PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեքիաթները նաև քայլող են լինում



StrangeLittleGirl
05.07.2007, 00:36
Պատմվածքը նվիրում եմ ֆորումի անդամներից մեկին, չնայած կերպարները բացարձակապես կապ չունեն նրա հետ:

Իմ սիրելի՛ ընկեր, ես երբևէ չեմ մաքրի քո մատնահետքերը, որոնք թողել ես իմ անցած ուղու վրա: Հարազա՛տս, ես ուզում եմ պատմել քո պատմությունը, իմ պատմությունը, մեր պատառիկը, անցած-գնացած հեքիաթը: Այսօրվա պես եմ հիշում մեր առաջին հանդիպումը: Ես եկել էի ձեր տուն: Դու հինգ-վեց տարեկան կլինեիր, ես՝ մի քիչ ավելի մեծ: Ի՞նչ գործ ունեի այդտեղ, մի՞թե մեր ծնողներն էին իրար ճանաչում: Ասենք, դա կարևոր էլ չէր: Դու նեղացած պպզել էիր մի պատի տակ ու մատներդ էիր կրծոտում: Դու փոքրիկ էիր, անօգնական, ինչպես այն ժամանակ, երբ քեզ վերջին անգամ տեսա: Ես չգիտեմ, թե իմ մանկական մտքով ինչ անցավ այդ պահին, բայց դու ինձ անմիջապես գրավեցիր, և ես մոտեցա:
- Խաղա՞նք:
- Ի՞նչ:
- Տուն-տունիկ:
- Չէ՛, զզվել եմ:
- Ի՞նչ ես ուզում:
- Գնա՛:
Ու թեև իմ չձևավորված ուղեղը հասկացավ, որ դու իրականում ուզում էիր, որ մնամ, ես սուսիկ-փուսիկ հեռացա. ասես գիտեի, որ մեր շփումը դրանով չէր վերջանում:

Տարիներ անց մայրդ քեզ մեր խմբակ բերեց: Դու նկարել չէիր ուզում, գոռգոռում էիր, լալիս: Իսկ ես գործս կիսատ թողած, կարմիր ներկով թաթախված վրձինը ձեռքիս ուշադիր քեզ էի նայում: Երբ ինձ նկատեցիր, ձայնդ կտրեցիր. երևի հիշեցիր, որ մենք «ծանոթ» ենք:
Դրանից հետո հաճախ էինք իրար տեսնում խմբակում: Դու լուռ էիր, չխոսկան: Պատահում էր, որ օրերով ոչինչ չէիր ասում: Չնայած ամենաշատը դու էիր աշխատում, բայց հանձնարարությունները մեզնից մեկ-երկու շաբաթ հետո էիր ավարտում: Հաճախ էին քեզ հարցնում նկարներիդ մասին, իսկ դու լռում էիր: Կապույտ գույնը շատ էիր սիրում: Օգտագործում էիր դրա բոլոր երանգները քո բոլոր նկարներում… չափից դուրս շատ, պարզապես անխնա: Մյուս գույներն իրենց տեղում էին մնում, իսկ կապույտդ ընդհանուր տուփից դուրս էր, առանձին: Մի անգամ կապույտ ութոտնուկներ էիր նկարել կապույտ սենյակում: Չնայած քեզ հետ շփվելու մի քանի անհաջող փորձ արել էի, և դու լռել էիր կամ դեմքդ փակել ու հեռացել, բայց ութոտնուկների նկարը տեսնելուց հետո (որոնք, չգիտես ինչու, միայն հինգ ոտք ունեին) մոտեցա քեզ ու ասացի.
- Սա ի՞նչ է:
- Երազ:
- Թե՞ երազանք:
- Չէ՛, երազ… ամենաիսկական երազ, որ ամեն գիշեր տեսնում եմ:
- Ինչու՞ հնգոտանի ութոտնուկներ:
- Որ իմանայի, չէի տեսնի:

Թեև չէիր խոսում, քո ներսում կատարվածը կարելի էր կարդալ դեմքիդ վրա, տեսնել քո նկարներում: Մի անգամ սարսափելի անտրամադիր եկար: Ես միանգամից նկատեցի, որ կապույտ ներկը բացելու համար ջրի փոխարեն արցունքներդ էիր օգտագործում: Այդ օրը դու չէիր նկարում, այլ պարզապես նյարդային շարժումներով վրձինը տանում-բերում էիր: Վերջում պատկեր չստացվեց… Պարզապես տրամադրություն էր, կապույտ տրամադրություն: Ես նորից մոտեցա քեզ.
- Ի՞նչ է պատահել:
- Ոչինչ:
- Իսկ սա ի՞նչ է:
- Ես եմ:
- Բայց դու կապույտ չես:
- Իսկ դու գույնին մի նայիր:
- Ինչի՞ն:
- Պատկերին:
- Բայց սա միայն խզբզանք է:
- Ճիշտ ես. դա ես եմ:
- Իսկ կասե՞ս ինչու ես այսքան տխուր:
- Վիճել եմ:
- Ու՞մ հետ:
- Ուսուցչուհուս:
- Չարժեր…
- Չէ՛, արժեր… Նրան դուր չեկավ շարադրությունս:
- Ինչի՞ մասին էր:
- Երևանի:
- Ի՞նչ էիր գրել:
- Դե… նկարագրել էի, թե որքան վատն է մեր քաղաքը. կեղտոտ, փոշոտ… պարզապես աղբանոց: Իսկ հետո գրել էի, որ չնայած այդ ամենին, սիրում եմ այն: Ուսուցչուհիս էլ կատաղած ասաց. «Մրոտում ես քաղաքը, հետո ասում, որ սիրու՞մ ես… Էդպես չի կարելի»: Ես էլ ջղայնացա ու տետրս պատռեցի… Մնացածը կարևոր չէ:
- Արժե՞ր դրա համար այսքան տխրել, դեռ մի բան էլ արտասվել:
- Հա՛, արժեր… յուրաքանչյուր գրածիս համար արժե:
Ու դու այլևս չկարողացար խոսել. արցունքները խեղդում էին: Ես էլ չդիմացա: Քեզ գրկեցի, և մենք միասին արտասվեցինք. դու՝ գրածիդ, ես՝ նկարածիդ համար:

շարունակելի

StrangeLittleGirl
05.07.2007, 01:24
Այդ օրը ես իմացա, որ սիրում ես գրել: Չէ՛, խոսքեր պետք չէին: Կապույտ խզբզանքդ, ասածդ մի քանի նախադասությունն ու արցունքներդ բավական էին, որ ես համոզվեի դրանում: Երբ արդեն մոտ երեք տարի կլիներ, ինչ միասին նույն խմբակն էինք հաճախում, ու չնայած դու շարունակում էիր նույն չխոսկանը մնալ, ես մի անգամ էլ խիզախեցի ու քեզ հարցրեցի.
- Դու դեռ գրու՞մ ես:
Սպասում էի, որ կզարմանաս այդ հարցից: Բայց դու շատ հանգիստ պատասխանեցիր.
- Արյունը քանի՞ ձևավոր տարր ունի:
- Երեք. էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ:
- Անատոմիա լավ ես սովորել… Իսկ ես ունեմ չորրորդը՝ բառերը:

Հաջորդ անգամ հետդ մի թղթապանակ էիր բերել: Տվեցիր ինձ ու ասացիր.
- Վերցրու, կկարդաս:
Ես շշմեցի:
Երեք օր տևեց մինչև ծայրից ծայր կարդացի: Հետո ևս մեկ շաբաթ էր պետք, որ ուշքի գամ: Այդ ընթացքում նկարչության դասերին ինձ չէիր նայում, իսկ խոսելու մասին չեմ էլ ասում: Դա այնքան տևեց մինչև այդ ամենը մարսելուց հետո քեզ ասացի.
- Լսի՛ր, ընթերցողին մի քիչ խնայիր. շատ դաժան ես:
- Գիտե՞ս ինչ: Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին:
- Այդ դեպքում ինչու՞ ես գրում:
- Հիշի՛ր արյան չորրորդ ձևավոր տարրը:

Դու այլևս չեկար խմբակ: Գուցե տարօրինակ թվա, բայց կարոտում էի: Մեր հաջորդ հանդիպումն այգում էր: Դու խորացած ինչ-որ բան էիր գրում: Ես մոտեցա ու գրիչդ խլեցի: Անմիտ էի…
- Դու՞ էլ:
- Ես ի՞նչ:
- Մի՞թե դու էլ չես ուզում, որ ես գրեմ:
- Ասենք, այդպես է: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում: Դու ծանր մտքեր ես արտահայտում ու դրանով տանջում մարդկանց: Այդպես գրող չես դառնա: Ավելի լավ է՝ թող դա, կարգին բաներով զբաղվիր:
- Որտե՞ղ ես անգիր արել այդ խոսքերը:
- Դրանք իմ սեփականն են:
- Ավելի վատ… ուրեմն չես ուզում, որ ես գրեմ, հա՞:
- Ճիշտ այդպես. դա լավագույն տարբերակն է թե՛ քո, թե՛ մարդկանց համար:
Դու լռեցիր: Հետո մի նոր գրիչ հանեցիր պայուսակիցդ, տետրիցդ մի թերթ պոկեցիր, արագ-արագ ինչ-որ բան խզբզեցիր, խցկեցիր ձեռքիս մեջ ու հեռացար: Ես մերթ քո փախչող կերպարանքին էի նայում, մերթ՝ ձեռքիս մեջ մնացած անօգնական թղթին: Երբ անհետացար իմ տեսադաշտից, համարձակվեցի կարդալ գրածդ. «Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակեղենիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…»:

Դրանք ամենաուժեղ տողերն էին, որ երբևէ կարդացել էի: Գուցե պատճառն այն էր, որ հենց ինձ էին ուղղված… չէ՛, բոլոր նրանց, ովքեր քեզ խորհուրդ էին տալիս չգրել: Դա նման էր պոռթկումի: Դու հոգնել էիր, զզվել քո սեփական ընթերցողից, որին ինքդ էիր ընտրել:

շարունակելի

impression
05.07.2007, 01:35
«Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակեղենիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…»:

Կներեք, մինչև վերջը տեղադրելը չեմ դիմանա :oy
Շատ ազդեցիկ է: Ասես ոչ թե աչքերով, այլ բաց նյարդերով կարդամ… Բյո՛ւր ջան, գրի, շա՛տ գրի, հատկապես ընտրածս մասի նման :hands
Ու եթե որևէ մեկը փորձի գրիչդ խլել.... ես նրան կնվիրեմ իմը, մենակ թե քեզ հանգիստ թողնեն :D

StrangeLittleGirl
05.07.2007, 02:08
Հաջորդ անգամ քեզ մի համերգի ընդմիջման ժամանակ տեսա:
- Մենա՞կ ես,- հարցրի:
- Դու էլ հարց գտար տալու… Իհարկե:
- Չե՞ս տխրում:
- Չէ՛:
- Կարող ես մեզ միանալ:
Ես ընկերախմբով էի:
Հետո, չնայած խոսքդ ինձ էիր ուղղել, բայց ասես ինքդ քեզ հետ զրուցելով ասացիր.
- Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում… ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց, ոչ ոք չի հիասթափացնում, կախված չես ոչ ոքից, բոլորը քեզ սիրում են բայց դու ոչ ոքինն ես, ոչ ոք թքած չունի քեզ վրա, բոլորը քեզ հարազատ են, դու զայրացած չես, չես արտասվում
տրամադրությունդ բարձր է, վրեժ լուծել չես ուզում, արհամարհված չես, ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս, ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի, ու չստանալուց հետո քեզ լքված զգալ: Ծանոթներն իրենք են քեզ գտնում
զարմանում, որ մենակ ես, առաջարկում միանալ, բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում…
- Իսկապե՞ս լավ ես:
- Չէ՛… - քայլեցիր դեպի դուռը ու շարունակեցիր,- այս ամենը քեզ միայն թվում է, դու ձանձրանում ես
որոշում գնալ, որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է մենակ…
- Ես ոչինչ չեմ հասկանում,- հետեևիցդ ասացի:
Դու շրջվեցիր, եկար դեպի ինձ ու ականջիս շշնջացիր.
- Գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան:
Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, որ ես քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Հա՛, կարդացել էի գրածներդ, մոտ չորս տարի հետդ նկարչության գնացել, շատ բան գիտեի քո տրամադրությունների մասին, բայց թե որտեղից էին դրանք գալիս և ուր էին գնում, ես կարող էի միայն ենթադրել: Չէ՛, նույնիսկ դրա համար անհրաժեշտ չափով տեղեկացված չէի: Եվ ես որոշեցի քո մասին իմանալ ամեն ինչ… հենց քեզնից: Չեմ հիշում, թե ինչպես կարողացա քեզ գտնել ու առաջարկել հանդիպել: Դու չմերժեցիր:
Ես անհամբեր էի. հենց հայտնվեցիր պայմանավորված վայրում, ես առանց երկար-բարակ «բարև-ոնց ես-ի» խնդրեցի, որ պատմես քո մասին, իսկ դու.
- Կար մի հեքիաթ՝ զզվելի ու հնամաշ: Այնտեղ լուսինն ասես հոտած պանիր լիներ…
- Բայց դա ի՞նչ կապ ունի քեզ հետ:
- Հեքիաթները նաև քայլող են լինում: Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը:
Մի պահ ինձ թվաց, թե խելագար ես: Ինչ-որ անկապ մտքեր էիր արտահայտում, որոնցից ես գլուխ չէի հանում: Իսկ դու կարծես հասկացար, թե ինչ եմ մտածում.
- Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման: Իսկ եթե նույնիսկ այդպիսին չես, հոգ չէ. քեզ կդարձնեն:
Ու դու ժպտացիր:
- Այսպես ավելի լավ է,- ասացի,- չտխրես:
- Հաճախ է լինում, երբ ներսս պատերազմ է, բայց ես ժպտում եմ բոլորին՝ վարպետորեն ծածկելով կռվի դաշտում զոհվածներին ու վիրավորներին:
Ես միանգամից մռայլվեցի: Իսկ դու ինձ փաթաթվեցիր ու ասացիր.
- Մի՛ զարմացիր… Դու ինձ շատ ավելի լավ գիտես, քան նրանք, ովքեր ինձ ամեն օր տեսնում են: Այլևս հարցեր չտաս:

Չգիտեմ՝ ինչպես պատահեց, չգիտեմ՝ ինչու ես մի օր նորից ձեր տուն եկա: Ես քեզ չճանաչեցի: Դու պառկած էիր մահճակալին, գրկել էիր բարձդ, որի վրա ոչ մի չոր տեղ չկար: Երբ նայեցի քեզ, սարսափեցի: Աչքերիդ տակ մոխրագույն փոսեր էին գոյացել, կոպերդ ուռել էին: Նիհար էիր, գունատ: Իսկ պիժամադ այն նույն գույնն ուներ, որից դու համառորեն չէիր հրաժարվում:
- Ի՞նչ է պատահել:
Լռում էիր:
- Ինչու՞ ես այս վիճակում:
Հիմար էի: Հարցեր պետք չէին:
Հանկարծ սկսեցիր խոսել, ավելի ճիշտ՝ ինչ-որ կցկտուր նախադասություններ ասել.
- Գրում եմ… Խելագար եմ… Փնտրում եմ… Փախչում եմ ինձնից… Հեռանու՞մ… Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում…
Հանկարծ լռեցիր, նայեցիր ինձ: Աչքերդ փայլեցին: Փորձեցիր ժպտալ: Չստացվեց. երևի զոհերն ու վիրավորները չափից դուրս շատ էին:
- Ես քեզ սպասում էի: Ի՜նչ լավ է, որ եկար… Տեսնու՞մ ես այն պահարանը: Քեզ եմ նվիրում: Ճիշտ է՝ մեջը անպետք բաները շատ են, բայց արժեքավորներ էլ կան… Գրածներս… Բալիկներս:
Ու հանկարծ շշնջացիր մի շատ ծանոթ բանաստեղծություն.
- Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:

Եթե մի օր, անուշ ընկեր… Եթե մի օր, անուշ ընկեր…
Լռեցիր: Քնել էիր: Ժպտում էիր: Գրկել էի քեզ: Կամաց-կամաց սառում էիր: Ու ես շարունակեցի.
- Նրանք չերգած քո երգերն են,
Որ սրտումըդ դու տարար,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած դու մեռար:

lili-4
05.07.2007, 10:13
Բյուր, շատ լավ ես գրել, կարդացի մի ակընթարթում: Հուզիչ է. կապույտ երազների ու գորշ իրականության բախում, մեր իրականությունը, որ իսկապես նման է քայլող հեքիաթի, որը շատերի համար պարզապես անտեսանելի ուրվական է:

Ուլուանա
05.07.2007, 11:22
Շատ տպավորիչ էր։ :ok Պատկերները ուժեղ էին, հաջողված։ :)
Բայց կրկնվածության զգացողություն կար մի տեսակ... (Ի դեպ, դա քո շատ ստեղծագործությունների է բնորոշ), այսինքն՝ նմանատիպ իրավիճակները շատ են կրկնվում։ Գիտեմ, որ չես ընդունելու, բայց ես քո ստեղծագործությունները կարդալիս ես հաճախ եմ ակամա էդ զգացողությունն ունենում... Եթե հետաքրքրում է, հետո կասեմ, թե կոնկրետ էլ որ ստեղծագործություններում է այդպես։

Մեk էլ էս մասում ոնց որ թե կիսատ բան կա... Գուցե copy-paste անելուց է ջնջվել, մի հատ նայիր.

- Չէ՛… - քայլեցիր դեպի դուռը ու շարունակեցիր,- այս ամենը քեզ միայն թվում է, դու ձանձրանում ես ...........
որոշում գնալ, որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է մենակ…

StrangeLittleGirl
05.07.2007, 11:34
Եթե հետաքրքրում է, հետո կասեմ, թե կոնկրետ էլ որ ստեղծագործություններում է այդպես։
Հա՛, հետաքրքրում է: Կասե՞ս:

Մեk էլ էս մասում ոնց որ թե կիսատ բան կա... Գուցե copy-paste անելուց է ջնջվել, մի հատ նայիր.
Չէ՛, ուղղակի ստորակետն էի բաց թողել:

Վարպետ
05.07.2007, 11:44
Ապրես, Բյուր, շա'տ ապրես:

Երվանդ
05.07.2007, 12:03
Հզորա Բյուր, ակումբում եղած ամենալավ գործերից մեկը իմ կարծիքով:

Goga
05.07.2007, 16:25
Բյուր այս տրամադրությանս միայն քայլող հեքիաթն էր պակաս;)
Շատ հուզիչ էր, իրոք լացեցի:cry Ապրես, շատ լավն էր:)

Բարեկամ
05.07.2007, 16:40
Փոքրիկ իշխան-ի մեղեդայնությունն ուներ…
Լավ ինքնավերլուծություն էր:

Selene
05.07.2007, 17:13
Շատ լավն էր, Բյուր:) Շատ տպավորիչ էր:

Ուլուանա
06.07.2007, 08:39
Փոքրիկ իշխան-ի մեղեդայնությունն ուներ…
Լավ ինքնավերլուծություն էր:
Ըհը, համաձայն եմ, իրոք փոքրիկիշխանություն էր զգացվում... :)

Cassiopeia
06.07.2007, 09:59
Պատմվածքն արժանի էր այն արցունքներին, որ աչքերումս առաջացան:

Գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան:

Հեքիաթները նաև քայլող են լինում: Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը:
Այս երկու միտքը արժեն ամեն ինչ…

Guest
07.07.2007, 15:47
Կուզեի այդ մարդու հետ (տենց էլ չերեված տղա է թե աղջիկ) ծանոթ լինեի: Հաստատ իմ լավագույն ընկերը կդառնար:love

Ահագին լավ պատմվածք է: Ապրես :)

Manumel
07.07.2007, 20:44
:( Տիւուր ես գրում: Գիտեմ որ քեզ դուր են գալիս աբստրակտ նկարներ, որոնցում որպես կանոն միշտ էլ կա և´ սեր, և´ ռոմանտիզմ, և´ուտոպիա, և´ սեփականատիրության անսանձահարելի պորթկում:Դրականորեն ընդունիր ,վորովհետր բավականին հաջող է ստացվել:Հետո մի իւորհուրդ, (չնայած բոլոը գրում են ,որ իւորհուրդ չես ընդունում,բայց որպես կոլլեգա ասեմ,որ եթե չընդունեիր,եստեղ չէիր գրի,ըստ որում պարզ է ,որ հենզ իւորհուրդներ են քեզ հարկավոր:Ինձ էլ:),բոլորիս էլ), մի սևեռվի միմիայն զավի վրա,ընթերցողին հնարավորություն տուր նույնիսկ ցավի մեջ գտնել գեղեցիկը, հույսը:Եթե այս վիպակը կարդա դեպրեսիայով տառապող ընթերցող, հաստատ կվնասվի:
Եթե մեկը փորձի ասել զուր ես գրում,ոչինչ մի ասա, մեկ է ,էդպիսինները չեն հասկանա քեզ: Գրի, ընթքցքում ավելի կաճես: Եթե չքայլես ճանապարհդ ո՞նց կանցնես: Հետագան էլ ցույց կտա, թե թո հեքիաթը ու՞ր էր գնում : Ու Բյուրակն ջան ,վերջում ինքդ կհամոզվես, որ թեկուզ հեքիաթդ գորշի ու կապույտի մասին էր, բայզ մեկ է սպիտակի վրա էր գրված::):)

otar
08.07.2007, 22:13
:think ապրես

Մանոն
12.07.2007, 10:28
Ապրես Բյուր ջան, շատ լավ ես գրում: Ստեղծագործությանդ մեջ ինձ հարազատ շատ բաներ գտա: Բայց կուզենայի հերոսուհուն մի խորհուրդ տալ, մի աֆորիզմ պարզապես.
«Անվերջ ազատության ձգտողը դատապարտված է միայնակության»: Իսկ դա շատ դաժան զգացում է, այդ միայնակությունը...

Angelina
12.07.2007, 10:42
Նրանք չերգած քո երգերն են,
Որ սրտումըդ դու տարար,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած դու մեռար:

Շատ տխուր էր, բայց ասեմ՝այս տողերը իմ աչքերում արցունք առաջացրին:

Նանե
12.07.2007, 11:43
Բյուր ջան ես շատ քիչ եմ ֆորումում գրառումներ անում, բայց չեմ կարող ես անգամ չգրել, :think
Շատ լավն էր, քեզ երևի ես շատ քիչ եմ ճանաչում քան ֆորումի մյուս անդամները, բայց գրածներտ միշտ հավանում եմ, :hands փորձում եմ հասկանալ հոգեվիճակը, որի ժամանակ ծնվում են քո գործերը, բայց չի ստացվում, ու ինձ մնում է միայն վայելել::) Ասեմ որ նույնիսկ լաց եղա, չնայած փորձում էի ջրի օգնությամբ խեղդել առցունքներս :oy Շնորհակալություն

ihusik
12.07.2007, 22:31
Շատ-շատ հուզեց գրածդ ինձ Բյուրակն ջան:cry
Շա՜տ լավ է գրված, այնքան լավ որ չեմ կարող ուղղակի չշնորհավորեմ այս հիանալի ստեղծագործության կապակցությամբ:good ու չհամբուրեմ:kiss
Ապրես Բյուրակն ջան, շա՜տ ապրես:) ու միշտ սրտիդ լույսն ու կրակն անմար...:kiss

Apsara
17.07.2007, 01:18
Զգացմունքային է: Իզուր ինքդ քեզ սպանեցիր վերջում: Ինքնակենսագռականի էջերից մեկը կդառնա կյանքիդ ավարտից հետո

StrangeLittleGirl
26.07.2007, 01:12
Լռությամբ կարծիքներ լսելուց հետո կարծում եմ, որ ժամանակն է՝ պատասխանեմ:
Նախ, շնորհակալություն բոլոր արձագանքների համար: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ լսելիս հիմնավորումներ ստանայի: Ամեն դեպքում շնորհակալ եմ: Իսկ հիմա առանձին-առանձին փորձեմ պատասխանել որոշ մարդկանց:
Հ

Բայց կրկնվածության զգացողություն կար մի տեսակ... (Ի դեպ, դա քո շատ ստեղծագործությունների է բնորոշ), այսինքն՝ նմանատիպ իրավիճակները շատ են կրկնվում։
Թեև դու icq-ով ինչ-որ կերպ բացատրեցիր, թե ինչ նկատի ունես, ու ես հասկացա, երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ քեզ հետ համաձայն չեմ:


Շատ հուզիչ էր, իրոք լացեցի

Գրելուց ես էլ էի լացում :(


Փոքրիկ իշխան-ի մեղեդայնությունն ուներ…
Լավ ինքնավերլուծություն էր:
Իրոք, դա ես էլ եմ զգացել: Հատկապես այն, որ երկրորդ դեմքով է գրված:


Կուզեի այդ մարդու հետ (տենց էլ չերեված տղա է թե աղջիկ) ծանոթ լինեի: Հաստատ իմ լավագույն ընկերը կդառնար
Վստա՞հ ես:

Հետո մի իւորհուրդ, (չնայած բոլոը գրում են ,որ իւորհուրդ չես ընդունում,բայց որպես կոլլեգա ասեմ,որ եթե չընդունեիր,եստեղ չէիր գրի,ըստ որում պարզ է ,որ հենզ իւորհուրդներ են քեզ հարկավոր:Ինձ էլ,բոլորիս էլ)
Ես բոլոր խորհուրդները լսում եմ, բայց ընդունում եմ, միայն նրանք, որոնք ինձ համար հեղինակավոր մարդիկ են և խորհուրդը տալու պահին նորմալ տրամադրություն ունեն:


մի սևեռվի միմիայն զավի վրա,ընթերցողին հնարավորություն տուր նույնիսկ ցավի մեջ գտնել գեղեցիկը, հույսը:Եթե այս վիպակը կարդա դեպրեսիայով տառապող ընթերցող, հաստատ կվնասվի:
Գրելու պահին ես դեպրեսիայի մեջ եմ: Հետո մի 10 անգամ կարդացել եմ: Հաստատ չեմ վնասվել:

Եթե մեկը փորձի ասել զուր ես գրում,ոչինչ մի ասա, մեկ է ,էդպիսինները չեն հասկանա քեզ:
Իսկ ո՞վ է ինձ այդպիսի բան ասել: Ո՞վ կհամարձակվի:


ինձ մնում է միայն վայելել:
Մյուս ընթերցողներին խորհուրդ կտայի նույնն անել:


Իզուր ինքդ քեզ սպանեցիր վերջում: Ինքնակենսագռականի էջերից մեկը կդառնա կյանքիդ ավարտից հետո
Ինքս ի՞նձ… Ինչի՞ց որոշեցիր, որ ես եմ:
Շատ անտակտ բան ես գրել, ասեմ իմանաս: Սովորաբար որևէ մեկի ստեղծագործությունները կարդալիս պետք չէ խորանալ հեղինակի անձնական կյանքի մեջ, հերոսների մասին կարծիք հայտնելիս դիմել երկրորդ դեմքով: Ամեն դեպքում՝ ես չեմ վիրավորվում՝ հաշվի առնելով, որ դու չգիտեիր ստեղծագործությունների մասին կարծիք հայտնելու էթիկան:

Որպես օրինակ բերում եմ Manon-ի գրածը: Խորհուրդ է տրված, բայց ոչ թե հեղինակն ու հերոսուհին նույնացվում են, այլ այն ուղղված է հենց հերոսուհուն:

Բայց կուզենայի հերոսուհուն մի խորհուրդ տալ, մի աֆորիզմ պարզապես.
«Անվերջ ազատության ձգտողը դատապարտված է միայնակության»: Իսկ դա շատ դաժան զգացում է, այդ միայնակությունը...

Ավելացվել է 17 րոպե անց
Մեկ էլ մոռացել էի ասել, որ վերջին բանաստեղծության հեղինակը Հ. Թումանյանն է, կոչվում է «Նմանություն»: Վերջին տունը երկրորդ դեմքով եմ դարձրել, որպեսզի համապատասխանի պատմվածքին: