PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքանման



StrangeLittleGirl
06.08.2007, 00:29
Անհաջող ու զոռով գրված նախաբան

Մի տեսակ անսովոր է, երբ գրիչդ ձեռքդ ես վերցնում ու նախօրոք գիտես, թե ինչ է վերջում ստացվելու. գիրք: Բայց մնացածն անորոշ է, մի տեսակ մշուշով ծածկված: Ես գրելու եմ Երևանից հեռու եղած ժամանակ, երբ գլխիս տերը ես եմ լինելու, երբ օրվա կեսը չեմ խոսելու, որովհետև պարզապես որևէ մեկը չի լինելու, որի հետ կկարողանամ մի քանի բառ փոխանակել: Իմմ միակ զրուցակիցը ես եմ լինելու, հետևաբար ասելիք շատ կունենամ: Ու չգիտեմ՝ ինչի մասին է լինելու, ուր է գնալու, ինչ է դառնալու, ում նյարդերի վրա է ազդելու, ում է զարմացնելու, ում է քննադատելու, ում է գովելու:
Սարսափելի է, երբ գրում ես հաշվի առնելով ընթերցողին: Իսկ նա կա, գոյություն ունի, որովհետև սա ո՛չ օրագիր է, ո՛չ մի անկապ նոթատետր, այլ մի իսկական գիրք, որը ոչ թե մեկ կամ երկու հոգի են կարդալու (իսկ դա օրագրի ճակատագիրն է), այլ շատերը: Հետո իրենց գնահատականներն են տալու, և ես կա՛մ ծիծաղղելու եմ, կա՛մ չափից դուրս լուրջ եմ ընդունելու: Իսկ երբ ամեն ինչ հանդարտվի, սառն եմ դատելու ու հասկանալու, որ ավելի լավ կարող էր ստացվել:
Եվ չգիտեմ, թե ընթերցողս (մեծ հույսեր ունեմ, որ նա գոյություն կունենա) ինչ տարիքի, ինչ սեռի, ինչ ճաշակի և անգամ գիշերներն ինչպես քնող է լինելու: Գուցե նա սիրի բարձը գրկած դիտել երազները կամ փաթաթվել սավանով… չգիտեմ: Բայց մի բանում վստահ եմ. առաջինը Լիլիթն է լինելու (ահա և քո անունն էլ գրվեց այստեղ, բայց հուսով եմ՝ ոչ վերջին անգամ):
Ես չեմ պատկերացնում այս տետրը տպագրված. գուցե այսպես ձեռագիր էլ մնա կամ ամենաշատը հայտնվի ինտերնետում: Բայց խոստովանում եմ, որ այստեղ բավականաչափ անկեղծ չեմ լինելու, հետևաբար գիրքս կհրապարակվի թեկուզ պատճենահանող սարքի օգնությամբ կամ նույնիսկ արտագրելով:


Նախաբանանման

Այնպիսի զգացողություն է, որ Ամստերդամը շատ եմ սիրելու: Միայն թե չխաբվեմ, չհիասթավեմ: Թվում է՝ ոչ մի Վիեննա, ոչ մի Պրահա չի կարող նրա հետ համեմատվել: Ասես այն խենթերի քաղաք լինի, իմ հայրենիքը, որը լքել եմ դեռ մորս արգանդում ձևավորվելու ժամանակ:
Ընդամենը չորս ժամ անց կգնամ օդանավակայան: Ես հեռանում եմ իմ քաղաքից… Ի՞մ… Այստեղ ես չհասկացված եմ, սիրված կամ ատված, անտանելի, խելագար: Ու, չգիտես ինչու, ես դա տարօրինակ եմ համարում: Մոռանում եմ, որ սա իմ տեղը չէ: Այստեղ ես օտար եմ, ինչքան էլ իմ հայրենիքը լինի: Մարդիկ իմ ներսում զզվելի սերմեր են ցանում, իսկ հետո բողոքում պտուղների համար: Ա՜խ, ես շատ թույլ եմ, որ դրանք արմատախիլ անեմ: Եղած ուժերս էլ վատնվում են, որ բացատրեմ, որ այդ պտուղներն ինձ հետ կապ չունեն, օտար են, ուրիշ տեղից եկած:
Ամստերդա՛մ, ես գալիս եմ: Դու ինձ գրկաբա՞ց կընդունես, ինձ կշոյե՞ս, կգուրգուրե՞ս: Միայն թե դու էլ չթքես երեսիս, չարհամարհես, չմեղադրես ու վերջապես… չսպանես:
Ամստերդա՛մ, ես շուտով քեզ մոտ կլինեմ: Բայց հիշի՛ր, որ մեկ ամիս անց լքելու եմ ու իմ ոտքով վերադառնամ այս ճահիճը, որից կարող եմ դուրս գալ միայն Աստծո օգնությամբ:


Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

Արթանացա առավոտյան 5:45, եթե ընդունենք, որ քնել էի: Ես պառկել էի դրանից ընդամենը մեկ ժամ առաջ ու պարզապես փակել աչքերս՝ հուսալով, որ գոնե այդպես օգուտ կքաղեմ գիշերվանից:
15 րոպե անց տաքսին պետք է տեղում լիներ, բայց ասես շտապում էր կամ վախենում էր քնած մնալ, որովհետև ժամանեց իմ արթնանալուց, ավելի ճիշտ՝ աչքերս բացելուց 1-2 րոպե անց:
Ես ու մայրս սրճեցինք, որ թարմանանք: Ես բաժակի մեջ մի քիչ թողեցի: Որքան էլ մայրս համոզեց, որ վերջացնեմ, չլսեցի: Հետո ճամպրուկները, ավելի ճիշտ՝ պայուսակները, վերցրինք ու դուրս եկանք: Ես պատրաստվում էի իջնել աստիճաններով, բայց մայրս խնդրեց սպասել. բաժակով ջուր էր բերում, որ հետևիցս լցնի: Տարօրինակ է՝ նա այսպիսի լուրջ հարցերում շատ լուրջ սնահավատություն է ցուցաբերում, բայց երբ խոսում ենք Հիսուսի հարության մասին, ասում է. «Ես լրագրող եմ, ինձ ապացույցներ են պետք»: Իսկ եղբայրս, չգիտես ինչու, խորհուրդ էր տվել, որ այս անգամ ջուրը փոխարինվի օղիով:
Իջնելիս խնձորենին մեզ ողջունեց. մեծ աղմուկով իր պտուղներից մեկը շպրտեց, իսկ մայրս առանց երկար-բարակ մտածելու վերցրեց գետնից, սրբեց, տվեց, որ պայուսակիս մեջ դնեմ: Ավելի ուշ, երբ Ամստերդամի օդանավակայանում կանգնած սպասելիս կլինեմ, կանիծեմ, որ հայ եմ ծնվել, կհիշեմ խնձորը, կհանեմ ու կուտեմ, որ ձանձրույթս ու զայրույթս մի քիչ կարճվեն:
Ամեն անգամ օդանավակայան գնալիս ճանապարհին մտածում եմ. «Ի՞նչ կլինի, եթե մեքենան վթարի ենթարկվի»: Այս անգամ էլ նույն բանը մտքովս անցավ, բայց շատ կարճ տևեց, որովհետև նայեցի երկնքին ու տեսա, որ լուսինը փայլում է: Մի՞թե միշտ այդպիսին է եղել, և ես ուշադրություն չեմ դարձրել, թե՞ պարզապես ինչ-որ յուրահատուկ պահ էր, ասենք, ինձ էր ճանապարհում (շա՞տ չեղավ… խնձորենին, հիմա էլ լուսինը. սիրում եմ ամեն ինչ ինձ հետ կապել):
Լույսն արդեն բացվում էր: Անսովոր էր, որովհետև ես միշտ մթով եմ թռել, մթով էլ վերադարձել և Հայաստանը վերևից երբևէ չեմ տեսել: Ի՜նչ էլ մի հայրենասեր եմ, որ այդպիսի տարօրինակ երազանք ունենամ: Չէ՛, սուտ է: Եթե այս անգամ էլ մութ լիներ, մտքովս չէր էլ անցնի, որ կարելի է Հայաստանը վերևից տեսնել:

Օդանավակայանում հերթ էինք կանգնել, որ իրերս փաթեթավորեն:
- Երբ հասնես Ամստերդամ, անմիջապես կպոկես այս փաթաթածները,- ասաց մայրս:
- Մի՞թե քեզ թվում է, թե նրանք չգիտեն՝ ինչ երկրից եմ գալիս:
Այդ պահին մի սայլակ՝ վրան հսկայական ճամպրուկներ, փորձեց առանց հերթի մոտենալ փաթեթավորողներին: Չլսված-չտեսնված բան է, որ «Զվարթնոցում» սայլակներն առանց «շոֆերների» լինեն: Սա էլ բացառություն չէր: Ասենք, Հայաստանում ի՞նչը «շոֆեր» չունի: Ինչքան էլ, ասենք, շուկայի պատին փակցված լինի «սայլակները տրվում են անվճար» գրությունը, հաստատ մտնելուց քիչ անց կշրջապատվես բազմաթիվ «շոֆերներով», որոնք իրենց օգնությունը կառաջարկեն: Լավ է, որ գոնե սուպերմարկետներում նրանցից չկան:
Հա՛, ուրեմն օդանավակայանում էս «շոֆերին» վարձողը երևի դեմք էր կամ հարուստ մեկը. ուզում էր դուր գալու համար գործն արագ անել: Կամ գուցե բոլոր «շոֆերներն» են հերթից դուրս փաթեթավորում… Չգիտեմ:
- Մա՛մ գիտե՞ս՝ ամեն անգամ օդանավակայանում նման բաներ տեսնելիս ուրախանում եմ, որ հեռանում եմ, իսկ վերադառնալիս ափսոսում եմ, որ Հայաստանում եմ (հիշեցի, որ երբ Լեհաստանից էի գալիս և ուզում էի զուգարան մտնել, դրանցից մեկի լույսը չէր աշխատում, իսկ մյուսի դուռը չէր փակվում. զգացել էի, որ արդեն Հայաստանում եմ):
Չգիտես ինչու, այդ խոսքերն ասելուց հետո աչքերս լցվեցին:
Դավոն էլ էր օդանավակայանում, բայց որովհետև չէր փաթեթավորվել, հասցրել էր ավելի շուտ գրանցվել, և ինքնաթիռում իրարից հեռու էինք նստել: Ու քանի որ, չգիտեմ ինչու, շատ էր շտապում, անձնագրի ստուգումն էլ շուտ անցավ, և ես հերթի մեջ մենակ էի մնացել (մորս արդեն հրաժեշտ էի տվել): Հետ նայեցի ու տեսա մի աղջկա, որի դեմքը ծանոթ թվաց: Երկար զննեցի, բայց այդպես էլ չհասկացա, թե ով է: Նա ժպտաց ու հարցրեց.
- Մենա՞կ եք:
- Հա՛,- պատասխանեցի:
Ու ես երազեցի, որ ինքնաթիռում կողքս նստի. հետաքրքիր շփում կունենանք, երկուսս էլ չենք ձանձրանա:

շարունակելի

StrangeLittleGirl
06.08.2007, 00:50
Վերջապես հերթս հասավ: Անձնագիր ստուգողը մի հաղթանդամ տղամարդ էր՝ մի քիչ ճաղատ, մի քիչ էլ սպիտակած մազերով: Իսկ պարանոցին ոսկե հաստ շղթայով խաչ էր կախված: Երբ մոտեցա նրան, հիշեցի, թե ինչպես երկու տարի առաջ Վարշավայում ես, Էնդրյուն, Անին և Ջո-Աննան գրազ եկանք, թե ով կկարողանա անձնագիր ստուգող պարոնին ստիպել, որ ժպտա: Դա միայն ինձ էր հաջողվել: Հիշում էի այդ դեպքը, բայց այս անգամ նույնը կրկնելու հավես չունեի:
- Ու՞ր եք գնում,- հարցրեց:
- Ամստերդամ:
-Հետո՞:
- Այնտեղ էլ մնալու եմ:
- Ինչու՞ եք գնում:
- Ամառային պրակտիկայի:
- Ի՞նչ պրակտիկա:
- Բժշկական:
Այստեղ պարտադիր հարցերը վերջացան, և նա անցավ հետաքրքրասիրությունը բավարարելուն:
- Բժշկուհի՞ եք:
- Չէ՛, ուսանող եմ:
- Ո՞ր ֆակի:
- Ընդհանուր բժշկություն:
- Ես էլ ստոմն եմ ավարտել… Հիմա տեսնու՞մ ես ինչով եմ զբաղվում,- ժպտաց: Կարճ դադարից հետո շարունակեց.- կատակ եմ անում: Բա ե՞րբ ես աշխատելու:
- Ավարտելուց հետո:
- Ձեզ մոտ յո՞թ տարի է:
- Չէ՛, վեց:
- Քեզ ինչքա՞ն մնաց:
- Երկու:
- Հաջողություն,- նորից ժպտաց և անձնագիրս վերադարձրեց:
Այն աղջիկը, որն ինձնից հետո էր կանգնել, առաջ էր ընկել, սակայն baggage screening-ից (շատ կներեք, հայերենը չգիտեմ) հետո ստիպել էին, որ պայուսակը բացի: Նա էլ ներվայնացած քանդում էր ամեն ինչ: Ես տեսա, թե ինչպես էժանագին զարդեր պարզեց, որոնք երևի նվեր էր տանում: Նա չգիտեր, որ հաճախ ամենասովորական իրերն են կասկածելի թվում, և ներվայնանալու կարիք չկար:
Ես նորից առաջ անցա ու գնացի ինքնաթիռ նստելու: Հիասթափությունս ու տխրությունս մեծ էր, երբ տեսա, որ իմ կողքին հոլանդացի ամուսիններ են տեղավորվել, որոնք հազիվ իրար հետ էին խոսում, ու՜ր մնաց ինձնով զբաղվեին: Իսկ այն աղջկան այլևս չտեսա:

շարունակելի

Ծով
08.08.2007, 01:24
Անհամբեր սպասում եմ շարունակությանը:)

Srtik
08.08.2007, 07:20
Անհամբեր սպասում եմ շարունակությանը:)

Ես էլ::)
Հայաստանում անցկացրած վերջին րոպեներս հիշեցի...:love

StrangeLittleGirl
10.08.2007, 00:37
Կներեք ուշացման համար: :( Ուղղակի նախընտրում եմ արագ-արագ լրիվ գրել, հետո կամաց-կամաց հավաքել: Շարունակենք…

Իմ միակ մխիթարությունն այն էր, որ գիշերը չէի քնել, հետևաբար կորցրածս ժամերը կարող էի ինքնաթիռում լրացնել: Այդպես էլ արեցի: Արթնանում էի միայն այն ժամանակ, երբ սնունդ կամ ըմպելիք էր մատուցվում:
Նստել էի պատուհանի մոտ: Առաջին բանը, որ նկատեցի, ինքնաթիռի թևն էր՝ ճաքած ու մաշված: Սարսափեցի: Մի՞թե տեղ կհասնենք: Այս անգամ, ի տարբերություն նախորդ ճանապարհորդություններիս, ուշադրությամբ լսում էի, թե ինչ պետք է անել վթարի դեպքում. իսկապես այդ ամենը յուրացնելու կարիքը կար: Ինքս ինձ խոստացա, որ թռիչքի բարեհաջող ավարտի դեպքում այլևս երբեք չեմ օգտվի այդ ավիաընկերության ծառայություններից (հա՛, մեկ էլ վերադարձս):
Իսկ վերևից Հայաստանն ուրիշ էր: Եվրոպական երկրները հարթ են, ասես ներքևում գորգ փռված լինի, որի բաց և մուգ կանաչ քառակուսիները հաջորդում են իրար, իսկ արանքներում կարմիր նախշեր են: Հայաստանն անհարթ էր, լեռնոտ, բայց դա ինձ չի ստիպում ասել, որ իմ երկիրը Եվրոպայից լավն է կամ վատը:
Չեմ ուզում շատ պատմել թռիչքի մասին, քանի որ այն չափից դուրս ձանձրալի էր: Միայն կասեմ, որ օդանավի ռադիոյի ականջակալներ բաժանեցին, որի մի ականջը չէր աշխատում (իսկական հայկական վիճակ), ռադիոյի 10 ալիքներից միայն մեկն էր միանում, այն էլ՝ ռուսերեն, այն էլ, ինչպես հետո պարզեցի, վերևում տեղադրված էկրաններով ցուցադրվող անորակ ֆիլմի ձայնն էր: Ու՜ր են «Չեմ ասի որ ավիաուղիների, որ գովազդ չհամարվի» թվային ֆիլմերը, որոնք մի քանի լեզվով կարելի է դիտել, ու՜ր են տարբեր ուղղվածություններով ռադիո ալիքները: Բյու՛ր, սթափվի՛ր, սա հայկական սպասարկում է մազերը գունաթափած հայ ուղեկցորդուհիներով, որոնք հիմնականում ռուսերեն են խոսում:

Վերջ առաջին գլխի
շարունակելի

քաղաքացի
10.08.2007, 10:09
Լավն է: Հուսով եմ շարունակությունն արդեն «կարմիր լապտերների» մասին կլինի ;)

Հ.Գ. Ես էդ ականջակալներից թրցրել եմ, տանը նորմալ աշխատում են :D

Արշակ
10.08.2007, 10:32
Հ.Գ. Ես էդ ականջակալներից թրցրել եմ, տանը նորմալ աշխատում են :D
Հայկական վարյանտով։:B

Կներեք օֆֆտոպի համար։ Սպասում ենք գրքի շարունակությանը ;)

StrangeLittleGirl
10.08.2007, 23:14
Լավն է: Հուսով եմ շարունակությունն արդեն «կարմիր լապտերների» մասին կլինի
Չէ՛, կարմիր լապտերների մասին հինգերորդ գլխում եմ գրել: Հիմա եղածի կարճ բովանդակությունը գրեմ, որ մոտավորապես պատկերացնեք, թե ինչ է սպասվում, մի քիչ հետո երկրորդ գլուխը կսկսեմ :)

Գլուխ 2. Իսկապես, ինչու՞ եմ ես հայ
Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես
Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ
Գլուխ 5. Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ
Գլուխ 6. Հոմոսեքսուալիզմի ու սեքսի շաբաթ օր
Գլուխ 7. Ծով

StrangeLittleGirl
10.08.2007, 23:47
Գլուխ 2. Իսկապես, ինչու՞ եմ ես հայ

Ինչպես միշտ, զարմացա, երբ ինքնաթիռից իջնելիս չփսխեցի: Չնայած անհիշելի ժամանակներից այլևս չեմ փսխում ինքնաթիռում, բայց ամեն անգամ զարմանում եմ: Իմ գիտակցական կյանքում ընդամենը երկու անգամ թռիչքն ինձ վրա վատ ազդել, այն էլ կեղտոտ գործս տաքսու մեջ եմ արել երկու անգամն էլ, երկուսն էլ Պրահայում:
Լավ, վերադառնանք բուն նյութին: Բաց թողնենք մի կտոր, քանի որ հետաքրքիր չէ, և քեզ, ընթերցո՛ղ, կձանձրացնի: Գանք այնտեղ, որ անձնագրի ստուգման հերթս հասել է, և ես սպասում եմ, որ մի քանի րոպե անց իրերս կվերցնեմ, կհանդիպեմ Յոլանդային ու Մարիամին (ի դեպ, այս տողերը գրելիս ես ծովափում եմ, իսկ կողքս հենց նույն Յոլանդան է պառկած), դուրս կգամ Ամստերդամ (վերջապե՜ս): Օդանվակայանում արդեն հոլանդացիները գեղեցիկ են երևում: Անգամ սևամորթ հավաքարարը… Բոլորը:
- Ինչի՞ համար եք եկել,- ինձ հարցնում են անգլերեն:
- Հիվանդանոցում ամառային պրակտիկայի:
- Ինչքա՞ն ժամանակով:
- Մեկ ամիս:
- Կարո՞ղ եմ ձեր վերադարձի տոմսը տեսնել:
- Իհարկե,- պայուսակիցս հանում եմ այն ու մեկնում:
- Հրավե՞րը:
- Խնդրեմ:
- Փող ունե՞ք ծախսելու:
- Այո՛:
- Ինչքա՞ն:
- Մոտ հինգ հարյուր եվրո:
- Հազա՞ր:
- Հարյուր:
- Հինգ հարյուրը քիչ է: Letter of confirmation ունե՞ք:
- Դա ի՞նչ է:
- Պետք է հրավերի հետ ուղարկեին:
- Բայց իմ մնալու ծախսերը նրանք հոգում են:
- Letter of confirmation է պետք… Ես հիմա կկանչեմ իմ գործընկերուհուն, նա կզբաղվի ձեզնով: Դա մի քիչ ժամանակ կխլի:
Եկավ մի հաղթանդամ սևամորթուհի (ուհի՞), վերցրեց փաստաթղթերս և կարգադրեց հետևել իրեն: Մի դռնով ներս մտավ, ինձ ասաց, որ սպասեմ կողքի պատուհանի մոտ: Վերևում գրված էր "Immigration": Այդ պահին բոլոր հոլանդացիները տգեղ երևացին իմ աչքին: Նույնիսկ սևամորթ հավաքարարուհին, որը քիչ առաջ գեղեցկուհի էր:
Նայեցի շուրջս: Այնտեղ էին ռուս կանայք և մի կին, որը պետք է որ ինչ-որ մուսուլմանական երկրից լիներ, որովհետև միայն դեմքն էր երևում: Պատուհանից ներս նայեցի: Սեղանի վրա անձնագիրս ու մյուս փաստաթղթերս տեսա: «Երևի հերթի է սպասում»,- մտածեցի:
Նոր անձնագրեր, նոր ռուս կանայք էին գնում-գալիս, բայց իմը մնում էր անօգնական ու մենակ, ոչ ոք չէր նկատում: Մուսուլման կինը (գուցե աղջիկը) նույնպես դեռ այնտեղ էր: Ինձ նման ձանձրույթից ու անհանգստությունից մեռնում էր: Մի թեթև զրույցի բռնվեցինք: Իմացա, որ Իրանից է, եկել է ընտանիքի անդամներին տեսնելու: Նա էլ իր հերթին պարզեց, որ հայ եմ, Հոլանդիայում ազգականներ չունեմ: Դրանից ավելի նրա անգլերենը չներեց:
«Ինչու՞ եմ ես հայ: Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ երկրից շատերն այստեղ ապօրինաբար են մնում… 500 եվրոն ավելի քան բավարար է: Մի՞թե դուք հազարներ եք ծախսում: Ես մեքենա չեմ գնելու… Չէ՞ որ մնալու տեղ ունեմ: Ես ձեր պետության վզին բեռ չեմ դառնա: Թերթե՛ք անձնագիրս: Վիզաներս չե՞ք տեսնում: Եթե երկրից փախչող լինեի, նախորդ հնարավորություններս բաց չէի թողնի… Գուցե կասկածելի մարդկանց քանա՞կ եք լրացնում: Ես երևի ձեր հերթական զոհն եմ… Ինձ հաջորդ ինքնաթիռով Երևան կուղարկեն: Բայց կհատուցե՞ն ծախսերս: Իսկ ի՞նչ եմ անելու պրակտիկայի ստուգարքս… Մի՞թե ինձ պակաս փաստաթղթեր են ուղարկել: Ինչի՞ մասին էր ասում Լևոնը: Բայց կարծեմ դա վիզայի համար էր, որը ստանալուց խնդիրներ չունեցա: Մամա՛… ես շատ լավ հասել եմ, բայց ինձ դուրս չեն թողնում… Ամստերդա՛մ, դու ինձ չես սիրում…»:
Ընթերցո՛ղ, ես չեմ կարող լիովին նկարագրել ու բացատրել, թե ես ինչ զգացի, ինչ մտածեցի, ինչ ապրեցի ավելի քան մեկ ժամ "Immigration" կոչվող պատուհանի տակ արհամարհված անձնագրիս սպասելով, մինչ աշխատողները ասես չէին էլ շտապում. ուրիշներով էին զբաղվում կամ ուտում, կատակներ անում ու ծիծաղում:
«Ի՞նչ կլինի, եթե ինձ դուրս թողնեն: Ի՞նչ եմ անելու, եթե դիմավորողներս չսպասեն: Ու՞ր է պայուսակս: Ի՞նչ կլինի, եթե գողանան»:
Այդ ընթացքում մորս երկու հատ SMS գրեցի, կերա այն խնձորը, որը տնից դուրս գալու պահին էր ծառից ընկել ու չմոռացա անհանգիստ հետ ու առաջ անել՝ աչքերս չկտրելով անձնագրիցս:
Պատուհանի մոտ մարդ չմնաց: Անգամ պարսկուհուն էին արդեն ճանապարհել: Սեղանին միայն իմ անձնագիրն էր մնացել, բայց բոլորն ասես թքած ունենային: Մայրս էլ Երևանում էր անհանգստանում: Ուզում էր բանկային գրքույկի պատճենը ուղարկել (միակ բանը, որ կարող էր անել այդ պահին): Աչքերս լցվում էին արդեն: Ու հանկարծ.
"Hi!"
Սկզբում չհասկացա, թե ովքեր են ինձ ողջունողները, բայց շուտով տեսա նրանց ձեռքի թուղթը.

Byurakn Ishkhanyan
IFMSA
Մարիամն ու Յոլանդան էին: Ավելի քան երկու ժամ ինձ սպասելուց հոգնել են, անհանգստացել: Տեղեկատուից պարզել են, որ եկել եմ, ներս են մտել, որ իմանան, թե ինչու ինձ դուրս չեն թողնում:
Պատուհանից այն կողմ գտնվողներին մի քանի հոլանդերեն բառ ասացին, և անմիջապես անձնագիրս ու փաստաթղթերս վերադարձվեցին:
- Քեզ հաճելի պրակտիկա,- ասվեց:
Եվ վե՛րջ: Դուրս եկա: Մարիամն ու Յոլանդան անվերջ ներողություն էին խնդրում, ասում, որ նման դեպքն անսպասելի էր: Բայց նրանք մեղք չունեին, որ որոշվել էր ինձ ձևի համար օդանավակայանում պահել:

Վերջ երկրորդ գլխի
շարունակելի

Ծով
11.08.2007, 22:46
Բյու'ր ջան, սպասում եմ շարունակությանը...դու էլ շատ մի' տանջիր...
Որպես նախնական /արդեն երկրորդ/ տպավորություն ասեմ, որ այնքան բնական ա ամենը նկարագրված, որ կարծես հերոսը ես լինեմ:) /էս դեպքում միակ վատ բանը, որ դեռ չգիտեմ հետս ինչ ա լինելու/
Էն յոթերորդ գլուխն էլ մերսի իմ հիշատակին նվիրելու համար:D.../կապ չունի, որ ես էնտեղ չկամ/

StrangeLittleGirl
11.08.2007, 23:50
էս դեպքում միակ վատ բանը, որ դեռ չգիտեմ հետս ինչ ա լինելու
Քեզ թվում ա ես գիտե՞մ:
Մի քիչ հանգստանամ, հաց ուտեմ, երևի սկսեմ երրորդ գլուխը հավաքել ;)

StrangeLittleGirl
12.08.2007, 01:57
Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես

Ընթերցո՛ղ, չգիտեմ՝ ինչպես շարունակեմ: Կարող եմ սկզբում քեզ հետաքրքրողը գրել, բայց էդպես ես հետ կընկնեմ: Ճիշտ է՝ սա ստեղծվում է նաև քեզ համար, սակայն չի նշանակում, որ պետք է ինձ հուզողը, անհանգստացնողն ու ցնցողը հետին պլան մղեմ… Լավ, որոշեցի: Թեկուզ ձանձրալի է ինձ համար (գուցե քեզ համար նույնպես), բայց ես առաջ կգնամ ըստ ժամանակագրության: Ամեն դեպքում՝ շատ չեմ վազի այս ու այն կողմ:

- Իմ անունը Շակ է,- ասաց տանտերս, որը եկավ օդանավակայան, ինձ վերցրեց, մեքենայով տուն բերեց ու քիչ անց, փորձելով սովորել անունս, միջանցքում գտնվող գրատախտակին գրեց նաև իրենը:- Մաքուր հոլանդական անուն է: Գրվում է Sjaak: Իսկական անունս՝ Jacobus, բայց շատերը նախընտրում են ֆրանսիական տարբերակը՝ Ժակ (Jacques):
Ես կավելացնեմ հայկականը՝ Հակոբ, բայց բնավ չի սազում: Նա Շակ է՝ իսկական հոլանդացի, ոտքից գլուխ, ամբողջ հոգով ու սրտով:
- Ամստերդամը գեյերի մայրաքաղաքն է,- փորձելով ներկայացնել իր քաղաքը՝ շարունակեց Շակը,- բոլոր երկրների գեյերն այստեղ են ապաստան գտնում: Չնայած ես նրանց դեմ չեմ, բայց ես գեյ չեմ:
Ի դեպ, վերջին ասածը նա կարողացավ ապացուցել, երբ մի օր ուշ երեկոյան տուն մտա ու նրա սենյակից տղամարդու ու կնոջ տնքոցներ լսեցի:
- Ամստերդամ… միասեռականություն, Ռեմբրանդտ, սեքս, Վան Գոգ, մարիխուանա…- մի անգամ մտածկոտ ասաց սերբ Նիկոլասը:
Եվ նա շատ ճիշտ էր բնութագրել Ամստերդամը: Դա քաղաք է, որտեղ ամեն ինչ կա, բացարձակապես ամեն ինչ: Եվ այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու: Այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, և ոչ ոք նրանց չի մեղադրի: Ծայրահեղությունների քաղաք է Ամստերդամը, որը մնացած գլուխներում ավելի մանրամասն կնկարագրվի: Ու նման չէ եվրոպական մյուս քաղաքներին: Այստեղ եկած լեհը, պորտուգալացին ու ֆրանսիացին են անգամ զարմանում:
Ջուրը շատ է, շա՜տ-շա՜տ: Մոծակներն էլ քիչ չեն: Մեկը կա իմ սենյակում, համառորեն չի ուզում հեռանալ: Ամեն գիշեր տզզում է ականջիս տակ ու 3-4 նոր խայթոց նվիրում: Դրանք պարտադիր ձեռքերիս վրա են տեղակայվում, ուղիղ շարքով, միևնույն հեռավորությամբ: Միայն երբեմն-երբեմն մոծակն անցնում է մարմնիս մնացած մասերին: Մի անգամ նույնիսկ ոտքիս տակ էր իր կնիքը թողել: Բայց երբե՛ք-երբե՛ք գիշերանոցիս վրայից չի կծում: Կա՛մ ամաչում է, կա՛մ էլ հայ մոծակների նման խելացի չէ:
Ամստերդամը չափից դուրս աշխույժ քաղաք է: Կենտրոնի փողոցները միշտ լիքն են, իսկ անցյալ շաբաթ օրը մարդիկ այնքան շատ էին, որքան մեզ մոտ լինում է, ասենք, Օպերայի հրապարակում բացօթյա համերգների ժամանակ: Բայց Ամստերդամում մարդիկ ծածկում են փողոցները, ամենուր տոն է, բացօթյա համերգ:
Գողերն էլ են շատ այստեղ: Սովորել եմ ուսապարկս դիմացից հագնել, որ աչքիս առաջ լինի: Իսկ այսօր մի միամիտ սևամորթ փոքրիկ տղա ուզում էր գրպաններս դատարկել: Ես քնած էի տրամվայի մեջ (կես ժամ տևողությամբ ճանապարհորդության ընթացքում ամենաօգտակար զբաղմունքն է), երբ նուրբ հպում զգացի: Աչքերս բացեցի ու տեսա սևամորթ տղային, որը ձեռքը գրպանիս էր մոտեցնում: Նորից քնեցի, սակայն քիչ անց նույն հպումը զգացի, աչքերս բացեցի, և նա ձեռքը փախցրեց: Նա չգիտեր, որ գրպաններս դատարկ էին, իսկ թանկարժեք ու կարևոր իրերս պայուսակիս մեջ էին, որը պինդ գրկել էի: Մերթ ուզում էի աչքերս նորից փակել, թույլ տալ, որ գրպանս մտնի ու համոզվի, որ այնտեղ ոչինչ չկա: Հետո ցանկացա ապտակել կամ պարզապես տեղս փոխել: Բայց մինչ որևէ բան կորոշեի, տրամվայը կանգնեց հերթական կանգառում, և անփորձ գողն իջավ:
Ինչ-որ շատ եմ շեղվում թեմայից: Ասենք, մի՞թե այն գոյություն ունի: Ես խոստացել էի ժամանակագրություն պահպանել, բայց միանգամից սկսեցի հետ ու առաջ անել: Լավ, սա ընդունիր որպես մեծ նկար, որի առանձին մասերին խոշորացույցով կմոտենանք: Դեռ չե՞ս ձանձրացել: Գնանք Աննա Ֆրանկի մոտ:

StrangeLittleGirl
12.08.2007, 02:43
Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ

Ամստերդամում գտնվելուց առաջին երկու օրերը քնած եմ անցկացրել: Նախ, սարսափելի հոգնախ էի, երկրորդ՝ քաղաքում թափառելու հավես չունեի: Ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել: Առաջին օրը Շակը ինձ տարավ մոտակա սուպերմարկետը. ուտելու բան գրեթե չունեի: Իսկ երկրորդ օրը երեկոյան ինքս դուրս եկա, որ գնամ տրանսպորտի մշտական տոմս առնելու: Բայց նույնիսկ ավտոբուսի կանգառը չգտա: Միայն մի քիչ շրջեցի, ծանոթացա թաղամասին, նստեցի ջրի մոտ, երազեցի… Հետո հասկացա, թե որտեղ է կանգառը, և տուն վերադարձա:
Մշտականս երրորդ օրը ձեռք բերեցի: Սկսում էի կամաց-կամաց սովորել քաղաքին:
Այդ օրը Դավոն պետք է Ուտրեխտից Ամստերդամ գար. Աննա Ֆրանկի տուն-թանգարանում դաս ունեին: Ես, որ տարիներ առաջ կարդացել եմ նրա օրագիրը ու երազել ճանաչել նրան, վազելով որոշեցի Դավոյենց միանալ:
Մի անգամ ընկերուհիս՝ Արաքսյան, ասել է ինձ.
- Եթե դու ու Աննա Ֆրանկն իրար ճանաչեիք, անպայման ընկերություն կանեիք: Քո ու նրա օրագրերն իրար շատ նման են:
Ատում եմ, երբ Աննայի գրածն այդքան քաղաքականացնում են: Եթե նա կենդանի մնար, այդ հրաշք օրագիրն այդպես էլ չէր հրապարակվի, և մենք շատ բան կկորցնեինք: Այն ինձ համար շատ ավելին է, քան պարզապես մի հրեայի պատմությունը: Ես չեմ պատրաստվում բացատրություններ տալ: Նա, ով զգացել է նույնը, ինչ ես՝ այն կարդալուց հետո, ինձ կհասկանա:
Տարբեր տուրիստական գրքեր, քարտեզներ և ինտերնետն օգտագործելով կարողացա ոչ միայն հասցեն պարզել, այլև իմանալ այնտեղ գնացող տրամվայների անունները և մոտակա կանգառի անունը:

Երբ տրամվայից իջա, չգիտեի՝ որ կողմ գնալ: Որոշեցի հարցնել: Մեկը պատասխանեց.
- Չգիտեմ կոնկրետ տեղը, բայց գիտեմ, որ մոտերքում է:
Իսկ երկրորդը պայուսակը երկար քրքրեց, հետո ասաց.
- Կներեք, քարտեզն ամուսնուս մոտ է մնացել:
Ջղայնացա ու որոշեցի ինքս գտնել: Մի քիչ այս ու այն կողմ անելուց հետո նկատեցի, որ խաչմերուկներում ցուցանակներ կան, որոնք սլաքներով են և ցույց են տալիս, թե որ ուղղությամբ գնալով ուր կհասնես: Ես հետևեցի դրանց և հասա մի հսկայական հերթի, որի մասին Դավոն հեռախոսով ասել էր (նա արդեն ներսում էր): Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ դրա մեծությունը, որ հասկանալի լինի: Ասենք, մոտ հիսուն մետր կլիներ (եթե ոչ ավելի): Մարդիկ էլ խելոք մի շարքով կանգնել էին, ոչ թե հայավարի իրար գլխի լցվել: Չնայած չէի ուզում հավատալ, բայց դա իրոք Աննա Ֆրանկի տան մոտ գոյացած հերթն էր: Այդ պահին հասկացա, որ Ամստերդամում որևէ բան հարցնել պետք չէ. ցուցանակները շատ ավելի ինֆորմատիվ են (հիշեցի Երևանի ցուցանակները, որոնց սլաքներն ուղղված են շենքերի վրա ու կրում են, ասենք, «Գառնի» գրությունը):
Ես մի ժամ հերթ կանգնեցի, հետո մտա Աննա Ֆրանկի տուն… Պատերին գրություններ էին նրա օրագրից: Լուսանկարներ ու տարբեր իրեր կային ցուցադրված, որոնց բացատրությունները հենց օրագրից էին մեջբերված: Էկրաններ կային: Տարբեր մարդիկ, որոնք Աննային ճանաչել են, պատմում էին նրա մասին: Հայրը՝ Օտտո Ֆրանկը, ասում էր, որ չգիտեր, որ այդքան խորն է եղել իր աղջիկը: Է՛հ, հայրե՛ր, որքա՜ն բան դուք չգիտեք ձեր սեփական երեխաների մասին: Նորից նույն հարցն է ծագում. ի՞նչ կլիներ, եթե Աննան ապրեր: Այդպես էլ հայրը երբևէ չէր ճանաչի դստերը: Տխուր է հնչում… Իսկ մի՞թե հավատում եք, որ Աննան կենդանության օրոք իր օրագիրը կվստահեր հորը:
Ու շարունակ մի միտք էր պտտվում իմ գլխում. «Նա այստեղ եղել է… Հիմա էլ երևի շրջում է այս սենյակներում ու տխրում…»:
Մի սենյակում՝ ապակե պահարանի մեջ, տեղադրված էր «Աննա Ֆրանկի օրագիրը» տարբեր լեզուներով: Ես ցնցվեցի, երբ հայերեն տարբերակը տեսա: Ազգային սովորություն է. երբ օտար երկրներում մերն ենք տեսնում, խառնվում ենք իրար:
Հետո մի տուփ տեսա, որտեղ փող էին հավաքում «Աննա Ֆրանկ» հիմնադրամի համար: Ուզում էի որպես կատակ մի հիսուն դրամանոց գցել: Հա՛, հիմնադրամի նպատակը ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքարելն էր: Զայրացա: Ախր ի՞նչ կապ ունի Աննան: Ուզում եք միլիարդներ հավաքեք, միևնույն է, նրան հետ չեք բերի: Դեմ չեմ. ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքարեք, բայց Աննայի անունը մի՛ օգտագործեք, խնդրում եմ: Մի՞թե բավարար չէ, որ տուրիստներին կլպում եք հենց այս թանգարանով (նախ, տոմսն էր շատ թանկ, հետո, գործում էր մի խանութ «լավ» գներով, որտեղ տուրիստները զմայլված գնումներ էին կատարում. Աննա Ֆրանկը դարձել էր փող աշխատելու միջոց):

Թանգարանից դուրս եկա՝ նորից ու նորից երազելով ճանաչել Աննային:

StrangeLittleGirl
13.08.2007, 00:16
Գլուխ 8. Առաջին տպավորություններ պրակտիկայից
Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

Vishapakah
17.08.2007, 13:04
Ես անհամբեր սպասում եմ շարունակությանը.:)

Angelina
17.08.2007, 14:37
Ինչ կլինի, անպայման շարունակի:

StrangeLittleGirl
27.08.2007, 00:54
Գլուխ 10. Պլանավորված օրվա չպլանավորված ընթացքը
Գլուխ 11. (անվերնագիր ու փակագծերի մեջ) - այս մեկը գուցե չհրապարակվի չհասկացված լինելու ցանկություն չունենալու պատճառով, բայց որոշ մարդիկ, խոստանում եմ, կկարդան
Գլուխ 12. Երբ վիրտուալը դառնում է իրականություն
Գլուխ 13. Բոլոր հավանական տարբերակները

StrangeLittleGirl
28.08.2007, 12:33
Կներեք երկար սպասացնելու համար… Սասունի երազած գլուխը :D

Գլուխ 5. Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ

Մենք՝ Ամստերդամում մնացող նույն ծրագրով եկած ուսանողներս, ստիպված էինք սպասել, որ մնացած քաղաքներից ժամանածները պայուսակները մի տեղ թողնեին ու դուրս գային, որ միասին անցկացնեինք այսպես կոչված հասարակական ծրագրի առաջին օրը:
Զբաղմունք էր պետք գտնել… Հանկարծ մեկը (կարծեմ պորտուգալացի Բրունոն էր) առաջարկեց.
- Եկե՛ք գնանք կարմիր լապտերների փողոց:
Ժամանակին, երբ Ամստերդամի մասին լսում էի, միանգամից կարմիր լապտերների փողոցն էի պատկերացնում, որտեղ կան մարմնավաճառներ ու սեքս շոփեր: Ու կարծեմ մեկնելուց առաջ որոշել էի անպայման գնալ այնտեղ, տեսնել այդ ամենը, բայց երբ արդեն Հոլանդիայում էի, լրիվ մոռացել էի դրա մասին: Հնդիկ Վիկասը, սերբ Նիկոլասը և ես անմիջապես համաձայնեցինք, բայց լեհ Աննան չեմուչում էր անում (դրանից առաջ էլ թույլ չէր տվել սեքսի թանգարան գնալ. երևի նամուսով աղջիկ է): Ի դեպ, նա շատ նման է հայ ծիտիկի, միայն թե բնականանից է շիկահեր: Թե՛ այն, որ նույնիսկ երկար զբոսանքներին կարճ կիսաշրջազգեստով էր գալիս (բայց ի տարբերություն հայ աղջիկների, համարձակվում էր բարձրակրունկների փոխարեն համարձակվում էր սպորտային կոշիկներ հագնել, թե՛ փողոցի մեջտեղում դիմահարդարանքը «թարմացնելու» սովորությունը՝ պատճառաբանելով, որ ահավոր տեսք ունի, թե՛ «լավ» աղջկա կերպարի մեջ մնալու ձգտումը…
Մի խոսքով, մեզ հաջողվեց Աննային ոչ միայն համոզել, որ գա, այլև խնդրել, որ առաջնորդի. արդեն երկու շաբաթ էր, ինչ Ամստերդամում էր, քաղաքը մեզնից լավ գիտեր (մնացած չորսս նոր էինք ժամանել): Աննան էլ մոտավոր էր պատկերացնում, այնպես որ ստիպված եղանք երկար թափառել, մինչև տեսանք ցուցափեղկ, վերևում՝ կարմիր լամպ, հետևում՝ գեղեցիկ կազմվածքով գրեթե մերկ շիկահեր կին, որն էրոտիկ շարժումներ էր անում, մատներով «5» թիվը ցույց տալիս, որը, ինչպես հետո հասկացանք, նշանակում էր. «15 րոպեն 50 եվրո»: Երբ առաջ անցանք, նորանոր ցուցափեղկեր, կարմիր լույսեր ու կիսամերկ կանանց տեսանք: Որոշների վարագույրները փակ էին, լույսը՝ անջատված. ներսում հաճախորդ կար:
Ու տարածքում հարյուրավոր (այո՛, չեմ չափազանցում. իրոք այդքան կլինեին) տուրիստներ էին շրջում, հրճվում, զարմանում, զվարճանում: Լավ էր, որ գոնե լուսանկարել չէր կարելի, թե չէ տուրիստներից յուրաքանչյուրը վերադառնալով իր երկիր, էրոտիկ նոր ամսագիր կհիմներ:
- Սրանք բոլորը մոդելի կառուցվածք ունեն,- ասաց Նիկոլասը,- ես չաղերին եմ սիրում:
Երբ մի քիչ էլ անցանք, հայտնվեցին գեր ու սևամորթ կանայք: Նրանցից մեկը՝ ամենագերը, վախեցած նայում էր անցորդներին՝ ասես վստահ լինելով, որ այդ գիշեր ոչ մի հաճախորդ չի ունենալու:
Ու ես զարմանում էի, թե ինչպես են այդ կանայք թույլ տալիս, որ իրենց այդքան ստորացնեն (գիտեք, Հայաստանում էլ մարմնավաճառներ կան, բայց նրանք տուրիստների համար տեսարժան վայր չեն):
- Ես զայրանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվում այդ կանանց հետ,- մի անգամ ասաց վաղեմի հոլանդուհի մտերիմս՝ Լիկեն, երբ նրան MSN-ով պատմեցի, թե ինչ եմ հասցրել տեսնել Ամստերդամում:
- Բայց դա նրանց ընտրությունն է,- պատասխանեցի:
- Ո՛չ, այդպես չէ: Գուցե ոմանք իրենք են ընտրել, բայց համարձակվում եմ ասել, որ 70 տոկոսն իր կամքով չի այնտեղ: Նրանք արևելքից բերված ստրուկներ են: Բազմաթիվ լեհ, ռուս և այլ ազգերի կանանց հիանալի ապագա են խոստանում, խաբում, բերում Հոլանդիա ու ստորացնում:
Թրաֆիքինգ…
Իսկույն աչքիս առաջ եկավ գեր սևամորթուհու վախեցած դեմքը…

Selene
28.08.2007, 15:58
Թրաֆիքինգ…
Իսկույն աչքիս առաջ եկավ գեր սևամորթուհու վախեցած դեմքը…

Մեր իրականության ամենադաժան փաստերից ահավորն ու անմարդկայինը:(:angry

Բյուր, մյուսներն էլ եմ ուզում կարդալ:goblin;)

Ծով
29.08.2007, 19:19
Մեր իրականության ամենադաժան փաստերից ահավորն ու անմարդկայինը:(:angry

Բյուր, մյուսներն էլ եմ ուզում կարդալ:goblin;)
Էս լրիվ իմ գրառումն է...:)
/Չուզեցի Անժելինային նմանվել:D/
Հ.Գ. Հա ու սա թեմայից դուրս չեմ համարում...

StrangeLittleGirl
15.09.2007, 00:28
Չնայած նշված գլուխները, դեռ մի բան էլ ավելի ձեռագիր տարբերակով կան, բայց ես դրանք չեմ հրապարակելու… Համենայնդեպս, գոնե հիմա, քանզի համապատասխան հոգեվիճակն արդեն անցել է: Փոխարենը ներկայացնում եմ մի ուրիշ բան…

StrangeLittleGirl
15.09.2007, 01:19
Գլխից դուրս

Այն երկու օրերից մեկն էր Ամստերդամում, երբ աչքերս թրջվել էին: Պատկերացնու՞մ եք՝ ամբողջ մի ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ էի արտասվել, մինչդեռ Երևան վերադառնալուց հետո 10 օր շարունակ աչքերս չէին չորանում:
Այն երկու օրերից մեկն էր, երբ ահավոր միայնակ էի զգում ու խոսել էի ուզում ինչ-որ մեկի հետ, բայց ոչ ոք չկար:
Այն երկու օրերից մեկն էր, երբ թափառելու, քայլելու, կորելու ցանկություն ունեի:
Բայց չգիտես ինչու քայլերս ուղղեցի դեպի Կենտրոնական կայարանի հյուսիսային կողմ՝ այնտեղ, որտեղ ջուր կա, բադեր, խաղաղություն, լռություն, հանգիստ, մաքուր օդ, մտքեր… Ու ես նստեցի, սկսեցի գրել: Ի՞նչ էր դա դառնալու: Հերթական զառանցա՞նք, «Գրքանմանի» գլու՞խ, նամա՞կ ուղղված ինչ-որ մեկին կամ ոչ ոքի: Ոչինչ, ոչինչ չդարձավ այն, որովհետև մեկ-երկու բառից հետո գրիչս մի կողմ դրեցի, տետրիս էջը պատռեցի ու հայացքս հառեցի ջրերին: Անթարթ նայում էի ներքև, մինչև դեմքս սկսեց կամաց-կամաց լվացվել տաք հեղուկով: Ես ինձ մոռացված էի զգում, լքված: Բոլոր հոգեկան կապերը թուլացել էին, և ես ընկնում էի ներքև: Ե՞րբ էի բախվելու գետնին… Հայտնի չէր:
- Որ ուզեք, կարող եք չարտասվել,- լսվեց մի ձայն:
Գլուխս բարձրացրի ու արագ-արագ սրբեցի արցունքներս: Մի տեսակ ամաչեցի, և մենակությունս ընդհատողը զգաց դա.
- Որ ուզեք, չեք ամաչի:
Ես արդեն կատաղել էի, բայց հանկարծ արցունքներից մշուշված տեսադաշտում ծանոթ դեմք նկատեցի: Երևի դա նպաստեց, որ մի գեղեցիկ ապտակ չստանա: Հետո միանգամից կարծեցի, թե հերթական պատրանքն է, բայց որովհետև շատ էի շփոթվել, անմիջապես բացականչեցի.
- Թո՞մ:
- Անունս գիտես… Ուրեմն իսկապես դու ես… Ես վստահ չէի. քեզ հետևից էի տեսնում, բայց սպասում էի, որ այստեղ կտեսնեմ քեզ… Եվ հետո տասը տարին քիչ չէ: Բայց չգիտեմ ինչու մոտեցա, չգիտեի, որ դու ես… Չէ՛, ենթադրում էի կամ ուզում էի:
- Թոմա՛ս:
- …Ի՞նչ ես անում այստեղ:
- Հենց այստե՞ղ, թե՞ Ամստերդամում ընդհանրապես:
- Ըըըը… Նոր զգացի, թե որքան բան չգիտեմ քո մասին:
- Ի՞նչ պիտի իմանայիր որ: Ընդամենը վեց ամիս ես ինձ հետ շփվել:
- Բայց լավ ժամանակներ էին, չէ՞:
- Հա՛, կյանքիս միակ հատվածն էր, երբ գնահատում էի ունեցածս:
- Չէ՛, ստում ես: Շատ լավ գիտեմ, թե որքան էիր տխրում, որ այլևս Մարիայի ու Էվայի հետ չես սովորում: Տեսնում էի, թե ոնց ես պայծառանում ֆիզկուլտուրայի օրերին, երբ նրանց տեսնելու հնարավորություն էիր ունենում:
- Որտեղի՞ց գիտես այս ամենը:
- Է՜հ, չե՞ս հիշում մեր համադասարանցիների փսփսոցներն իմ ու քո մասին:
- Հիշում եմ,- ու թեև ինձ չէի տեսնում, բայց զգացի, որ կարմրում եմ:- Ի դեպ, ո՞նց են մյուսները: Տեղեկություններ ունե՞ս:
- Ու՞մ մասին ես ուզում լսել:
- Ասենք, Սելմայի:
- Դու պատմիր:
- Ինչպե՞ս: Ախր ես նրան այնքան ժամանակ չեմ տեսել, որքան քեզ:
- Ոչի՛նչ, պատմիր:
- Դե… Սելման երևի մտերիմ ընկերուհիս էր: Պետք է որ Դիանան լիներ, բայց հենց մի քիչ անգլաերեն սովորեց, սկսեց ավելի շատ մյուսների հետ շփվել: Հիշոմ եմ՝ երբ ավտոբուսով լողի էինք գնում, և իմ զույգը Դիանան էր, մի տեղանոց նստատեղն էր զբաղեցնում, և ես մի տեսակ մենակ էի մնում: Մի անգամ էլ Սելման էր զույգս: Դիանայի վրեժը նրանից լուծեցի: Իսկ հետ գալուց զղջացի արարքիս համար. երկտեղանոց նստատեղը զբաղեցրի ու ցույց տվեցի, որ կողքս ազատ է, բայց Սելման արդեն մի տեղանոցի վրա էր: Ճանապարհին թաքուն հետևում էի նրան: Դեմքին տառապանք ու վիրավորանք կար. երևի ինձնից նման բան չէր սպասում: Մինչև հիմա աչքիս առաջ է:
- Տեսնու՞մ ես: Լավ էլ պատմում ես: Մի անգամ երբ ամբողջ դպրոցով հավաքվել էիք դահլիճում, դու ու Սելման ինչ-որ բան էիք փսփսում, և ձեզ նկատողություն արեցին… Այդ ի՞նչ կարևոր հարց էիք քննարկում:
- Հեչ, նա հարցնում էր, թե մենք ինչ կրոնի հետևորդ ենք: Ես ասացի, որ քրիստոնյա ենք: Նրան նույն հարցը տվեցի, սակայն նա մռայլվեց ու պատասխանեց. «Մենք մուսուլման ենք»: Բայց դե կարծում եմ, որ դա չխանգարեց մեր շփմանը: Իրականում երկուսս էլ միայն պիտակ էինք կրում, ոչ մի կրոնի հետևորդ էլ չէինք… Լավ, բավական է՝ անցյալի գիրկն ընկնենք:
- Չէ՛, սպասի՛ր: Իսկ ֆուտբոլը հիշու՞մ ես… Որ Ռիվոն կռիվ էր սարքում, երբ իր թիմը պարտվում էր, որ աղջիկներով մեզ հավասար խաղում էիք, որ…
- … Սելման առաջին աղջիկն էր, որ գոլ խփեց:
- … Իսկ Դայնան ամենաշատ գոլ խփած աղջիկն էր… Սելման շատ ուժեղ է տպավորվել: Իսկ իմ մասին որևէ բան կհիշե՞ս:
- Իհարկե, Թոմաս Ուոլենս:
- Ազգանունս չես մոռացել: Դա արդեն լավ է:
- Հիշում եմ, որ ճաշի ժամին բոլորը բարձրացել էին վերև, բայց դու ինձ համոզում էիր, որ քեզ հետ մնամ ներքևում: Մյուսները սկսեցին փսփսալ, թե դու ինձ ես սիրահարվել, դրա համար ուզում ես ներքևում ինձ հետ մնալ: Որպեսզի չասեն, թե ես էլ քեզ եմ սիրում, կարծեմ վերև բարձրացա ու քեզ մենակ թողեցի:
- Լավ չես հիշում. դու մնացիր ինձ հետ անկախ ամեն ինչից:
- Ուրեմն այնքան էլ կարևոր չէր:
- Չգիտեմ…
- Հիշում եմ, որ հորդ աշխատանքի բերումով շատ երկրներում ես եղել, անգամ՝ Բուրկինա Ֆասոյում:
- Վատ չէ…
- Չեմ մոռացել, որ այն կորեացի աղջկան ջարդված գերմաներենով փորձում էինք բացատրել, որ ֆիզկուլտուրայի ժամն է: Ու որ նա ծիծաղում էր մեզ վրա:
- Հիշու՞մ ես միստեր Թաքուեյին ու միսս Ռոբերտսոնին:
- Հա՛, միսս Ռոբերտսոնն իմ իդեալն էր: Ուզում էի նրա պես նկարել սովորել:
- Լավ, արդեն ցուրտ է: Կգա՞ս գնանք որևէ բան խմելու:
- Ո՛չ:
- Ես գնում եմ:
- Ու՞ր:
- Տուն:
- Բայց քիչ առաջ այնքա՜ն միայնակ էիր երևում:
- Ճիշտ ես… Թո՛մ, ուրախ էի, որ քեզ տեսա ու վերհիշեցի իմ մանկության լավագույն պահերը: Բայց գիտես, ես իմ ունեցածը կորցնելուց հետո եմ գնահատում: Ընդամենը մի քանի վայրկյան անց կափսոսամ, որ այսպես քեզ թողեցի, գնացի: Գուցե մի օր էլի հանդիպենք, չգիտեմ…
- Բյուրա՜կն:
- Թո՛մ…

StrangeLittleGirl
27.12.2007, 22:50
Շարունակում եմ հատուկ Ծովինարի խնդրանքով…

Գլուխ 6. Հոմոսեքսուալիզմի և սեքսի շաբաթ օր

Շակի ասած «գեյերի մայրաքաղաք» արտահայտության ճշմարտացիության մեջ համոզվեցի միայն այն ժամանակ, երբ ներկա գտնվեցի գեյերի շքերթին…
Ամստերդամի կենտրոնում՝ կամուրջների վրա, ջրանցքներից մեկի շուրջ լիքը մարդիկ էին հավաքվել: Մենք՝ տարբեր երկրներից եկած մոտ 30 բժիշկ-ուսանողներս, հազիվ հարմար տեղ ճարեցինք, որ գոնե կիսով չափ կարողանանք տեսնել ջրում կատարվողը: Այս առումով բոյովների բախտը բերել էր. նրանք հանգիստ տեղավորվել էին մոտակա շենքի առաջին հարկի պատուհանագոգերին ու երևի ամբողջությամբ տեսնում էին շքերթը: Իսկ ես հազիվ մի ծակ գտա, խցկվեցի և կարողացա մոտավոր պատկերացում կազմել:
Ջրանցքներով հերթով նավեր էին անցնում, որոնց վրա բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև անհայտ սեռի ներկայացուցիչներ էին գտնվում: Մի մասը կիսամերկ էր, մյուսները՝ կարնավալային հագուստներով, զանազան համազգեստներով, զիզի-բիզի զարդարանքներով: Երաժշտությունն այնքան բարձր էր, որ իրար հետ գոռալով էինք խոսում: Նավերի վրա բոլորը պարում էին, ուրախանում: Բոլորը gay էին: Հանդիսատեսն էլ պասիվ չէր. բարձրահասակ հոլանդացիները չէին զլանում, միանում էին պարին, շարժում իրենց հոլանդական տուտուզները:
Սկզբում հետաքրքիր էր, հետո՝ զվարճալի, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զայրացնող. շքերթի պատճառով քաղաքում խցանում էր գոյացել: Չէ՛, ձեզ հայտնի երևանյան իրար գլխի լցված, հնարավոր բոլոր ուղղություններին նայող մեքենաները չէին, որ խանգարում էին: Ամստերդամում մարդկանց խցանում էր գոյացել. փողոցներով քայլելու համար հերթ պետք է կանգնեիր:
Երբ ձանձրացա, հանգիստ թողեցի ու հեռացա. այստեղ ազատ ես, ոչ ոք քեզ համար չի անհանգստանում: Դա մի կողմից լավ է. կարող ես ուզածդ անել, և ոչ ոք հանդիմանական տոնով քեզ չի ասի. «Ու՞ր էիր»: Մյուս կողմից էլ տխուր է, որ չկա մեկը, որ գիտես քեզ համար պատասխանատվություն է զգում:
Ինչևէ, մի քիչ զբոսնեցի ու վերադարձա: Այդ ժամանակ աղջիկներից մեկն ինձ հարցրեց.
- Հայաստանում գեյեր կա՞ն:
- Հա՛, կան, բայց աշխատում են թաքցնել. հասարակությունը նրանց չի ընդունում:
- Քիչ առաջ հայկական նավ անցավ…
- Զարմանալի է:
- Երևի ձեզ մոտ չեն ընդունում, դրա համար էլ գալիս են այստեղ:
Ավելի ուշ Դավոն հաստատեց, որ եռագույնն է տեսել նավերից մեկի վրա:

Գիտեք, մտածում եմ, որ մի օր էլ կարելի է հետերոսեքսուալիստների շքերթ կազմակերպել: Եթե մարդիկ այդքան ուրախանում են, տոնում իրենց միասեռականությունը, ինչու՞ մենք էլ մեր սեռական կողմնորոշումը գովերգող միջոցառումներ չանենք… Բայց ո՞րն է հետերոսեքսուալիստների մայրաքաղաքը:

Թեև սկզբում մոտ 30 հոգով էինք, բայց հետո այնքան իրար գտանք-կորցրինք, որ մնացինք ես, Աննան, հույն Նատաշան և Նիկոլասը: Դավոն էլ հասցրեց մեզ գտնել: Այնպես որ, հինգով էինք:
Աննան առաջարկեց Ռեմբրանտի թանգարան գնալ: Մի քանի ժամ փնտրեցինք, քարտեզն անգիր արեցինք, մինչև գտանք: Բայց այդ օրն արվեստի օր չէր. թանգարանը փակ էր: Նատաշան գնաց, իսկ ես մյուսներին առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ի զարմանս ինձ, Աննան չմերժեց. երևի նամուսը թռցրել էին նրա գրպանից Ամստերդամի մարդաշատ փողոցներում.
- Լավ, այս օրը հոմոսեքսուալիզմով սկսել ենք, թող սեքսով էլ ավարտվի:
… Երբ արդեն ներս էինք մտել, ես փորձում էի գտնել լուսանկարելն արգելող նշանը: Չկար: Հետ վերադարձա ու տոմս վաճառողին դիմեցի.
- Լուսանկարել կարելի՞ է:
- Քեզ՝ այո:
Հետո հասկացա, թե ինչ էր նշանակում նրա դեմքի տարօրինակ արտահայտությունը. ասես ցանկանար ասել. «Թե էդքան համարձակություն ունես, լուսանկարիր. քեզ ոչ ոք չի արգելում»:
Իրոք, թանգարանի պարունակությունն այնպիսին էր, որ ինձ նման հայ «համեստ» աղջիկը չէր ցանկանա որևէ մեկի ցույց տալ, ավելին՝ չէր էլ ուզենա պատմել, որ նման տեղում է եղել:
Կային խուժան տիկնիկներ, առնանդամների արձաններ, ծաղրանկարներ և այլ տարօրինակ բաներ, որ ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի: Մի սենյակ կար, որն անգամ ինձ նման «ամեն ինչ տեսած» փչացած բժշկի համար էր սարսափ: Դռան վրա գրված էր, որ թույլ նյարդերով մարդիկ չմտնեն: Ես էլ, լինելով շատ զգայուն, բայց միևնույն ժամանակ ինադ անող, առանց երկար-բարակ մտածելու մտա:
Չգիտեմ, թե ով է իմ ընթերցողը, ու վստահ եմ, որ թույլ նյարդերով մարդիկ կա՛մ չգիտեն իրենց այդ հատկանիշի մասին, կա՛մ ինձ նման ինադ անող են, և հաստատ զգուշացումս կանտեսեն ու կկարդան: Հետո էլ կմեղադրեն գրածիս համար կամ էլ կասեն, թե անամոթ աղջիկ եմ: Դրա համար նախընտրում եմ չպատմել, թե ինչ կար այդ սենյակում:
Մի ամբողջ հարկաբաժնում Նոյի թվի սև ու սպիտակ պոռնո նկարներ էին: Դրանց իմաստը չհասկացա. չէ՞ որ այսօր ինտերնետը և Ամստերդամը լիքն է ավելի որակով, գունավոր պատկերներով: Լավ, մեկ-երկու պատմական նմուշը հասկանալի է. բա չիմանա՞նք, թե ինչի շուրջ էին հավաքվում 60-70-ականների տղամարդիկ… Բայց մի ամբողջ հարկաբաժինն ահավոր էր… սրտխառնոցի աստիճան:
Իսկ ես այնքան էլ բարի պտուղ դուրս չեկա. մի քանի լուսանկարներ արել եմ: Չէ՛, դրանք էն «փչացածներից» չեն: Ավելի շուտ զվարճալի են ու հետաքրքիր: Մասնավորապես, ինձ վախեցրեց աչքով անող ու ծիծաղող հետույքը, որը մեկ-մեկ էլ թսում էր, բայց հոտ չէր գալիս (էդ մեկը չափից դուրս կլիներ), իսկ կարմիր լապտերների փողոցի հին ու լավ ժամանակների մինի տարբերակում հավես էր զբոսնելը: Դրանք էլ հենց անմահացրի իմ լուսանկարչական սարքով:

Երբ տուն եկա, տանտիրոջս սենյակից տնքոցներ լսեցի: Հյուրասենյակում մոմեր էին վառված:

Ծով
27.12.2007, 23:20
:[քանի որ քեզ հատուկ է պատկերավոր խոսքը, բնական է, որ բովանդակությունը տեղ-տեղ զզվելի էր:D
Ես Ամստերդամում չէի ապրի...:(
Դե՛, էլի եմ խնդրում, շարունակի՛ր...:hands

StrangeLittleGirl
27.12.2007, 23:30
Չէ՛, Ծո՛վ ջան, մի՛ շտապիր հիասթափվել: Ամստերդամը շատ բազմակողմանի քաղաք է, ես էլ փորձում եմ հենց դա ներկայացնել: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի:

Cassiopeia
27.12.2007, 23:51
Հետաքրքիր էր մեկ անգամ լսածը կարդալ արդեն շարադրված մտքերով: Առաջին անգամ թե միայն փորձում էի պատկերացնել ձեր ապրումները, հիմա մտքերով ապրում էի ձեր հետ:)

StrangeLittleGirl
28.12.2007, 00:08
Ծովինարի սիրած գլուխը…

Գլուխ 7. Ծովը

Ծովը լավ բան է: Ինչու՞ Հայաստանը չունի: Չէ՛, երևի լավ է, այլապես ծովափին կփոխարինեին շարան-շարան սրճարանները, սրա-նրա օբյեկտները կամ էլ կփորձեին ծովի մակերեսը փակել, որ ավտոճանապարհներ կառուցեն…

- Ու՞ր կհասնեմ, եթե այսպես լողալով գնամ,- հետաքրքրվեց ինդոնեզիացի Անդին:
- Կխեղդվես,- կատակեց Յոլանդան:
- Չէ՛, լուրջ:
- Դե սա Հյուսիսային ծովն է, որն էլ կապվում է Ատլանտյան օվկիանոսի հետ: Մյուս կողմում Ամերիկան է:
- Փաստորեն, ծովն արևմուտքում է:
- Այո՛:

Կիրակի առավոտյան քնել էի ուզում, բայց Յոլանդայի զանգն ինձ արթնացրեց: Առաջարկում էր պիկնիկից հետո ծովափ գնալ: Ես անմիջապես համաձայնեցի ու նորից քնեցի:
Ընդհանրապես, Ամստերդամում հեշտ է ուշանալ: Ես՝ քնկոտս, բացառություն չէի: Թվարկեմ պիկնիկից ուշանալուս պատճառները, դուք որոշեք, թե որոնք էին ինձնից կախված, որոնք՝ Ամստերդամից:
Նախ, տնից ուշ դուրս եկա: Հետո մի ավտոբուս բաց թողեցի, որը, չգիտես ինչու, մեր կանգառում չկանգնեց: Իսկ կիրակի օրերն ավտոբուսները կես ժամը մեկ են գալիս: Տեղն էլ չգիտեի, ստիպված էի փնտրել: Այգին գտնելուց հետո անգամ մերոնց չէի տեսնում. այն շա՜տ մեծ էր, Աննային միանալ չէր լինում, իսկ մյուսների համարները չունեի:
Այս ամենը եթե գումարենք, երկու ժամ ուշացում կստանանք, որի համար բացարձակապես չզղջացի:
Ուսանողները շրջանով նստել էին, նրանցից մեկը կիթառ էր նվագում, իսկ մյուսները երգում էին: Ես ինձ շրջանից դուրս զգացի. նույնիսկ իմ սիրելի երգերի ժամանակ ամաչում էի նրանց միանալ: Այնպես որ երբ քիչ անց Յոլանդան առաջարկեց գնալ ծովափ, ուրախությամբ համաձայնեցի: Աննան ու Վիկասը համոզում էին, որ մի քիչ էլ մնանք: Բայց քանի որ արդեն բավական ուշ էր, Յոլանդան նրանց առաջարկեց գալ այն ժամանակ, երբ ուզում են. մենք սպասել չէինք ուզում: Սիրում էի նրա այդ կտրուկությունը: Նա ասում էր, որ երբ առաջնորդ ես, ստիպված ես երբեմն ոչ այնքան հաճելի բաներ անել:
Ես, Յոլանդան, ինդոնեզիացի Անդին ու Ալնին ճանապարհ ընկանք:

Ծովափն ահավոր մարդաշատ էր. ամառվա ընթացքում առաջին արևն էր, և բոլորն առիթից օգտվել էին: Յոլանդան մեզ զգուշացրել էր, որ այնտեղ մերկ կրծքերով կանանց կտեսնենք: Նախորդ օրվա տեսածներիցս հետո դա ընդամենը մանկական մուլտֆիլմ էր:
Անդին ու Ալնին սկսեցին շուրջբոլորը լուսանկարել: Ես խեցիներ էի հավաքում (ընկերուհիներս սիրում են դրանցով զարդեր պատրաստել), իսկ Յոլանդան արևի տակ քնել էր: Ինդոնեզիացիները լողագգեստ չունեին, հետևաբար չէին լողալու, բայց ափամերձ տարածքում ես ու Ալնին մինչև ծնկները մտանք ջրի մեջ, մի քիչ զբոսնեցինք:
Ես կյանքիս մեջ առաջին անգամ էի ծով տեսնում, թեև շատ եմ ճամփորդել: Եվ ուրախ էի: Համեմատում էի այն մեր խղճուկ Սևանի հետ: Գիտեմ, անհաջող տարբերակ է. Սևանն առաջին հերթին լիճ է, բայց նորը գնահատելու համար պետք է ինչ-որ բանի հետ համեմատես, իսկ ես բացի Սևանից ուրիշ ոչինչ չունեի:
Ավազը փափուկ էր, տաք: Բոբիկ քայլելը հաճելի էր, ցավոտ չէր: Ոտքի մատներով հավաքում էի ավազը ու կլանում ողջ ջերմությունը: Միայն թե ոտքիս տակը քոր էր գալիս. հոլանդացի մոծակի շնորհքն էր:
Ջուրը սառն էր: Տաք ավազից հետո հաճելի էր այդ սառնությունը: Ալնին ու Անդին մնացել էին մեր իրերը հսկելու, իսկ ես ու Յոլանդան ջուրն էինք մտել:
- Լողա՞նք:
Շատ առաջ էինք գնացել, բայց ջուրը մեր գոտկատեղից էր: Կամաց-կամաց ընկղմվեցինք ջրի մեջ ու սկսեցինք լողալ՝ սկզբում դանդաղ ու զգույշ, հետո ավելի աշխույժ: Արևից հետո ներծծվում ես ծովի սառը ջրով… Մրսում ես, բայց հաճելի է: Հետո նորից կանգնում ես ու որսում արևի բոլոր ճառագայթները՝ հուսալով, որ կտաքանաս: Կամաց-կամաց մարմնիդ վրայի ջրի կաթիլները գոլորշանում են, և այլևս չես մրսում: Ջուրը նորից կանչում է: Որոշում ես դեպի ափ լողալ: Գլուխդ բարձր ես պահում, որ մազերդ չթրջվեն, սակայն հետևից ալիք է գալիս ու քեզ պինդ գրկում: Ջուրը բերանդ է լցվում. աղի է: Շուրթերդ մրմռում են: Դուրս ես գալիս ու պառկում արևի տակ: Ջուրը գնում է, աղն է մնում: Դա կարդում ես դիմացինիդ դեմքին. նրա թարթիչները սպիտակել են:
Ես արևից չէի պաշտպանվել, բայց բացարձակապես չվառվեցի. ծովափի արևն ինձ գուրգուրում էր, ոչ թե այրում:
Տուն մտա հոգնած-հանգստացած: Ցնցուղը մաքրեց մարմնիս վրայի աղը:
- Այսօր ծովա՞փ ես գնացել,- հետաքրքրվեց Շակը:
- Այո՛:
- Լողարանի ավազից ենթադրեցի:

Ծով
28.12.2007, 00:20
:D ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄՈԾԱԿ
Բյու՛րս, էն վերջին պարբերությունում ինձ քո տեղում էի զգում։ Այնքան իրական ու պատկերավոր։ :love
Ամեն անգամ չեմ ասելու...:oyշարունակի՛ր...

StrangeLittleGirl
28.12.2007, 00:23
Բյուրս, էն վերջին պարբերությունում ինձ քո տեղում էի զգում։ Այնքան իրական ու պատկերավոր
Եթե անկեղծ ասեմ, էդ վերջին պարբերությունն ինձ շա՜տ է դուր եկել: Կարելի է ասել, ամբողջ «Գրքանմանի» ամենասիրածս մասն է: Երբ հավաքում էի էդ մասերը, նորից ամեն ինչ զգում էի: Կարծում եմ՝ դա այն հազվագյուտ դեպքերից է, երբ կարողացել եմ զգացածս փոխանցել:

Tig
28.12.2007, 17:54
Լավ էր…
Ամստերդամում էլ եղա:)
Մերսի: Սպասում եմ շարունակությանը:

Lilushik
29.12.2007, 20:21
Ապրես Բյուրակն ջան, հինալի ներկայասրել ես… Չգիտեմ՝ ինձ հետ կհամաձայնես, թե չե, բայց կարծում եմ, որ «Գրքանմանով» դու մեզ ծանոթացնում ես ոչ միայն Ամստերդամին, այլև Բյուրակն անձնավորությանը… Շատ լավ ես գրում… Անհամբեր սպասում եմ շարունակությանը:

StrangeLittleGirl
05.08.2008, 01:34
Ես գուցե մոռանայի, որ այստեղ կիսատ թողած գործ ունեմ, եթե չլիներ իմ չքնաղ Ծովինարը… Ծո՛վ, հատուկ քեզ համար…

Գլուխ 8. Առաջին տպավորություններ պրակտիկայից

Հիմա, երբ արդեն մի տարի է անցել այս ամենից, բացում եմ սևագրերս ու փորձում դրանք հանել գերեզմանից, կենդանացնել: Ավա՜ղ, չեմ կարող խուսափել ամբողջ տասներկու ամսվա բեռից, որը տեղ-տեղ կմտնի սևագրիս մեջ ու կպատկերի ոչ թե այն Ամստերդամը, որը տեսել եմ, այլ այն մեկը, որն այսօր հիշում եմ…

Ազատ և անհոգ օրերը վերջացան, ու Յոլանդան առավոտյան ժամը ութին ինձ ժամադրեց, որ գնանք հիվանդանոց: Վիկասն էլ էր եկել, բայց ոչ թե պրակտիկան սկսելու, այլ բժշկական հետազոտություններ անցնելու: Ես դրանց կարիքը չունեի. Երևանում ամեն ինչ արել-վերջացրել էի:
Սկզբում պոլիկլինիկա գնացինք, որ մեր badge-երը (կներեք, հայերեն բառը չգիտեմ) ստանանք: Մեզ լուսանկարեցին, իսկ քիչ անց մի քարտ տվեցին, որի վրա անվանս առաջին տառը, ազգանունս, կարգավիճակս ու նկարս էին տպված (ոչ թե փակցված): Մինչև հիմա աչքիս առաջ է այդ գորշ նկարը, որտեղ ես քնկոտ եմ ու նայում եմ անհայտ ուղղությամբ, իսկ հագիս մոխրագույն ժակետս է, որն ինձ ուղեկցում է բոլոր ճամփորդությունների ընթացքում:
Պոլիկլինիկան նման չէր այն կառույցին, որը ես պատկերացնում եմ այդ բառն արտասանելիս. գորշ միջանցքներ, նախկինում սպիտակ եղած խալաթներով գեր բժշկանմաններ, որոնք ամբողջ օրը սուրճ են խմում ու բամբասում, իսկ երբ որևէ մեկը գալիս է, զարմանում են ու ասում. «Գանգատներ չունես, չէ՞»: Եվ երբ պարզում են, որ, այնուամենայնիվ, հիվանդ ես, և քեզ «բժշկի թուղթ» կոչվածն է պետք, մի կողմ են քաշում ու, ասես ամաչելով (չնայած դա նրանցից շատ հեռու է) շշնջում. «Գումարային հարցեր կլինեն»: Իսկ երբ լուրջ տոնով պնդում ես, թե ժամանակավոր անաշխատունակության թերթրիկն անվճար է տրվում, խառնվում են իրար, սկսում համոզել, որ հիվանդ չես… Լավ, սա լրիվ ուրիշ պատմություն է, ու թող դրա մասին Հայաստան եկած օտարերկրացին պատմի, իսկ ես վերադառնամ Ամստերդամ…
Այստեղ պոլիկլինիկան լուսավոր է, գունազարդ: Այցելուներն այնքան շատ են, որ բժիշկները չեն հասցնում ճաշել: Չնայած դրան, բոլոր հիվանդներին անհատական պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: Իսկ խալաթների մաքրության մասին չեմ ասում… Նրանք ամեն օր փոխում են:
Իսկ badge-ը միայն հասարակ badge չէր: Մի հատուկ սարք կար, որի կոնկրետ տեղամասի վրա պահելու և կոճակը սեղմելու դեպքում կախիչով խալաթ էր հայտնվում: Ամեն օր պարտադիր պետք էր գալ, նորը վերցնել, իսկ հինը գցել կեղտոտ սպիտակեղենի համար նախատեսված սարքի մեջ, որը յուրահատուկ ձայն էր հանում, կանաչ լույս էր վառում ամեն անգամ խալաթ ընդունելիս: Իսկ եթե հանկարծ մի օր համարձակվեիր նորից նախորդ օրվանը հագնել, կտուգանվեիր:
Բացի դրանից, կրեդիտ քարտով կարելի էր գումար փոխանցել badge-ի վրա, որով վճարելիս ճաշարանում զեղչեր էին գործում: Այն նաև բացում էր հիվանդանոցի ամենատարբեր դռներ, որոնք փակ էին սովորական մահկանացուների առաջ:
Կախարդական badge-ը վերցնելուց հետո խալաթս ստացա, և Յոլանդան ինձ տարավ ղեկավարիս ներկայացնելու: Սակայն նա չկար: Քունս տանում էր: Սպասեցինք: Էլի չկար: Յոլանդան Վիկասին տարավ հետազոտությունների, իսկ ես որոշեցի գրադարանում սպասել:
Մոտ կես ժամ անց Յոլանդան եկավ: Ղեկավարն էլ էր արդեն ժամանել: Ծանոթացանք: Շատ բարեհամբույր կին էր երևում: Հետո իմացա, որ այնտեղ բոլորն են այդպիսին կամ գոնե շատ հաջող ձևացնում են: Մեզ բացատրեց, թե ինչպես պետք է գտնենք էնդոկրինոլոգիայի (մաքուր հայերենով՝ ներզատաբանության) բաժանմունքը և պրակտիկայի անմիջական ղեկավարիս: Պարզվեց՝ մի ամբողջ ամիս պոլիկլինիկայում եմ լինելու: Եթե դասընկերներիս ասեմ, որ պրակտիկաս ոչ թե հիվանդանոցում, այլ պոլիկլինիկայում է անցել, կծիծաղեն. նրանք էլ են այդ բառի տակ մոտավորապես նույն բանը պատկերացնում, ինչ ես: Ավելին, այս տարի որոշ կուրսերի ուսանողներ պետք է հենց պոլիկլինիկաներում պրակտիկա անցնեին: Պետք էր տեսնել, թե ինչ իրարանցում էր սկսվել, որպեսզի կարողանան հիվանդանոցներում տեղավորվել: Էլ չգիտեմ, թե հետո ինչ եղավ, բայց պետք է որ չհաջողվեր. նման հարցերը շատ խիստ էին:
Ու չնայած դրան, կարող եմ ասել, որ ես շա՜տ բախտավոր էի, նույնիսկ ավելի, քան մնացած արտասահմանցի ուսանողները, որոնք հիվանդանոցում էին պրակտիկայի:
Ինձ ներկայացրին պրոֆ. Պաուլ Լիպսին: Հենց նա էր ինձ մի շաբաթ առաջ նամակ գրել ու հարցրել, թե կոնկրետ ինչն է ինձ հետաքրքրում:
Հետո քարտուղարուհին՝ Ինեկեն, ինձ տարավ բժիշկ Կունենի մոտ, որն այդ պահին հիվանդներ էր ընդունում: Առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, բայց հետո, չգիտեմ ինչու, բաժանմունքում ամենաշատը նրան սիրեցի:
Ճաշի ժամանակ էլ էի բժիշկ Կունենի հետ: Ահագին զրուցեցինք դեսից-դենից, Հայաստանից, Հոլանդիայից:
Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ սա այն քիչ «գործից դուրս» խոսակցություններից էր, որ ունեցա այնտեղի բժիշկների հետ այդ ամբողջ ամսվա ընթացքում: Ու ընդհանրապես, միակ օրն էր, երբ ճաշին մենակ չէի:
- Զանգը լսեցի՞ր,- հանկարծ հարցրեց:
- Չգիտեմ… Այստեղ զանգերը շատ են: Չեմ կողմնորոշվում, թե որը որտեղից է:
- Մի ականջս խուլ է. բարձր տոները չեմ լսում:

Ընդհանրապես, ես այնտեղ ամեն օր երեք-չորս այնպիսի հիվանդների էի տեսնում, ինչպիսիներին մեր հայ բժիշկներն իրենց ամբողջ կյանքում են երեք-չորս անգամ տեսնում: Զարմանքով հարցնում էի, թե արդյոք իրենց երկրում տարածված են դրանք: Պարզվում էր՝ ոչ: Ուղղակի Նիդեռլանդների տարբեր ծայրերից գալիս-հասնում էինայնտեղ, որովհետև մասնագիտացված կենտրոն էր:

Երբ հիվանդները ներս էին մտնում, պետք էր ոտքի կանգնել, ձեռք սեղմել և անուն-ազգանուն ասել: Սակայն այդ կարճ ակնթարթի ընթացքում հազիվ անունս էի հասցնում արտասանել, իսկ նրանք՝ երկուսն էլ: Ի՞նչ մեղք ունեմ, որ իմ անվան մեջ հոլանդական մեկ անուն և մեկ ազգանուն է տեղավորվում: Եվ ամենատխուրն այն է, որ այդ արարողությունն ընդամենը կեղծ քաղաքավարություն էր. վստահ եմ, որ ոչ ոք իմ անունը չէր լսում ու չէր հիշում: Գիտեմ, որ մինչև վերջին օրն էլ նույնիսկ բաժանմունքի բժիշկներից ոչ մեկն անունս չգիտեր: Ընդհանրապես, դա նրանց պետք էլ չէր, որովհետև բացի ճնշում չափելուց ու կշռելուց ուրիշ ոչինչ չէի անում, եթե չհաշվենք բժիշկ Էյկհոֆին, որը թույլ էր տալիս սիրտ լսել, վահանագեղձ շոշափոլ, անալիզների ուղարկել, անգամ դեղատոմս դուրս գրել: Եվ ես մի ամիս հետո մեկնելու էի: Աստված գիտի՝ նրանց նորից հանդիպելու՞ էի, թե՞ ոչ:

Նրանց (կեղծ) քաղաքավարությունն արդեն ազդում էր ներվերիս վրա, բայց դրանից օգուտ էլ էի քաղում: Իմ ներկայությամբ աշխատում էին միշտ անգլերեն խոսել. հոլանդերենն անքաղաքավարություն էր համարվում, որովհետև չէի հասկանում:

Հիվանդները, ինչ տարիքի էլ լինեին, հազվադեպ էին մենակ գալիս, եթե չհաշվենք մի հատուկ խմբի, որի մասին մյուս գլխում կխոսեմ: Ավելի հաճախ ներկայանում էին ամուսնու կամ կնոջ հետ, երբեմն՝ մոր, զավակների, այլոց հետ:
Մի անգամ մեկը եկավ անվասայլակին նստածի հետ: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ հաշմանդամն է «ուղեկցում» հիվանդին: Չեմ հասկանում. մենակ չգալը նույնպե՞ս քաղաքավարություն էր, թե՞ իրոք այդքան շատ էին սիրում միմյանց:
Բայց մի անգամ մի դեպք պարզապես ցնցեց ինձ… Ներս մտան մայրը, հայրը և նրանց 20-ամյա որդին: Վերջինս հազիվ էր քայլում, շարժվում էր հատուկ սարքի օգնությամբ: Ինչպես հետո հասկացա, խոսել էլ չէր կարողանում:
Բժիշկը զննում էր, հարցեր էր տալիս, որոնց, բնականաբար, ծնողներն էին պատասխանում: Միայն մի քանի անգամ տղային դիմելուց հետո ստանում էին «այո» կամ «ոչ» պատասխանները:
- Նա խոսել չի կարողանում,- ականջիս ասաց հայրը,- դրա համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է զգում:
Քիչ անց տղային կանգնացրեցին: Մայրը պինդ բռնել էր նրան, որ չընկնի:
- Նա չի կարող ինքնուրույն կանգնել,- շարունակեց հայրը,-միշտ որևէ մեկի օգնությունն է պետք:
Ես չեմ կարող նկարագրել, թե որքան սեր, հոգատարություն և ամրություն տեսա այդ ընտանիքում: Չգիտեմ՝ ինչ կտեսնեի, եթե երեխան առողջ լիներ… Բայց խոսում են եվրոպական բարոյազրկության մասին, որ ընտանիքն այնտեղ մեծ արժեք չունի… Իսկ ի՞նչ է լինում, երբ նման երեխաներ Հայաստանում են ծնվում: Ամուսնալուծություն, մեղադրանքներ, հայհոյանքներ հարսի հասցեին, թե՝ «մեր գեները մաքուր են, էս ի՞նչ կեղտոտ գեներ ես բերել»: Վերջիվերջո, բազմաթիվ երեխաներ, որոնք մանկատներում են մեծանում, այնտեղի սարսափելի պայմանները… Եվ այնքա՜ն ցանկացա այդ սերն ու ջերմությունը հայկական ընտանիքներ բերել՝ անկախ նրանից, թե ինչպիսի երեխաներ են ծնվում:

Ծով
05.08.2008, 15:38
ԴԵ ԳԻՏԵՍ...շԱրՈՒՆԱԿԻ՛՛՛ր:love ՈՒՒՒՒՒՒՒխ...ՀԻՆ, ԼԱՎ ՕրԵրԸ ՎԵրԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ...

StrangeLittleGirl
07.03.2009, 22:17
Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

Ինեկեն գործս հեշտացնելու համար ծրագիր էր տվել, որի շնորհիվ ես հստակ գիտեի, թե որ ժամին որտեղ պետք է լինեմ: Ամենալավն ուրբաթ օրվա ծրագիրն էր թվում. առավոտյան՝ գրադարան, ցերեկը՝ տրանսսեքսուալներ: Բնականաբար, ես ամբողջ առավոտն ինտերնետում էի անցկացնելու ու հազիվ թե գիտական կայքեր մտնեի: Իսկ երկրորդ հատվածը… Շատ հետաքրքիր էր. ես կյանքում տրանսսեքսուալներ չէի տեսել:

Գրադարանում մի լավ չատ անելուց հետո (թեև գիտական կայքեր, այնուամենայնիվ, մտել էի) բարձրացա բաժանմունք, որ իմանամ, թե որտեղ է տրանսսեքսուալների ընդունելությունը: Սենյակում միայն բժիշկն Կունենն էր:
- Գնա առաջին հարկ: Բեայի սենյակը գիտե՞ս: Դրա կողքը Յոս անունով մի մարդ է նստում: Նա ամեն ինչ գիտի տրանսսեքսուալների մասին:
Յոսին հեշտությամբ գտա: Նա զարմացավ, երբ իմացավ, որ պետք է մասնակցեմ տրանսսեքսուալների ընդունելությանը, որովհետև բժշկին ուղեկցող ուսանող արդեն կար, իսկ երկրորդը շատ էր:
- Ո՞ր երկրից ես,- հարցրեց:
- Հայաստանից:
- Իմ տրանսսեքսուալ հիվանդների մեջ հայեր էլ կան… Լա՛վ, սպասիր, մի բան կմտածենք. Հայաստանում տրանսսեքսուալներ դժվար տեսնես:
Որոշվեց, որ մինչև ժամը երեքը ես եմ ներկա գտնվելու, հետո՝ հոլանդացի ուսանողուհին:

Մտա ընդունելության սենյակ: Էլենը (երիտասարդ բժշկուհի, որի ազգանունը չեմ հիշում) ներսում էր:
- Գիտե՞ս՝ այստեղ ինչ է լինելու:
- Մոտավորապես:
- Գալու են մարդիկ, որոնք ժամանակին վիրահատվել, սեռը փոխել են, բայց դեռ որոշ չափով կնոջ կամ տղամարդու տեսք ունեն: Վերանայում եմ նշանակված հորմոնները, պարզում, թե ինչպես են իրենց զգում, եթե պետք է, ճնշումը չափում, կշռում, ստուգում օստեոպորոզ սկսվել է, թե չէ:

Ներս մտավ առաջին հիվանդը: Միանգամից հասկացա, որ նախկին և ներկա սեռերը որոշելու համար պետք է հագուստին նայել. դիմագծերը ոչինչ չեն ասում: Մի խոսքով, եկողը կին էր, բայց մի ժամանակ տղամարդ է եղել: Ու կարծես ուզում էր գոռալ, բոլորի երեսին շպրտել, որ ինքը կին է: Մատներին՝ լիքը մատանիներ, պարանոցին՝ մի քանի տիպի վզնոց, դիմահարդարանքը չէր խնայել, բարձրակրունկներ էր հագել, իսկ հնաոճ շրջազգեստի մասին էլ չեմ խոսում: Դեմքը տղամարդու չէր, ոչ էլ կնոջ:
- Ի՞նչ գանգատներ ունեք,- հարցրեց Էլենը:
- Ոչ մի, եթե չհաշվենք քրոնիկական հոգնածության համախտանիշը, որով արդեն մի քանի է՝ տառապում եմ:

Հաջորդը տղամարդու շորերով էր, հետևաբար նախկինում կին է եղել: Ավելի ճիշտ, ոնց որ դեռ չէր վիրահատվել, այլ միայն դեղեր էր ստանում, որովհետև որովայնի ցավերից էր գանգատվում, իսկ բժիշկը դա մեկնաբանեց որպես մենստրուացիայի նշան. հիվանդը վերջերս ավարտել էր հակամենստրուացիոն դեղերի կուրսը:

Երրորդն առաջինին շատ նման էր, միայն թե դեռ չէր վիրահատվել, հորմոններ չէր ստացել: Տղամարդու դեմք ուներ, իսկ գլխինը կեղծամ էր, երկար մազեր չուներ:

Ու դու չես հասկանում. քեզ ծաղրու՞մ են այս մարդիկ՝ ցույց տալով, թե մի սեռի են պատկանում, մինչդեռ այդպես չէ: Հոգեբուժարանու՞մ ես գտնվում, թե՞ կրկեսում: Ընթերցող, դու կասես, որ նրանց ընտրությունն է: Համաձայն եմ քեզ հետ: Ես էլ էի այդպես մտածում մինչև տեսնելս: Բայց լրիվ ուրիշ է, երբ կնոջ հագուստով տղամարդը ձեռքդ սեղմում է ու ներկայանում.
- Էսթեր:
Դու քեզ խաբված ու ծաղրված ես զգում:

Այդպես էր այն ժամանակ, երբ տրանսսեքսուալների մասին տպավորություններս թարմ էին, իսկ ես գաղափար չունեի, թե ինչ է նշանակում տրանսսեքսուալիզմ: Թվում էր՝ հեշտ է հասկանալ. մեկը, որ իրեն հակառակ սեռի ներկայացուցիչ է զգում ու որոշում է վիրահատվել: Իսկ ես չէի փորձել խորանալ, հասկանալ, թե իրականում ինչ է այն: Եվ եթե վերջերս չանցնեինք սեքսոլոգիա առարկան, պարաֆիլիաների մեջ չքննարկեինք «տրանսսեքսուալիզմ» կոչվածը, կշարունակեի մնալ իմ կարծիքին, կմտածեի՝ այն ժամանակ ինձ ձեռ էին առնում:

Իրականում տրանսսեքսուալիզմը սեռական ինքնագիտակցության խանգարում է: Այսինքն՝ չնայած գենետիկական ու արտաքինից երևացող սեռին, նրանք իրենց զգում են հակառակ սեռի ներկայացուցիչ: Եվ դա այդքան պարզունակ չէ: Լուրջ խանգարում է, որը բնածին է լինում: Պատճառը մոր հղիության ժամանակ, երբ ձևավորվում են սեռական կենտրոնները, տարած սթրեսներն են: Մեր սեքսոլոգիայի դասախոսը կասեր. «Պատկերացրեք՝ տղամարդու մարմնում կնոջ ուղեղ է»: Մարդիկ շատ են տանջվում դրանից, փորձում քողարկել արտաքին սեռական հատկանիշները: Իսկ եթե նույնիսկ վիրահատվում են, հինգ տոկոսի մոտ ավարտվում է ինքնասպանությամբ: Ավելին՝ հասարակության մեջ նրանք մերժված են: Հաճախ վիրահատվելուց հետո փոխում են անունն ու անձնագիրը, բնակավայրը:

Չեմ մանրանա, բոլորի մասին չեմ պատմի: Կուզեի ևս երկուսին առանձնացնել և ավարտել:
Մեկը եկավ, որ արտաքինից ոչ մի կերպ չէիր կարող ասել, թե ինչ սեռի է. հագուստը սովորական էր, մազերը՝ երկար: Երբ Էլենը նրա մաշկի տակ էստրոգեն ներարկեց, հասկացա, որ նախկինում տղամարդ է եղել: Նրա նկատմամբ հարգանքով լցվեցի. իր կին լինելը չէր շպրտում մյուսների երեսին: Նրա մասին կարող էիր հանգիստ ասել, որ ընտրել է, լավ է արել, իմ գործը չէ:

Այն ժամանակ դեռ կարծում էի, որ տրանսսեքսուալիզմն ընտրովի է: Պատկերացում անգամ չունեի, որ մարդը ծնված օրվանից դատապարտված է դրան, որ առաջին նշանները կարելի է նկատել անգամ մեկից երեք տարեկան հասակում, երբ աղջիկը հրաժարվում է տիկնիկներով խաղալուց կամ տղան վազում է դեպի տիկնիկները:

Հետո մեկը ներս մտավ, որն իսկական տղամարդ էր: Նրան տեսնելիս վայրկյան անգամ չէիր տատանվի, չէիր կասկածի, որ նախկինում կին է եղել: Գուցե ճիշտ է արել, որ վիրահատվել է. երևի այն ժամանակ էլ է ավելի շատ տղամարդու նման եղել: Ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ էր:

StrangeLittleGirl
01.07.2009, 22:50
Գլուխ 10. Պլանավորված օրվա չպլանավորված ընթացքը

- Վաղը եղանակը լավն է լինելու,- ասաց Շակը, որը միշտ հետևում էր եղանակի տեսությանը:
Եթե բոլոր ուսանողները Լայդեն մեկնած չլինեին, կառաջարկեի միասին ծովափ գնալ: Իսկ ես Ակումբի միջազգային հանդիպման պատճառով մնացել էի Ամստերդամում՝ չիմանալով ինչ անել կիրակի օրը, այն էլ երբ եղանակը լավն էր լինելու:

Երկար մտորելուց հետո որոշեցի գնալ այգի, ինքս ինձ համար պիկնիկ կազմակերպել, աղոթել, Աստվածաշունչ կարդալ, գրել: Մի խոսքով, ցանկացա օրս Աստծուն նվիրել:

Առավոտյան փռվել էի անկողնուս մեջ, աչքերս փակել ու ինչ-որ խառը բաների մասին էի մտածում: Իսկ սրտիս զարկերից պարզապես ցնցվում էի: Քսան րոպե անց հասկացա, որ անիմաստ է այդպես պառկելը: Վեր կացա, բայց դուրս գնալու տրամադրություն մի տեսակ չունեի: Չլսված-չտեսնված բան է, որ կարճ ժամանակով Եվրոպա մեկնած ուսանողը վիքենդը տանն անցկացնի: Իսկ երբ հաջոր օրը բժիշկ Լիպսը հարցնի, թե ինչ եմ արել այդ երկու օրերի ընթացքում, կպատասխանեմ.
- Ոչինչ:
- Ոչի՞նչ,- կզարմանա:

Չէ’, այնքան էլ ոչինչ չէր: Օրս Աստծո հետ անցկացնելու գաղափարը վերջնականապես նահանջել էր, և ես պետք է ուրիշ անելիք փնտրեի. տանը մնալու համար հաստատ զղջալու էի:

Որոշեցի Աստվածաշնչի թանգարան գնալ: Ինտերնետում փնտրեցի, գտա: Spui կանգառի մոտերքում էր:

Երբ հասա Spui, սկսեցի շուրջս նայել, բայց ոչ մի տեղ չգտա “Bijbelsmuseum” ցուցանակը: Անգամ ինձ անհրաժեշտ Herengracht կանալը չգտա: Բայց Singel կոչվող կանալի դիմացի ափին մի եկեղեցի տեսա: “Եթե թանգարան չհասնեմ, այնտեղ կմտնեմ”,- մտածեցի:

Շատ չփնտրեցի, որովհետև արդեն ուշ էր, իսկ թանգարանը ժամը հինգին փակվելու էր: Օրեր անց միայն, չգիտեմ ինչպես, ես նպատակաուղղված քայլեցի դեպի այնտեղ. ասես դա իմ առաջին այցելությունը չլիներ, և ես անգիր գիտեի ճանապարհը:

Ինչևէ, գոնե այդ օրն Աստվածաշնչի թանգարան գնալը հետաձգվեց, և ես քայլեցի դեպի եկեղեցի:

Դժվար չէր նկատել, որ կաթոլիկ եկեղեցի էր՝ իր ողջ ճոխությամբ ու ոսկեզօծությամբ: Ես տեղավորվեցի մի նստարանի վրա ու փորձեցի աղոթել՝ ինքս ինձ վրա ջղայնանալով, որ Աստծուն սահմանների մեջ եմ դնում և Նրա հետ շփվելու համար խաղաղ բնությունը թողած գալիս եմ եկեղեցի: “Այստեղ հանգիստ ու լուռ է”,- փորձում էի ինձ արդարացնել: Բայց աղոթել չէր լինում. իմ ներսում ինչ-որ բան այնպես չէր, ինչ-որ բան չորացել էր:
- Վերջում,- հանկարծ լսեցի:
Մտածեցի, թե ինձ թվացել է, և դա կարող էր լինել հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ չգիտեմինչերեն: Երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ երեքով են. հայր, մայր, որդի: Տղամարդը տեսախցիկով եկեղեցու բոլոր անկյուններն էր քչփորում, իսկ կինն ու որդին նստել էին առաջին շարքում:
- Դու ու մաման կանգնեք, ես նկարեմ:
Նորից կարծեցի, թե ականջիս ձայներ են գալիս: Իսկ քիչ անց, երբ կինն ու տղամարդը կանգնեցին, տղան ասաց.
- Ուշադի’ր:
Նրանք հայ էին ոտքից գլուխ, ամենաիսկական, ամբողջ հոգով: Տղամարդն ուներ իսկական հայկական փոր, կինն էլ իսկական մաշված տանտիկին էր: Մի խոսքով, նրանք այնքան էին հայ, որքան Շակը՝ հոլանդացի:

Կինը նորից նստեց, իսկ ամուսինը շարունակեց շրջել ու տեսախցիկով հոտոտել: Երբ իմ կողմ նայեց, ժպտացի: Նա էլ ժպիտով պատասխանեց: Զարմանալի է. երբ Հայաստանում անծանոթ մարդկանց ժպտում ես, ժամերով հաշիվ են պահանջում, բայց այս մարդը ոչ մի բառ չասաց:

Քիչ անց դուրս եկա: Մենակ էի ու երջանիկ: Թափառում էի, խանութներ մտնում: Նորից քաղաքում տոն էր. կիրակի էր:

Երկար զբոսնելուց հետո որոշեցի, այնուամենայնիվ, այգի գնալ ու պառկել խոտերի մեջ, աղոթել կամ գրել: Սկզբում սխալ տրամվայ նստեցի: Ստիպված եղա իջնել, հակառակ կողմից նույն համարը նստել, գնալ այն կանգառը, որտեղից եկել էի: Սպասում էի ճիշտ տրամվային, երբ անձրևի կաթիլ քսվեց դեմքիս: Հետո՝ մյուսը, երրորդը… “Գուցե շուտով կտրվի… Գնամ այգի, թե ուժեղանա, կվերադառնամ”: Բայց անձրևը լրջացավ, և ստիպված անցա փողոցը, տրամվայ նստեցի, հետո՝ ավտոբուս, որ տուն հասնեմ:

Պատուհանից նայում էի անձրևի մանր կաթիլներին: Այն փափուկ էր, նման չէր երևանյան կոշտ ու ծեծող անձրևին: Նրա ձայնը ոչ թե “տը’կ-տը’կ” էր, այլ “շը՜շշ”: Ու ասես շոյում էր ասֆալտը, ոչ թե ծեծում:

Եվ ես շնչում էի անձրևային օդը: Մենակ էի, ինչպես երբեք:

StrangeLittleGirl
03.07.2009, 01:45
Երբ այս հատվածը գրում էի, չգիտեի՝ հրապարակելու՞ եմ արդյոք, թե՞ ոչ, բայց որովհետև արդեն գրեթե երկու տարի է անցել, այլևս թուլությունս թաքցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ի դեպ, վերնագիրն էլ նոր խմբագրեցի: Սա էլ կարդացեք, իսկ հաջորդն իմ սիրած գլուխներից է:

Գլուխ 11. (անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

- Այս հարցն ինձ անհանգստացնում է,- հանկարծ ասաց բժիշկ Էյկհոֆը,- դու միայնակ չե՞ս զգում Ամստերդամում:

- Դե… Կարծում եմ՝ չէ,- պատասխանեցի:

- Ընկերներ ունե՞ս:

- Հա, տարբեր երկրներից ուսանողներ կան, որոնց հետ շփվում եմ:

Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ վերջին անգամ նրանց հավաքույթին ութ օր առաջ էի գնացել, այն էլ մի ժամ մնալուց հետո տուն էի վերադարձել: Նա չգիտեր, որ ընդամենը նախորդ օրը գրադարանում պատահաբար Բրունոյին տեսա, որն ինձ տեղեկացրեց, որ երեկոյան գնալու են թեյ խմելու: Ես խոստացել էի, որ կգնամ, բայց որովհետև սարսափելի հոգնած էի (հիվանդանոցում սովորականից երկար էի մնացել), որոշել էի տնից դուրս չգալ ու հանգստանալ: Սակայն ոչ ոք չէր հիշել ինձ, որովհետև ոչ մի զանգ, ոչ մի SMS չեկավ, որ ճշտեր. միանալու՞ եմ նրանց: Հասկացա, որ այստեղ ես եմ իմ գլխի տերը: Եվ ես միայնակ չէի:

Ու չգիտես ինչու ներսից ծակոց զգացի. այլևս չէի կարող տանը մնալ: Գիրքս վերցրի, որ գնամ մոտակա կանալի մոտ, կարդամ:

Երբ դուրս եկա, զգացի, որ ցուրտ է: Փորձեցի արևոտ կողմն ընտրել, սակայն ահավոր քամոտ էր, իսկ ժակետս բավարար չափով չէր տաքացնում: Ու հանկարծ տեսա դեպի Կենտրոնական կայարան գնացող 43 համարի ավտոբուսը:

Ճանապարհին սովորականի պես գիրք էի կարդում: Ուզում էի այդ օրն ավարտել Փոլ Օսթերի “The Brooklyn Follies” –ը, որ հաջորդ օրը Ռոտերդամ գնալու ճանապարհին ուրիշ գիրք բացեմ:

Ես քայլեցի դեպի Կենտրոնական կայարանի հետևը: Չգիտեմ՝ ասել եմ, թե չէ. այդ տեղն առաջին օրերին Աննան ինձ ցույց տվեց, և ես գնում էի, երբ մենակ էի լինում, իսկ ավելի ճիշտ՝ հոգնած չէի լինում, որովհետև միշտ էի մենակ, բայց միշտ այնտեղ չէի:

Ջուր, բադեր, թեթև քամի, հանգստություն… Մի քանի էջ կարդացի ու նորից մրսեցի: Վեր կացա, որ ավելի հարմար տեղ գտնեմ: Կենտրոնական կայարանի միջով անցնելիս մտքիս մեջ “Գրքանմանի” հերթական, բայց երևակայական գլուխ էր ստեղծվում: Դա մի տեսակ տխուր թվաց. ասես մենակությունս սփոփելու վերջին… չէ, ի՞նչ վերջին… միա’կ հնարավորությունը լիներ: Ու աչքերս լցվեցին:

Իսկ Կենտրոնական կայարանի դիմաց բազմություն էր հավաքված: Այնտեղ մարդիկ միշտ շատ են, բայց սովորաբար շտապում են. չեն ուզում ավտոբուս, տրամվայ կամ գնացք բաց թողնել: Բայց այս անգամ մարդիկ մի տեղում կուտակված էին: Երբ մոտեցա, նկատեցի, որ քրիստոնյաներ են, Ավետարան են քարոզում: Ինձ մի թերթիկ տվեցին, որի պարունակությունն առանց կարդալու էլ ինձ քաջ ծանոթ էր: Իսկ մի տղա բարձրաձայն ու սպառնալից տոնով Աստվածաշունչ էր կարդում: Եվ ես չկարողացա արցունքներս զսպել՝ սգալով թե սեփական միայնությանս, թե նրա համար, որ վերջերս Աստծո հետ քիչ եմ շփվում և դրա դեմ ոչինչ չեմ կարողանում անել: Կողքս կանգնած քրիստոնյաները երևի մտածեցին, որ ապաշխարողի արցունքներ են: Իսկ ես կարծեցի, թե դա առիթ է նրանց հետ ծանոթանալու, շփվելու, այլևս միայնակ չզգալու համար: Մի պահ նույնիսկ մտքովս անցավ՝ դեպի Ռոտերդամ ճամփորդությունս հետաձգել:

Աչքերս սրբեցի ու գլուխս բարձրացրի: Նայեցի բորբոքված կարդացող տղային, հետո՝ թղթեր բաժանող աղջկան, վերջում՝ նրանց թիմի մնացած անդամներին հատ առ հատ, մեկ առ մեկ: Կոնտակտ չկար. նրանք այնտեղ չէին, նրանք չէին տեսնում ինձ: Խոսվում էր օդի մեջ, թերթիկներն օդին էին հանձնում: Ու՞մ էր պետք նրանց աշխատանքը, երբ մի քրիստոնյա իրենց աչքի առաջ իրենց է փնտրում, բայց նրանք տեղում չեն: Ու՞մ են պետք այն նորածին քրիստոնյաները, որոնք այս թերթիկները կարդալով հավատքի եկան, բայց հինգ րոպե անց ներկա կգտնվեն կրիշնայականների հավաքին:

Ներկայացումը վերջացավ: Փողոցն անցա, հենվեցի մետաղյա բազրիքին ու սկսեցի գրել այս պատմությունը… Եվ ես միայնությունից ժպտում էի տրամվայում կողքս նստած կնոջը, հեծանիվ քշող աղջկան, այս փոքրիկին, որի տիկնիկն իմ կողքն է նստել: Ու ստանում եմ պատասխան ջերմ կրակները. գուցե օրվա համար հերիքի: Լուցկի ծախող աղջկան հիշեցի:

StrangeLittleGirl
08.07.2009, 00:40
Գլուխ 12. Երբ վիրտուալը դառնում է իրականություն

Այն ժամանակ ես տասնհինգ տարեկան դեպրեսված դեռահաս էի, որի մայրը գործուղվել էր Պրահա և որն ապրում էր եղբոր հետ, իսկ միակ մտերիմ ընկերուհին արդեն ծանր հիվանդ էր: Այդ ամենին ավելացնենք, որ ամառ էր, հետևաբար դեպրեսվելու ժամանակն անսահման էր: Ու էդպես մի օր իմ անկումային տրամադրությամբ հայտնվեցի AlanisUtopia ֆորումում: Այն ժամանակ տարված էի երգչուհի Alanis Morissette-ի երգերով: Հիմա էլ էնպես ոչինչ:

Մտա ու սկսեցի գրառումներ անել: Զարմանալի էր. ինձ չափից դուրս լավ ընդունեցին: Եվ այդ սարսափելի պահերին, երբ ինքնասպանության մասին էի երազում, մարդիկ գտնվեցին, որ ինձ հետ պահեցին: Նրանք ինձ բնավ չէին ճանաչում, երբեք չէին տեսել, բայց շատ լավ էին հասկանում դեռահասային անկումներս, կիսում էին մենակությունս: Նրանք էին Պոլը, Լիկեն և Ռոզին: Առաջին երկուսը հոլանդացի են, երրորդը՝ իտալացի: Ու կապվեցի նրանց հետ, անչափ շատ սիրեցի: Աստիճանաբար այնպես ստացվեց, որ նրանք ինձ ավելի լավ ճանաչեցին, քան ինձ շրջապատող մարդիկ: Նրանք խորանում էին, նրանք տեսնում էին հենց ինձ:

Ճիշտ է՝ այն ժամանակ շատ ուրիշ վիրտուալ ընկերներ էլ ունեի, բայց ամենամտերիմն ու թանկը 12-ամյա Լիկեն, 36-ամյա Պոլը և 27-ամյա Ռոզին էին: Իսկ իրականությունը մշուշ էր դառնում, կամաց-կամաց անհետանում էր: Իմ ամբողջ կյանքն ուտոպիայում էր: Եվ հենց այդ ժամանակ Իտալիան ու Հոլանդիան իմ երազանքի երկրները դարձան. ուզում էի Լիկեի, Պոլի և Ռոզիի հետ իրական կյանքում էլ շփվել:

Տարիներ անցան: Այդ ուժեղ կապը կամաց-կամաց կորավ: Ռոզին արդեն ամուսնացել է, մի քանի ամսական աղջիկ ունի: Վաղուց նրա հետ չեմ շփվել: Լիկեն մեծացել է: Հազվադեպ ենք խոսում, այն էլ միայն Ամստերդամի ու Աննա Ֆրանկի մասին:

Ու թեև սերն ու կապվածությունը կամաց-կամաց մարեցին, քանի որ դուրս եկա ինտերնետից և իրական կյանք մտա, երազանքը մնաց. դեռ ուզում էի մեկնել Հոլանդիա կամ Իտալիա:

Եվ ահա մի օր հանկարծ երազանքս իրականանում է. ես գալիս եմ Հոլանդիա: Անմիջապես Պոլին տեղեկացնում եմ այդ մասին: Լիկեն էլ է իմանում, բայց հանդիպման մասին չի ակնարկում: Աննին, որը նույնպես իմ վիրտուալ մտերիմներից է ու որի մասին հաստատ մի օր առանձին երկար-բարակ կպատմեմ, հայտնում է, որ օգոստոսին արձակուրդ չունի, բայց մի շաբաթ-կիրակի անպայման Գերմանիայից կգա Հոլանդիա:

Երբ պլանավորում էի Հոլանդիայում գտնվելուս շաբաթ-կիրակիները, այնպես ստացվեց, որ մեկը տրամադրվեց Ռոտերդամին, որտեղ Պոլն է բնակվում, իսկ մյուսը պիտի Աննիի հետ անցկացնեի: Հիմա դրանցից առաջինի մասին եմ պատմելու:

Պոլի ասած ելքով դուրս եկա Ռոտերդամի Կենտրոնական կայարանից: Անմիջապես ճանաչեցի նրան: Ակնոցներով էր, սպիտակ շապիկով, կախ ընկած օվալաձև հսկայական փորով, որը կլորանում էր, երբ նստում էր, և մաշված ջինսե տաբատով, որը փորից մի քիչ ներքև կարկատան էր կրում: Երևի Պոլն էր արել, որովհետև շատ կոպիտ էր՝ իսկական տղամարդու ձեռքի գործ:

Առաջարկեց մտնել խանութ գնումների: Երբ ուզում էի ինքս վճարել (վերջիվերջո, ընթրիքիս ու նախաճաշիս համար էր այդ ամենը, և Պոլը տարիների ընթացքում միշտ նեղվում էր փողի պակասից), թույլ չտվեց:
- Ես հիմա շատ փող ունեմ,- ասաց,- մորս տունը ծախել եմ, և պարտքերս վճարելուց հետո ինձ քսանհինգ հազար եվրո մնացել է: Ճիշտ է՝ հարուստ չեմ: Շուտով իմ տունն էլ կծախեմ ու հիսուն հազար կունենամ: Այդ ժամանակ իսկապես հարուստ կլինեմ:

Հասանք տուն: Մուտքի մոտի աստիճանները կոտրված էին:
- Ժամանակ չեմ գտնում, որ նորոգեմ,- արդարացավ:
Դուռը մաշված էր:
- Անընդհատ ուզում եմ ներկել, բայց հետաձգում եմ:
Մտանք: Դուռը ներսից փակվում էր առանց բանալու՝ զուգարանի դռան նման:
- Այստեղ ապահով է. գողեր չկան:
Երկար ու նեղ միջանցքով առաջ շարժվեցինք, աստիճաններով բարձրացանք:
- Սա իմ հյուրասենյակն է,- ներկայացրեց Պոլը,- ես երկու բազմոց ունեմ, բայց ոչ մեկից չեմ ուզում հրաժարվել:
Ճիշտ էլ անում էր, որովհետև մեկի վրա ես էի փռվում, մյուսի վրա՝ նա:

Նույն հարկում էին նաև խոհանոցն ու զուգարանը: Առաջինը շատ փոքր էր ու կեղտոտ, վաղուց վերանորոգման կարիք ուներ: Իսկ զուգարանը տան միակ իդեալական մաքուր վայրն էր, որտեղից փնթիության հոտ չէր գալիս, սակայն մի անհարմարություն ուներ. լվացարան չկար: Դրա համար էլ բնական պահանջներդ հոգալուց հետո ստիպված ես լինում մի հարկ բարձրանալ, որ լողարանում լվացվես:

Վերևում իմ ու Պոլի սենյակներն էին և լողարանը: Իմ սենյակի պատերից մեկը կտուրի թեքություն էր կրում: Կահավորանք առանձնապես չկար. մի մատրաս, որի վրա պետք է քնեի, սեղան, որի փոշին դարերով ոչ ոք չէր սրբել, մի աթոռ, որը որպես սեղան էր ծառայում, և ջարդած դռներով պահարան:

Պոլի սենյակում այդպես էլ չեղա:
- Դու համակարգիչ օգտագործելու՞ ես: Եթե այո, ապա ստիպված եմ այն ներքև իջեցնել, որովհետև սենյակս չեմ հասցրել հավաքել: Ամաչում եմ:
Տան թափթփվածությունն ու կեղտոտությունը տեսնելուց հետո ես օրեր շարունակ երևակայությանս զոռ էի տալիս, որ պատկերացնեմ, թե ինչ աստիճանի կեղտոտ է, որ ամաչել է, որ մտնեմ:

Լողարանը դուռ չուներ: Փոխարենը մուտքի մոտ մի պարան կար, վրան՝ սպիտակ սավաններ, որոնք վարագույրի պես կարող էիր քաշել լողարանից օգտվելու ժամանակ: Հատակին մի հսկայական փալաս կար: Այդպես էլ չհասկացա՝ ինչի համար է:

“Մենակ տղամարդ է, դրա համար է տունն այս վիճակում”,- մտածեցի: Բայց աչքիս առաջ եկավ մեկ այլ մենակ տղամարդ՝ Շակը, որի մաքրասիրությունը նկարագրել հնարավոր չէ:

Միայն փնթիությունն ու թափթփվածությունը չէին, որ իշխում էին այդ տանը: Աղքատությունը նույնպես իր խորը հետքն էր թողել: Եվ ես զարմանում էի, թե ինչպես էր այս միայնակ ու աղքատ մարդը, որը հաստատ ավելի շատ պատճառներ ուներ կյանքից դժգոհելու, քան ես, կարողանում ինձ աջակցել այն պահերին, երբ նույնիսկ ապրել չէի ուզում:

Չեմ մանրանա ու չեմ նկարագրի, թե ինչ հավես ժամանակ անցկացրինք այդ երկու օրերի ընթացքում: Այստեղ ավելի շատ Պոլի մասին կխոսեմ:

Թեև արդեն հինգ տարի էր, ինչ նրան գիտեի, այդ երկու օրերի ընթացքում շատ ավելի իմացա:
Ես նկատել էի, որ անցյալում կենսաբանության հետ կապ էր ունեցել, որովհետև երբ դասերիցս էի պատմում, խելացի մեկնաբանություններ էր անում, երևում էր, որ հասկանում է:
- Երազում էի քաղցկեղի բուժումը գտնելու մասին: Ուզում էի մի համակարգ ստեղծել, որը կգտներ քաղցկեղածին գեները և կվերացներ: Դրա համար կենսաբանության ֆակուլտետ ընդունվեցի և երկու տարի սովորելուց հետո դուրս մնացի: Մեղավորը նրանք էին, հետո ինձ հետ կանչեցին, բայց չգնացի:

Գիտեի, որ ծրագրավորող է:
- Ուստի որոշեցի քաղցկեղին մյուս՝ համակարգչային կողմից մոտենալ: Սակայն այդ ժամանակ հայրս մահացավ: Բոլորը համոզում էին, որ շարունակեմ ուսումս, բայց ես տրամադրություն չունեի: Հետագայում ծրագրավորման մասնավոր դասընթացներ գտա: Այսպես էր. շաբաթվա չորս օրը սովորում էի, մեկ օր՝ աշխատում: Երկու ամիս անց երեք օր էի սովորում, երկու օր՝ աշխատում: Ու այդպես այնքան, մինչև ամբողջ շաբաթը սկսեցի աշխատել: Աշխատավարձս կամաց-կամաց բարձրանում էր: Ամիսը 3500 եվրոյի չափ ստանում էի, և դա վատ չէր:

Մեր ծանոթության հենց առաջին օրվանից ասել էր, որ մկնիկ բռնելու հետ ինչ-որ խնդիր ունի. ձեռքը թուլանում է: Այն ժամանակ ես լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
- Ես չեմ կարողանում ձեռքերս երկար օգտագործել. ո’չ տպել, ո’չ արդուկել, ո’չ որևէ այլ բան անել: Դրա համար ոչ մի աշխատանք չեմ ճարում: Երևի միակ բանը, որ կարող եմ անել, ռեստորանի դռնապան աշխատելն է. ընդամենը պետք է դուռ բացեմ-փակեմ:

Ես գիտեի, որ մենակ է ապրում, իմացել էի, որ մայրը մահացել է, բայց չէի պատկերացնում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի մտածել, թե որքան միայնակ է:
- Ես միայն մի ընկեր ունեմ, որի հետ ժամանակ առ ժամանակ չինական ռեստորան եմ գնում: Հա’, մեկ էլ Ուտոպիայի անդամները: Ուրիշ ոչ ոք չունեմ:

Ուրիշը լիներ, գուցե մտածեի, որ սուբյեկտիվ է. երբեմն ես էլ եմ նման մտքեր արտահայտում, բայց չէ’, Պոլը չէր չափազանցնում: Եթե նույնիսկ ոչինչ չասեր, տեսածս լիովին բավական էր, որ ուղեղիս մեջ տպվի նրա միայնության պատկերը:

Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:
- Երբ լավ էի վաստակում, սիրում էի ընկերներիս համար նվերներ գնել: Երբ հաշմանդամ դարձա, սկսեցին ավելի քիչ վճարել, և ընկերներս էլ կամաց-կամաց կորան:
Այդ շաբաթ-կիրակին երազի նման էր: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հենց նույն Պոլն էր: Հետո՞ ինչ, որ լուսանկարների միջի գեր տղամարդուց չէր տարբերվում: Չէ՞ որ դա ընդամենը անշարժ պատկեր էր: Ես չէի տեսել նրան շարժվելիս, չէի լսել նրա ձայնը, չէի կերել նրա պատրաստած սպագետին:

Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, և ես միայն մի պահ ընդունեցի, որ նույն մարդն է, երբ շաբաթ երեկոյան քնելուց առաջ ասաց իր մշտական MSN-ական հրաժեշտի խոսքը. “Goodnight sweetie.”

Lanterfant
13.07.2009, 20:20
Զարմացա, երբ հետաքրքրությունից ֆորումի մեջ որոնեցի «Հոլանդիա» բանալով, և գտա այս թեման: Բառարանի օգտագործելու հետ կարդացի առաջին գլուխները, մինչ պահը, որին առաջին անգամ ծովը տեսար (որևէ պատճառով ենթադրեցի, որ մեծ մասամբ ինքնակենսագրական պատմվածք է ... իհարկե ասա, եթե լիովին սխալվում եմ): Շատ հետաքրքիր ու հուզիչ է, մասնավորապես հատվածներ մաքսատնան օդանավակայանում, կարմիր լապտերների թաղամասում, ծովափում և այլն: Իմ հայերեն սովորելու համար պարզ գրելակերպդ շատ օգտակար է, իսկ էլ առաջին անգամ է որ այսպիսի հրաշալի տեսանկյանից եմ դիտում իմ բնակավայրն ու երկիրը: Անպայման շուտով կշարունակեմ կարդալ մինչև վերջ:

StrangeLittleGirl
28.08.2009, 00:51
Գլուխ 13. Բոլոր հնարավոր տարբերակները

Սա ամենաձանձրալի գլուխն է: Մեծ հաճույքով բաց կթողնեի, բայց որովհետև գրել եմ, որոշեցի ամեն դեպքում տեղադրել:Ոչինչ, էս մեկը թռեք:

Չեմ ուզում մոռանալ Ամստերդամում անցկացրած այդ հիանալի ամիսը: Ուզում եմ հիշել բոլոր վայրկյանները, զգացողությունները, փորձությունները: Եվ որպես այդ ամենի անբաժանելի մասնիկ ուզում եմ պատմել իմ սովորական աշխատանքային օրվա մասին:

Ես կարթնանամ առավոտյան 6:10-7:10 ընկած ժամանակահատվածում: Կոնկրետ ժամը կախված է նրանից, թե երբ են ինձ կանչել հիվանդանոց: Իսկ դա կարող է խիստ տարբեր լինել (օրինակ՝ 8:10 կամ 8:25): Սովորաբար աչքերս բացում եմ զարթուցչի առաջին զնգոցից, բայց երբեմն մի քանի վայրկյան անց եմ արթնանում: Իսկ դա կախված է քնիս խորությունից: Ոտքի կկանգնեմ ու մի քանի վայրկյան շշմած շուրջս կնայեմ: Հետո կսթափվեմ, կմտնեմ ցնցուղի տակ, կհագնվեմ, անկողինս կհավաքեմ, այսինքն՝ մատրասս պատին կհենեմ, բարձս աթոռին կդնեմ: Դառը թեյ կխմեմ որևէ քաղցրավենիքով: Նորմալ նախաճաշել չեմ կարողանում. սիրտս խառնում է: Տանտերս կարող է դեռ քնած լինել կամ արդեն արթնացած: Ու նա կշրջի տնով մեկ՝ մենակ տրուսիկով:

Կգնամ կանգառ: Ավտոբուսը կամ միանգամից կգա, կամ ստիպված կլինեմ սպասել ամենաշատը 14 րոպե: Այդ ընթացքում գիրքս կբացեմ, կկարդամ: Ավտոբուսով տասը րոպեում կհասնեմ Կենտրոնական կայարան, տրամվայ կնստեմ: Կես ժամ տևող ճանապարհի ընթացքում կամ կքնեմ ու կարթնանամ իմ իջնելու տեղից երկու-երեք կանգառ առաջ, կամ գիրք կկարդամ, կամ պարզապես կմտածեմ: Ու միայն մի անգամ այնպես էի քնել, որ աչքերս բացեցի, երբ տրամվայը հասել էր վերջին կանգառին, բոլորն իջել էին, նույնիսկ վարորդը:

-1 հարկից կմտնեմ հիվանդանոց, նոր խալաթս կստանամ, կգնամ հանդերձարան, իրերս կտեղավորեմ պահարանիս մեջ, կվերցնեմ միայն ինձ անհրաժեշտը (հեռախոս, բլոկնոտ, գրիչ, ֆոնէնդոսկոպ, պահարանիս բանալին, օրակարգիս թուղթը և անպայման badge-ս): Կվազեմ առաջին հարկ, կքայլեմ դեպի պոլիկլինիկա: Օրվա առաջին կեսը մի բժշկի հետ հիվանդ ընդունելով կանցկացնեմ: Եթե շուտ վերջացնեմ, կվազեմ գրադարան, ինտերնետ կմտնեմ:

Կեսօրին կքայլեմ դեպի ճաշարան: Կվերցնեմ իմ մշտական աղցանն ու սուպը, բայց երբեմն ուրիշ բան կփորձեմ ու կփոշմանեմ: Կնստեմ մի անկյունում, ինչպես միշտ՝ մենակ, ինչպես միշտ՝ լուռ, ինչպես միշտ՝ արագ: Հետո կգնամ ծրագրիս երկրորդ մասին՝ մեկ այլ, երբեմն՝ նույն բժշկի մոտ:

Կվերջացնեմ ժամը չորսի կողմերը, երբեմն՝ շատ ավելի շուտ կամ շատ ավելի ուշ: Մի անգամ մինչև ժամը վեցը պրոֆեսոր Լիպսը պահեց, որովհետև ինձ հետաքրքրող հիվանդ կար ստացիոնարում:

Ուրախացած կվազեմ -1 հարկ, իրերս կվերցնեմ, խալաթս կեղտոտ շորերի մեջ կուղարկեմ, և կանաչ լույս կվառվի, որ ընդունել է: Դուրս կգամ, կնստեմ տրամվայ: Կամ կեսից կիջնեմ, կթափառեմ, որոշ խանութներ կմտնեմ, իսկ վերջին օրերին՝ թանգարան թանգարանի հետևից կմտնեմ, ինչպես միշտ՝ մենակ: Երբեմն էլ մորաքրոջս կայցելեմ, միասին կընթրենք: Իսկ եթե հոգնած լինեմ, տուն կգնամ այնպես, ինչպես եկել էի: Տրանսպորտի մեջ կամ կկարդամ, կամ ոչ, բայց երբեք չեմ քնի:

Թե տուն գամ, որևէ բան կուտեմ, հետո կնստեմ կոմպի մոտ, կխոսեմ զանազան մարդկանց հետ, մեյլեր կգրեմ: Գուցե գիրք կարդամ կամ գրեմ: Եթե նույնիսկ ահավոր հոգնած լինեմ, չեմ պառկի. միայն երկու անգամ եմ ցերեկը քնել՝ առաջին երկու օրերին:

Ու միշտ-միշտ գիշերը ժամանակին կքնեմ: Կարթնանամ մոծակների տզզոցից ու խայթոցի քորից, կամ նրանք կորոշեն ինձ հանգիստ թողնել: Զանազան ու տարօրինակ երազներ կտեսնեմ, բայց հաճախ նաև զզվելի անքնություն կունենամ, որի պատճառով հաջորդ օրը ստիպված կլինեմ մի քանի անգամ սուրճ խմել:

Իսկ եթե ուրբաթ լինի, կուրախանամ. շաբաթ-կիրակին տոն է:

StrangeLittleGirl
28.08.2009, 00:54
Գլուխ 14. Աննին, Միչը, Պոլն ու ես

Իսկական 14-րդ գլուխը հանեցի, էս մեկը նոր հորինեցի, որովհետև ուղղակի չէի կարող Աննիին բաց թողնել: Էնպես որ շատ բաներ բաց եմ թողել, մոռացել, գուցե շփոթում եմ: Ինչևէ, սա վերջին գլուխն էր, սրան կհետևի վերջաբանը:

Գերմանուհի Աննիի հետ նույնպես նույն ֆորումում եմ ծանոթացել, բայց իմ՝ այնտեղ գրանցվելու մի տարի հետո: Պրահայում էի գտնվում, երբ նրանից նամակ ստացա, ու այդպես սկսկվեց մեր մտերմությունը: Աննիին առանձնացնում եմ մյուսներից, որովհետև նրա դեպքում վիրտուալն այնքան էլ շատ չէր: Կարճ ժամանակ անց իրար նամակներ ու նվերներ էինք ուղարկում փոստով, իսկ մեր ծանոթությունից երկու տարի հետո նա եկավ Հայաստան... հատուկ ինձ տեսնելու համար: Հետո, մենք գիտեինք մեկս մյուսիս ամենանվիրական գաղտնիքները ու պինդ-պինդ պահում էինք:

Հայաստան գալուց մի տարի հետո էլ հանդիպել ենք Գերմանիայում: Ես Դրեզդեն քաղաքում էի, և նա իր բնակավայրից եկավ-հասավ, որ ինձ տեսնի: Էնքան հետաքրքիր վիճակ էր: Դրեզդեն առաջին անգամ էր գալիս: Իսկ որովհետև ես արդեն գրեթե մի ամիս այնտեղ էի, տանում էի նրան տեսարժան վայրերը, հետաքրքիր ծակուծուկերը, թեև դրանք բավական քիչ էին այնտեղ:

Հաջորդ տարի էլ միայն մի վիքենդով եկավ Ամստերդամ: Խնդրեց, որ Միչին՝ ֆորումի իր ընկերներից մեկին, որին գիտեի, բայց առանձնապես մտերիմ չէի, հետը բերի:

Ես գնացի Կենտրոնական կայարան, որ նրանց դիմավորեմ: Առաջինը Միչը եկավ: Նկարները շատ էի տեսել, բայց երբ ռեալում ցցվեց դիմացս, մի պահ վախեցա: Երևում էր՝ որևէ հոդային հիվանդություն ունի, հավանաբար ռևմատոիդ արթրիտ, որովհետև ձեռքերի մատները խիստ դեֆորմացված էին, իսկ ինքը կաղալով էր քայլում:

Տասը րոպե էլ չանցավ, երբ Աննիի գնացքն էլ ժամանեց, Պոլն էլ եկավ Ռոտերդամից: Ու մենք միասին սկսեցինք չափչփել Ամստերդամը: Գազանանոց գնացինք, որը, ասում են՝ ամենահինն է Եվրոպայում կամ ամենահներից մեկը: Բայց ինձ այնքան էլ դուր չեկավ. տեղը նեղ, կենդանիները ոչ այնքան բազմազան: Միակ լավ բանն այն էր, որ այնտեղ թիթեռների տուն կար: Էնքան հավես է. մտնում ես ջերմոցային մի տարածք, որտեղ մեծ-մեծ թիթեռներ են թռչում վրայովդ, գալիս, նստում մազերիդ, փախչում, չարաճճիություններ անում: Նման բան աշխարհի ոչ մի գազանանոցում չէի տեսել, բայց առանձին թիթեռների տանը եղել էի Վիեննայում: Հետագայում, երբ եկա ու ոգևորված սկսեցի պատմել, թե Վիեննայում էսպիսի բան կար, շատերը, չնայած այդ քաղաքում մի քանի անգամ եղել էին, զարմացան, որովհետև երբևէ չէին լսել թիթեռների տան մասին:

Հետո էլի տարբեր տեղերում եղանք, զվարճացանք, կատակեցինք, վախեցանք: Ու շատ հաճախ սրճարաններում ու ռեստորաններում հաշիվը Պոլն էր փակում՝ իր սեփական պնդմամբ ու նախաձեռնությամբ:

StrangeLittleGirl
28.08.2009, 16:49
Վերջաբանանման

Էլի շատ բան կար պատմելու, բայց հենց հասա Երևան, բախվեցի այստեղի խնդիրներին, ու Ամստերդամում անցկացրածս մի ամիսը միանգամից փոքրացավ, տեղավորվեց հիշողությանս անկյուններից մեկում, դարձավ միայն իմը: Ու երբ ամեն անգամ վերցնում էի գրիչս, որ շարունակեմ “Գրքանմանը”, զգում էի, որ ներսից ինչ-որ բան խեղդում է, և շատ պատմություններ մնացին այդպես էլ չգրված: Հավաքելով այդ կցկտուր նշումները՝ այն ժամանակվանից երկու տարի անց փորձում եմ դարձնել մի փոքրիկ վերջաբան:

Ես չեմ պատմի, թե ինչպես անցավ վերջին օրս հիվանդանոցում: Մինչև հիմա դարակներիս խառնշտորած թղթերի մեջ պահում եմ այն թղթի կտորը, որի վրա բժիշկ Էյկհոֆն իր էլեկտրոնային հասցեն գրեց և պատվիրեց, որ հարցեր ունենալու դեպքում կապվեմ: Մինչև հիմա չեմ գրել ու չեմ էլ գրելու: Չգիտեմ՝ ինչու դեն չեմ նետում թղթի կտորը, որը մի ավելորդ բեռնվածություն է մնացած անպետք թղթի կտորների կողքին:

Ընթերցո’ղ, գիտե՞ս, թե ինչպես էի տխրում, երբ վերջին անգամ բացում էի պահարանս, վերջին խալաթս նետում կեղտոտ շորերի մեջ, հերթով հրաժեշտ տալիս բժիշկներին: Հենց այդ նույն օրը Պոլը եկավ Ամստերդամ, որ միասին որևէ հետաքրքիր բան մտածենք վերջին օրվա համար: Այդպես էլ ոչինչ չարեցինք: Ուղղակի չափչփեցինք Ամստերդամի թաղամասերը ու նեղլիկ փողոցներից մեկում միասին կոլա խմեցինք: Իսկ հաջորդ օրը երեկոյան արդեն Երևանում էի:

Ես Ամստերդամը շատ սիրեցի: Հիշում եմ՝ ինչպես էի նայում ջրերին, երբ օդանավակայան գնալուց առաջ մի վերջին անգամ տնից դուրս էի եկել: Ու տեսնում էի արտացոլանքս, որը քիչ անց անհետանալու էր ու կորչեր: Չէ’, չարտասվեցի: Ամստերդամը բարի է. սրբում է արցունքներս, որոնց պատճառը հեռվում է: Ու ես հասկացա, որ մի օր նորից վերադառնալու եմ՝ լինի դա վաղը, թե տարիներ անց: Գալու եմ, որովհետև Ամստերդամն ինձ սիրում է, որովհետև մենակությունն այստեղ իր համն ունի, ու ոչ մի տեղ երեկոն այնպես չի ճանապարհում ինձ, ինչպես Ամստերդամում:

Վերջ

Magic-Mushroom
05.07.2010, 00:49
Այս թեման ինչպես կարելի է անտեսել,կարծես մանկությունս եմ ապրում,ինչպես շուտ չէի նկատել այս հիասքանչ թեման!բոլորին խորհուրդ կտամ կարդալ ամենասկզբից,ապրես Բյուր ջան,շատ լավ ես նկարագրել իմ հայրենիքը ու անկողմնակալ,իրոք որ Նիդերլանդները ազատությունների քաղաքն է,Առաջ Նիդերլանդներ:love:love:love

StrangeLittleGirl
05.07.2010, 00:59
Այս թեման ինչպես կարելի է անտեսել,կարծես մանկությունս եմ ապրում,ինչպես շուտ չէի նկատել այս հիասքանչ թեման!բոլորին խորհուրդ կտամ կարդալ ամենասկզբից,ապրես Բյուր ջան,շատ լավ ես նկարագրել իմ հայրենիքը ու անկողմնակալ,իրոք որ Նիդերլանդները ազատությունների քաղաքն է,Առաջ Նիդերլանդներ:love:love:love

Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար :) Կարծում եմ՝ շուտով քաջությունս կհերիքի, որ երկրորդ ճամփորդությանս մասին էլ գրեմ, բայց դա մի քիչ ուրիշ կառուցվածք ունի, համ էլ ավելի կարճ է:

Magic-Mushroom
05.07.2010, 02:10
Ու ես հասկացա, որ մի օր նորից վերադառնալու եմ՝ լինի դա վաղը, թե տարիներ անց: Գալու եմ, որովհետև Ամստերդամն ինձ սիրում է, որովհետև մենակությունն այստեղ իր համն ունի, ու ոչ մի տեղ երեկոն այնպես չի ճանապարհում ինձ, ինչպես Ամստերդամում:

Ոսկե խոսքեր են,շատ եմ կարոտել Ամստերը,բայց ծնողներս հիմա Ամստերից գնացել են ճանապարհորդության,ես էլ չեմ ուզում հիմա գնամ Ամստեր մենակ մնամ,ափսոս կաննաբիսի թանգարան չգնացիք,կամ էսքեյփ գիշերային ակումբ,հետո երեւի նկատել ես,որ կարմիր լապտերնտրի փողուցում երկու տարբեր լույսեր էին վառվում,մեկ էլ ուզում եմ ասել,որ կարմիր լապտերների փողոցի աղջիկները իրենց կամքով են կանգնած ու միշտ ստուգվում են ու պետությանն էլ հարկ են մուծում,հա իսկ մեր կակաչների տեսականին դուրդ եկավ!:)

StrangeLittleGirl
05.07.2010, 11:36
Ոսկե խոսքեր են,շատ եմ կարոտել Ամստերը,բայց ծնողներս հիմա Ամստերից գնացել են ճանապարհորդության,ես էլ չեմ ուզում հիմա գնամ Ամստեր մենակ մնամ,ափսոս կաննաբիսի թանգարան չգնացիք,կամ էսքեյփ գիշերային ակումբ,հետո երեւի նկատել ես,որ կարմիր լապտերնտրի փողուցում երկու տարբեր լույսեր էին վառվում,մեկ էլ ուզում եմ ասել,որ կարմիր լապտերների փողոցի աղջիկները իրենց կամքով են կանգնած ու միշտ ստուգվում են ու պետությանն էլ հարկ են մուծում,հա իսկ մեր կակաչների տեսականին դուրդ եկավ!:)

Ես որ գնացի, խելոք աղջիկ էի. ոչ գիշերային ակումբ, ոչ որևէ տեսակի թմրանյութ... Քանի որ մենակ էի, ես էի գլխիս տերը, պետք է հնարավորինս սթափ լինեի: Իսկ կարմիր լապտերների երկու տեսակի լույսերի մասին իմացել եմ երկրորդ այցելությանս ժամանակ: :)) Կգրեմ դրա մասին: Հա, ի դեպ, կակաչների լիքը սոխուկներ եմ բերել Երևան: Հույս ունեմ՝ մյուս տարի կծաղկեն :)

Ռուֆուս
05.07.2010, 12:40
Հլը էդ կարմիր լապտերների երկու տարբեր լույսերի մասին մի քիչ մանրամասն պատմեք, էլի... :)

StrangeLittleGirl
05.07.2010, 13:08
Հլը էդ կարմիր լապտերների երկու տարբեր լույսերի մասին մի քիչ մանրամասն պատմեք, էլի... :)

Համբերի :)) Անցյալ տարվա պատմությանս մեջ կա ;)

Magic-Mushroom
05.07.2010, 13:36
Բյուր պատկերացնում ես հայ տուրիստների դեմքի արտահայտությունը,երբ սխալ լույով սենյակը մտնեն կարմիր լապտերի փողոցում:)):lol:lol
հա մեկել ուզում էի հարցնել քեզ դուր եկան մեր պանիրները ու ոստիկանները!

StrangeLittleGirl
05.07.2010, 14:52
Բյուր պատկերացնում ես հայ տուրիստների դեմքի արտահայտությունը,երբ սխալ լույով սենյակը մտնեն կարմիր լապտերի փողոցում:)):lol:lol
հա մեկել ուզում էի հարցնել քեզ դուր եկան մեր պանիրները ու ոստիկանները!

Հա, բայց հետաքրքիր էն ա, որ «սխալ լույս» ես չեմ տեսել: :D Ուղղակի երկրորդ այցելությանս ժամանակ, երբ Ուտրեխտն էին ցույց տալիս մեզ, ասեցին, որ էնտեղ, ի տարբերություն Ամստերդամի, «սխալ լույս» չկա :))

Պանիրները էն էլ ոնց դուր եկան, իսկ ոստիկանների հետ ինչ-որ չեմ առնչվել, եթե չհաշվենք ծովափում լողալիս մեր գլխավերևում դղդրացող ոստիկանական ուղղաթիռները :))