PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլխություն :)



impression
10.07.2007, 00:41
Սարսափում եմ բարձրությունից: Ամենավատ երազում անգամ չէի ուզենա տեսնել այն, ինչը վերջերս պատահեց իրականում. օդանավ նստեցի: Ու եկավ այդ պահը` ինքնաթիռն սկսեց շարժվել: Ես փայտացա. մեխվեցի տեղումս, ամրագոտին արդեն մի ժամ առաջ կապել էի: Ուղեկցորդուհին ինձ երկար-բարակ բացատրում էր, որ վախենալու ոչինչ չկա, որ հարյուրավոր մարդիկ ամեն օր օգտվում են իրենց ծառայություններից և այլն, և այլն: Ողջ կյանքս անցավ աչքերիս առջև, մինչ օդանավը թափ կհավաքեր ու ի վերջո վեր կբարձրանար....

Իսկ վերևում ամեն ինչ այնքա~ն սիրուն է: Ես դուրս էի նայում կողքիս փոքրիկ կլոր լուսամուտից, կկոցած աչքերով ողջունում էի նոր զարթնող արևին, նայում ցած, հետզհետե փոքրացող երկրին: Ու հանկարծ զգացի, որ ուզում եմ պատուհանը բացել: Գիտեմ, որ այն չի բացվում: Բայց ախր շատ-շատ եմ ուզում բացել: Քանի որ այն իրականում բացելն անհնար էր, ես այն բացեցի մտքում: Զգույշ բացեցի փոքրիկ կլոր պատուհանն ու գլուխս դուրս հանեցի: Հաշվի չէի առել քամին ու արագությունը: Մի խոսքով,քամին գլուխս պոկեց, ու այն սկսեց օդում գլորվելով ետ սլանալ` վախից չռված աչքերով: Անգլուխ մարմինս շվարել էր: Երբևէ հայտնվե՞լ եք նման անհեթեթ իրավիճակում: Դրան ասում են «գլուխը կորցնել»: Այս արտահայտությունը շատ հաճախ ենք օգտագործում, առանց հասկանալու, թե դա իրականում ինչ է: Իսկ ես գիտեմ. դա իմ «գլխին եկել է»: Մարմինս միանգամից սառեց, քամին այնքան ուժեղ էր, որ բացված վերքից արյուն դուրս չհորդաց: Վերքս անմիջապես չորացավ: Գլուխս «աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա~~~~~~~~» գոռալով գնալով ավելի էր հեռանում, ու ի վերջո անհետացավ տեսադաշտից: Տեսադա՞շտ… Ի՞նչ տեսադաշտ…. Ու այդ պահին գլխի ընկա (առանց գլխի գլխի ընկնելն էնքան հետաքրքիր գործ է), որ գլխի հետ կապված բոլոր զգայարաններս ու ֆունկցիաներս գործում են` տեսնում եմ, լսում, հոտառությունս էլ կա, ու նաև մտածում եմ: Ա~յ քեզ բան:
Ես (այսինքն այն, ինչ մնացել էր ինձանից) հետ քաշվեցի ու փակեցի պատուհանը: Չէի ցանկանում օդանավում գտնվողներին սարսափահար անել իմ անգլուխ մնացած մարմնով, դրա համար էլ վերցրի մի ամսագիր, բացեցի ու պահեցի գլխիս դիմաց` իբր կարդում եմ: Քիչ հետո ինձ մոտեցավ ուղեկցորդուհին.
-Ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:
“Հա, բա ո~նց”,-մտածում եմ ես ու պատասխանելու փոխարեն ավելի եմ կծկվում նստածս տեղը, ամսագիրն էլ այնքան եմ մոտեցնում նախկին դեմքիս, որ հաստատ աչքս կխոթեի, եթե այն իր տեղում լիներ:
-Ը~ըըը, այո, լավ եմ ,ամեն ինչ կարգին է, շնորհակալ եմ,- տե~ր աստված, անգամ խոսում եմ:
-Որևէ բան կուզենայի՞ք խմել:
“Հետաքրքիր է` ո՞նց”,-մտածում եմ ու միանգամից դուրս տալիս.
-Մի գավաթ մարտինի, խնդրեմ, սև զեյթունով, առանց լիմոնի:
“Ախմա՛խ”,-բարկանում եմ ինքս ինձ վրա,-“էդ մարտինին ի՞նչ պիտի անես: Ո~ւֆֆֆֆֆֆ... Տեսնես գլու՞խս ինչ եղավ: Գոնե Եվրոպայում վայր ընկնի, գոնե կասեմ` Եվրոպայում եմ եղել.... Հա, հիմա շատ ծիծաղելի է, ապուշ-ապուշ խնդում եմ ինքս ինձ վրա, բայց ախր ո՞նց եմ ապրելու առանց գլխիս: Ախր... ում ասեմ` չեն հավատա: Բայց հարևաններս հո՛ կուրախանա~ն: Տեսնեն ինձ` մեծամիտ գիտունիկիս, առանց իր ամենաթանկարժեք ու իրենց համար այդքան ատելի մարմնի մասի: Ընկերներս որ` հաստատ ծիծաղից կպայթեն: Ծնողներս` դեպրեսիայի մեջ ընկնելու թարմ առիթ կունենան... Գործի տեղը.... վա~յ....”:
-Երևում է` առաջին անգամ եք ինքնաթիռ նստել,- լսվեց մի ձայն:
Կողքիս նստածն էր` մի չորացած ծերուկ, ասես Անդերսենի հեքիաթներից հրաշքով դուրս թռած լիներ: Փաքրամարմին էր, այծամորուս ուներ, կլոր ակնոց, սուր դիմագծեր, գլխին էլ` իր դարը վաղուց ապրած գորշ գլխարկ:
Ես ամսագիրն էլ ավելի սեղմեցի ինձ ու մրթմրթացի.
-Ըհը, իսկ ի՞նչ իմացաք:
-Դե~, գլուխդ լրիվ կորցրել ես,- անծանոթս սահուն անցավ դու-ի:
Ես ամսագիրը քաշեցի մի կողմ:
-Վայ, տեսել եք հա... Խնդրում եմ, աղմուկ մի բարձրացրեք, ես ինձ լավ եմ զգում, գիտեմ, որ չեք հավատա, բայց իրոք լավ եմ զգում: Ասես բան պատահած չլինի:
-Մի մտածիր, ամեն ինչ կարգին է: Ոչ ոքի չեմ ասի: Դու առաջինը չես, ով կորցնում է գլուխը:
-Իրո՞ք,- հիասթափվեցի ես:
-Հապա մի շուրջդ նայիր,-ժպտաց անծանոթը:
Ես զգուշորեն սկսեցի դիտել մյուս ուղևորներին` փորձելով աննկատ մնալ նրանց աչքից, սակայն.... ինքնաթիռը լի էր անգլուխ մարմիններով: Նրանք խոսում ու ծիծաղում էին, ասես հենց այդպես էլ պետք է լիներ: Նրանք չնչին ուշադրություն անգամ չդարձրեցին ինձ վրա: Հենց այդ պահին մոտեցավ ուղեկցորդուհին. Նա էլ էր անգլուխ:
-Ձեր խմիչքը,- ժպտաց նա:

-Իսկ դու ո՞նց նկատեցիր, որ ուղեկցորդուհին ժպտում էր,- մտահոգ տեսքով հարցրեց բժիշկը, որի ակնոցը ցցվել էր օդում, վզից մի քիչ վերև, աչքերի մասում:- Նա, ախր առանց գլխի էր, ասացիր:
-Դե հա,- ծիծաղս հազիվ էի զսպում:- Մի բան ասեմ, բայց շատ իրար չխառնվեք:
-Լավ չե՞ս զգում,- բժիշկը լրիվ դերի մեջ էր:
-Չէ, ես լավ եմ, բայց այ դուք…. Հաստատ ծանր չեք տանի՞, եթե ասեմ:
-Ասա, ես կհասկանամ քեզ,- հուսադրող տոնով ասաց նա:
-Դե~, այնքան էլ չեմ հավատում, թե կհասկանաք, բայց….:-Առաջ թեքվեցի դեպի նրա կարծեցյալ գլուխն ու շշնջացի.- Ձեր գլուխն էլ չկա~….

Հիմա ափսոսում եմ, որ ասացի… Բժիշկը ծանր տարավ այդ հանգամանքը, ու վճռեց, որ ես պետք է մնամ իրենց հոգեբուժարանում այնքան ժամանակ, քանի դեռ չեմ որոշել հայտնել իրեն իր գլխի տեղը: Իսկ ես նույնիսկ սեփական գլխիս գտնվելու վայրից գաղափար չունեմ:
Բայց այստեղ լավ է: Էս վերջերս սկսել եմ նկատել, որ բոլորը չեն իրենց գլուխը կորցրել: Մեկը կա, իմ դիմացի սենյակի բնակիչն է, այ նա գլուխ ունի: Բոլորը նրան գիժ են համարում, ես էլ եմ վստահ, որ ամենաիսկական գիժ է, բայց` գլխով գիժ: Իսկ երեկ անասելի ուրախացել էի. մեր ամենօրյա բացօթյա զբոսանքն էր, ու հանկարծ ծանոթ դեմք տեսա` ինքնաթիռում կողքիս նստած պապիկն էր: Կանգնել էր արևի տակ, հենվել ձեռնափայտին ու խորամանկ ժպիտով ինձ էր նայում:
-Ո՞նց ես,- հարցրեց:
-Լավ եմ:
-Գլուխդ գտա՞ր:
-Չէ, որտեղի՞ց:
-Փնտրիր այնտեղ, ուր կորցրել ես…
-Ինքնաթիռու՞մ:
-Դու նրան մտովի ես կորցրել, երբ մտովի բացում էիր պատուհանը: Մի անհանգստացիր,կգտնես հաստատ: Օրերից մի օր… Երազել սիրու՞մ ես:
-Շա~տ:
-Ապրես: Բժշկիդ չասես, որ ինձ տեսել ես այս կողմերում, նա դա չի հասկանա….
Ու նա ձեռքով արեց, նորից ժպտաց հեքիաթային բարի թզուկի ժպիտով, ու կամաց-կամաց անէացավ:

Djavaxhq
10.07.2007, 00:54
Բռավոոոոոոոոո, այնքան լավ էիր նկարագրել, որ ես ակամայից ձեռքերս տարա դեպի գլուխս՝ տեսնելու այն տեղում է, թե ոչ, այն տեղում չեր, որովհետեւ ես քո գրածը կարդալուց հետո կորցրել էի գլուխս, բայց այդ պահին հայտնվեց հեքիաթի ծերունին ու մեղմ ժպիտով ինձ ցույց տվեց պատուհանը... աստղերի փոխարեն երկնքում բազմաթիվ գլուխներ էին , միթե՞ մենք մենք՝ մարդիկս, այդքան հաճախ ենք կորցնում մեր գլուխը…

Dr. M
10.07.2007, 00:55
այնքան կլանված էր կարդում, որ մի պահ թվաց , թե ես էլ իմ գլուխն եմ կորցրել :o

բայց դու դեմք ես :hands :D
մանավանդ բժիկի պահը :D super

impression
10.07.2007, 00:56
Շատ շնորհակալ եմ :)

Dr. M
10.07.2007, 01:15
ի դեպ քո ստորագրությունն էլ է լավը :hands
համ էլ քեզանից նման բան չէի սպասում :oy չնայած իրականում դու այլ տպավորություն թողեցիր :)
Հ.Գ.
սիրում եմ երբեմն խենթ լինել, սիրում եմ շփվել խենթերի հետ,
բայց կան խենթեր, որոնք այս կյանքում փորձում են ավելի ճիշտ, ավելի խելացի ապրել, բայց մեկ ա չի ստացվելու
կյանքը հենց ինքը խենթ է ;) ու դրանով էլ այն հետաքրքիր է

Բարեկամ
10.07.2007, 06:56
Հոյակապ գործ էր: Շատ լավն էր:
Ալիս-ին, որոշ տեղերում, տվել-անցել էր:
Ստորագրությունդ էլ բնավ անհամեստություն չի;)

.... Քո գրականությունը` ոնց որ մտնես Վերսաչի կամ Դեյվիդ Լորընս ;) Բարձր որակ ու գին :)

Ուլուանա
10.07.2007, 09:32
Լա՜վն էր։ :D Ուղղակի սպանիչ էր, Լիլ։ :hands

Բայց այ վերնագիրը՝ «Անոմալիա», իմ կարծիքով, էնքան էլ հետաքրքիր չէր նման պատմվածքի համար։ :think Ավելի թունդ մի բան է հարկավոր, ավելի դիպուկ։ ;)

Root
10.07.2007, 09:44
-Մի գավաթ մարտինի, խնդրեմ, սև զեյթունով, առանց լիմոնի:
:hands:D

impression
10.07.2007, 09:48
Շա՜տ շնորհակալություն, որ էդքան ժամանակ եք ծախսել, կարդացել եք, ու դեռ մի բան էլ գրել եք ;)



Բայց այ վերնագիրն, իմ կարծիքով, էնքան էլ հետաքրքիր չէր նման պատմվածքի համար։ :think Ավելի թունդ մի բան է հարկավոր, ավելի դիպուկ։ ;)

Ան ջան, շատ ճիշտ նկատեցիր, վերնագիրն, իրոք, լավը չէ.... մի բան կմտածեմ :think

Բարեկամս, ;) Ալիսայի հետ համեմատությունը տրամադրությունս բարձրացրեց մինչև անհնարինություն, մերսի :)

Amaru
10.07.2007, 11:31
Լիլիթ :)

Պարզապես... ոնց ասեմ էէ :) Ընտիր ա :)

Բարեկամ
10.07.2007, 11:52
Վերնագիրը … եսիմ, օրինակ՝ Կատու: ;)

- Ինչու՞ կատու:
- Իսկ ինչու՞ ոչ:
- Գլուխդ երևում ա տեղում չի :fool
- Բայց ես ուրիշ բա՞ն եմ ասում: :D
- Բայց ես սովոր եմ ամեն ինչ հիմնավորել :angry
- Դե, դու էլ մի բան մտածի, էդ էլ ես պետք ա քո փոխարեն անեմ:
- :think
- Չեշիրյան կատվիկը քեզ սփոփու՞մ ա:
- Հա վայ: Հետո էլ ասում ես՝ գլուխ չունեմ: :hands
- էլի որ: Որ ունենայի, դժվար հիշեի ;)

Երվանդ
10.07.2007, 11:53
Ապրես:)

Մանե
10.07.2007, 11:58
Ապրես,շատ լավն էր:)
Իսկ նոր վերնագիրը ուղղակի սպանիչ ա:D

impression
10.07.2007, 12:12
Իսկ նոր վերնագիրը ուղղակի սպանիչ ա:D

Շնորհիվ Ուլուանայի ;):oy:love

Root
10.07.2007, 12:14
ինչ լավա չդրեցիք ..."Անգլուխ Սամալյոտավորը" Լիլիթ Ռիդ ... հնչումա ? :D

Իսկ ես կսազացնեի "Գլուխդ բարձր պահիր'" :D

Selene
10.07.2007, 21:13
Ապրես, շատ լավն էր:hands

StrangeLittleGirl
16.07.2007, 11:51
Հզոր էր :D
Նենց լավ պատկերացնում էի էդ անգլուխ ժպտացողներին :D