվորական շարժումների, բոլոր այս իրադարձությունների արդյունքում առավել չափով տուժում էին հենց այս խավերը, ինչը մենք տեսնում ենք նաև այսօր Հայաստանում, սակայն դա նրանց չէր խանգարում հաջորդ անգամ ևս դառնալ գործիք ինտելեկտուալ և ֆինանսական տարատեսակ խմբավորումների ձեռքին` սպասարկելով վերջիններիս քաղաքական շահերը և առավել ու առավել չափով կորցնելով սեփական բարոյական նկարագիրն ու սոցիալական աստիճանակարգության մեջ իրենց տեղի ճիշտ ընկալումը: Ընդ որում այս խավերը ոչ հազվադեպ օգտագործվել են նաև հակառակ նպատակով` խոչընդոտելու համար երկրի զարգացումը դեպի ժողովրդավարություն և կապիտալիզմ: Բավարար է հիշել միայն Նապոլեոն III-ի իշխանության շրջանում պետական կառավարման կործանարար քաղաքական գծի ամենահավատարիմ պաշտպաններին` գյուղացիությանը, որի մարդկային ռեսուրսներն ու հարկերը ֆրանսիական միապետը անխնա վատնում էր տարատեսակ քաղաքական ու ռազմական ավանտյուրաների մեջ, սակայն փոխարենը տալիս էր նրանց կայունության և միապետ ունենալու զգացողություն: Ի՞նչն է բնորոշում այս խավերին և ի՞նչն է մեզ հիմք տալիս պնդելու համար, որ հենց նրանք են կազմում ժամանակակից հասարակության միջին վիճակագրական ընտրողի դիմագիծը, անկախ այն բանից, թե ինչ ընթացք են ունենում ընտրությունները: Այս հարցերին պատասխանելու բանալի է Էրիխ Ֆրոմի կողմից առաջ քաշված ավտորիտար բնավորության կամ օրենտացիայի տեսությունը, որը միավորվելով զանգվածային հոգեբանության դասական և ժամանակակից ուսումնասիրությունների հետ, ամբողջացնում է քաղաքային միջին խավի ցածր շերտի և գյուղացիության դերի ընկալումը և գնահատականը ժամանակակից հասարակություններում` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած: Ըստ այս տեսության, նշված խավերին բնորոշ է յուրահատուկ սոցիալական բնավորություն, որը բնութագրվում է որպես ավտորիտար: Ինչու՞ ավտորիտար: Իհարկե, ոչ այն պատճառով, որ այս խավերը ձգտում են կամ ցանկանում են ավտորիտար իշխանության հաստատում, այլ այն պատճառով, որ նրանք, իրենց մտածողության ձևով, արժեքային համակարգերով, մշակութային, քաղաքական ուղղվածությամբ, ծնում են այդպիսի ավտորիտար իշխանություն, անկախ նրանից այդ իշխանությունը համարվում է այդպիսին թե ոչ, քանի որ դասական քաղաքական ավտորիտարիզմը կարող է փոխարինվել ֆինանսական, մշակութային, արժեքային ավտորիտարիզմով, որոնց միջոցով նշված հատկանիշները պարտադրվում են ողջ հասարակությանը:
Philosopher
16.08.2007, 11:46
“Ավտորիտար բնավորությունը”` որպես սոցիալական հոգեբանության հատկանիշ, ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սկսում են քայքայվել հասարակական ավանդական` ազգային-համայնական արժեքները, որոնք իրենց սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրոնա-ծիսական, բնափակ-տնտեսական համակարգերով ստեղծում են մարդու ներդաշնակ և բնականոն կյանքը, առանց սոցիալական և բարոյական ալեկոծումների, և որոնց քայքայումը մարդուն նետում է միայնակության ու մեկուսացվածության գիրկը` թողնելով նրան առանց արժեքների ու հոգեբանական հենարանի: Եվ այս պայմաններում, երբ ավանդական համակարգերի փլուզումը հանգեցնում է նաև գյուղացիության ուրբանիզացիայի և քաղաքային միջին խավի ցածր շերտերի ու ցածր խավի մարգինալացման ու լյումպենացման, մարդը ներտվում է նոր, տարերային փոփոխությունների հորձանուտը` նոր հոգեբանական հենարան գտնելու ու տանջող ազատությունից ու միայնակությունից ազատվելու համար, առավել ևս եթե նա ներկայացնում է այն խավերը, որոնք ուղղակիորեն կապված էին ավանդական համակարգերի հետ` առանց դրանց, իսկ հետո նաև` նոր պայմանների ինտելեկտուալ իմաստավորման հնարավորության: Արդյունքում ձևավորվում են մարդկայի հարաբերությունների երկրորդային կապեր` առաջնային բնական կապերի փոխարեն: Այս երկրորդային կապերից առավել լայն տարածում են ստանում սադո-մազոխիստական հարաբերությունները, որոնց պայմաններում մարդը գտնում է մի գաղափար կամ հավաքականություն` մարմնավորված առաջնորդի կերպարում, որին կուրորեն ենթարկվելով մեղմում է կապիտալիստական հարաբերությունների մրցակցության մեջ նետված միայնակ հոգու վախն ու տառապանքը: Ձևավորվում է, Ֆրոմի խոսքերով, “նոր տիպի դեսպոտիզմը”: Արևմտյան ժողովուրդների քաղաքական պատմության զարգացումը ցույց տվեց, որ սկսած Վերածննդից և Ռեֆորմացիայից այս երկրորդային կապերը և հատկապես նրանց սադիստական ու մազոխիստական դրսևորումները լայնորեն զարգացան ու տարածվեցին բոլոր հասարակությունների հոգեբանության մեջ: Դրանք ստացան նաև նոր ձևեր. առաջնորդին խոնարհվելու քաղաքական պրակտիկան փոխարինվեց տարբեր արհեստական միավորումներոում միավորվելու տենդով, որոնց հետևողական ապագաղափարականացման արդյունքում մարդիկ գերադասեցին ընդգրկվել մի նոր արհեստական համայնք դարձած լիբերալ-դեմոկրատական պետություններում, որոնցում բացի արգելված քաղաքական դրսևորումներից, սադո-մազոխիստական կապերը ու ավտորիտար բնավորությունն ընդհանրապես գտնում են իրենց լայն ու տարատեսակ արտահայտությունը, ինչը բազմաթիվ արևմտյան հեղինակների հիմք է տալիս խոսելու արևմտյան ժողովրդավարության և ընդհանրապես` հասարական օրգանիզմի խորը ճգնաժամի մասին: Մյուս կողմից ակնհայտ է, որ ավտորիտար բնավորությունը առավել ցավագին դրսևորումներ է ունենում հատկապես անցումային երկրներում, որոնք այսօր ու ամեն ժամ են զգում սեփական ներքին քայքայումը ու դեգրադացիան, ինչը, ինքնին լինելով խիստ ցավալի երևույթ, միևնույն ժամանակ տվյալ երկրի քաղաքական և փիլիսոփայական վերնախավին հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել իրավիճակն ու կոնկրետ մեխանիզմներ գտնել դրանք հաղթահարելու համար` լիբերալ-դեմոկրատական անհիմն ու կապկված կոչեր անելու փոխարեն:
Սոցիալական ավտորիտար բնավորությանը բնորոշ առաջին հատկանիշը, որը դառնում է այդ բնավորությունը կրող խավերի քաղաքական ակտիվության և ընտրության հիմնական ուղղորդող ուժը, նրանց հարգանքն ու խոնարհումն է ուժի և զորեղության ու արհամարհանքը թուլության նկատմամբ, ընդ որում` որպես ուժի և թուլության չափման միավորներ մշտապես հանդես են գալիս ֆինանսական, վարչական կամ հոգեբանական գործոնները և այն սկզբունքը, թե արդյոք տվյալ մարդու կամ խմբի ուժն այնքան է, որպեսզի իրենց հոգեբանորեն ճնշի, թե` ոչ: Եթե այդ ուժը ճնշող է, ուրեմն նաև` հարգանքի է արժանի, իսկ եթե ճնշող չէ, ապա այն արժանի է արհամարհանքի ու արգահատանքի: Սա սադո-մազոխիստական ախտաբանության արտահայտությունն է սոցիալական կյանքում և սոցիալական հոգեբանության մեջ: Այս հոգեբանությունը կրող խավերում արժեքային համակարգը հիմնված է փոխադարձ սադիզմի և մազոխիզմի իրավունքի ճանաչման վրա, երբ ճնշվողը իրեն ճնշելը համարում է իրենից ուժեղի իրավունքը, իսկ իր իրավունքն է համարում ճնշել իրենից թույլին, ասել է թե` արդարությունը հանդես է գալիս որպես ճնշելու իրավունք այնտեղ, որտեղ կա այդ իրավունքի հասարակայնորեն թույլատրված ուժի և ազդեցության տարբերություն: Ի՞նչ արտահայտություն է ստանում այս հատկանիշը հասարակական-քաղաքական կյանքում: Գիտակցելով, որ քաղաքական իշխանության տվյալ մակարդակում (տեղական ինքնակառավարման, օրենսդիր և գործադիր հանրապետական կառավարման) քաղաքական իշխանության տվյալ ներկայացուցիչը առավել չափով ուժի կրողն է, ավտորիտար հոգեբանությունը գիտակցաբար կամ անգիտակցորեն նրան տալիս է իր վրա իշխելու իրավունք, իսկ տվյալ ներկայացուցիչը այդ իրավունքը համարում է բնական, քանզի նա էլ իր հերթին այդ նույն բնական իրավունքով ենթարկվում է իրենից վեր կանգնած, իրենից առավել ուժի և զորեղության կրող մեկ այլ օղակի: Եվ այսպես, սադո-մազոխիստական մեխանիզմով ձևավորում է տվյալ հասարակության աստիճանակարգությունը և միջանձնային հարաբերությունները` որպես այդ աստիճանակարգության հիմքում ընկած սոցիալ-հոգեբանական բազա: Ինքնին ավտորիտար հոգեբանություն ունեցող խավերի մեծամասնության պայմաններում կառուցված հասարակություններում այս կապերի համակարգային բնույթը բավակականին դժվար ապացուցելի է, քանի որ այդ կապերը յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում կարող են ստանալ տարատեսակ ձևեր. ներքին ադապտացիա սեփական հոմոսեվետիկուսության հետ, մասնակցություն նացիստական ցույցերին, այլ ցեղի կամ դավանանքի մարդկանց ոչնչացնելու մոլեգնություն, զանգվածային երկրպագություն ֆուտբոլային թիմի կամ երգչի, տոտալ խոնարհում ԶԼՄ-ներով պարտադրված մշակույթին, բարոյականությանը ու կյանքի իդեալին և այլն: Եվ ավտորիտարզիմի այս ձևերը կարող են և իրականացվում են կամ ընտրությունների, կամ այլ, ոչ-դեմոկրատական ճանապարհներով, ինչը, սակայն, որևէ բան չի փոխում ձևավորվող քաղաքական և սոցիալական կարգի բնույթի մեջ: Ինչպես ասում էր Ուիլիամ Ռալֆ Ինգը, “դեմոկրատիան ունի մի ակնհայտ թերություն, այն միայն հաշվում է քվեները, մինչդեռ պետք է կշռի դրանք”: Այս առումով, պետք է կրկին ընդգծել, որ ոչ գիտականորեն, ոչ գործնականորեն որևէ կերպ հիմնավորված չէ այն մոտեցումը, ըստ որի մեծամասնության քաղաքական դիրքորոշումները արտահայտվում են առաջին հերթին ընտրությունների միջոցով: Ավելի քան ակնհայտ է, որ մեծամասնության քաղաքական դիրքորոշումները արտահայտվում են նախևառաջ հասարակական հարաբերություններում, հասարակական հոգեբանության մեջ, ինչից հետո միայն խնդիր է դրվում այդ, արդեն հոգեբանության մեջ հաստատված հասարակական կարգի ակտուալացման, քաղաքականացման, և այստեղ արդեն ընտրությունները կարող են օգնել, սակայն նրանց բացակայությունը որևէ կերպ չի կարող խանգարել ավտորիտար բնավորության, ավտորիտար բարոյականության ու հարաբերությունների աստիճանակարգության դրսևորմանը քաղաքական համակարգում: Մեզ հայտնի են բազմաթիվ պատմական իրավիճակներ, երբ քաղաքական համակարգը իր էությամբ չի համապատասխանել նրա իշխանության ներքո ապրող մարդկանց, և այս պայմաններում հարցը ընտրություններին չի հասել, այլ լուծվել է համազգային ընդվզման միջոցով: Սակայն կան նաև բազմաթիվ իրավիճակներ, երբ հարցը կրկին ընտրություններին չի հասնում, սակայն միանգամայն այլ պատճառով. տվյալ քաղաքական համակարգը, անկախ այն բանից, թե նրա ներկայացուցիչները տվյալ ժամանակահատվածում ժողովրդահաճո քաղաքականություն են վարում, թե` հակաժողովրդական, արտահայտում է տվյալ հասարակության մեջ իր դոմինանտությունը հաստատած հոգեբանությունը ու նրա կանոնները: Եվ այս պարագայում ելքի բանալի կարող են տալ ոչ թե ընտրությունները, այլ այդ հոգեբանության և այն կրող սոցիալական շերտերի դոմինանտության հաղթահարումը, ինչի պարագայում միայն հնարավոր կդառնա նաև քաղաքական համակարգի փոփոխությունը, որն իր դրական ազդեցութունը կունենա նաև հասարական աստիճանակարգության մեջ իր ճիշտ դիրքը ստացած մեծամասնության համար:
Philosopher
16.08.2007, 11:48
Անդադառնալով միջին վիճակագրական հայ ընտրողին` պետք է արձանագրել, որ նրա հոգեբանության մեջ ավտորիտար բնավորության դրսևորումները լուրջ ախտաբանություն ունեն: Այն, որ նշված հատկանիշները բնորոշ են միջին վիճակագրական հայ ընտրողին, կարելի է համոզվել նույնիսկ ամենապարզ հոգեբանական մեթոդաբանությամբ: Իսկ նույնքան պարզ հասարակագիտական մեթոդաբանությամբ կպարզվի, որ այդ հատկանիշները առաջին հերթին բնորոշ են հատկապես նշված խավերի ներկայացուցիչներին և հետո միայն` նրանց դուր գալ ցանկացող մյուս խավերին և նույնիսկ մտավորականությանը: Այս պնդմանը կարող է իբրև հակափաստարկ բերվել այն հանգամանքը, որ վերջին տարիներին եթե ոչ տեղական ինքանակառավարման ընտրություններում, որոնք մշտապես անցել են տեղական նշանակության ուժային կենտրոնների պայքարում և որոնց պարագայում անշեղորեն գործում է ընտրախավի ավտորիտար բնավորությունը, ապա պետական բարձրագույն իշխանության ընտրություններում հասարակության մի ծանշակշիռ մասը ընտրություն է կատարել ոչ թե հօգուտ ուժի իշխանության, այլ հօգուտ ընդդիմության: Այս հակափաստարկը ինքնին զարգացող երկրի համար տիպական է` այն առումով, որ նրանում իշխանության բևեռում կուտակված ֆինանսական և վարչական ռեսուրսները և դրանց նկատմամբ բնակչության մի զգալի զանգվածի հակակրանքը ստեղծում են տպավորություն, թե այդ հատվածը ընտրություն է կատարում ելնելով ոչ թե ուժի ավտորիտար գնահատումից, այլ բարոյական կամ հայրենասիրական մղումներով: Չբացառելով ընդդիմության տրված այսպիսի քվեների առկայությունը` այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ այս պարագայում ևս, երբ ընտրազանգվածը ձայն է տալիս ընդդիմությանը, մենք գործ ունենք ավտորիտար բնավորության հետ: Բավական է հիշել միայն այն հանգամանքը, որ Վ. Մանուկյանի նախագահական ընդդիմադիր ներուժը 1998 թվականի ընտրություններում տեղափոխվեց Կ. Դեմիրճյանի վրա` միայն այն պատճառով, որ վերջինս ուներ խարիզմա` ձևավորված խորհրդային վարչա-հարամայական կառավարման և նրա բերած հոգեկան անդորրի հոլովույթում, որոնք իրենց նոստալգիկ ծանրաբեռնվածությամբ առավել չափով էին ուժի կրող, քան Արցախյան պատերազմում նշանակալից հաջողությունների հասած նախկին պաշտպանության նախարարի ծառայությունները: Առավել ակնհայտ օրինակներ են Վրաստանի և Ուկրաինայի իշխանափոխությունները, որոնք տեղի ունեցան բացառապես այն պատճառով, որ ընտրախավը զգաց, որ գունավոր հեղափոխությունների առաջնորդները առավել մեծ ուժի ու զորության կրողներ են` ինչպես ֆինանսական, այնպես էլ միջազգային օժանդակության առումներով, քան սեփական կոռումպացվածության մեջ զգոնությունը կորցրած գործող իշխանությունները: Սա կրկին ընտրություն է դեպի ուժի բևեռը և ոչ թե երկու ժողովուրդների հրաշալի դեմոկրատացում ու ազատականացում ընդամենը մեկ ընտրական գործընթացի ընթացքում:
Բացի ուժի իրավունքի ճանաչումից` որպես սեփական քաղաքական կողմնորոշման մեկնակետ, ավտորիտար բնավորության սոցիալական դրսևորմանը բնորոշ են նաև բազմաթիվ այլ հատկանիշներ: Դրանք են, օրինակ, ինքնուրույն մտածողության ու վերլուծական հնարավորությունների գրեթե բացակայությունը, ինչի բացը լրացնում են ԶԼՄ-ների միջոցով շրջանառության մեջ մտցված վերլուծություններն ու մտքերը, որոնք ավտորիտար բնավորության կրող խավերը առավել չափով վերարտադրում են որպես սեփական մտքեր, դիրքորոշումեր ու զգացմունքներ, սրված կրոնական ու բարոյական դիրքորոշումները, որոնց մեջ առավել մեծ տեղ է գրավում ուժեղի կողմը բռնելու ու նրա ուժից օգտվելու հոգեբանությունը, որը կարող է դրսևորվել ինչպես պարզունակ “կյանքի իմաստությունների” վկայակոչումներով, այնպես էլ զորեղ աստծո նկատմամբ խորը վստահությամբ ու անձնվեր ինքնամատուցմամբ: Ասել է թե` ավտորիտար բնավորությունը ոչ թե զուտ քաղաքական բնավորություն է, այլ համակարգային հասարակական բնավորություն, որն ունենում է իր քաղաքական դրսևորումները: Այս բոլոր հատկանիշները միջին վիճակագրական հայ ընտրողին միանգամայն բնորոշ են, ինչի ամենաակնհայտ ապացույցը հենց նշված խավերի ակտիվ մասնակցությամբ ձևավորվող տարբեր տիպի ավտորիտար կազմակերպությունների ստեղծումն է, որոնք կարող են լինել կուսակցություններ կամ նրանցից իրենց հոգեբանական կառույցով առանձնապես չտարբերվող աղանդներ, որոնք հիմնված են մեկ մարդու կամ ուժի կենտրոնի ամբողջական` հոգեբանական, զգայական, հասարակական ենթարկման վրա, առանց դրանց աշխատանքներում որևէ ստեղծագործական միջամտության հնարավորության ու ցանկության:
Իրականում միանգամայն սխալ է կարծել, թե յուրաքանչյուր առանձին երկրի զարգացմանը կարող են խոչընդոտել առանձին վերցված մարդիկ կամ խմբավորումներ: Եթե նույնիսկ դա հաջողվում է նրանց, ապա միայն ժամանակավորապես: Երկարատև հեռանկարում երկրի զարգացմանը կարող է խոչընդոտել միայն այնպիսի սոցիալական հոգեբանության ձևավորումը, որը պարբերաբար կծնի մեկը մյուսից դժվարանցանելի ու անհաղթահարելի արգելքներ: Միանշանակ է, որ Հայաստանում այսօր այդպիսի սոցիալական հոգեբանություն ձևավորվում է, թեև դեռ չի հասել կայացման վերջնական փուլին. հայ հասարակության քաղաքային միջին և ցածր խավերը, ինչպես և գյուղացիությունը գնում են լյումպենացման ճանապարհով, որի պարագայում անխուսափելի է դառնալու երկրի ճահճացումը ավտորիտար բնավորության ջրափոսում: Այսպիսի հեռանկարից խուսափելու համար այսօր իսկ անհրաժեշտ է այդ խավերի մեջ չմտնող երկու շերտերի ակտիվացումը` մտավորականության և պետական չինովնիկության: Առաջինը, որը թերևս ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն է, պետք է պայքարի իրեն պատկանող արժեքածին հասարակական դերի վերականգնման համար, որի դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել լյումպեն խավի` օրեցօր ստանդարտացող և լճացող մտածողության համատարած իշխանությունը և կրկին իշխանության բերել համազգային ճիգով ստեղծված ու արարված մշակույթն ու մշակված մտածողությունը: Իսկ պետական չինովնիկությունը, որի չգործունեությամբ ու անհոգ թողտվությամբ հնարավոր դարձավ սոցիալական նոր, անկառավարելի զանգվածի առաջացումը, պետք է կտրուկ քայլեր կատարի նախ իր, ապա և հասարակության լայն շրջանակներում ավտորիտար հոգեբանության հաղթահարման ուղղությամբ` թեկուզ և ժամանակավորապես կիրառելով քաղաքական, մշակութային և լրատվական պարտադրանքի տարբեր եղանակներ, ինչպես դրանք կիրառել են զարգացման նույն փուլում գտնվող տարբեր ազգերի առաջնորդները տարբեր պատմական ժամանակներում: Այս երկու պարագաներում միայն հնարավոր կդառնա հայկական ժողովրդավարությունը` որպես ազգային-պետական ինքնակառավարում` հիմնված ազգային օրգանիզմի ներքին աստիճանակարգության սրբազան պաշտպանվածության վրա` որպես հասարակության յուրաքանչյուր անդամի գլխավոր պարտականություն և իրավունք, կապել ոչ թե միջին վիճակագրական ընտրողի կանխատեսելի փակուղային ընտրության (թեկուզ և ժողովրդավարական և արդար) հետ, այլ իրական հեռանկարի հետ, որի համար և այս դժվարին ուղին է ելել հայ ազգային հավաքականությունը:
Ինչպես գրում էր Իբսենը, “մեր հասարակության մեջ ճշմարտության և ազատության ամենամեծ թշնամին կազմակերպված մեծամասնությունն է: Այո, անիծված, կազմակերպված, լիբերալ մեծամասնությունը”:
Առողջ հասարակությունը ամեն ինչ անում է ունենալու համար կազմակերպված փոքրամասնություն, որը կապահովի մեծամասնության ներդաշնակ կեցությունը և զերծ պահում նրան հասարակական-քաղաքական անոմալիաների ու վտանգավոր ախտաբանության զոհ դառնալու տխուր հեռանկարից, քանզի իրական ժողովրդավարությունը մեծամասնությանը ճիշտ վարելու փոքրամասնության ունակությունն ու ցանկությունն է և ոչ թե նրան ինքնակործանման ազատության ընձեռումը:
Philosopher :)
Հետաքրքիր վերլուծություններ ես արել:
Սակայն, ուզում եմ քեզ ընդիմախոսել:
Մի քանի հարցեր ունեմ էսպես ասած առանցքային կետերի վերաբերյալ:
Որտեղից քեզ էն համոզմունքը, որ
Եվ իսկապես, ավանդաբար հայ արհեստավորն ու գյուղացին, ինչպես և մտավորականության ցածր ու միջին շերտերը, որոնք խորհրդային համակարգում առանձնանում էին բարձրագույն կրթության դիպլոմով, առավել պահպանողական, ազգային բարոյական և մշակութային արժեքների նկատմամբ իրենց բնական ակնածանքը պահպանած, սեփական աշխատանքով, առանց կեղծիքների կամ սուր մրցակցության սեփական հանապազօրյա հացն ապահովող շերտերն են, որոնք կարող են լինել յուրաքանչյուր հասարակության, առավել ևս` ավանդական հասարակության կայունության երաշխավորը: մոտակա ժամանակների պատմությունը չէ որ լրիվ այլ բան է ասում:
2.Արդյոք չե՞ս կարծում որ ճիշտ կլիներ դիֆերենցված մոտեցում ցուցաբերել հայ, և գերմանացի, անգլիացի ... հատկանիշների մեջ:
3. Ինչու՞ շատ քիչ տեղ ես տվել արտաքին ազդեցություններին /մասնավորապես ընտրական գործնթացների վրա, և խոշոր հաշվով հասարակական կառույցների վրա/: Տպավորությունս այնպիսին է, որ խոսում ես մի բնական ձևավորված, կայուն զարգացող միջավայրի մասին, սակայն փաստ է, որ որոշիչ են եղել արհեստական միջամտությունները /աքսոր, կոտորած, արտագաղթ, ներգաղթ/ հասարակական պրոցեսի վրա: Այսինքն Հայաստանում կայուն ձևավորված միջին մտածելակերպ գտնել հնարավոր չէ: Վկայություն ՝ երևանցի արհեստական ստեղծված միավորը /նման հռոմեացուն/ :
4. Ինչու՞ ես համոզված, որ Հայաստանում կա մտավորականություն: Այսինքն խավ, որը ի զորու է պրպտել ու հասնել, հասկանալ, թէ ինչ է փաստը, ինչ է ռեալությունը, ինչ է հնարավորը ու ինչ է ռեսուրսը: Պարզ ասած կատարել օբեկտիվ անալիզ ու սինթեզ: Այսօր մեր մտավորական կոչվածի ուղողը սահմանափակվում է ՏԻՐՈՋ գծած սահմաններով: Եվ արդյո՞ք մարդը, որը ունի ՏԵՐ, կարող է ունենալ գլոբալ աշխարահայացք ու ուղեղ:
Հաջորդ հարցերը հաջորդիվ :)
Philosopher
16.08.2007, 16:16
Մի քանի հարցեր ունեմ էսպես ասած առանցքային կետերի վերաբերյալ:
Որտեղից քեզ էն համոզմունքը, որ
Եվ իսկապես, ավանդաբար հայ արհեստավորն ու գյուղացին, ինչպես և մտավորականության ցածր ու միջին շերտերը, որոնք խորհրդային համակարգում առանձնանում էին բարձրագույն կրթության դիպլոմով, առավել պահպանողական, ազգային բարոյական և մշակութային արժեքների նկատմամբ իրենց բնական ակնածանքը պահպանած, սեփական աշխատանքով, առանց կեղծիքների կամ սուր մրցակցության սեփական հանապազօրյա հացն ապահովող շերտերն են, որոնք կարող են լինել յուրաքանչյուր հասարակության, առավել ևս` ավանդական հասարակության կայունության երաշխավորը: մոտակա ժամանակների պատմությունը չէ որ լրիվ այլ բան է ասում:
Միանգամայն համաձայն եմ հարց-պնդումիդ հետ, ավելին` այս վերլուծությունը հենց այդ խնդրին է նվիրված, որ ավանդաբար այդպես ընկալվող խավերը դառնում են ավտորիտար հոգեբանության կրող և կատարում իրենց դեստրուկտիվ դերը հասարակության զարգացման ու պետականության կայացման գործում:
2.Արդյոք չե՞ս կարծում որ ճիշտ կլիներ դիֆերենցված մոտեցում ցուցաբերել հայ, և գերմանացի, անգլիացի ... հատկանիշների մեջ:
Անշուշտ, սակայն կան հասարակությունների զարգացման տիպաբանական ընդհանրություններ, որոնք ընդհանուր են բոլոր հասարակությունների համար և որևէ հասարակություն իր զարգացման ընթացքում չի շրջանցում դրանք: Հենց այսպիսի տիպաբանական մակարդակում է վերլուծությունը կատարվել, իսկ որ այդ ընդհանրությունը պետք է լրացվի ազգային պատմության, հոգեբանության և այլ հանգամանքների վերլուծությամբ, միանշանակ է:
3. Ինչու՞ շատ քիչ տեղ ես տվել արտաքին ազդեցություններին /մասնավորապես ընտրական գործնթացների վրա, և խոշոր հաշվով հասարակական կառույցների վրա/: Տպավորությունս այնպիսին է, որ խոսում ես մի բնական ձևավորված, կայուն զարգացող միջավայրի մասին, սակայն փաստ է, որ որոշիչ են եղել արհեստական միջամտությունները /աքսոր, կոտորած, արտագաղթ, ներգաղթ/ հասարակական պրոցեսի վրա: Այսինքն Հայաստանում կայուն ձևավորված միջին մտածելակերպ գտնել հնարավոր չէ: Վկայություն ՝ երևանցի արհեստական ստեղծված միավորը /նման հռոմեացուն/ :
Ըստ էության նույն խդնիրն ես արձանագրում, ինչ նախորդ դիտարկմանդ մեջ: Իհարկե, ընդհանրությունների հիման վրա կատարվա վերլուծությունը պետք է լրացվի մասնավոր բազմաթիվ հանգամանքներով, որոնցից մի քանիսը նշեցիր: Այս վերլուծությունը ընդհանուր կերպով ուրվագծում էր հայ միջին խավի, նրա ավտորիտար բնավորության և դրա հետևանքների պատկերը:
4. Ինչու՞ ես համոզված, որ Հայաստանում կա մտավորականություն: Այսինքն խավ, որը ի զորու է պրպտել ու հասնել, հասկանալ, թէ ինչ է փաստը, ինչ է ռեալությունը, ինչ է հնարավորը ու ինչ է ռեսուրսը: Պարզ ասած կատարել օբեկտիվ անալիզ ու սինթեզ: Այսօր մեր մտավորական կոչվածի ուղողը սահմանափակվում է ՏԻՐՈՋ գծած սահմաններով: Եվ արդյո՞ք մարդը, որը ունի ՏԵՐ, կարող է ունենալ գլոբալ աշխարահայացք ու ուղեղ:
Բոլորովին համոզված չեմ: Այս խնդրի մասին մենք արդեն խոսել ենք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=6333&highlight=%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6): Ոչ միայն չկա մտավորականությունը, այլև գոյություն ունեցող պայմանական մտավորականությունը լծվել է ավտորիտար բնավորության սայլին ու այն բացառապես լրացնում է ազգային-պատմական զգացմունքայնությամբ, սակայն ոչ երբեք իրական բովանդակությամբ:
Անշուշտ, սակայն կան հասարակությունների զարգացման տիպաբանական ընդհանրություններ, որոնք ընդհանուր են բոլոր հասարակությունների համար և որևէ հասարակություն իր զարգացման ընթացքում չի շրջանցում դրանք: Հենց այսպիսի տիպաբանական մակարդակում է վերլուծությունը կատարվել, իսկ որ այդ ընդհանրությունը պետք է լրացվի ազգային պատմության, հոգեբանության և այլ հանգամանքների վերլուծությամբ, միանշանակ է:
Հասկանալի է: Ընդհանրությունները գտնելը բավականին օգտակար բան է:
Հասարակություն եթե անվանենք մարդկանց քանակական որոշակի միավորը, ապա այստեղ ընդհանրությունը հենց այդքանով կեզրափակվի: Իսկ եթե գումարենք դրան նաև որակական հատկանիշներ, ապա են խնդիրը, որը անգլիացու համար լուծվում է և ունի իր տրամաբանական պատասխանը, հայ հասարակության դեպքում նույն մեթոդի կիրառման դեպքում կամ կմնա անպատասխան, կամ կունենան բավականին տարբերվող արժեք: Հետևեվանբար եվրոպական/արևմտյան/ փիլիսոփայական ապարատի կիրառումը այստեղ ռացիոնա չէ:
Մեծ հարց է, արդյոք 20 դարասկզբի արևմտահայի ջախջախումից հետո հայը ու՞նի հասրարակություն, /տրադիցիոն/ հասարակությանը հատուկ 18-19 դարի արևմտյան որակական հատկանիշներով, թէ՞ նա արդեն 100 տարի է ձևավորման փուլում է, և արտաքին ու ներքին խանգարիչ հանգամանքների ազդմամբ սաղմնային վիճակից առաջ չի կարողանում գնալ:
Եթե այսպես է, ապա խնդիրները փոխվում են:
Մի բան է ունենալ դա, ու փորձել պահպանել ու սահուն զարգացնել դա, իսկ ուրիշ բան է, զրոից կառուցել դա: Դրանք լրիվ տարբեր / մեթոդների ընտրության ժամանակ հաճախ իրար հակասող/ խնդիրներ են:
Հ.Գ. ես ավելի հակված եմ ընդունելու, որ 1988-ին աշխարհ է եկել նոր մանկիկ, որը դեռ ծծկեր վիճակում է: Սակայն մեծ հետաքրքրությամբ կլսեմ նաև քո կարծիքը :):
Մինչև վերջ շատ ուշադրությամբ կարդացի: Հարգելի Փիլիսոփա, ցանկանում եմ անկեղծորեն գրել կարծիքս: Եթե համարես, որ վիրավորական է՝ ջնջիր:
Նախ՝ Ի սկզբանե, որպես վերլուծության միավոր դու ընտրել ես "ընտրողին" և մեջբերումներդ էլ կառուցել ես դրա հիման վրա: Սակայն կարծում եմ, որ դրանից առաջ և ավելի կարևոր "երկրի քաղաքացին" է: Քաղաքացու իրավունքներից է նաև ընտրելը, սակայն հենց քաղաքացու և քաղաքացիների քանակով է որոշակիանում և որոշվում երկիրը, կացութաձևը:
Այն ինչ գրել ես՝ վաղուց արդեն հնացած է, որովհետև ավելի թարմ գրականությունը հուշում է արդեն բևեռացված և/կամ մեկուսացված ինվիդում-հասարակարգի մասին, երբ մարդը լյումպեն չէ, բայց և քաղաքացի էլ չէ: Այդ իմաստով Ֆրոմին հիշատակելը, որը համարում էր, որ "Զարգացած Հյուսիսը պետք է օգնի թերզարգացած Հարավին", այնքան էլ ճիշտ չէ, հատկապես, որ ինքը Արևմուտքի զարգացման խթան համարում էր ոչ թե քաղաքական ակտիվությունը, այլ տեղեկատվության փոխանակումը՝ the flow of information. (Էրիխ Ֆրոմի մասին է հուսով եմ խոսքը)...
Մի խոսքով, կուրսային կամ կուրսայինի ոճով գրածդ կարող էիր ավելի հակիրճ ձևակերպել: Իմ կարծիքով խնդիրը "հայ ընտրողի" լյումպենացումը չէ, ոչ էլ քաղաքական պասիվությունը: Խնդիրը անհատական և հանրային անտարբերությունն է, որը հետևանք է երկրում փոփոխությունների բացակայության:
Ինչ է լինելու՞, կարծում եմ հստակ է՝ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, պետությունը…մի խոսքով գերբն ու դրոշը...եթե Միջին Ասիան հարուստ է բնական ռեսուրսներով, Ադրբեջանը՝ նավթով, Վրաստանը տարանցիկ ռակոմ վիճակով, Հայաստանը կարող էր հարուստ լինել ժողովրդավարությամբ և բարձրակարգ մասնագետներով: Ժողովրդավարության չհասանք, մասնագետները մեկնում են:
Ով է մեղավոր...չգիտեմ, մենք՝ բոլորս: Ու կարծում եմ այժմ ոչ թե պատեհ պահն է, այլ ճակատագրական ժամը բոլորով, միասին ուշքի գալու և նույնիսկ կյանքի գնով կանգնելու ժողովրդավարական ուժերի կողքին, լինել քաղաքացի, ոչ թե ընտրող, լինել երևանցի, ոչ թե երևանաբնակ, մասնակից, ոչ թե դիտորդ:
Մարդկային պատմությունը հարուստ է անսպասելի շրջադարձերով, երբ չգիտես որտեղից կամ ինչպես բայց ժողովուրդը ոտքի է հելնում: Էդ ոտքի հելնողն էլ, հանողն էլ մենք ենք:
Philosopher
17.08.2007, 09:42
Հասկանալի է: Ընդհանրությունները գտնելը բավականին օգտակար բան է:
Հասարակություն եթե անվանենք մարդկանց քանակական որոշակի միավորը, ապա այստեղ ընդհանրությունը հենց այդքանով կեզրափակվի: Իսկ եթե գումարենք դրան նաև որակական հատկանիշներ, ապա են խնդիրը, որը անգլիացու համար լուծվում է և ունի իր տրամաբանական պատասխանը, հայ հասարակության դեպքում նույն մեթոդի կիրառման դեպքում կամ կմնա անպատասխան, կամ կունենան բավականին տարբերվող արժեք: Հետևեվանբար եվրոպական/արևմտյան/ փիլիսոփայական ապարատի կիրառումը այստեղ ռացիոնա չէ:
Համաձայնելով պնդումներիդ հետ` պտեք է արձանագրել, որ Արևմտյան փիլիսոփայական համակարգի կիրառումը հայ հանրային կյանքի նկատմամբ խիստ կարևոր է, քանի որ հայ հանրային կեցության կենտրոնական խնդիրը մարդու պրոբլեմն է, լայն առումով հումանիտար պրոբլեմը, այսինքն` խորապես արևմտյան պրոբլեմ` անշուտ, իր ազգային և հատկապես հենց ազգային նրբերանգներով:
Մեծ հարց է, արդյոք 20 դարասկզբի արևմտահայի ջախջախումից հետո հայը ու՞նի հասրարակություն, /տրադիցիոն/ հասարակությանը հատուկ 18-19 դարի արևմտյան որակական հատկանիշներով, թէ՞ նա արդեն 100 տարի է ձևավորման փուլում է, և արտաքին ու ներքին խանգարիչ հանգամանքների ազդմամբ սաղմնային վիճակից առաջ չի կարողանում գնալ:
Եթե այսպես է, ապա խնդիրները փոխվում են:
Մի բան է ունենալ դա, ու փորձել պահպանել ու սահուն զարգացնել դա, իսկ ուրիշ բան է, զրոից կառուցել դա: Դրանք լրիվ տարբեր / մեթոդների ընտրության ժամանակ հաճախ իրար հակասող/ խնդիրներ են:
Չեմ կարծում, որ հայ հանրությանը կարելի է բնորոշել որպես կայացման պրոցեսում գտնվող ավանդական հասարակություն: Իսկ որ վերոնշյալ խնդիրները խանգարել են հասարակական օրգանիզմի բնականոն զարգացմանը, միանշանակ է:
Հ.Գ. ես ավելի հակված եմ ընդունելու, որ 1988-ին աշխարհ է եկել նոր մանկիկ, որը դեռ ծծկեր վիճակում է:
Ես ևս հավատում եմ այդ մանկիկին, մեր ապագայի գանգրահեր տղային, որը ամեն օր մեռնում ու հառնում է յուրաքանչյուրիս մեջ, յուրաքանչյուրիս ապրումների, որոշումների ու մոտեցումների թանձր, առավել հաճախ` մեռցնող, սպանող, անշնչացնող հոլովույթում:
Մինչև վերջ շատ ուշադրությամբ կարդացի: Հարգելի Փիլիսոփա, ցանկանում եմ անկեղծորեն գրել կարծիքս: Եթե համարես, որ վիրավորական է՝ ջնջիր:
Անկեղծ կարծիքները չեն ջնջվում, եթե դրանք վիրավորանք չեն պարունակում. դիսիդենտական ակնարկներ պետք չէ անել:
Նախ՝ Ի սկզբանե, որպես վերլուծության միավոր դու ընտրել ես "ընտրողին" և մեջբերումներդ էլ կառուցել ես դրա հիման վրա: Սակայն կարծում եմ, որ դրանից առաջ և ավելի կարևոր "երկրի քաղաքացին" է: Քաղաքացու իրավունքներից է նաև ընտրելը, սակայն հենց քաղաքացու և քաղաքացիների քանակով է որոշակիանում և որոշվում երկիրը, կացութաձևը:
Միանգամայն համաձայն եմ, և հոդվածը հենց այդ մասին է. միջին վիճակագրական ընտրողը քաղաքացի չէ: Շեշտադրումը գոյություն ունեցողի` ընտրողի, և ոչ թե գոյություն չունեցողի` քաղաքացու վրա է: Իսկ ընդհանրապես շեշտադրումներ կարելի է անել և' ընտրողի, և' քաղաքացու վրա` կախված այն խնդրից, որը դրված է վերլուծության առաջ:
Այն ինչ գրել ես՝ վաղուց արդեն հնացած է, որովհետև ավելի թարմ գրականությունը հուշում է արդեն բևեռացված և/կամ մեկուսացված ինվիդում-հասարակարգի մասին, երբ մարդը լյումպեն չէ, բայց և քաղաքացի էլ չէ: Այդ իմաստով Ֆրոմին հիշատակելը, որը համարում էր, որ "Զարգացած Հյուսիսը պետք է օգնի թերզարգացած Հարավին", այնքան էլ ճիշտ չէ, հատկապես, որ ինքը Արևմուտքի զարգացման խթան համարում էր ոչ թե քաղաքական ակտիվությունը, այլ տեղեկատվության փոխանակումը՝ the flow of information. (Էրիխ Ֆրոմի մասին է հուսով եմ խոսքը)...
Մտքերիդ հերթականությունը անորոշ է: Նախ` մասսայական հասարակությունների մասին գիտությունը ամենաժամանակակից և ամենաարագ տեմպերով զարգացող գիտությունն է, և Ֆրոմը հիշատակվում է բացառապես "ավտորիտար բնավորության" գիտական տերմինաբանության շրջանակներում, ինչը չի նշանակում, որ վերլուծությունը հիմնված է հենց Ֆրոմի տեսության վրա և ոչ դուրս է գալիս, ոչ էլ կարող է հակասել նրա մյուս հայացքներին: Ինչ վերաբերում է Ֆրոմի մյուս տեսակետների քո նշումներին, ապա դրանք ուղղակիորեն կապ չունեն քննարկվող խնդրի հետ, քննարկվող խնդրին շատ ավելի սերտորեն կապված գաղափարներ նա ունի, որոնց պատասխան ցիտումը չեմ համարում տեղին:
Մի խոսքով, կուրսային կամ կուրսայինի ոճով գրածդ կարող էիր ավելի հակիրճ ձևակերպել: Իհարկե, կարող էի, մանավանդ, որ Հայաստանում կա կուրսայինները հակիրճ գրելու մեծ ավանդույթ, ու երկուսս էլ օրը մեկ-երկու այսպիսի կուրսային ենք կարդում, չէ՞... Գնահատականդ սուբյեկտիվ է: Խնդրում եմ տեղադրիր այստեղ նման մի կուրսային և ես երջանիկ կլինեմ, որ տեսական վերլուծությունների ավանդույթ չունեցող մշակույթում պիտակավորման ունակությունից բացի կա նաև վերլուծության ունակություն:
Ի դեպ, հենց վերլուծության ավանդույթի բացակայության դրսևորում քո տեքստում. Նախ դու գրում ես.
Իմ կարծիքով խնդիրը "հայ ընտրողի" լյումպենացումը չէ, ոչ էլ քաղաքական պասիվությունը:
Եվ ապա ավելացնում միանգամայն հակառակ տեսակետ
Խնդիրը անհատական և հանրային անտարբերությունն է, որը հետևանք է երկրում փոփոխությունների բացակայության:
Այսինքն` խնդիրը ոչ թե պասիվությունն է, այլ անտարբերությու՞նը: Հուսով եմ` ասածդ որ մտքերի անհետևողականության արդյունք չէ…
Ինչ է լինելու՞, կարծում եմ հստակ է՝ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, պետությունը…մի խոսքով գերբն ու դրոշը...եթե Միջին Ասիան հարուստ է բնական ռեսուրսներով, Ադրբեջանը՝ նավթով, Վրաստանը տարանցիկ ռակոմ վիճակով, Հայաստանը կարող էր հարուստ լինել ժողովրդավարությամբ և բարձրակարգ մասնագետներով: Ժողովրդավարության չհասանք, մասնագետները մեկնում են:
Համաձայն եմ, սակայն մնանք քննարկվող խնդրի շրջանակներում:
Ով է մեղավոր...չգիտեմ, մենք՝ բոլորս: Ու կարծում եմ այժմ ոչ թե պատեհ պահն է, այլ ճակատագրական ժամը բոլորով, միասին ուշքի գալու և նույնիսկ կյանքի գնով կանգնելու ժողովրդավարական ուժերի կողքին, լինել քաղաքացի, ոչ թե ընտրող, լինել երևանցի, ոչ թե երևանաբնակ, մասնակից, ոչ թե դիտորդ:
Հաճույքով միանում եմ կոչիդ, սակայն պնդելով, որ Հայաստանում կան ժողովրդավարական ուժեր, որոնց կողքին պետք է կանգնել, դու հակասում ես քո այն պնդմանը, որ Հայաաստանում չկա քաղաքացի, քանի որ եթե չկա քաղաքացի, ապա կամ այդպիսի ուժեր չկան, կամ կան, սակայն ուժ չեն, քանի որ ժողորդավարական ուժին ուժ է դարձնում քաղաքացին: Նորից գալիս ենք նույն խնդրին. իսկ ով է այդ քաղաքացին, պայմանական, անձնագիր ունեցող քաղաքացին և ում է նա համարում ուժ ու ում է դարձնում ուժ:
Մարդկային պատմությունը հարուստ է անսպասելի շրջադարձերով, երբ չգիտես որտեղից կամ ինչպես բայց ժողովուրդը ոտքի է հելնում: Էդ ոտքի հելնողն էլ, հանողն էլ մենք ենք:
Համաձայն եմ վերջին նախադասության հետ, բայց չգիտես որտեղից ոչինչ չի լինում: Ամեն ինչ տրամաբանական է և օրինաչափ: Բոլորիս համար ակնհայտ խնդիրներն էլ միանգամայն օրինաչափ են և այստեղ "չգիտես որտեղից" եկած օգնությունները չեն փրկի: Մեսիան չի գալու, չի գալու նաև ժողովրդի ներսից՝ առանձին մարդու կամ համազգային ըմբոստացման ձևով: Հայ մարդու ներքին հոգեկան, բարոյական հիմքերի վերաշինում է պետք, հայ մարդու մարդկայնացում, կենդանի կյանքի վերադարձ նրա սրտի մամռակալած անկյուններ, նորի, նորի, նորի ապրում, մարդկային երեխայականության լույսի տարածում ազգային ավանդույթի գորշ ու մութ տարածքների վրա:
Անկեղծ կարծիքները չեն ջնջվում, եթե դրանք վիրավորանք չեն պարունակում. դիսիդենտական ակնարկներ պետք չէ անել:[/B]
Դիսիդենտ չէի, չեմ և հուսով եմ չեմ էլ լինի: Ուղղակի մարդիկ երբեմն ավելորդ տեղը վիրավորվում են: Քեզ նախապատրաստելու համար էի գրել:
Միանգամայն համաձայն եմ, և հոդվածը հենց այդ մասին է. միջին վիճակագրական ընտրողը քաղաքացի չէ: Շեշտադրումը գոյություն ունեցողի` ընտրողի, և ոչ թե գոյություն չունեցողի` քաղաքացու վրա է: Իսկ ընդհանրապես շեշտադրումներ կարելի է անել և' ընտրողի, և' քաղաքացու վրա` կախված այն խնդրից, որը դրված է վերլուծության առաջ:
Իհարկե կարելի է, անգամ Բուրչամուտից Հայաստան ներգաղթած լիբանանահայերի մասով է կարելի է վերլուծություն անել: Խոսքն այն մասին էր, որ եթե խոսում եմ հանրային ախտերից, ապա վերլուծության թիրախը առաջին հերթին քաղաքացին պետք է լինի: Դա ճաշակի հարց չէ:
Մտքերիդ հերթականությունը անորոշ է: Նախ` մասսայական հասարակությունների մասին գիտությունը ամենաժամանակակից և ամենաարագ տեմպերով զարգացող գիտությունն է, և Ֆրոմը հիշատակվում է բացառապես "ավտորիտար բնավորության" գիտական տերմինաբանության շրջանակներում, ինչը չի նշանակում, որ վերլուծությունը հիմնված է հենց Ֆրոմի տեսության վրա և ոչ դուրս է գալիս, ոչ էլ կարող է հակասել նրա մյուս հայացքներին: Ինչ վերաբերում է Ֆրոմի մյուս տեսակետների քո նշումներին, ապա դրանք ուղղակիորեն կապ չունեն քննարկվող խնդրի հետ, քննարկվող խնդրին շատ ավելի սերտորեն կապված գաղափարներ նա ունի, որոնց պատասխան ցիտումը չեմ համարում տեղին:
Սա արդեն ճաշակի հարց է…
Խնդրում եմ տեղադրիր այստեղ նման մի կուրսային և ես երջանիկ կլինեմ, որ տեսական վերլուծությունների ավանդույթ չունեցող մշակույթում պիտակավորման ունակությունից բացի կա նաև վերլուծության ունակություն:
Կարող եմ ասել որտեղ կարող ես գտնել՝ ՀԱՀ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան: Եթե ալարում ես, իմոնք կարող եմ ուղարկել, ուղղակի անգլերեն են և քաղաքագիտական չեն:
Ի դեպ, հենց վերլուծության ավանդույթի բացակայության դրսևորում քո տեքստում. խնդիրը ոչ թե պասիվությունն է, այլ անտարբերությու՞նը: Հուսով եմ, ասածդ որ մտքերի անհետևողականության արդյունք չէ…
Սիրո և ախորժակի մեջ տարբերություն չկա՞....պաստիվությունը կարող է մեկ առանձին ընտրության ժամանակ լինել կամ լինել միշտ՝ օրինակ եվրոպական շատ երկրներում, անտարբերությունն ուրիշ է: Հանրային անտարբերության շնորհիվ օրինակ Հյուսիսային պողոտայի բնակիչներին օրը ցերեկով տներից հանեցին, ու ոչ-ոք նրանց կողքին չկանգնեց....
Հաճույքով միանում եմ կոչիդ, սակայն պնդելով, որ Հայաստանում կան ժողովրդավարական ուժեր, որոնց կողքին պետք է կանգնել, դու հակասում ես քո այն պնդմանը, որ Հայաաստանում չկա քաղաքացի, քանի որ եթե չկա քաղաքացի, ապա կամ այդպիսի ուժեր չկան, կամ կան, սակայն ուժ չեն, քանի որ ժողորդավարական ուժին ուժ է դարձնում քաղաքացին: Նորից գալիս ենք նույն խնդրին. իսկ ով է այդ քաղաքացին, պայմանական, անձնագիր ունեցող քաղաքացին և ում է նա համարում ուժ ու ում է դարձնում ուժ:
Նախ, ժողովրդավարական ուժերին, կարծում եմ ինքդ էլ կարող ես և բնութագրել, և նաև առանձնացնել: Ինչ վերաբերում է թե ով է քաղաքացին, կարծում եմ դրա պատասխանը ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ տալիս է: Իսկ թե ով կդառնա ուժ, ինչով և ինչպես՝ էդ արդեն առանձին քննարկման թեմա է: Պետք է՝ խորանանք:)
Philosopher
17.08.2007, 12:32
Դիսիդենտ չէի, չեմ և հուսով եմ չեմ էլ լինի: Ուղղակի մարդիկ երբեմն ավելորդ տեղը վիրավորվում են: Քեզ նախապատրաստելու համար էի գրել:
Ուրախ եմ քեզ համար:
Իհարկե կարելի է, անգամ Բուրչամուտից Հայաստան ներգաղթած լիբանանահայերի մասով է կարելի է վերլուծություն անել: Խոսքն այն մասին էր, որ եթե խոսում եմ հանրային ախտերից, ապա վերլուծության թիրախը առաջին հերթին քաղաքացին պետք է լինի: Դա ճաշակի հարց չէ:
Հայ ընտրողի համեմատությունը Հայաստան ներգաղթած լիբանանահայերի հետ արդեն խոսում է նախ այդ ընտրողի, ապա` այդ ընտրողի գիտակցության փոփոխմամբ մտահոգ վերլուծաբանի մոտեցման մասին:
Սա արդեն ճաշակի հարց է… Մի՞թե...
Կարող եմ ասել որտեղ կարող ես գտնել՝ ՀԱՀ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան: Եթե ալարում ես, իմոնք կարող եմ ուղարկել, ուղղակի անգլերեն են և քաղաքագիտական չեն:
ՀԱՀ գրադարանում կա ոչ ավելի քան 10 փիլիսոփայական գիրք, այն էլ դրանցից մի քանիսը` դասագրքային բնույթի: Այսպիսի գիտական աղբյուրների պարագայում պետք է որ բավականին տխուր վիճակում լինեն հասարակական-փիլիսոփայական վերլուծությունները, եթե այդպիսի ընդհանրապես կատարվում են: Ինչ վերաբերում է քո աշխատություններին, լավ կլիներ, որ դրանք թեմայի վերաբերյալ լինեին, գոնե դա անհրաժեշտ էր որպես փաստարկ դրանք վկայակոչելու համար: Սակայն մենք արդեն թեմայից շեղվում ենք:
Սիրո և ախորժակի մեջ տարբերություն չկա՞....պաստիվությունը կարող է մեկ առանձին ընտրության ժամանակ լինել կամ լինել միշտ՝ օրինակ եվրոպական շատ երկրներում, անտարբերությունն ուրիշ է: Հանրային անտարբերության շնորհիվ օրինակ Հյուսիսային պողոտայի բնակիչներին օրը ցերեկով տներից հանեցին, ու ոչ-ոք նրանց կողքին չկանգնեց....
Միևնույն բանի մասին ենք խոսում. առանձին փաստերի վկայակոչումը չի վերացնում, ավելին՝ խոսրացնում է մտքերի անհետևողականությունը... Առավել լավ կլիներ առանց բառախաղերի խոսել խնդրի մասին:
Նախ, ժողովրդավարական ուժերին, կարծում եմ ինքդ էլ կարող ես և բնութագրել, և նաև առանձնացնել:
Նորից մասնավորեցումը խանգարում է ընդհանուրի կարևոր հատկանիշների տարբերակմանը:
Ինչ վերաբերում է թե ով է քաղաքացին, կարծում եմ դրա պատասխանը ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ տալիս է:
Այո, տալիս է, սակայն, ինչպես խոստովանում ես ինքդ, հայ մարդը քաղաքացի չէ, այդ դեպքում իմաստ ունի՞ Սահմանադրության վկայակոչումը: Միանշանակ է, որ՝ ոչ:
Իսկ թե ով կդառնա ուժ, ինչով և ինչպես՝ էդ արդեն առանձին քննարկման թեմա է: Պետք է՝ խորանանք:)
Այդ հարցի քննարկումը, կարծիքներն ու երկխոսություններ կարելի է շարունակել այլ թեմաներում:)
Չեմ ուզում երկխոսության վերածել թեման, բայց այսուհետ աշխատիր ավելի կոռեկտ գտնվել ու չհեգնել։ Դրա և հնարավորությունը և առավել ևս փորձն ունեմ այնքան, որ կարող եմ պատասխանել։ Ուղղակի հավես չունեմ։
Երկորդը, ես երբեք չեմ ասել, որ հայ մարդը քաղաքացի չէ; Դա սխալ տարընթերցում է։ Ու եթե իմ մտքերը քեզ չեն հետևում, դա բոլորովին չի նշանակում, որ հետևողական չեն։
Իսկ Ամերիկյանի ու իմ առաջարկածի մասին՝ մոռացիր։ Ես Ամերիկյանի փտած գրադարանը նկատի չունեի։ Բայց դե, երևի գիտես հայտնի կենդանու նուշի մասին անտեղյակության ասացվածքը։
Կարող ես չպատասխանել։ Սա իմ վերջին գրառումն է լինելու ակումբում։ Հեռանում եմ տհաճ զգացողությամբ։
Լավ մնաք։
Մոդերատորական: Գրառման կոպիտ ձևակերպումները ջնջված են: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) և խուսափեք նմանօրինակ ձևակերպումներից: Մոդերատորի հետ բանավիճելն ու նրա իսկ կողմից զգուշացվելը դիսիդենտական դափնիներ ձեռք բերելու լավագույն ձևը չէ:
Philosopher
17.08.2007, 13:27
Չեմ ուզում երկխոսության վերածել թեման, բայց այսուհետ աշխատիր ավելի կոռեկտ գտնվել ու չհեգնել։ Դրա և հնարավորությունը և առավել ևս փորձն ունեմ այնքան, որ կարող եմ պատասխանել։ Ուղղակի հավես չունեմ։
Որևէ հեգնանք իմ տեքստում չկա և չի կարող լինել: Մտքերիդ հակասականության փաստորկումը հեգնանք չէ, այլ պարզպապես փաստարկում:
Երկորդը, ես երբեք չեմ ասել, որ հայ մարդը քաղաքացի չէ; Դա սխալ տարընթերցում է։ Ու եթե իմ մտքերը քեզ չեն հետևում, դա բոլորովին չի նշանակում, որ հետևողական չեն։
Իհարկե, չի նշանակում: Մտքերի անհետողականության ասելով` պետք է նկատի ունենալ միևնույն մարդու մտքերի անհետևողականությունը:
Իսկ Ամերիկյանի ու իմ առաջարկածի մասին՝ մոռացիր։ Ես Ամերիկյանի փտած գրադարանը նկատի չունեի։ Բայց դե, երևի գիտես հայտնի կենդանու նուշի մասին անտեղյակության ասացվածքը։
Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեիր դու, ես գիտեմ, թե ինչն ես գրել:
Կարող ես չպատասխանել։ Սա իմ վերջին գրառումն է լինելու ակումբում։ Հեռանում եմ տհաճ զգացողությամբ։ Լավ մնաք։
Դու էլ:)
Philosopher
շարումակե՞նք :)
Միանշանակ է, որ Հայաստանում այսօր այդպիսի սոցիալական հոգեբանություն ձևավորվում է, թեև դեռ չի հասել կայացման վերջնական փուլին. հայ հասարակության քաղաքային միջին և ցածր խավերը, ինչպես և գյուղացիությունը գնում են լյումպենացման ճանապարհով, որի պարագայում անխուսափելի է դառնալու երկրի ճահճացումը ավտորիտար բնավորության ջրափոսում:
Այստեղ, եթե համաձայն ես, կարելի էր սկզբից դիտարկել, որ այդ լումպենացման մեջ քո նշած խավերը գտնվում էին անընդմեջ դոնե նախորդ 80 տարիների ընթացքում: Եղավ մի կարճ պիրիոդ՝ 90-95թվերը, երբ այդ խավերը կորցնելով իրենց տիրոջը, մնացին անտեր ու դարցան անճար: Կյանքը նրանց համար կորցրեց իր հետաքրքրությունը:):
Սակայն 97-ից հետո նրանց համար քայլ-առ-քայլ կառուցվում է ծանոթ ու մտերիմ միջավայր:
Այսինքն, այդ խավերը /՞՞՞ եթե կարելի է նրանց խավ համարել/ համառորեն ու հաստատակամ վերադառնում են դեպի իրենց հարազատ տիրույթներ:
Այսպիսի հեռանկարից խուսափելու համար այսօր իսկ անհրաժեշտ է այդ խավերի մեջ չմտնող երկու շերտերի ակտիվացումը` մտավորականության և պետական չինովնիկության:
Որտեղի՞ց քեզ այն հիմքերը, որ պետական չինովնիկին դիտարկում ես որպես ֆակտոր ազատականացման ու դեմոկրատացման պրոցեսում: Շփվե՞լ ես այդ ապարատի որևէ ցայտուն ներկայացուցչի հետ վերջին ժամանակներս/ասենք ընտրություններից հետո, այս տարի/:
Պետական չինովնիկությունը, որպես ֆակտոր դիտարկելը անչափ հիասթափեցնող հետևանքների կբերի: Նա ամենա անսկզբունք, ամենա չոքած /և ամենաչոքացնող/ մասսան է Հայաստանում /մի մոռացիր՝ հլա դեռ -Ռուսաստանի ֆորպոստում: Իր բոլոր հետևանքներով/: Նրա վրա կարելի է հենվել միայն որպես վարձու ուժ, որը կծառայի միմյան իր վրա հեծած ուժին, այլ ոչ սկզբունքներին, իդեալներին ... ինչքան էլ դրանք լինեն ռացիոնալ, ու անգամ, օդի պես անհրաժեշտ: Մի մոռացիր, որ գործ ունես գոգոլյան- ռուսական չինովնիկի մինի/ավելի կոմպլեկսավորված ու հետևաբար նաև՝ կոմպլեկսավորող/ տարբերակին:
Իրականում հայ պետական չինովնիկությունը նույն լյումպենացված մասսաի դիպլոմավոր, ամենաանսկզբունք ու ամենաանարժանապատիվ /եթե պայմանականորեն համարենք, որ լյումպենը ունի ինքնասիրություն ու արժանապատվություն/ տեսակն է: Քո նշած խավերի համար գործում է միայն տիրոջ կողմից ժամանակ առ ժամանակ մատուցվող "հաց ու զվարճանք"-ը, իսկ հայ պետական չինովնիկության համար տիրոջ կողմից վերահսկվող ու իրենց տրված "աթոռը", որը ներառում է նույն "հացն ու զվարճանքը":
Philosopher
19.08.2007, 22:06
Philosopher
շարումակե՞նք :)
Այստեղ, եթե համաձայն ես, կարելի էր սկզբից դիտարկել, որ այդ լումպենացման մեջ քո նշած խավերը գտնվում էին անընդմեջ դոնե նախորդ 80 տարիների ընթացքում: Եղավ մի կարճ պիրիոդ՝ 90-95թվերը, երբ այդ խավերը կորցնելով իրենց տիրոջը, մնացին անտեր ու դարցան անճար: Կյանքը նրանց համար կորցրեց իր հետաքրքրությունը:):
Սակայն 97-ից հետո նրանց համար քայլ-առ-քայլ կառուցվում է ծանոթ ու մտերիմ միջավայր:
Այսինքն, այդ խավերը /՞՞՞ եթե կարելի է նրանց խավ համարել/ համառորեն ու հաստատակամ վերադառնում են դեպի իրենց հարազատ տիրույթներ:
Միանշանակ համաձայն եմ: Ավելին, կարելի է պնդել, որ խորհրդային համակարգում ձևավորվեցին հայ լյումպենի ամենահիմնական հատկանիշները:
Որտեղի՞ց քեզ այն հիմքերը, որ պետական չինովնիկին դիտարկում ես որպես ֆակտոր ազատականացման ու դեմոկրատացման պրոցեսում: Շփվե՞լ ես այդ ապարատի որևէ ցայտուն ներկայացուցչի հետ վերջին ժամանակներս/ասենք ընտրություններից հետո, այս տարի/:
Պետական չինովնիկությունը, որպես ֆակտոր դիտարկելը անչափ հիասթափեցնող հետևանքների կբերի: Նա ամենա անսկզբունք, ամենա չոքած /և ամենաչոքացնող/ մասսան է Հայաստանում /մի մոռացիր՝ հլա դեռ -Ռուսաստանի ֆորպոստում: Իր բոլոր հետևանքներով/: Նրա վրա կարելի է հենվել միայն որպես վարձու ուժ, որը կծառայի միմյան իր վրա հեծած ուժին, այլ ոչ սկզբունքներին, իդեալներին ... ինչքան էլ դրանք լինեն ռացիոնալ, ու անգամ, օդի պես անհրաժեշտ: Մի մոռացիր, որ գործ ունես գոգոլյան- ռուսական չինովնիկի մինի/ավելի կոմպլեկսավորված ու հետևաբար նաև՝ կոմպլեկսավորող/ տարբերակին:
Իրականում հայ պետական չինովնիկությունը նույն լյումպենացված մասսաի դիպլոմավոր, ամենաանսկզբունք ու ամենաանարժանապատիվ /եթե պայմանականորեն համարենք, որ լյումպենը ունի ինքնասիրություն ու արժանապատվություն/ տեսակն է: Քո նշած խավերի համար գործում է միայն տիրոջ կողմից ժամանակ առ ժամանակ մատուցվող "հաց ու զվարճանք"-ը, իսկ հայ պետական չինովնիկության համար տիրոջ կողմից վերահսկվող ու իրենց տրված "աթոռը", որը ներառում է նույն "հացն ու զվարճանքը":
Միանգամայան համաձայն եմ բոլոր գնահատականներիդ հետ: Իհարկե, ինչպես մտավորականության, այնպես էլ պետական չինովնիկության պարագայում մենք գործ ունենք քննարկվող խավերի լյումպենացման մասնակիցների հետ: Իմ պնդումն առավել չափով հիմնվում է այն հանգամանքի վրա, որ պետական չինովնիկության մի հատվածը, չպատկանելով քննարկվող խավերին և ունենալով որոշակի մասնագիտական ունակություններ, որոնք սկզբունքորեն չեն համապատասխանում լյումպանացվող հասարակության ձեռքերով իշխանության եկած վերնախավի համար առաջադրվող չափանիշներին, կարող է նպաստել հասարակության լյումպենացման կանխմանը: Սակայն այսօրվա չինովնիկության օրըստօրյա կրմինալացումը այս առումով առավել քիչ հույսերի ու սպասումների տեղ է տալիս, և դա փաստ է:
Philosopher
Գնանք մի քիչ ետ:
Եվ այսպես ծնվեց մանկիկը:): Ովքե՞ր էին նրա ծնողները /պապերը, տատերը/:think: Սովետը -ռուսական կայսրության հետնորդը ՝ իր ռուսական կայսերական ավանդույթներով, ու վարքու բարքով, և 30 հզ. կմ2 -ու վրա ապրող, միջինացված տարբերակում լյումպեատարր մի մասսա: Մանկիկը ունեցավ շատ ծանր կյանքի առաջին օրեր, լի վիրահատություններով ու դեղեր կուլ տալով:... Մի խոսքով հիվանդանոցից դուրս չէր գրվում /պատերազմ, սով, վառելիքի կրիզիս... պետական /օրգանիզմի/ կրիզիս/: Մանկիկը շանս ուներ փրկվելու, ու բուժումը գնում էր ծանր, սակայն իր հունով: Ու այսեղ ներվերը չդիմացան, դիմեց իր ծնողներին ու ասած "Էլ չեմ դիմանում" /հայ-ռուսական մեծ պայմանագիր/:... ու սկսվեց գենետիկորեն իրեն հայտնի տատական մեթոդներով "բուժումը": Սակայն հայտնի է, թե "հեքիմաբուժության" դիմած անձը ինչպես է քայլ-առ-քայլ փաթաթվում "հեքիմի" հյուսած ճիրաններում: Ընդհուպ մինչև տարբեր մատաղներ, "խաչհամբույրներ" ու "խնկարկումներ":
Ժամանակակից բժշկությունը հլա դեռ տեղ չէր հասել, իսկ համբերությունը /դիմացկունությունը/ չհերիքեց:
Համարյա նույն վիճակն էր սովետի տարբեր մասերում ծնված բոլոր մանկիկների հետ:
Եկավ ժամանակ, որ ժամանակակից բժշկությունը տեղ հասավ այս հանրապետություններ /1996-ից հետո/: Սակայն բոլոր տեղերում նա հանդիպեց հեքիմի /Ռուսաստանի/ կատաղի դիմադրությանը /մի տեղ վախոցնում էր "թուրքով", մի այլ տեղ "աֆղան-մոջահեդով", մի այլ տեղ "եվրոպական գոմիկով" ու "եհովայի վկաներով" և այլն: Նայած որտեղ ինչով կարող էր/:
Բժիշկը որոշեց որտեղ կարող է, հիվանդին փախցնել իր ծնողներից, որպեսի կարողանա բուժել: Դրա համար նա որոշեց որդեգրել տալ մանկիկին մի քաղաքակիրթ "ձյաձյա"-ի:
Առավել ակնհայտ օրինակներ են Վրաստանի և Ուկրաինայի իշխանափոխությունները, որոնք տեղի ունեցան բացառապես այն պատճառով, որ ընտրախավը զգաց, որ գունավոր հեղափոխությունների առաջնորդները առավել մեծ ուժի ու զորության կրողներ են` ինչպես ֆինանսական, այնպես էլ միջազգային օժանդակության առումներով, քան սեփական կոռումպացվածության մեջ զգոնությունը կորցրած գործող իշխանությունները: Սա կրկին ընտրություն է դեպի ուժի բևեռը և ոչ թե երկու ժողովուրդների հրաշալի դեմոկրատացում ու ազատականացում ընդամենը մեկ ընտրական գործընթացի ընթացքում:
Ասել կուզեմ, որ Վրաստանի դեպքում որդեգրման գործնթացը ընտրազանգվածի հետ ոչ մի կապ չուներ : Մանկիկին փախցրել են "հեքիմի" ճիրաններից, ու օրենքով պաշտպանվածության համար նաև որդեգրել /Ուկրաինայի դեպքը ավելի բարդ է, քանի որ որդեգրման գործնթացը գնում է բավականին բարդ ձևով,... հին ծնողը համառորեն չի ուզում հրաժարվել երեխայից/:
Լա՞վ է սա, թէ վա՞տ: Նայած ում համար ոնց: Լյումպենի համար միանշանակ իհարկե վատ է: Նա դեռ չի զգում, քանի որ նոր ծնողները տվել են իրեն բազմաթիվ փայլուն խաղալիքներ ու հլա դեռ զբաղված է դրանցով: Սակայն երբ որ "ակլիմատիզացիոն" պրոսեսները ավարտվեն ու մանկիկը "հավեսը" կորցնի նոր խաղալիքներից, ապա անխուսափելիորեն կարոտով հիշելու է իր գենետիկական հին "գյուղը", իր ցեխ ու ջրով, առուներով ու դրանց մեջ թավալ գալով: Այսինքն զգալու է իրեն բավականին ոչ կամֆորտնի :
/ինչի "առաջին ծիծեռնակները" արդեն հայտնվում են Թբիլիսիում/: Ասածս են է, որ էս խմորը դեռ բավականին ջուր է քաշելու:
Մի խոսքով ես Վրաստանում ոչ մի կապակցվածություն չեմ տեսնում ընթացող պրոցեսների, և "ընտրության" կամ "ընտրազանգված" կոչվող սուբեկտի միջև:
Հ.Գ. Եթե դեմ չես :), Առանձին կուզենայի քննարկել, թէ Հայաստանի ազգաբնակչության որ մասին որ տարբերակն է գերադասելի, և ի՞նչ ապագա է սպասվում նրանց էտ դեպքերում:
Philosopher
21.08.2007, 09:45
Բավականի հետաքրքիր վերլուծություն ես արել, թեև որոշ խնդիրներ այնուամենայնիվ մնում են, և դրանիցից ամենակարևորը` ով էր այդ բժիշկը, որը որոշեց մանկիկին տալ քաղաքակիրթ քեռու բուժմանը`պոկելով նրան հեքիմաբուժության ճիրաններից: Ես չեմ պնդում, որ դա հենց լյումպեն ընտրազանգվածն էր, ես պնդել եմ ու պնդում եմ, որ լյումպեն ընտրազանգվածը, զգալով ուժի կենտրոնի փոփոխությունը, միտվեց դեպի նոր ուժի կենտրոնը, ինչը և ապացուցում է նրա ավտորիտար բնավորությունը: Իսկ թե ով որոշեց այդպիսի փրկչական գործառույթ կատարել, պարզ է. իր ազդեցությունը Հարավային կովկասի վրա տարածող ԱՄՆ-ն. այստեղ ոչ թե փիլիսոփայություն կամ սոցիոլոգիա է, այլ աշխարհաքաղաքականություն, և դա պարզ է: Մնացած գնահատականներիդ հետ սկզբունքորեն համաձայն եմ` կապված ռուսական դիմադրության ու լյումպեն զանգվածի կարոտախտային ապրումների հետ, որի ապացույցին սպասելու կարիք, ի դեպ, չկա: Այդ զանգվածը իր կարոտախտային ներուժը դրսևորում է նաև այսօր` երկրպագելով խորհրդային համակարգը, որին ևս ժամանակին դավաճանեց, երբ զգաց, որ ուժի կենտրոնը բոլորովին էլ Մոսկվայում չէ: Եվ ընդհանրապես` լյումպեն զանգվածը իր ավտորիտար բնավորությամբ երբեք որոշումներ չի կայացրել ևր չի կայացնում. որոշումներ կայացնում է տարբեր ժամանակաշրջանների ինտելեկտուալ փոքրամասնությունը` սովորաբար արտաքին որևէ ազդեցության արդյունքում: Իսկ լյումպենը այդ որոշումները իրականացնում է ու իրականացնում է սովորաբար հենց իր շահերի հաշվին:
Հ.Գ. Եթե դեմ չես :), Առանձին կուզենայի քննարկել, թէ Հայաստանի ազգաբնակչության որ մասին որ տարբերակն է գերադասելի, և ի՞նչ ապագա է սպասվում նրանց էտ դեպքերում:
Կողմ եմ:)
դրանիցից ամենակարևորը՝ ով էր այդ բժիշկը, որը որոշեց մանկիկին տալ քաղաքակիրթ քեռու բուժմանը`պոկելով նրան հեքիմաբուժության ճիրաններից:
Եթե մենք օգտվենք ինդուկտրվ մեթոդնեերից, ապա իհարկե, այս հարցը կարող է դիտարկվել որպես ամենակարևոր: Այսինքն, ունենալով սրա պատասխանը, մենք կարող ենք վերծանել հաջորդը՝ ինդուկցվածը: Այս մեթոդով մոտեցումը շատ բարդ, համարյա անլուծելի է դարձնում խնդիրը, ելնելով են փաստից, որ այդ "բժիշկը"
1. միշտ էլ մի քանի քայլ առաջ է մեզանից - "հասարակ մահկանացուներիցս"
2. հաշվի առնելով իր "մասնագիտությանը" հատուկ ակնհայտ ռիսկայնությունը, նա այնպես վարպետորեն է խճճում ամեն ինչ իր ճանապարհին, որ նորից մեր "շահելու" ու "ակունքին" մոտենալու շանսերը դառնում են չնչին:
կարելի է օգտվել հռչակավոր Շեռլոկ Հոմսի դեդուկցիոն մեթոդոլոգիայից, և այս դեպքում շահելու հավանականությունը անհամեմատ մեծանում է /խոսքը հավանականության մասին է/: Էս մեթոդի կիրառումը ինձ բերել է էն համոզման, որ բավականին երկար ժամանակ է, "բժշկի" ֆունկցիան կատարում է Անգլիան: Նա տարբեր ժամանակաշրջաններում, ըստ անհրաժեշտության, կազմում է նաև տարբեր դաշինքներ: Այժմ գործում է էսպես ասած գլխավոր առանցքը Անգլիա-ԱՄՆ /կոպիտ ասած՝ ԱՄՆ ապահովում է ֆինանասը ու "բռի" ուժը, իսկ Անգլիան ընդհանուր ղեկավարումը/նաև քաղաքական/ ու դիպլոմատիան/: Այս առանցքը ունի նաև երկրորդ էշելոն - Գերմանիա, Ավստրալիա, Կանադա ... և այլն:
Սա հիմնված է իմ /հասկանալի է,որ անչափ սուբեկտիվ:(/ փաստահավաքագրման ու անալիզի վրա:
Ավելին: Իմ համոզմամբ, Անգլիան-ԱՄՆ առանցքը 1995-ի մոտերքում կապել է ինչ-որ երկարաժամկետ պայմանագիր/պայմանավորվածություն՞՞՞/ նաև Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Ռուսաստանի մասով էն կարող եմ ասել, որ Ռուսաստանը /հավանաբար:)/ հանձնել է այդ առանցքին սովետական մնացած հանրապետություններին, իսկ այդ առանցքը նրան խոստացել է նավթի բավականին կայուն ու բարձր գին, որպեսի Ռուսաստանը վերջնականապես չքանդվի : Հարց կարող է ծագել, ապա այդ դեպքում
- ի՞նչ ելույթներ է ունենում Պուտինը:
- Ի՞նչ է անում Ռուսաստան Հայաստանում: Եվ այլն նման բաներ:
Սրանք, ըստ իս, ներքին օգտագործման համար են: Որպեսի գոհացնեն ռուս "մուժիկի" կայսերապաշտական մղումները /հայտնի է,որ միջինացված ռուսը պատրաստ է ապրել սոված, ցեխի մեջ, սակայն իմանալով որ իր երկրիրը "իմպերիա" է ու գոհացնի իր վելիկոռուսական մղումները/:
Իսկ գույք պարտքի դիմաց ու նմանատիպ ապուշագույն /առաջին հերթին տնտեսագիտական տեսանկյունից/ "պրոեկտները" վերևում ասվածից բացի նաև քցոցի է այդ նույն "մուժիկին" /ինչպես վերևում դու էիր նշել - լյուպենի համար ամեն մի փոփոխությունը միայն ի վնաս իրեն է /, երբ այդ մուժիկի հավաքած բյուջեն գնում է աստված գիտի թե ուր :) : /Լվացքատների մասը բաց եմ թողնում/
Ասած էն է, որ ուշ թէ շուտ /հավանական է որ շատ շուտ/, Ռուսաստանը Անդրկովկասից դուրս է գալու ու էս տարածաշրջանը դառնալու է միասնական: Այսինքն ապրելու է իր Բնական զարգացումներով:
Հ.Գ.Ոնց որ թե շատ շեղվեցի թեմայից:think:
Philosopher
22.08.2007, 09:32
Իսկապես, շեղվում ենք թեմայից, բայց մի քանի մտքերիդ, այնումենայնիվ, կարձագանքնեմ: Մասնավորապես, միանգամայն համաձայն եմ Անգլիայի` տեղի ունեցող պրոցեսներում կենտրոնական դերի գնահատականիդ հետ, նաև` Անգլիա-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում: Քո փոխարեն, սակայն, Գերմանիային չէի ընդգրկի այս դաշինքի, առավել ևս` նրա երկրորդ էշելոնի մեջ: Գերմանիան իր խաղն է խաղում, և առանձին թեմայում կարող ենք քննարկել, թե ինչ խաղ է դա: Իր խաղն է խաղում նաև Չինաստանը, որը կարող է նաև բանավոր կամ այլ ձևերով չպայմանավորվել ո'չ ԱՄՆ-ի, ո'չ Մեծ Բրիտանիայի և ո'չ էլ Ռուսաստանի հետ: Չինական տնտեսությունը լուծում է բոլոր հարցերը ու կոմպենսացնում բոլոր տեսակի պայմանավորվածությունների բացակայությունը: Իսկ որ Ռուսաստանի խաղը արդյունք է ԱՄՆ-ի հետ որոշակի պայմանավորվածությունների, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Այլ խնդիր է, թե ինչու է Ռուսաստանը խաղում այդ խաղը, գուցե այդ խաղի արդյունքում նա նաև ցանկանա հակադրվել ԱՄՆ-ին, կարծում եմ` այո, բայց մինչ այդ նա ԱՄՆ-ին կզիջի իր բազմաթիվ ավանդական ֆորպոստեր, այդ թվում` Հայաստանը, որը ֆորմալ առումով կարող է շարունակել ռուսական ազդեցության գոտի մնալ, սակայն իրականում միայն կկատարի իր դերը Ռուսաստան-ԱՄՆ մեծ խաղի մեջ: Ու հերթական անգամ մեր աշխարհագրական դիրքը ողբալով` ապագայի պատմիչները կգրեն. "Հայաստանը հայտնվել էր երկու գերտերությունների բախման սահմանագծին և չգիտեր` ինչ անել, ու արեց այն, ինչ արեց": Ու նոր տողից. ".......................... դարձել է անմեղ նահատակների ոգեկոչման վայր: Ամեն տարի այնտեղ այցելում են միլիոնավոր հայեր": Եվ վերջ: Մնացածը լռություն է:
Հայաստանի ազգաբնակչության որ մասին որ տարբերակն է գերադասելի, և ի՞նչ ապագա է սպասվում նրանց էտ դեպքերում:
Հայաստանի Ազգաբնակչությանը ներկա պահին ես բաժանում եմ 3 հիմնական մասի /իրնեց ճյուղավորումներով/:
հիմնական-կայացած խավ
1. Պետական-իշխանական ապարատ:
2. Արդեն դարձած, կամ դարձող լյումպեն:
եվ այս երկու խավի մեջ չմտած, նրանց հետ կապ չունեցող, և խավ չձևավորած
3. անկապ անհատներ:
Առաջին երկուսի մասին բավականին խոսեցինք, և ես կուզենայի անդրադառնալ երրորդ խմբին: Այս խումբը հնարավորություն չունի խառնվել Հայաստանի համար քիչ թէ շատ կարևորություն ունեցող որևէ պրոցեսի /նաև ընտրական/, այն պարզ պատճառով, որ նա հավաքվել ու խավ կազմել չի կարողանում: Ամեն մի փորձ բերում է ձախողման, այն պարզ պարճառով, որ առաջին երկու խմբերը ուժեղացել են, ու քանի որ հլա դեռ անչափ աչալուրջ են, սաղմնային վիճակում խեղդում են ամեն մի փորձ: Խավի ձևավորելու առաջին իսկ փուլում /անվանենք նրան "խմբակ"/ պրոսեցը խեղդվում է: Խեղդելը կատարվում է բավականին տրադիցիոն-ընդունված մեթոդներուվ ՝ ում որ կարող են "կուպիտ անել" - գնում են, իսկ ով որ համառում է ու տարբեր պատճառներով /գաղափարական, ... գինը շատ թանկ է դնում և այլն/ չի վաճառվում, արագ դարձնում են "իզգոյ":
Այսինքն ես 3 խմբի, պետական-հասարակական պրոցեսների հետ "անկապ" անհատների հավաքվելու ու խավ դառնալու շանսերը սահմանափակվում են առաջին 2 խմբերի ուժով, զգունությամբ ու ագրեսիվության աստիճանով: Էս խմբի մեջ մտնում են նաև բավականին ինտելեկտով անհատներ:
Եվ սա պատասխանում է առաջին հերթին պարադոքսալ էն հարցին, թէ ինչու էսքան քանակի "խելոք" մարդկանց առկայության դեպքում չի երևում մտավորական կոչվող խավը: Պատասխանը պարզ է ՝ էտ խավը չի կարողանում հավաքվել- Սևակի խոսքերով "Չկա ասպարեզ" :
Առաջին երկու խավերը ինչու՞ չեն թողնում, որ հավաքվի ու խավ դառնա երրորդը:
Պետական-իշխանական ապարատ շատ պարզ պատկերացնում է, որ հավաքվելու դեպքում 3 խավը հավակնելու է իշխանությանը: /ինչ որ եղավ 88-91թթ/, ու իրեն չհնազանդվող, չվաճառվող անհատներին հանձնում է լյումպենին հոշոտման:
Լումպենը, իր ստոր կարիքների բավարարման համար ուրախությամբ օգտվում է էտ "զվարճանքից", ու աշխատում ամեն ձև մինչև ողն ու ծուծը ստորացնել նրանց:
/ինչին կարող ենք ներկա լինել ամեն օր, առօրյաում մտնելով խանութ, պետական որևէ օղակ, զվարճանքի ու հանգստի որևէ "օբեկտ"/
Ի՞նչ ելք ունի 3-որդ խումբը:
1. սպասել լավ ժամանակների /խրուշչովյան "հալոցք" ու հետագա բրեժնեվյան "լճացում"/ : Հիշեցնում եմ, որ հլա դեռ առաջին երկուսը անչափ զգոն ու ագրեսիվ են /մուտք ենք գործում ստալինյան ժամանակաշրջան, այսինքն 2007-ին նախագահական ընտրություններով կարող ենք համարել, որ վերջանում է ՆԷՊ-ի դարաշրջանը/:
2. Թողնել հեռանալ, գնալ այնտեղ, որտեղ մտավորականության խավ դառնալու խնդիրը արդեն լուծված է, ու էտ ամենը ամրագրված է համապատասխան օրենսդրությամբ ու դրա անվերապահ կատարումով:
Առաջին դեպքում իմ առաջարկվող տարբերակը ՝ դա Դիոգենեսյան կերպն է: Մտնել "տակառի" մեջ, կտրել առաջին 2 խավերի հետ բոլոր հնարավոր կապերը: Դա գոնե թույլ կտա հնարավորինս անվնաս "գոյատևել", մարդկայնորեն չփչանալ ու չապականվել, չկորցնել ժառանգած արժեքավոր գենոֆոնդը ու վերջնականապես չկորչել մարդկության համար: Սա բավականին բարդ տարբերակ է, ու օբեկտիվորեն շատ քչերին է հասու /օրինակ՝ Շիրազը էս տիպարի կրողն էր/: Սակայն պետք է պատրաստ լինել նաև քարերով ծեծ ուտելուն:
Կա նաև երկրերդ տարբերակը ՝ դա պայքարող-դիսիդենտի կերպն է: Սրան ավելի շատ անհատներ են հասու, ըստ իրենց պոտենցիալի: Սակայն մինչև վերջ շատ քչերն են դիմանում, ու կամ "դավաճանում են", կամ "վերբովկա" լինում /որը ըստ էության նույնն է/, կամ հաշվի առնելով որ "ընտանիք ուեն" - հարմար գնով "վաճառվում են": Եվ ոչ մեկն էլ նախորոք չի կարող ասել, թէ արդյոք կդիմանա՞ մինչև վերջ թէ՞ չէ:
Երկրորդ տարբերակը /Թողնել հեռանալ, գնալ այնտեղ, որտեղ մտավորականության խավ դառնալու խնդիրը արդեն լուծված է, ու էտ ամենը ամրագրված է համապատասխան օրենսդրությամբ ու դրա անվերապահ կատարումով/ մեկնաբանությունների կարիք չունի, ու գերակշիռ մեծամասնությունը իրատեսորեն ընտրում է հենց սա:
Կա նաև էս երկուսի լղոզված, միջինացված տարբերակը, որը ամենածանր է, որովհետև ունենում ես անվերջ հակասություններ ինքտ քո հետ: Սա էն տարբերակն է, որի մեջ հլա դեռ գտնվում եմ ես, սակայն ուժերս սպառվում են:angry:
Էս տարբերակի վառ ներկայացուցիչը, օրինակ - Դոստաևսկին էր: