PDA

Դիտել ողջ տարբերակը : Խելագարի նոթերից



Root
22.07.2007, 20:15
Գիտե՞ի ես , որ ինձ սիրում էր ... դժվար թե չիմանայի , համենայն դեպս զգում էի , թե ինչպես են նրա աչքերը պսպղում , իսկ այտերը շառագունում ամեն անգամ , երբ ինձ տեսնում էր : Գուցե՞ ես նրա համար մի յուրօրինակ անհատականացման ձև էի , որի մեջ նա ինքն իրեն էր փնտրում և տեսնում: Գուցե և սերն այնքան էր համակել նրա ` առանց այնել զգացմունքային աշխարհը, որ ամեն անգամ, նույնիսկ հեռվից նկատելով, ակամա աչքերն ինձ էր դարձնում և կախարդված ու գերված ` քնքուշ մի հայացքով պարգևատրում :
Երբևէ չեմ հիշում , որ մերժած լիներ այս կամ այն խնդիրքս , պահանջս , հրամանս , ինձ միշտ ՙընկեր՚ բառով էր դիմում , սակայն այնպիսի մի գուրգուրանք ու թովչանք էր ներդնում, այնպիսի մի մեղմիկ սոսափյունով էր այդ բառն արտասանում , որ ակամա ցնցվում էի ` զգալով , թե ինչպես է դողում նրա ինքնատիրապետումը : Նա նման չէր այն սենտիմենտալ կիսառոմանտիկներին, որոնք իրենց կյանքում մի անգամ են սիրում , և հենց այդ սերն էլ պահում չարտահայտված ` գաղտնի ու մշտական բաղձանք դարձնելով : Նա պարզապես վախենում էր խոսել իր սիրո մասին , միգուցե՞ կարծում էր , թե լուրջ չեմ վերաբերվի կամ կծիծաղեմ և , ուսին թփթփացնելով կասեմ. ՙԵ~հ բարեկամ , դու իմ ընկերն ես , դրանից ավել էլ ի՞նչ ես ուզում ... ՚
Համենայն դեպս , կողքից նայելով , չէր կարելի չհիանալ նրա ինքնատիրապետմամբ , որն ամեն վայրկյան սպառնում էր ուժգին փոթորկի վերածվելու` կախված իմ պահվածքից: Նա ինքն իրեն իմ ընկերն էր տեսնում , և արտաքին աշխարհին նույնապես ներկայացնում, բայց նրա հայացքը , ինչքան էլ նա այն թաքցնում էր իմ աչքերից , անկարող էր մոլորեցնել ինձ ` մի մարդու , որ սովոր էր դրանք նկատել :
Չի կարելի ասել , որ դա ինձ հաճելի չէր կամ ցավ էր պատճառում , ներքուստ յուրաքանչյուր ոք էլ հպարտանում է , երբ իր նկատմամբ հետաքրքրութուն են ցուցաբերում: Ես մի տեսակ ցինիզմով համեմված սարկաստիկ տրամադրությամբ հետևում էի և փորձում գուշակել վերջը : Բայց սրտիս խորքում, որևէ մի ոլորանում, կարծես կանգ էր առել խղճիս արտադրության մի թույն, որն աստիճանաբար տարածվում էր մարմնիս մեջ, երբ երբեմն տեսնում էի, թե ինչ անձնուրացությամբ էր նա պատասխանում իմ անպատշաճ քայլերին, մանավանդ որ հրաշալի գիտեր , որ այդ ամենը ես գիտակցված եմ անում , որպեսզի թյուր կարծիք ստեղծեմ նրա մեջ , որպեսզի պաղեմ նրա զգայական ոգևորվածությունը ու անբիծ սերը, բայց իմ ինքնատիրապետման զսպանակներն ավելի ու ավելի էին լարվում, երբ նկատում էի, որ հերթական արարքից հետո նա ավելի բուռն կերպով է ` արդեն մեծ մաշտաբներ ընդունող սերը վարագուրում բոլորից : Եվ այս բոլորը , ժամանակ առ ժամանակ, ատելություն ու իմ նկատմամբ հիասթափություն էին ծնում: Մանավանդ ամենատանջող միտքը այն էր, որ նրա սերն իմ նկատմամբ անբասիր էր, մաքուր բյուրեղ էր: Ախ~ , եթե դա կեղտոտ մի զգացում լիներ, որքան երջանիկ կլինեի, ճիշտ է, ես նրան ընկեր չէի կոչի, սակայն նրան բաց էլ չէի թողնի, որովհետեև ես ինքս էլ սիրել չգիտեմ, որովհետև իմ մեջ վաղուց մեռել է սերը, և վաղուց է, որ ոչ մեկ չի վերածնել իմ զգացմունքները, որոնք ասես նեղացած մի մանչուկի պես փակվել են ցոփ ու զեխ սենյակում և իրենց նվիրել վայելքներին:
Բայց ո'չ , նրա սերը հազար անգամ մաքուր էր , իսկ մաքրությունն իմ համար ինքնին սուրբ էր , այո , ես ` մի կորուսյալ խելագար, որն հանձնվել էր կենսարբու վայելքներին, չէի կորցրել իմ անձն ու անհատականությունը , ընդհակառակը , ես հարգված էի իմ ընկերական շրջապատում , չնայած փորձառու մի գայլի համբավ ունեի, ես ունեի այն ամենն ինչ ինձ անհրաժեշտ էր և իհարկե իմ մեջ չէր մեռել ձգտումը դեպի ավելի բարձր մակարդակին :
Սակայն ինչ վերաբերվում է սիրուն, ես մի տեսակ ինձ ծեր էի համարում դրանով հետաքրքրվելու համար , ավելի շուտ ես նման էի մի պրոֆեսորի , որը բացահայտում է տարբեր տեսություններ , գրքեր գրում մարդկանց համար , որոնցով առաջնորդվում ու շարժվում է հասարակական միտքը , բայց ինքը չի կարողանում օգտվել իր արդյունքերից , որովհետև շարունակ անհամ է թվում քո իսկ ձեռքով պատրաստած ամեն մի հավելյալ արդյունք : Նա զգում էր իմ մեջ մղվող այդ պայքարը , որը սպառնում էր ինձ երկու մասի բաժանել, բայց դեռ չէր բաժանում, որովհետև կեղծ ինքնահաստատման մեջ ես ինձ կատարյալ և ունիվերսալությամբ օժտված էի դեռևս թվում:
Հիշում եմ , ինչխպիսի տոկունությամբ, դիմացկունությամբ ու կարեկցանքով էր նա ինձ մոտենում: Տոն օրերին ընդհանրապես խուսափում էինք հանդիպելուց , նա ` որ կարող է հանկարծ ինձ շնորհավորելուց համբուրելու ռիսկի առաջ կանգնի և չկարողանա ի լուր աշխարհի չցուցադրել իր անհանգստությունը , ես ` որ ստիպված պիտի լինեմ կեղծել ինքս ինձ ` ստիպելով ինձ հավատալ , որ ո'չ պարտավոր եմ մի բան անելու , ո'չ էլ իրավունք ունեմ խցկվելու այնտեղ , ուր չեմ ուզում :
Երբեն զրուցելիս , ես գողունի մի քանի ակնարկներ էի անում , որոնք ինչպես միշտ բերելու էին իմ կեղծ անհատականության , այն է ` ոչլուրջ , ցինիկ , գարշելի , կարճ ասած, մի կնամոլի, բացահայտման դրամային :
Ես զարմանում էի , որ այն , ինչ ես տեսականորեն գիտեի , արդարանում էր պրակտիկորեն , չնայած դրա իրավունքը չունեի , չէ որ ինքս մի անգամ սիրել էի ... ...
սիրե՞լ , ո'չ , երևի ինձ թվացել էր , թե սիրում եմ . անհասկանալի մի երևութական , երևակայական աշխարհ համակել էր իմ ամեն մի զգայարան : Ես սիրում էի , այո', բայց միայն իմ երգերում , իմ մտքերում , սիրում էի նրան , ով չկա , ում դեռ չեմ ստեղծել , բայց միթե՞ ստեղծում են , ապա նոր սիրում ... , սերն իմ մոտ ինքըստինքյան չէր ստացվում . չի կարելի ասել , որ ես իմ անհատականությունից ավելի մեծով օժտված մեկին էի սպասում , կամ անվերջ փնտրտուքների մեջ էի , ո'չ :
Պարզապես ոչ մեկ չէր ընդունում ինձ այնպես , ինչպիսին ես կամ ` շարունակ մեծացնում կամ փոքրացնում էին իմ ԵՍը , իսկ հոգնել էի այդ խաղից :
Իսկ նա , նա համբերատար դիմանում էր և նրա համբերատարությունը սահմաններ չուներ , նա իրոք արժանի էր սիրվելու , որովհետև սիրո մասին նրա պատկերացումը շարունակ տալն էր : Բայց ափսոս , որ նա իր կյանքի կանթեղ ընտրել էր մեկի , որը կյանքից այդպես էլ ոչինչ չվերցրեց, այլ ժամանակ առ ժամանակ օգտագործում էր կյանքը, ապա դեն շպրտում այն իր իսկ երեսին ` հայելու դիմաց կանգնած, երբ ուզում էր ինքն իրեն արդարացնել իր աչքերում :
Դուք կարծում եք ` սա պատմվա՞ծք է , ո'չ , սա փորձ էր ևս մեկ անգամ տեսնելու , այն ինչ կա , բայց թաքնված է մեր խեղկատակ դերերի մեջքին և վախենում է դուրս սողոսկել , որովհետև սարսափում է է հասարակական գավազանի հարվածից և ինքն իրեն փնտրելու , գտնելու ու դեպի ճշմարտությունը առաջնորդելու ընտրությունից :


Երևան 2001

Selene
22.07.2007, 20:33
Դաժան էր, տխուր, շատ իրական:( Լավն էր...

lili-4
27.07.2007, 17:00
Որքան էլ վեհ ու աստվածային լինի սերը, մենք հաճախ ենք տեսնում այդ սիրո հետ ծնված տառապանքը, հիասթափությունը: Փոխադարձ սիրո փոխարեն մենք ականատես ենք լինում այնպիսի սիրո, երբ մեկը սիրում ու տառապում է սիրուց, իսկ այդ սիրելին և’ նկատելով և’ գնահատելով այդ սերը, ոչինչ չունի դրան ի պատասխան, բայց մեկ ուրիշի սիրուն ու ուշադրությունն արժանանալու համար պատրաստ է ամեն մի զոհաբերության, և դա մենք անվանում ենք < սիրո եռանկյուն>:Իսկ այս դեպքում կա սիրող ու սիրուց տանջվող, լուռ ու մունջ տառապող: Կա սերը գնահատող, ընկալող, բայց նա ոչինչ չունի տալու ոչ թե նրա համար, որ ուրիշի է սիրում ու տառապում այդ սիրուց, պարզապես իր սրտում նրա համար տեղ չկա : Չգիեմ ինչի, այս դեպքի համար ես հարմար գտա <սիրո բեկյալ> անվանումը:
Գեղեցիկ ես շարադրել: :)Մի տեսակ բալզակյան շունչ զգացի քո գրածը կարդալիս: Կարողացել ես բավականին նուրբ ու խոր վեր հանել կնոջ հոգում ծնվող, փոթորկվող, բայց շրջապատին անմատչելի ու անհաղորդ մնացող հույզերն ու ապրումները…:oy

Մանոն
27.07.2007, 17:16
Root միայն վերնագրիդ հետ համամիտ չեմ, այդքան բան հասկացող ու վերապրողը չէր կարող խելագար լինել:think

Root
27.07.2007, 17:25
Root միայն վերնագրիդ հետ համամիտ չեմ, այդքան բան հասկացող ու վերապրողը չէր կարող խելագար լինել:think

Man ջան ինչ ձևին տարօրինակ ու անհասկանալի մարդ ասես չկա ես աշխարհում :D