PDA

Դիտել ողջ տարբերակը : Սա է...



Ծով
09.08.2007, 18:40
Սա է...

Մենակ եմ, տխուր… ի՞նչ անել,ու՞ր գնալ,ինչպե"ս խաղաղվել…
Քայլում եմ, գնում եմ չգիտեմ, թե ուր…և հանկարծ…դե իհարկե…կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ, կաղոթեմ, կնստեմ մի քիչ կնայեմ նրան…կնայեմ նրա պատկերին, կնայեմ մանկանը Մարիամի գրկում, կաղոթեմ ինչքան, որ սիրտս ուզի,կխոսեմ նրա հետ. այնտեղ` եկեղեցում…Այնտեղ մարդիկ են, որ չկան: Այնտեղ մարդիկ հազիվ թե իրար տեսնեն ու խեթ հայացքներ փոխանցեն: Այնտեղ հազիվ թե բարևդ չառնեն, եթե նույնիսկ դու չբարևես: Այնտեղ մեղավորներն ու անմեղները մեկ են. նրանք բոլորն ել գոնե մեկ րոպե աղոթում են իրենց մեղքերի համար….կամ չեն աղոթում…նրանք բոլորն էլ կամ գոնե ոմանք հավասար են իրար…այնտեղ…
Չգիտեմ…սովորության համաձայն...դե իհարկե…գնալ եկեղեցի, մի քիչ խաղաղվել…խաղաղվել այնտեղ, ուր թվում է թե պաշտպանված ես ամեն տեսակ խարդախություններից, վիրավորանքերից ու դավերից…այնտեղ, ուր չգիտեմ…միշտ էլ այդպես է, ներշնչանքի պես մի բան…Ինձ միշտ էլ թվում է, թե գնում եմ այնտեղ զգացմունքներով լեցուն և անպայման վերադառնում խիստ բանական մարդ դարձած: Ասես պատրաստ եմ ցանկացած դժվար որոշում կայացնել միանգամից, ասես էլ ոչնչից չեմ վախենում, ասես մեկը թիկունքիս կանգնած է…Ասենք թվում է, թե երբ հավատում ես Աստծուն, նա միշտ էլ քեզ հետ է…բայց այնտեղ…ասես նա այլ ճանապարհ էլ չունի, քան քեզ հետ լինել…Չէ, չգիտեմ…միշտ էլ դժվարանում եմ ասել, թե երբ և հենց ինչի համար եմ աղոթում: Անկանոն աղոթքներ, չկա ժամ ու ժամանակ, ցաքուցրիվ խոսքեր, երբեմն Հայր Մեր, երբեմն անհասկանալի զրույցներ հենց տանը` հենց իմ սենյակում, սովորաբար գիշերվա ժամերին, երբ քնել չի լինում…Մեքենայաբար հնչած խոսքեր, խնդրանք կամ վիրավորված հայացք դեպի երկինք, կամ շնորհ, կամ դատ, կամ դատապարտված անվերջ աղոթող և սեփական հավատքի հետ գշտվող ու հաշտվող մենություն…
Ասես այլ կերպ լինել չի կարող և այսկերպ ավելի հեշտ է լինելը….
Ահա այսպես է, միշտ էլ նույն բանը կարող եմ գրել, հատկապես երբ մենակ եմ, տխուր ու չգիտեմ` ինչ անել…Հենց այն ժամանակ երբ չգիտեմ, ես անում եմ այն, ինչ գիտեմ, որ հենց այդ ժամանակ պիտի անեմ…
Այս անգամ ել…գնացի եկեղեցի…
Հենց եկեղեցու դռների մոտ մի քիչ վախեցա, մտքերիցս դուրս եկա շատ պատահաբար, վախից. մեկը դիպավ ինձ ու երբ նայեցի նրան, միանգամից ճանաչեցի թափառականի…ճանաչեցի նրան, ում առաջին անգամ էի տեսնում: Նա դեղնած ատամներով ժպտաց, ես վախեցա նրա ատամներից, նրա քննադատ հայացքից…ասենք, նա այնքան էլ ինձ չէր նայում, ասես նայում էր, բայց չէր նայում…ինչ-որ շլություն կար…դա կարևոր չէ…հա, նա դեմս կտրեց…Այ քեզ բան, հիմա կասեմ…զարմանում եմ, թե այդ ինչու այդքան վախեցա...մարդը բան էր ուզում հարցնել, ես նրան շրջանցեցի…ասենք շրջանցելու տեղ էլ չկար, կես աջ քայլ և կես առաջ ու ես արդեն եկեղեցում եմ…
Նա կարծեմ հենց այդպես էլ ասաց…Հա նա ոչ թե միայն ժպտում էր, այլ հարցնում էր ժպտալով, թե , սա է, հա՞, ուր այդքան մոտ են…ժամանակից առաջ չընկնեմ: Ես հենց այդ ժամանակ չէի էլ լսել կարգին, թե ինչին կամ ում են մոտ…և ուրեմն այդ մասին մի քանի վայրկյան անց, երբ ինձ այդ հարցը նորից տրվեց:
Ես մոտեցա վաճառասեղանին: Մոմավաճառը այնպես ջերմ ժպտաց, ասես ինձ վաղուց սպասում էր, և ես նրա մասին չէի խոսի երբեք, եթե չգրեի այն ինչ գրում եմ հիմա: Ես չէի խոսի նաև նրա մոխրագույն աչքերի մասին, նրա ճերմակ գլխաշորի մասին,նրա նիհար դեմքի ու գունատ շուրթերի մասին, նրա թախծոտ ու բարի ժպիտի մասին: Ես երբեք չէի խոսի, ես չէի նկատի դա, ես չէի նկատի այդ մոմավաճառ հրեշտակին, այդ կնոջը, ում մեկ անգամ նայելն էլ բավական էր, որ բարիանայիր…Չգիտեմ, ես նրան չէի նկատի, եթե այդ օրը չլիներ…եթե հենց այդ օրը հենց այդպիսին չլիներ…
Հենց, որ ուզում էի գումարս հանել և սովորության համաձայն երեք հատ մոմ գնել, այն մարդը, դե այն ալևոր թափառականը, հայտնվեց կողքիս ու ինձնից առաջ ընկավ: Ասենք, ես, տեսնելով նրան, որոշել էի զիջել, բայց դա միայն այն բանից հետո, երբ նա ինքն իրեն զիջեց…
Սպասում էի, որ մոմավաճառին կդիմի, բայց նա ինձ դիմեց, իսկ մոմավաճառը էդպես էլ ժպիտով մնաց, մինչ մոմ կգնեինք
–Աչո՛ն, ասում եմ, սա՞ է այն վայրը, ուր Աստծուն մոտ են լինում...
–Ի՞նչ,–մեխանիկորեն կրակեցի ես, թեպետ լսել էի….
–Բալի’կ, ասում եմ, Էստե՞ղ է, որ հնարավորինս մոտ են լինում Աստծուն…
Ես շփոթվեցի…
Եկեղեցի,..այո ինձ հենց էդպես էլ թվում էր, իսկ հիմա կարկամում եմ…
–Էստեղ է….բայց…աստծուն միշտ էլ մոտ են լինում, երբ հավատում ու սիրում են նրան…հենց այնպես էի խոսում…
–Հա…կարծում ես ու՞շ է…
Ես ապշած էի. նա չափազանց կիրթ էր խոսում: Ես նույնիսկ նկատեցի, որ սարսափելի մաշված հագուստը մաքուր էր, ես նկատեցի, որ նա միայնակ ու դժբախտ մի էակ է…Չգիտեմ, ես այդ ամենը նկատեցի մի քանի վայրկյանում միայն, երևի նույնիսկ անքաղաքավարիորեն զննեցի նրան, մինչ մոմավաճառի համբերությունը վերջապես հատավ, բայց այնքան էլ չկորավ շուրթերին թիկնած ժպիտը...
–Քանի՞ հատ մոմ...
–Հա, ինձ երեք հատ...կներե՛ք
–Երեք հատ...ահա
/Այդ ամենը պատահաբար եղավ...դե այն, որ փաստորեն ես ծերուկին չզիջեցի.../
–Ձե՞զ...
Նա դիմեց ծերուկին, իսկ վերջինս քչփորում էր գրպանները...
–Մոմն ի՞նչ արժե...
Ես վերցրի իմ մոմերը, բայց չգիտեմ ինչու սպասեցի...
–Փոքրերը...քառասուն դրամ...
–Հատը՞,–միամտորեն հարցրեց նա...
–Հա...հատը...
/Ես նկատեցի, թե ինչպես այն ժպիտը կորավ.../
–Մեկ, երկու....մի րոպե...ահա, գտա...երեք...
–Ի՞նչ է ,տաս դրամ չի՞ հերիքում...
–Ես կտամ,–շուտափույթ ասացի ես...
–Չէ, բալի՛կ...շատ վաղուց, շատ վաղուց եմ լսել, որ ուրիշի փողով մոմ չեն գնում...չէ...,մոմը պարտադի՞ր է նրան մոտ լինելու համար…
–Չէ,–հառաչեցի ես...
Ասես հաստատ գիտեի, որ պարտադիր չէ...ես նույնիսկ մի պահ մտածեցի, որ ավելորդ է...
–Այդ լավ է...
Եվ նա իր երեսուն դրամը զգույշ, հատ-հատ գցեց այն արկղի մեջ, ուր եկեղեցուն ամեն մեկն իր ներուժի չափով գումար է նվիրաբերում...
Երեք մոմերից ոչ մեկը հատուկ ինչ-որ նպատկով չէի վառելու: Վառելու էի լուռ ու ողջ ժամանակ խառը-մառը աղոթքներ էի ասելու, դե մտքումս: Հետո անպայման Հայր Մերը ու շտապելու էի մենախուց...
Բայց այս անգամ, ինքս էլ զարմացա, ես երեքն էլ վառեցի այդ ծերուկի համար` ասես նախապես իմանալով , թե նա ինչ կարող էի խնդրել Աստծուց:
Երբ գնացի մենախուց, նա արդեն այնտեղ էր. ծնկաչոք նայում էր Տիրամոր պատկերին /ասենք չգիտեմ, թե հենց ուր էր նայում/: Որոշեցի սպասել, մինչ նա կվերջացնի: Ես սպասեցի բաց մուտքի մոտ:
Շատերը չեն հասկանում, որ այն վայրը, որ մենախուց է կոչվում, հենց այնտեղ պետք է մենակ լինել, աղոթել, խոսել Աստծո հետ: Շատերը մտնում են , մեքենայաբար խաչակնքվում, նայում, չափչփում պատերը առաստաղից մինչ հատակ՝զբոսաշրջիկների նման զարմացած ու սաստիկ հետաքրքրված և դուրս են գալիս: Նրանք մտնում են նույնիսկ խմբով, նույնիսկ այն պահին, երբ դու ծնկաչոք աղոթում ես, և լռությունն էլ կարող է հուշել, որ խանգարել չի կարելի:
Ես մի քանի անգամ այդ հողի վրա նյարդերս շարել եմ ու թույլ եմ տվել, որ շատ շատերը նրանցով խաղան, մինչ ես, ատնաձայներից շեղվելով, այնումենայնիվ ինքնամոռաց աղոթել եմ...
Սակայն, այ քեզ բան…ծերուկն ի՞նչ է որոշել է այս մենախցում գիշերել...նա դուրս գալ չի՞ուզում...
Չեմ չափազանցնում. ես ուղիղ քառասուն րոպե այնտեղ կանգնած մնացի...չգիտեմ ինչու...կարծես մտքովս անցել էր հետևել ծերուկի ասես ուշացած աղոթքի ընթացքին, և դա այնքան գրավիչ ու հուզիչ էր...Նա կարծես չգիտեր, թե ինչ պիտի անել: Նա անշարժ էր` մի ափը հենած հատակին, մյուսը` սրտին: Նայում էր, նայում ու ինչ-որ բան մրմնջում...հետո սկսեց համբուրել մենախցի պատերը ու հենց որ հասավ մուտքին` մենախցի մուտքին, ուր պատ չկար, դուռ էլ չկար,նա տեսավ ինձ ու ասես վաղուցվա ծանոթներ էինք, գրկեց ու մի քիչ լացեց: Ես չվանեվցի նրան...ես շատ զարմացա...
Բայց ինձ թվաց, թե նա ինչ-որ մեկից իմացել է, որ իր համար երեք հատ մոմ եմ վառել և այդկերպ շնորհակալություն էր հայտնում...
Հետո նա թողեց ինձ, և ես մնացի մենակ...մենախցում...այնտեղ, ուր սովորաբար պետք է մենակ լինել...
Աղոթելու ընթացքում ոչ ոք ինձ չքխանգարեց, որովհետև պատարագի ժամից երկու ժամ անցել էր: Հավատացյալներն արդեն չկային, իսկ կեսօրվա տապին եկեղեցին այնքան էլ մարդաշատ չի լինում;
Հետո եկավ կարծես թե պարտականությանս երրորդ փուլը...հա...իմ գործուղությունները եկեղեցում միշտ նույնն էին...ասես փուլերի էին բաժանված...մոմասրահ, մենախուց, նորից խորան...երեքն էլ ուղեկցվում էին աղոթքներով ու երկխոսությամբ մենախոսության մեջ...
Այժմ արդեն ես նստեցի փայտյա նստարանին ,ու մտքերս կարծես ցրվեցին: Սկսեցի մտածել զանազան երևույթների, մարդկանց, իրերի մասին: Սկսեցի կշռադատել հետագա անելիքներս...սկսեցի որոնել սխալներս, փնտրեցի ու գտա ինձ` մեղավորիս և նորից խոնարհվեցի, որ ներում հայցեմ: Այս ողջ ժամանակ ինքս էլ չէի նկատել, որ նա` այն ծերուկը, նստած է իմ կողքին: Ես այդ միայն այն ժամանակ նկատեցի, երբ զգացի ինձ նայող նրա հայացքը.../ասենք արդեն ասել եմինչ– որ շլություն կար,/,,գուցե այնքան էլ ինձ չէր նայում, բայց նա հաստատ ուզում էր ինձ նայել...և ուրեմն նայում էր...կամ եթե չէր նայում, տեսնում էր...
Ես էլ նրան նայեցի ու նույնիսկ ժպտացի...
–Գիտե՞ս,– վերջապես խոսեց նա,– գիտե՞ս, թե երբվանից չէի հավատում Աստծուն, նրա գոյությանը...
–Չգիտեմ,–ասացի ես...մինչդեռ կարող էի ուղղակի հարցնել ասենք` երբվանի՞ց, և դա միանգամից կհուշեր նրան, որ ինձ հետաքրքիր է...
–Երբ դեռ չէի էլ սկսել...

Ծով
09.08.2007, 18:43
«Ինչ խորը մարդ է», –մտածեցի ես....և մի պահ նորից սկսեցի վախենալ... «ինչու՞ է մեզ պատառոտված նյութականը հոգևորից փորձում հեռացնել...»
Ես այդ էլ շատ արագ մտածեցի...և ահա թե ինչու կայծակնային արագությամբ ցրեցի վախս:
–իսկ ինչու՞ չէիք սկսել...
Ես ուզում էի նրան չափից դուրս խելացի երևալ, բայց չէի մտածում ինչ հարց տալ....հետո նույնիսկ սկսեցի ոչ թե մտածել, թե ինչ ասել, այլ ասել,ինչ մտածում եմ...
–Ահա, թե բանն ինչպես սկսվեց...
«Ես չորս տարեկան էի, բայց չեմ մոռանա այդ...ասենք, զարմանալի է...ես հենց այսօր եմ այդ հաջողացրել հիշել, և այսօրվա հիշածս դժվար թե հասցնեի մոռանալ...
Մայրս մահամերձ պառկած էր: մոմի լույսի տակ հազիվ երևում էր նրա մոմացած դեմքը: Հայրս բռնել էր նրա ձեռքերը ու անդադար աղոթում էր...
Մայրս մերթնդմերթ վեր էր թռչում ու կանչում՝ Աստվա՛ծ իմ, ների՛ր....
Ես զարմացած լսում էի ու չէի հասկանում, թե ով է այդ Աստվածը...»
Նա այստեղ կանգ առավ, ինձ թվաց, թե ուզում է հարցնել, արդյոք բոլորովին ահարմար է նրան լսելը...բայց ոչ...նա այդ չարեց և անփույթ շարունակեց: Ես միայն զգացի, որ նա երկար է խոսելու, բայց ինձ այդ բոլորովին չէր հուզում: Ես ցրվում էի իմ տխրությունից, չնայած կասկածում էի, որ գուցե նրա պատմածներից հետո ավելի տխրեմ:
Նա շարունակաեց.
«Ես նույնիսկ սկսեցի իմ փոքրիկ տաս մատիկների վրա հաշվել մեր բոլոր ծանոթներին, հարազատներին ու բարեկամներին, դե ում որ գիտեի, ճանաչում էի, ում գրկին գոնե մեկ անգամ նստել էի ու արժանացել նրա գուրգուրանքին....Հաշվում էի, թվում անուններով ու ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ո՞վ է այդ Աստվածը....Եվ այն ժամանակ, երբ ես փորձում էի նրան ճանաչել, ես արդեն գրեթե համոզված էի, որ նա գոյություն ունի, բայց այդ համոզմունքը համընկավ մայրիկի մահվան հետ, երբ հայրս մի պահ սկսեց ատել ամեն ինչ ու կարծում եմ նաև ինձ:

–ԲալԵս այդ զգացի...այսինքն ես դա բոլորովին հետո իմացա, բայց այդ ժամանակ, այդ փխրուն տարիքում երբ թոթովում ես ինչ -որ խոսքեր, երբ տալիս ես հազար ու մի հարց՝անընդհատ կրկնելով հարցերդ ու մտածելով, թե բոլորովին նոր մի բան ես հարցնում, այնինչ դա պարզապես դեռ պատասխան չստացածների հետևանք է....և ահա այսպես...և ահա, երբ ես ասես զգացել էի մեր տանը տիրող մռայլ մթնոլորտը, երկար էի փորձում հասկանալ, թե արդյոք այդ մի նվիրական հարցից հետո էլ հայրիկը կկարծի, որ հիմար եմ ու չի պատասխանի...կամ կանտեսի...կամ կծիծաղի՝տես է ,ինչ է հարցնում...կամ կպատասխանի` նոր հարցեր առաջացնելով....և արդյոք մի օր ե կտամ այնպիսի մի հարց, որ նրան դուր կգա...այդ ժամանակ ես երևի, այս հիմա եմ ասում, ես հո էն տարիքում այդ չէի մտածի, այդ ժամանակ, հավանաբար ինձ արդեն այնքան էլ չէր մտահոգի կպատասխանի, թե ոչ...կարևորը, որ հարցը նրան դուր գար....
Եվ ահա ես իմ մեջ ուժ գտա. այն ժամանակ, երբ տունը բոլորովին դատարկ էր և մենք մնացինք երկուսով...
Ահա այսպես...ես հարցրի նրան...
–Ո՞վ է Աստված... կասկած չունենալով, որ հարցը պետք է անձնական դերանունով սկսել...
–Աստվա՞ծ...նա հավանաբար քմծիծաղ տվեց...համենայնդեպս ես այդպես կհիշեի, եթե մոռացած չլինեի....
Միայն թե ես չեմ մոռացել, որ նա ասաց...
–Աստված չկա....
Ահա թե ինչ է տպավորվել....
Հավանաբար դա մեր վերջին հանդիպումը չէր,բայց ես վերջինը չեմ հիշում...դե փոքր էի էլի...ես աղոտ որոշ բաներ հիշում եմ,բայց գիտեմ...ինձ հետո ասում էին..դե ես մի օր հաստատ ամենն իմացա....բայց դե գիտեմ, թե ինչպես են խաբում մի մատ երեխային...
նա մեկնել էր Ռուսաստան...այս էր, որ չէին խաբել...
Ահա թե ինչ...
....նա գալու է և նվերներ է բերելու...
...նա զանգեց, բայց դու քնած էիր...
...նա գալու էու քեզ համով քաղցրավենիք է բերելու...
....նա գնացել է փուչիկի մեջ ապրող մարդուն գտնելու /այդ իմ մանակակն երազանքն է եղել/
.....նա գալու է ....ու զանազան հիմարություններ: Հետո ժամանակը անցնում է...դու սովորում ես, ընտելանում ես քեզ, քո ներկային, դու ընտելանում ես նրանց ովքեր քո կողքին են մնացել...դու հաշտվում ես իրականության հետ և համոզում ես ինքդ քեզ, որ ամեն ինչն ճիշտ է այնպես, ինչպես կա,,,սիրում ես կյանքը ինչպես, որ այն կա և ամենագլխավորը դու հավատում ես, որ Աստված չկա, որովհետև դա քո առաջին լուրջ հարցն է եղել և միակը, որ չեն անտեսել միանգամից....և միակը, որին պատասխանելու համար երկար չեն մտածել, թե ինչ հորինեն...ասես վաղուց սերտած պատասխան էր....
Իսկ ես հո գիտեմ, որ նրա համար այդ ժամանակ Աստված հենց միակն էր, որ կար...որ նա նեղացել էր ասես փայփայած հավատքից, ասես այն աղոթքից, որ օրուգիշեր արտասանել էր՝ մորս մեռնող ժամանակի առջև ծնկի եկած...
Ես այդ հո միշտ էլ գիտեի...
Բայց ես հավատում էի նրան միայն այն բանի համար, որ հանկարծ Աստծուն չհավատամ և չշփոթվեմ դառը իրականության կենվորը լինելով, որ կյանքի վարձերը չտալուց, նյութապաշտ չլինեմ և առավել լավ է աստծուն մոտ չլինել, քան հեռանալ նրանից....Ես այդ ասես որոշում էի ամեն օր...և այն ժամանակ, երբ ես բոլորովին անտեղյակ էի եկեղեցիներից, ժամերգություններից, զանազան տոներից, երբ ապրում էի հեթանոս, սնահավատ, գուշակների դուռն ընկած տատիս հովանու ներքո, հենց այդպես էլ պետք է լիներ...ասես այլկերպ լինել չէր կարող...ինձ հաճախ էին ասում, որ անհավատ եմ, մինչդեռ այդ ես երբ էի բանավիճում որևե մեկի հետ հավատքի շուրջ....»

Ծով
09.08.2007, 18:43

–Բալի՛կ դու միշտ էլ մո՞տ ես եղել նրան...
–Իմ մեջ մանկուց են սերմանել, որ նա կա, որ Աստված կա: Նա ամենուր է, իմ մեջ է....ինձ նույնիսկ հատուկ չեն ել ասել, կամ գուցե ասել են, չեմ հիշում...կարծում եմ ես այդ ինքս եմ իմացել...ես այս ճանապարհն էլ ինքս եմ իմացել...ես երևի այդ մասին չեմ հարցրել...ես միշտ ցանկացել եմ կարծել, որ այդ ինքս եմ գտել հավատքն իմ մեջ...իսկ մի՞թե այլկերպ հնարավոր է....այն չեն պարտադրում, չէ՞...չգիտեմ...կարծում եմ, ես ոչ թե չեմ հարցրել, այլև ինձ ոչ ոք չի ասել, որ նա չկա...
–Ասացիր չե՞ն պարտադրում...ինձ շատ անգամ են փորձել: Հասրակությունն ամեն բան պարտադրում է...և քեզ էլ քո ընտանիքն է պարտադրել: իրականում քեզ չեն թողել, որ դու ընտրես ...այդ անհնար է...դու արդեն իսկ ընտրած ծնվել ես, և եթե շեղվեիր, քեզ կպարտադրեին և եթե չես շեղվել, ուրեմն այնքան վաղ են պարտադրել, որ դու չես իմացել, թե կարելի է շեղվել: Ավելին, դու հասկացել ես, որ այդ չի կարելի առանց մտածելու դրա մասին...
Հետո ինքդ քեզ հետ և մինչև հիմա հասկասությունների, զրույցների մեջ ես եղել...քեզ կրթել ես որպես քրիստոնյա և այս է քո երկիրը... և սիրել ես հայրենիքդ...և ծառայել ես առաքելական եկեղեցուն...ծառայել ես հավատքիդ...
–Երևի...այդպես է...
–Ես, աչոնի՛կ, ես ուշացել եմ...ես երբեք էլ սեր չունեցա...և այս վերջերս մեկից աստվածածունչ խնդրեցի և կարդացի, որ Աստված է սերը...մտածեցի, որ սեր չունեցա, որովհետև աստված էլ չունեցա...վախեցա, երբ ուզեցի աղոթել...և արդյոք անհրաժեշտ է գնալ այնտեղ, ուր գիտեմ բոլոր մարդիկ էլ գնում են....արդյոք ավելորդ չէ այդ եկեղեցի կոչվածը, որ իբրև թե Աստծո տունն է...ես մտածեցի....բայց ես ուժ չունեցա...սկսել ինձանից...սկսել այն տաճարից, որի կառուցմանը ասես միանգամից զարկ էի տվել...այն տաճարից, որ պիտի կառուցեմ իմ ներսում, որ կառուցում եմ հիմա էլ...
Ես համարձակություն չունեցա սկսել ինձնից...և այս վայրը, այս վայրը մերժելու համարձակություն էլ չունեցա: Այստեց խաղաղ է, զով...ես հասկացել եմ այս տան իմաստը, մինչև անգամ նրա անհրաժեշտությունը: Այստեղ մարդիկ այլ են...այստեղ նրանք ասես չկան...չգիտեմ...այստեղ աշխարհն այլ է...այս տան դռները երևի երբեք չեն փակվում...իսկ մի՞թե Աստված իր դռները երբևե փակում է մարդու առջև...ուրեմն այստեղ էլ իրավունք չունեն:
«էէէ»–..մտածեցի,–«...ծերուկը շատ բարի է...ինչպե՞ ս չփակեն խեղճ մարդիկ...ախր մյուս մարդիկ այս տունն էլ կկողոպտեն,կգան գողանալու մոմի փողերը, կգան ոսկեզոծ մոմակալների ետևից...կգան, կքանդեն արկղիկը ու աղքատիկ փողը կտանեն, որով պիտի այս տունը շենանար...կգան...հաստատ կգան...»
–Հա...միայն թե ես զգում եմ՝ Ձեր տաճարն արդեն իսկ կառուցված է...
–Կարծում ես ուշ չէ՞...
–Ինչի՞ համար...
–Էստեղ, բալի՛կ,–և նա ձեռքս դրեց իր սրտին,–Էստեղ ապրեցնել Աստծուն և ուրեմն արթնացնել վաղուց քնած սիրտս....
–Իսկ մի՞թե Աստված երբևէ ուշանում է...
–Ինչպե՞ս...
–Նա միշտ էլ այնտեղ եղել է ուրեմն...
Նա ժպտաց...ինձ թվաց, թե վերջապես նրան կարևոր մի բան ասացի, և միայն այդ մտքից ես պայծառացա...
–Լավ աղջիկ ես....դու բարի ես...նկատեցի՞ր..այն մոմավաճառն էլ բարի էր...այս կինն էլ...այս մանկիկն էլ...Տե'ր աստված /այս երկու բառը նա անսովոր քնքշությամբ ասաց/...այստեղ ասես բոլորն էլ բարի են....
Եվ նա էլի մի քանի րոպե լռեց....
Ես նայեցի ժամացույցիս...բավական ժամանակ է անցել ու ես դեռ եկեղեցում եմ...և չեմ էլ զգում, թե ինչպես է գլորվում ժամանակը...անտարբեր նայում եմ ժամացույցին ու ասես արհամարհում նրան....ի՜նչ լավ պապիկ է...մտածում եմ՝երբեք ուշ չէ, երբ չես ուշանում...երբեք ուշ չէ, երբ շուտ ես հասնում ինչ-որ տեղ....երբեք ուշ չէ, երբ ուշանում ես ու չես զգում այդ...երբեք ուշ չէ, եթե ուշանալ չէիր ուզում...դիտավորություն չկա...այս է ամբողջ գաղտնիքը...ամեն ինչ պարզ է, երբ նպատակ չկա...հրաշալի է...ես այսքան լավ դեռ ինձ չեմ զգացել...ո՞վ էր այս մարդը Տե՛ր աստված...դու նկատեցի՞ր...դու այդ նկատեցիր, երբ ես մի պահ նունիսկ այստեղ չարացա...ես փորձեցի ինձ վեր դասել նրանից քո աչքերում...ես ուզում էի ասես ճչալ տեսար՝մենք հավասար չենք. ես ամբողջ կյանքում հավատացել, վստահել ու սիրել եմ քեզ, իսկ նա, նա անհավատ է եղել...ես այդ մտածել եմ անշուշտ...ես այդ հասցրել եմ մտածել...բայց ես ետ եմ վերցնում խոսքերս...ասենք սա էլ փորձի պես մի բան է..ես եմ ասում ՝այս մարդը միակն է, ով քեզ կծառայի ամեն վայրկյան մինչև մահ, բաց չի թողի ոչ մի վայրկյանը և կլչացնի բաց թողած կյանքը, որ գուցե չի էլ եղել մինչ այդ...և արդ, չէ՞ որ հավատքի ուժն է ստիպում մտածել, որ հավերծություն կա...և ուրեմն նա չի ուշացել...հավերժության մեջ մի՞թե ուշանում են...նա չի ուշացել....
Եվ այս բոլորը իմ մտքով անցավ, մինչ նա էլ մտածում էր չգիտեմ, ասենք գուշակում եմ, թե ինչի մասին...ես ինձ իրավունք էի վերապահել այդպես համոզված խոսել, խոսել ինքս ինձ հետ, խոսել Աստծո հետ....ես հավատում էի այդ պահին ինչպես Աստծուն, այնպես նրան Մարդուն` Աստծո ստեղծածին....
Ծերունին գնաց...նա ասես չքացավ, անհետացավ այնպես, ինչպես հայնվել էր...այն վայրկայանի նման, երբ ես զգացի ինչ-որ մեկի հայացքը ու տեսա նրան իմ կողքին նստած: Միայն քե ես նրա հեռանալը նույնկերպ չզգացի, բայց հայացքը մնաց...այդ գուցե նրա համար, որ ես բնավ էլ չկարծեմ, թե մենք բաժանվեցինք ու նա հեռացավ...
Մարդն Աստծո...
...
Երկու օր անց ես լսեցի, որ ինչ-որ ծերունու գտել են նույն եկեղեցու մոտ մեռած...նրա ձեռքը բռնակին է եղել, երբ դեռ շնչել է: Վանականն այն ինջեցրել է և փորձել է օգնել ծերուկին բարձրանալ, բայց սա արդեն վերջինն շնչումն է եղել և սիրտը հենց տեղում ճաքել է...Ես ճանաչեցի նրան...ես նրան հաստատ ճանաչեցի...դա նա էր...
....Սա՞ է այն վայրը, որտեղ մոտ են լինում Աստծուն...
Ես նայեցի մեր տան պատերին...և մտածեցի՝սա է...
Հետո ես դուրս եկա և նորից մտածեցի՝ սա է...
Հետո ես եկեղեցի գնացի, նույն այն եկեղեցին ումտածեցի՝ սա է....
Հետո ես ձեռքս սրտիս դրեցի ու համոզվեցի, որ սա է...
Ու ամեն անգամ ես նրա համար մեկ մոմ եմ վառում...ես աղոթում եմ նրա հոգու հանգստության համար...ես աղոթում եմ , որ նրա աղոթքները հասնեն աստծուն...ես աղոթում եմ պարզապես նրա համար` արդեն ոչինչ էլ չխնդրելով....աղոթում եմ ասես բոլոր ուշացածների համար, ովքեր երբեք էլ չեն մտածել, որ ուշանում են...և ուրեմն չեն ուշացել...
....
Ես էլ աղոթում եմ այդ մարդու համար....Աստծո մարդու համար...ես միշտ մի առանձին մոմ եմ վառում նրա համար...նրա համար, ով չկա...ով կա միայն, որովհետև ես մտածում եմ նրա մասին...և նույնն էլ քեզ եմ խնդրում...
Վառիր փոքրիկ մի լույս էլ այդ մարդու համար...Աստծո մարդու համար, և ուրեմն ինչ-որ մեկի համար, որը դրա կարիքը ունի... և եթե քեզ այնքան էլ հարմար չլինի, գոնե քո լույսի հետ մտածիր նրա մասին...Եվ այդ ժամանակ...ես համոզված եմ, որ այդ ժամանակ հիրավի մարդը ամենամոտն է Աստծուն.....
02.08.07
Հ.Գ. Հազար անգամ ներողություն եմ խնդրում խառը-մառը կետադրության, բազմակետերի նկատմամբ հատուկ հարգանքիս և չխմբագրված պատմվածքիս համար

Երվանդ
09.08.2007, 19:00
Զիլաաաա, հզորա, շատ ապրես

Selene
09.08.2007, 21:56
Շատ հուզիչ էր…Ապրես:)
Միշտ երկու մոմ եմ վառում սովորության համաձայն, երկրորդ մոմս բոլոր նրանց համար, ովքեր ունեն այդ լույսի կարիքը, ու այդ փոքր ջերմության…

Angelina
10.08.2007, 11:01
Իրոք, լավն էր, :hands

Արշակ
10.08.2007, 11:12
Լավն էր:)

Dina
10.08.2007, 13:45
Շատ հուզիչ էր… ,շատ լավ ես գրում :hands
ամեն պատմվածքիցտ հետո արցունքներ են հայտնվեւմ աչքերիս ու ... ստիպում են մտածել ....

rainbow
10.08.2007, 14:02
Հուզեցիր մինչեվ գիտակցությանս ամենախոր հատակը.
Դու հիանալի ես արտահայտվում

Cassiopeia
26.09.2007, 11:46
այս վերջերս մեկից աստվածածունչ խնդրեցի և կարդացի, որ Աստված է սերը...մտածեցի, որ սեր չունեցա, որովհետև աստված էլ չունեցա...վախեցա, երբ ուզեցի աղոթել...և արդյոք անհրաժեշտ է գնալ այնտեղ, ուր գիտեմ բոլոր մարդիկ էլ գնում են....արդյոք ավելորդ չէ այդ եկեղեցի կոչվածը, որ իբրև թե Աստծո տունն է...ես մտածեցի....բայց ես ուժ չունեցա...սկսել ինձանից...սկսել այն տաճարից, որի կառուցմանը ասես միանգամից զարկ էի տվել...այն տաճարից, որ պիտի կառուցեմ իմ ներսում, որ կառուցում եմ հիմա էլ...
Թող մարդիկ սիրեն Աստծուն՝ իրենց մեջ, որ սեր ունենան ու թող բոլորը սկսեն կառուցել իրենց հոգու տաճարը, հետո նոր տաճարներ փնտրեն դրսում…
Ծով, խոսքեր ասելու տեղ չես թողել…