PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Անքնություն



Ուլուանա
20.06.2007, 09:05
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Տաղտուկից ծեծված հաստափոր օրը,
Մի կերպ քարշ տալով պարարտ մարմինը,
Դանդաղ փոխվում է տխմար գիշերվա...
Եվ թեթևամիտ տիկին անդորրը՝
Ծերուկ գիշերվա անառակ կինը,
Խենթ պար է բռնում ուղեղիս վրա...

Իսկ ժամացույցի վայրկյան-սլաքը
Իր զիլ անունը սեղանին դաջող
Ծույլ ու անպիտան աշակերտի պես
Նյարդերիս վրա վերք է փորագրում,
Որ իր զարկերը հիշեմ մշտապես։

Բայց զարկերն, իրենց սև գործն անելով,
Քիչ-քիչ դառնում են օրորոցային,
Հոգնած ուղեղիս վերքը շոյելով
Ճանապարհում են նրան սրտագին...

Հետո աննկատ մարում են, լուծվում
Ծլվլոցի մեջ կենաց հավքերի,
Եվ գունատվում է Գիշերը դրսում,
Անձայն լացելով ավարտն իր դերի...
................................................................

Գիշերը փակեց աչքերը դժկամ...
Օրը զարթնել է... Սակայն ես... չկամ... :cry2
:lazy

Մանոն
20.06.2007, 10:20
Էս ինչ լավն էր Ան ջան, անկախ ինձնից սկսեցի հորանջել, ու քանի որ ինքս էլ տառապում եմ անքնությունից, գրածդ ամեն բառը, տողը շա~տ հարազատ է ինձ: Մենակ թե մի մտքի հետ համամիտ չեմ, գիշերը տխմար չէ ամենևին, ամենալավ գաղափարներն ու լուծումներն ինձ մոտ ծնվում են հենց գիշերով:P
Շատ ապրես, շնորհակալ եմ, թերևս ամեն երեկո կարդամ քո բանաստեղծությունը, որ կարողանամ քնել:)

StrangeLittleGirl
20.06.2007, 10:28
Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:

Guest
20.06.2007, 10:42
Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:

Կտրականապես համաձայն չեմ:
Վերջում գրված երկու տողերը միշտ էլ լավ բան ա:D

Լավն էր, Անահիտ, ինչպես միշտ:)

Ուլուանա
20.06.2007, 10:44
Էս ինչ լավն էր Ան ջան, անկախ ինձնից սկսեցի հորանջել, ու քանի որ ինքս էլ տառապում եմ անքնությունից, գրածդ ամեն բառը, տողը շա~տ հարազատ է ինձ: Մենակ թե մի մտքի հետ համամիտ չեմ, գիշերը տխմար չէ ամենևին, ամենալավ գաղափարներն ու լուծումներն ինձ մոտ ծնվում են հենց գիշերով:P
Շատ ապրես, շնորհակալ եմ, թերևս ամեն երեկո կարդամ քո բանաստեղծությունը, որ կարողանամ քնել:)
Գիշերը տխմար է թվում այն ժամանակ, երբ գիտես, որ անքնությամբ ես տառապելու։ Օրինակ՝ տվյալ դեպքում իմաստն այն էր, որ օրն էլ մի բան չէր, հիմա էլ անքուն գիշերն է գալու... :think
Բարեբախտաբար, անքնությամբ հազվադեպ եմ տառապում, ուղղակի այս գիշեր (չնայած արդեն համարյա առավոտ էր :oy) այդ հազվագյուտ դեպքերից էր... :( Ես էլ որոշեցի ինձ համակած տաղտուկը ռացիոնալ օգտագործել, և արդյունքում ծնվեց այս բանաստեղծությունը։ :D

Ընդհանուր շատ լավն էր, բայց վերջին տողերն ավելորդ էին:
Եսիմ, ինձ թվում է, որ վերջին տողերը կարևոր են։ ;) Բա մարդիկ չիմանա՞ն, որ էդքան տանջվելուց հետո վերջը քնեցի։ :P:D
Որ խնդրեմ, կբացատրե՞ս, թե ինչու ես ավելորդ համարում։

StrangeLittleGirl
20.06.2007, 10:56
Բա մարդիկ չիմանա՞ն, որ էդքան տանջվելուց հետո վերջը քնեցի։
Բաներ կան, որ առանց բացատրելու էլ հասկանալի են ;)

Որ խնդրեմ, կբացատրե՞ս, թե ինչու ես ավելորդ համարում։
Պատկերը փչացնում են:

Philosopher
20.06.2007, 12:12
Լավ էր, Ան, բանաստեղծությանդ շունչը ավելի ծանր ու լայնահուն է դարձել և ասելիքդ տեղավորելու ու հասցնելու առումով առավել լայն հնարավորություններ ես ինքդ քեզ տվել ու օգտվել ես այդ հնարավորությունից:
Վերջին տողերը և լավ ավարտում են բանաստեղծությունդ, և ամփոփում ու ընդգծում անքնությանդ քո ապրումը.


Գիշերը փակեց աչքերը դժկամ...
Օրը զարթնել է... Սակայն ես... չկամ... :cry2
:lazy
Իսկապես լավ էր, ապրե'ս:

Երվանդ
20.06.2007, 12:21
Լավնա:)

Goga
20.06.2007, 14:11
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Իսկ ժամացույցի վայրկյան-սլաքը
Իր զիլ անունը սեղանին դաջող
Ծույլ ու անպիտան աշակերտի պես
Նյարդերիս վրա վերք է փորագրում,
Որ իր զարկերը հիշեմ մշտապես։


Շատ լավն էր:hands Հատկապես այս տողերը սրտիս ուզածն են ասում:ok

impression
20.06.2007, 18:02
Անահիտ ջան, իրո՛ք շատ լավն էր, կեցցես :hands
Առաջին տունը երկու անգամ կարդացի, մինչև առաջ անցնելը, ամենահաջողվածն էր, ընդհանրապես լարում չէր զգացվում՝ ստեղծագործողի լարումն ի նկատի ունեմ ;) դե դու կիմանաս :)
Ավարտուն պատկեր էր, հոգնություն իջավ վրաս, զգացի անկատար հույսերդ, ափսոսանքդ ու հետն էլ՝ շնորհակալությունդ, որ այդ օրն ի վերջո ավարտվեց...
Մի խոսքով, հրաշալի էր :ok

Բարեկամ
21.06.2007, 05:38
Տիպիկ արտույտային զգացողություններ, որը սխալմամբ հայտնվել ա բուի կարգավիճակում :D

Apsara
15.07.2007, 18:45
Շատ հետաքրքիր պատկերավորման միջոցներ են օգտագործված, նաև համեմատություններն են դիպուկ ու ճիշտ
տրամադրությունը բանաստեղծության, որ գրողը դրել է գրելու պահին զգացած ժամանակ, փոխանցվում է կարդացողին, եթե իհարկե նա երբևիցե անքնությամբ է տառապել

Ուլուանա
13.01.2008, 02:27
Քանի որ իմ բոլոր ստեղծագործությունները ժամանակին առանձին թեմաներով եմ տեղադրել, :oy բայց հիմա դա սխալ եմ համարում, որոշեցի նորը չբացելու համար հիմիկվանից սկսած՝ գոնե բացածս հին թեմաներին «կցել»...

Այս մեկին այդպես էլ վերնագիր չկարողացա դնել... :(
Ասեմ, որ ստորև նկարագրվածը բախտի բերմամբ թե պատահմամբ ինձ հետ չի պատահել, ուղղակի մի պահ երևակայությունս խիստ վերելք էր ապրել :)), ու արդյունքում ծնվեցին այսպիսի խառնիճաղանչ մտքեր... :)

Անժամանակ այց

Դու հայտնվեցիր իմ կյանքի ճամփին
Լրիվ թարս պահի շրթունքին բուսած բշտիկի նման
Ու քո անցյալոտ, քրտնած ձեռքերով
Բացեցիր վաղուց արդեն բորբոսնած հուշերիս տուփը,
Որ անփութորեն մոռացել էի նետել աղբաման...

Եվ, այնուհանդերձ, քո հայտնությունը՝
Այդքան չսպասված ու մեռելահոտ,
Որ սպառնում էր փայլուն մշակված պատուհաս դառնալ,
Չկարողացավ խաթարել արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,
Ու քեզ մնում էր քո պարտության հետ
Այն տուփը գրկել ու լուռ հեռանալ... :beee

StrangeLittleGirl
13.01.2008, 02:41
Ընդհանուր առմամբ, գործը դուրս եկավ, մանավանդ նուրբ ծաղրական տոնը, որը չգիտեմ էլ հեղինակը դրել էր մեջը, թե ոչ: Առաջին անգամ եմ տեսնում, որ Անահիտը չափը չի պահել: Կարծում եմ, հաջողվել է, միայն թե այս տողը չափից դուրս երկար է.

Չկարողացավ խաթարել արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,
Եթե տողը «կոտրվեր», գուցե ավելի լավ լիներ, չգիտեմ.
Չկարողացավ խաթարել
Արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,

Մեկ էլ թեև այլաբանական պատկերները հաջողված էին, բայց բանաստեղծությունը ծանրաբեռնում են: Ես, որպես ընթերցող մարսում եմ առաջինը, երկրորդը, բայց երրորդից հետո դադարում եմ ընկալել, ստիպված նորից եմ կարդում:

ivy
13.01.2008, 02:46
Ան, նախ առաջին բանաստեղծությանդ՝ Անքնության մասին եմ գրելու, որը նոր եմ կարդում: Հոյակապ պատկերներ էին, բառերի արտակարգ ընտրություն, ընտիր ոճ: Շատ հավանեցի, ափսոս, հնարավոր չի կրկնակի վարկանիշ տալ, թե չէ կտայի:
Այս վերջին անվերնագիրն էլ լավն է, թեկուզ և իրականում ապրված չէ: Ինչ լավ ես գրում, ու ինչի՞ եմ ես դա նոր հայտնաբերում: Դմբո եմ էլի...

Ուլուանա
13.01.2008, 02:46
Եթե տողը «կոտրվեր», գուցե ավելի լավ լիներ, չգիտեմ.
Չկարողացավ խաթարել
Արդեն ծաղկած պարտեզիս խաղաղությունը,
Ճիշտն ասած՝ սկզբում հենց էդպես էլ արել էի, հետո, չգիտեմ ինչու, փոխեցի... :)):oy

Chuk
08.07.2008, 00:47
Ավելի շուտ պետք է գրեի, բայց ինչպես հաճախ, լավ բաների մասին գրելը դժվար է լինում ու հետաձգել էի:

Անքնությունը ուղղակի հրաշք է: Նկարագրությունները այնքան կենդանի ու իրական են, որ արդեն չորրորդ անգամն եմ կարդում բանաստեղծությունը ու ամեն անգամ հենց կարդալու պահին կարծես զգում եմ հեղինակի հոգնությունը, նրա հետ ապրում այդ օրը... գիշերը: Իսկապես ընտիր նկարագրություններ են, ճիշտ ընտրված բառեր, արտահայտություններ: Ան, ես չգիտեմ, մոռացե՞լ էի, թե՞ չգիտեի, որ քո գրչից այսպիսի լավ պոեզիա էի դուրս գալիս, բայց միշտ գրող Անահիտի մասին մտածելիս պատկերացնում էի արձակագրի... հիմա զգում եմ, հասկանում, որ ոչ միայն, սխալ էի պատկերացնում:

Երկրորդը՝ անվերնագիրը, սկզբից չհավանեցի: Ընդ որում տարօրինակ էր, զգում էի, որ լավն է, բայց մեկ է չեմ հավանում: Հիմա կարծես հասկանում եմ: Եթե չիմանայի, որ քո գրածն է, ապա կհավանեի: Ինչու՞: Որովհետև... ո՞նց ասեմ, հերոսը դու չես, քո բնավորությունը չի դա, քո մարդկային տիպը չի, քո կենցաղը, ապրելակերպը չի... ախր չգիտեմ ոնց ասեմ: Բայց լավ գործ է... ուղղակի լրիվ ուրիշի մասին է...

Ուլուանա
07.08.2020, 07:03
Փաստորեն, վերջին անգամ էս թեմայում 12.5 տարի առաջ եմ բան դրել:

Էն օրն առիթ եղավ, համարյա 12 տարի առաջ գրածս մի ուրիշ բանաստեղծության մասին հիշեցի, որն էդպես էլ ոչ մի տեղ չէի հրապարակել, երեկ որոշեցի ՖԲ-ում դնել, հետո մտածեցի` էստեղ էլ կարելի է դնել: Ասեմ, որ բանաստեղծությունը սիրային չի, թեև առաջին հայացքից կարող է էդպիսի տպավորություն թողնել, պարզապես բարձրաձայն մտորումներ են մտերիմ մարդու հոգեվիճակի շուրջ` կոնկրետ իրավիճակում ու ժամանակաշրջանում.


* * *
Եվ ահա այնտեղ՝ բյուր կենացների գարեջրե ծովում,
Քիչ-քիչ թաղվում են հարազատության հետքերը վերջին,
Քո մասին հնչող գովասանքն այնքան ծամված է թվում,
Որ բոլոր խոսքերն արդեն դառնում են ունայն ու չնչին...

Ու ահագնացող զգացողությունն այդ ճնշելու հույսով
Հերթական շիշն ես դատարկում հանուն ինչ–որ կենացի։
Նույնիսկ չես լսում, թե ում են գովում սովոր պաթոսով,
Թեև հերթական կենացը գիտես արդեն բառացի...

Այսքան հարազատ ու նույնքան օտար այս խրախճանքում
Արդեն շատ վաղուց ձանձրալիորեն չի փոխվում ոչինչ.
Պարզապես այսօր սովորականից ավել ես խմում
Եվ վաղը նորից տկարությունից կնեղվես մի քիչ...

Իսկ հետո արդեն նախորդ օրվանից ծանրացած գլխով
Կփորձես պարզել՝ իմաստի ծայրը որտեղ է կորչում.
Ես ինքս վաղուց արդեն հուսահատ, բայց ամեն գնով
Այդ նույն իմաստի բարակած թելից կառչել եմ փորձում...

2.12.2008

ivy
07.08.2020, 08:39
Ասեմ, որ բանաստեղծությունը սիրային չի, թեև առաջին հայացքից կարող է էդպիսի տպավորություն թողնել, պարզապես բարձրաձայն մտորումներ են մտերիմ մարդու հոգեվիճակի շուրջ` կոնկրետ իրավիճակում ու ժամանակաշրջանում.


Սիրայինի տպավորություն ընդհանրապես չթողեց, ոնց որ ավելի շատ հեղինակի հետ արյունակցական կապ ունեցող մեկին ուղղված լիներ, ասենք՝ հորը, հորեղբորը և այլն:

Ուլուանա
09.08.2020, 06:05
Սիրայինի տպավորություն ընդհանրապես չթողեց, ոնց որ ավելի շատ հեղինակի հետ արյունակցական կապ ունեցող մեկին ուղղված լիներ, ասենք՝ հորը, հորեղբորը և այլն:
Ավելի լավ, եթե չի թողնում: Չնայած արյունակցական կապ ունեցող մեկին չի ուղղված, այլ պարզապես մտերիմ մարդու, բայց դե կարող էր արյունակցական կապ ունեցող էլ լինել:

CactuSoul
10.08.2020, 03:15
Սիրայինի տպավորություն ընդհանրապես չթողեց, ոնց որ ավելի շատ հեղինակի հետ արյունակցական կապ ունեցող մեկին ուղղված լիներ, ասենք՝ հորը, հորեղբորը և այլն:

Իմ ասոցիացիան, չգիտես ինչու, ակումբի հանդիպումներն էին: ))