PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հրո երկիր» շարան



Chuk
28.07.2007, 16:49
Սիրելի ակումբցի, սիրով քեզ եմ ներկայացնում իմ նոր, թեև դեռևս անավարտ ու անմշակ շարանի առաջին գործերը, խոստանալով առաջիկայում ներկայացնել հաջորնդերը: Շարանի կապերը կգտնես ինքդ: Իսկ այդ ընթացքում ես համեստորեն կսպասեմ թե՛ քո գովասանքին, թե՛ քննադատությանը: Հաճելի ընթերցում եմ կամենում:

«Հրո երկիր» շարան

Հրե երկիր

Դու իմ երկիրն ես,
Հողով հրակեզ…

Արև հրավառ,
Սարեր հրաշար,
Ժայռեր հրապատ,
Ծառեր հրազարդ…

Աշնանն հրաստեղծ,
Բույսով հրամերձ,
Մրգով հրահամ,
Սերմով հրացան…

Խոսքով հրահատ,
Լեզվով հրազարկ,
Զենքով հրաջարդ,
Դեղով հրամարդ…

Դու իմ երկիրն ես,
Թեկուզ հրե ես…



Հրակեզ

Դու իմ երկիրն ես, թեկուզ հրե ես,
Ու իմն է նաև հողդ հրակեզ…

Ոտքերս խանձող քո հրե հողը,
Մաշկս թրծում է, ուժգին այրող է,
Այդ հրե հողի ամեն փշուրը,
Շիկացած ածուխ, այրող մրուր է…

Այդ ջրի ծարավ հողը շիկացած,
Ծերունու մաշկ է ասես ճաքճքած,
Իսկ այդ ծերունին թիկնել արևին,
Ջրի փոխարեն տրվել է շողին…

Արդ իմն է այդ ծեր հողդ հրակեզ,
Որն արևի դեմ հպարտ փռել ես…


Հրավառ

Արդ իմն է այդ ծեր հողդ հրակեզ,
Որն արևի դեմ հպարտ փռել ես,
Ու իմն է նաև արևն հրավառ,
Որ այդքան թեժ է միայն քեզ համար:

Այդ հուր արևն է իր ջերմ շողերով,
Շոյում ու գգվում մարդուն կարոտով,
Իսկ հետո գնում ու նույն քնքշանքով,
Լճի ջրերն է փայլեցնում հրով:

Խոտ ու ծաղկի հետ ուրախ խաղալով,
Մոլոր թիթեռին աչքով անելով,
Հանկարծ ողջ ուժով զարկում չոր ծառին,
Անտառամիջի հրդեհ ծնողին…

Ու թևածում է արևն երկնքում,
Իր հրե շնչով աշխարհին տիրում,
Հանդ-անդաստանով, ժայռով քարքարոտ,
Գետով, սարերով շրջում է կրքոտ…

Հա՛, երկիր, իմն է արևն հրավառ,
Պահ մի՛ տուր սարին միայն քեզ համար…


Հրաշար

Հա՛, երկիր, իմն է արևն հրավառ,
Պահ մի՛ տուր սարին միայն քեզ համար,
Այդ շուրջպար բռնած սարերն հրաշար,
Չեն թաքցնի ինձնից արևն իմ անմար...

Տեսնում ես, շարվել, ուս ուսի տվել,
Ինչպես կրակի անթիվ լեզվակներ,
Իրենց մեջ առել հրակեզ հողդ,
Բայց չեն թաքցնում հրե արևդ...

Ամեն առավոտ արևն զարթնելով,
Սարի ետևից գլուխն հանելով,
Ու ողջ երկինքը կրակի տալով,
Ճարպիկ շարժումով թողնում է, փախնում,
Երկնի մեջտեղից սարիդ է ժպտում,
Ու չարաճճի աչքով է անում:

Միայն գիշերն է արևը իմ վառ,
Թաքնվում սարիդ ետևը հարմար,
Ու քո սարերը արևին պահում,
Գիշերը նրան պահակ են կանգնում,
Որ նրա քունը ոչ ոք չընդհատի,
Որ արևն իմ վառ այդչափ չհոգնի...

Երկի՛ր, ուս-ուսի տված են կանգնել,
Քանի որ արդեն շատ են ծերացել,
Սարերն հրաշար ծեր են արդեն շատ,
Ինչպես ժայռերդ՝ զորեղ, հրապատ:


շարունակելի...

Chuk
29.07.2007, 03:57
... շարունակություն

Հրապատ

Սարերն հրաշար ծեր են արդեն շատ,
Ինչպես ժայռերդ՝ զորեղ, հրապատ,
Որոնց մի մասը կանգնել են կքված,
Քարե ոտքերին ողջ ուժով հենված:

Թեև ծեր են շատ, կանգնած են հպարտ,
Անանցանելի, ամուր, հրապատ,
Կրակով թրծված, պատվար քամու դեմ,
Ճամփա չզիջող, անվախ, սառնադեմ:

Գեղեցիկ ու վեհ, անառիկ, բարձր,
Կամ տձև ու կարճ, բայց ամուր, կարծր,
Որոնք կքվել են զուտ ծերությունից,
Բայց դե երբեք ոչ վախ-թուլությունից:

Երկիր, թեև ծեր, հպարտ են կանգնել,
Որ թույլ, տկարին փորձեն պաշտպանել,
Տե՛ս, թե ինչպես են ժայռերն հրապատ,
Ծառին թաքցրել քամուց սառնահատ:


Հրազարդ

Տե՛ս, թե ինչպես են ժայռերն հրապատ,
Ծառին թաքցրել քամուց սառնահատ,
Ու տես, ինչպես է ծառը հրազարդ,
Զուգված ու հանգիստ կանգնել ժայռի տակ:

Ո՛չ քամի, ո՛չ հուր, ծառին չեն սպառնում,
Ժայռապատնեշը դրանք չեն անցնում,
Թող լինի մրրիկ, կարկուտ, ձյուն, բորան,
Կզարնվեն ժայռին, կմնան փոշման:

Ծառը այդ կաճի նաև դաշտերում,
Ու հրածնունդ խոր անտառներում,
Ամենուր հանգիստ, վեհ ու գեղեցիկ,
Սի տեղ՝ անպաշտպան, բայց միշտ սլացիկ:

Ու ծառը կաճի հրե սաղարթով,
Տարին չորս ամիս հրե հագուստով,
Բայց ամենից շատ ծառը հրազարդ,
Հրով կզուգվի աշնանը գեղարդ:



շարունակելի...

Vive L'Armenie
29.07.2007, 12:41
Դու անշուշտ գովասանքի ես արժանի ;)
Մեկը մեկից լավն են :love
Սպասում եմ շարունակությանը :)

Chuk
29.07.2007, 15:28
Դու անշուշտ գովասանքի ես արժանի ;)
Մեկը մեկից լավն են :love
Սպասում եմ շարունակությանը :)
Շատ շնորհակալ եմ :love
Բայց աչքիս մենակ դու ես շարունակությանը սպասում :D

Apsara
29.07.2007, 16:47
Ուրեմն ասեմ, որ շատ վարպետորեն կարողացել ես օգտագործել մի գրական միջոց (որի անունը ցավոք մոռացել եմ)բաղաձայններով ստացված այդ ՀՀՀ-ի և ՇՇՇ-ի սահուն հնչողությունը, որը բանաստեղծությունը բարձր կարդալուց իսկապես շոգ ու հուր է խոսում:
Իսկ քո հայրենասիրությունը շատ վառ է արտահայտված, շատ գեղեցիկ նկարագրված է մեր Հայաստանի այն մասերը որտեղ արև միշտ վառում է իսկ հողը չոր է: Հինալի բնության նկարագրություններ:
Իսկ կարդալու ընթացքում մի քիչ դժվար էր առաջ գնալ, նորից ու նորից վերադառնում էի տողերին, ու ակամայից բարձրաձայն էր ստացվում:

StrangeLittleGirl
29.07.2007, 19:22
Ինձ այս շարքում դուր եկան հատկապես այս մասերը.

Մրգով հրահամ
Ուժ կա խոսքի մեջ. զգում ես մրգի համը:

Դու իմ երկիրն ես,
Թեկուզ հրե ես…

Հա՛, երկիր, իմն է արևն հրավառ,
Պահ մի՛ տուր սարին միայն քեզ համար…
Դառը իրականություն :(



Ու թևածում է արևն երկնքում,
Իր հրե շնչով աշխարհին տիրում,
Հանդ-անդաստանով, ժայռով քարքարոտ,
Գետով, սարերով շրջում է կրքոտ…
Շոգեցի :)

Բայց կարծում եմ, որ «հուր» արմատը պարզապես չարաշահվել է: Ճիշտ է՝ հասկանում եմ, որ հատուկ է արված ինչ-որ պատկեր ստեղծելու համար, բայց տեղ-տեղ չափից դուրս անբնական է դառնում.

Սարերն հրաշար ծեր են արդեն շատ,
Ինչպես ժայռերդ՝ զորեղ, հրապատ,


Աշնանն հրաստեղծ,
Բույսով հրամերձ,
…և այլն

Selene
29.07.2007, 20:04
Chuk, ճիշտն ասած, չէի պատկերացնի, որ դու այս ոճում այսքան գեղեցիկ ու պատկերավոր ստեղծագործում ես:oy Ապրե՛ս: Իրոք, մեկը մյուսից լավն են, ամենակարևորը՝ առաջին հայացքից կարող է թվալ, որ կրկնվող տողեր կան, բայց ոչ: Իսկ ամենաշատը հավանեցի «Հրակեզ»-ն ու «Հրավառ»-ը, չնայած դեռ սպասում եմ շարունակությանը;)

Վարպետ
29.07.2007, 21:05
Ուրեմն ասեմ, որ շատ վարպետորեն կարողացել ես օգտագործել մի գրական միջոց (որի անունը ցավոք մոռացել եմ)

Ալիտերացիա:

Երվանդ
30.07.2007, 00:29
Արտ ջան դու շատ ավելի լավ ես գրում, ինձ դուր չեկավ, հնարավորա ուղղակի այն պատճառով որ էտ թեմաներով չափածո չեմ սիրում:oy

Ավելացվել է 1 րոպե անց
Քո արձակը կարդալուց հետո էս մի ձևի ոնց որ քոնը չլինի չգիտեմ

Chuk
18.08.2007, 15:58
Բոլորին շնորհակալություն :love

Երվանդ, ի՞նչ անեմ, որ մտքիս գալիս ա, պետք ա գրեմ :pardon

Ավելացվել է 2 րոպե անց
շարունակություն


Հրաստեղծ

Բայց ամենից շատ ծառը հրազարդ,
Հրով կզուգվի աշնանը գեղարդ,
Երբ շրջապատը կորում հրի մեջ,
Իսկ արարիչ է աշունն հրաստեղծ:

Ու խոտ ու ծաղիկ ոսկի են հագնում,
Իսկ միրգն քաղցրահամ հրով է բուրում,
Երբ լճի ջրերն միշտ ոսկեզօծ են,
Ու լուսնի թևերն անգամ հրօծ են:

Հրաստեղծ աշուն, ամենուր ոսկի,
Ու անգամ բույսին դա չի շրջանցի...


Հրամերձ

Հրաստեղծ աշուն, ամենուր ոսկի,
Ու անգամ բույսին դա չի շրջանցի,
Կաճի ամենուր բույսը հրամերձ,
Իր հրե տեսքով դառնալով խայծ կեղծ:

Կխաբվի մեղուն հրամերձ բույսով,
Բայց հենց այդտեղ էլ կգերվի մրգով...


Հրահամ

Կխաբվի մեղուն հրամերձ բույսով,
Բայց հենց այդտեղ էլ կգերվի մրգով,
Որը կապշեցնի համով հրահամ,
Կդառնա մայրը մեղրի քաղցրահամ:

Կպայթեն ճյուղերն հրազարդ ծառի,
Հրաստեղծ աշնան հրե անտառի,
Միրգն իր հուր համով ու հրե կանչով,
Կգերի մեղվին իր հրե հոտով:

Ու այդ հուր հոտից, բույրից մոլեգնած,
Կժողվի այդտեղ ամեն արարած,
Էլ մարդ, էլ գազան, միջատ ու սողուն,
Որոնց բոլորին միրգն է գրավում:

Ու հասած, քաղցր, տռուզ ու հյութեղ,
Պտուղն այդ կզգա իրեն շատ զորեղ,
Կնայի վերից միրգն այդ հրահամ,
Կյանք ծնող սերմին՝ դեռ թույլ, անպաշտպան:


Հրացան

Կնայի վերից միրգն այդ հրահամ,
Կյանք ծնող սերմին՝ դեռ թույլ, անպաշտպան,
Դե՜, ի՞նչ իմանա պտուղն քաղցրահամ,
Թե ինչ հզոր է սերմը հրացան:

Սերմն այդ հեծնում է քամու թևերին,
Ճամփա է ընկնում իրիկվա հովին,
Գիշերվա կեսին նոր հանգիստ առնում,
Երբ որ իր փնտրած հողին է հասնում:

Հրագույն սերմը հրակեզ հողում,
Հուր համառությամբ գնում է, թաղվում,
Հետո գտնում է ջրի մի կաթիլ,
Ու հանկարծ տալիս մի ոսկեհուր ծիլ:

Ու հազարներով երկինք թռչելով,
Սառը քամու հետ ուրախ պարելով,
Ամեն մի պատվար սերմերն հրացան,
Անցնում են հատող խոսքերի նման...


Հրահատ

Ամեն մի պատվար սերմերն հրացան,
Անցնում են հատող խոսքերի նման,
Որոնցից ասես բոցեր են ժայթքում,
Ու սրտի սառույցն անգամ հալեցնում:

Դրանք չունեն չափ, չունեն նաև ձև,
Կարծես թե լինեն հրի լեզվակներ,
Որ իրենց ճամփին ամեն ինչ այրում,
Ամեն մի արգելք կտրում են, անցնում...

Խոսքերն այդ այրող միշտ հրահատ են,
Իրենց մայր լեզվի արժան զավակն են...


Հրազարկ

Խոսքերն այդ այրող միշտ հրահատ են,
Իրենց մայր լեզվի արժան զավակն են,
Իսկ այդ կուռ լեզուն՝ դարերից եկած,
Միշտ էլ եղել է զորեղ, հրազարկ:

Քնշանքին՝ սիրո, տաք, հրե խոսքեր,
Կոպիտին՝ բռի, վառ, այրող բառեր,
Տկարին՝ օգնող, ջերմ հրով շնչող,
Առողջին՝ էլի տաք շնչով պահող...

Քաղցրահունչ, երբ այդպես է պետք,
Ոգեշունչ, երբ չունես այլ զենք,
Դառնահամ, երբ կուզես խոցել,
Չարակամ, երբ կուզի զարկել...

Լեզուն այս ճկուն միշտ այնքան վառ է,
Հուր երկրի պարծանք անմար կրակն է,
Արգելք չունեցող հրազարկ լեզուն,
Կարծես լինի զենք, հզոր ու տոկուն...


շարունակելի

Բարեկամ
18.08.2007, 18:30
Էհ, երբ մի կետում ա ամեն ինչ թեժանում, անգամ քարե ջունգլին ու լարված օդը ընկալվում են հրե… Ընկալում ես այն, ինչ փնտրում ես:

Selene
18.08.2007, 20:17
Այս թարմ վեցյակից ամենաշատը հավանեցի կրտսերին՝ «Հրազարկ»-ին:)

Երվանդ
19.08.2007, 02:36
Բոլորին շնորհակալություն :love

Երվանդ, ի՞նչ անեմ, որ մտքիս գալիս ա, պետք ա գրեմ :pardon

Ավելացվել է 2 րոպե անց
շարունակություն


Հրաստեղծ

Բայց ամենից շատ ծառը հրազարդ,
Հրով կզուգվի աշնանը գեղարդ,
Երբ շրջապատը կորում հրի մեջ,
Իսկ արարիչ է աշունն հրաստեղծ:

Ու խոտ ու ծաղիկ ոսկի են հագնում,
Իսկ միրգն քաղցրահամ հրով է բուրում,
Երբ լճի ջրերն միշտ ոսկեզօծ են,
Ու լուսնի թևերն անգամ հրօծ են:

Հրաստեղծ աշուն, ամենուր ոսկի,
Ու անգամ բույսին դա չի շրջանցի...


Հրամերձ


Կխաբվի մեղուն հրամերձ բույսով,
Բայց հենց այդտեղ էլ կգերվի մրգով...


Հրահամ



Միրգն իր հուր համով ու հրե կանչով,
Կգերի մեղվին իր հրե հոտով:

Ու այդ հուր հոտից, բույրից մոլեգնած,
Կժողվի այդտեղ ամեն արարած,
Էլ մարդ, էլ գազան, միջատ ու սողուն,
Որոնց բոլորին միրգն է գրավում:

Ու հասած, քաղցր, տռուզ ու հյութեղ,
Պտուղն այդ կզգա իրեն շատ զորեղ,
Կնայի վերից միրգն այդ հրահամ,
Կյանք ծնող սերմին՝ դեռ թույլ, անպաշտպան:


Հրացան

...

շարունակելի

Էս տողերը Արտակ:

Ավելացվել է 59 վայրկյան անց
Հրամերձ-ից հետո Առտ

Chuk
16.09.2007, 00:46
Նորից բոլորին շնորհակալություն: Ափսոս ժամանակ չի լինում մշակելու, այնպես որ շարունակությունը կդնեմ այնպես, ինչպես գրել եմ գրիչը ձեռքս վերցնելու պահին, այլ կերպ ասած՝ անհաջող: Բայց ոչինչ, անհաջող է, բայց իմն է ;)

Շարունակություն...




Հրաջարդ

Արգելք չունեցող հրազարկ լեզուն,
Կարծես լինի զենք, հզոր ու տոկուն,
Ու ինչպես երկրի զենքը հրաջարդ,
Սա էլ թշնամուն միշտ տալիս է զարկ:

Այս երկրի զենքը հրով է կոփվել,
Մարտի ժամանակ հրով շողացել,
Եղել է կտրող, խոցող ու ջարդող,
Հուր երկրի համար աներկբա կռվող:

Զենքն այս չգիտի խնայել բառը,
Անգիր է արել հարվածի տառը,
Հրաջարդ զենքի հասցրած վերքը,
Բուժել չի կարող թշնամու դեղը...


Հրամարդ

Հրաջարդ զենքի հասցրած վերքը,
Բուժել չի կարող թշնամու դեղը,
Այդ խոր վերքերը՝ հասցված հրով,
Կբուժվեն միայն հրամարդ դեղով:

Հրե ծաղիկներ ու հրե բույսեր,
Հրից արևի շողերով սնվել,
Համամարդկային հուրը կուտակել,
Մարդկային դեղի հուր-հումք են դարձել...

Հանքային ջրերն հրով շողացել,
Մարդու սփոփուն ոգով տոգորվել,
Պատրաստ բուժելու՝ աղբյուրից հոսել,
Հիվանդ-առողջին գրկաբաց կանչել...

Ու կան հուր մարդիկ, որ գիտեն բուժել,
Ծաղկից ու խոտից հուր դեղեր սարքել,
Ամեն աղբյուրի հուր գաղտնիքները,
Բացահայտել են նրանց պապերը...

Ու թե ընդունեք մարդկային արժեք
Բարի գործ անող ամեն մի մանրուք,
Դեղին կկոչենք միայն հրամարդ,
Հուր ստեղծող երկրին կասենք . . . . .


Հրե երկիր

Դու իմ երկիրն ես, թեկուզ հրե ես,
Բայց քո հուր տեսքով ինձ չզարմացնես,
Աշխարհում շրջեմ, շատ հուր կտեսնեմ,
Ամեն մի հրում սերն իմ կգտնեմ...

Հիշի՛ր, հրե ես, քանի որ իմն ես,
Այլ մարդու համար գուցե մոխիր ես,
Ու կամ էլ ջերմ ես քո Արարատով,
Հայկ Նահապետի տոկուն նիզակով:

Գուցե քեզ գովի ինչ-որ բանաստեղծ,
Ձոնելով խոսքեր հնացած ու կեղծ,
Քեզ կանմահացնի, միակ կդարձնի,
Իր տկար սրտի կարոտով կօծի:

Ու գոռոզացած, հանգիստ դու կապրես,
Հայի մարտական ոգուն կխափվես,
«այս մարդը կե՛լնի ի՛մ համար» - կասես,
Ու մի տխուր օր... կհիասթափվես...

Նա կգովերգի, հետո կփախնի,
Ամայի հողում իր բախտն կորոնի,
Հրի մեջ կայրվի, հրով կանիծի,
Պանդուխտի կյանքը, սակայն, կսիրի:

Նա հեռվից հեռու քեզ երգեր կասի,
Իր անմար սերը միշտ կհավաստի
Մի հուր աղջկա կրծքին փարվելիս,
Մայր հողի անուշ հոտը հիշելիս...

Նա քեզ կհիշի քո Մասիս սարով,
Կամ էլ կեռ ճամփին դրված խաչքարով,
Կհիշի Սևանն իր Աղթամարով,
Ու կամ էլ Գեղարդն՝ միշտ խորովածով...

Բայց դու իմն ես, լսում ես, իմն ես,
Իմն ես, քանզի հրե ես, հուր ես,
Ու քո հուր հողով, հուր ջուր ու օդով,
Իմ սրտի զարկն ես՝ հրե ծակոցով:




Ավարտ

CactuSoul
16.09.2007, 16:57
Chuk… Վերջը, իրոք որ, վերջն էր…
Ու եթե սա ես անվանում անհաջող, պատկերացնում եմ… չէ, ավելի ճիշտ չեմ էլ կարողանում պատկերացնել, թե մշակված տարբերակն ի՜նչ է լինելու:roll…

Դու… Դու ուրիշ ես:)… Լավն ես:love…

Apsara
16.09.2007, 21:27
Մինչ Հրե երկիրը դժվար է կարդացվում, քանզի ալիտերացիան հիմնված է բաղաձայների վրա, իսկ իմաստը, միտքը խորն է ու շաղկապակցված:

Բայց այ Հրո երկիրը… խոսքեր չկան:love

Selene
17.09.2007, 00:09
Շնորհավորում եմ, Chuk:)
Չհասկացա այդպես էլ, թե ինչն ես անհաջող համարում ավարտում:think
Ախր շատ լավն էր, է:love Ապրես:)
Համամիտ եմ CactuSoul-ի հետ՝

Դու… Դու ուրիշ ես:)… Լավն ես:love… :aha

Chuk
23.09.2007, 16:41
Անի... :love
Վարդուհի... :love
Մերի... :love
Անչափ շնորհակալ եմ քաջալերանքի խոսքերի համար, դուք...
դուք ուրիշ եք :)

Madlen
03.11.2008, 02:23
Բռավո Chuk, հրաշալի գործեր են, շարունակեք «Հրո երկիր» շարանը: :clap:hi

Chuk
03.11.2008, 02:37
Բռավո Chuk, հրաշալի գործեր են, շարունակեք «Հրո երկիր» շարանը: :clap:hi

Շնորհակալություն :oy
Բայց շարանն արդեն ավարտված է, գոնե այն ֆորմատով, որ ես էի պատկերացնում: Մնում է մշակել, լավ խմբագրել, որին երբեք իմ ձեռքը չի հասնում :(

Sunny Stream
03.11.2008, 02:56
Չուկ ջան, շատ սիրուն բան ես մտահղացել. շատ տաք շունչ կա տողերում, տառերի միջև, ուժեղ ռիթմ ու լիքը գույներ: Կեցցե'ս!
Ամենաշատը "Հրացանը" հավանեցի... նախ` հայտնի բառին նոր ու շատ գեղեցիկ իմաստ ես տվել (գոնե ինձ համար նոր էր), երկրորդ, ինձ թվաց, ամենալավն էր ստացվել... մյուսներում մեկ-մեկ բառախաղն իրեն զգացնում է, բայց էստեղ ամեն ինչ իր տեղում էր, շատ դիպուկ ու շատ ուժեղ: Ու թվաց` ավելի սրտանց ;)

Chuk
03.11.2008, 03:04
Չուկ ջան, շատ սիրուն բան ես մտահղացել. շատ տաք շունչ կա տողերում, տառերի միջև, ուժեղ ռիթմ ու լիքը գույներ: Կեցցե'ս!
Ամենաշատը "Հրացանը" հավանեցի... նախ` հայտնի բառին նոր ու շատ գեղեցիկ իմաստ ես տվել (գոնե ինձ համար նոր էր), երկրորդ, ինձ թվաց, ամենալավն էր ստացվել... մյուսներում մեկ-մեկ բառախաղն իրեն զգացնում է, բայց էստեղ ամեն ինչ իր տեղում էր, շատ դիպուկ ու շատ ուժեղ: Ու թվաց` ավելի սրտանց ;)

Շնորհակալ եմ, Eta Pegasi :)