PDA

Դիտել ողջ տարբերակը : Միայն թե վաղը չուշանա



lili-4
05.06.2007, 17:30
Կիսաքանդ շինության հեռու անկյունում պառկած շունն անտարբեր էր չորս կողմն անց ու դարց անող մարդկանց, խաղացող երեխաների, անգամ հեռվում վազվզող շների նկատմամբ: Արդեն երկար ժամանկ է, ինչ նա ցերեկը թաքնվում, առանձնանում է բոլորից, իսկ ուտելիք գտնելու համար գիշերն է դուրս գալիս իր թաքստոցից: Իսկ դա ե՞րբ էր, ինչի՞ց սկսվեց…
… Լույս աշխարհ եկած ձագերից երկուսը դիմացան ցրտին ու ողջ մնացին: Ցուրտ էր, շատ ցուրտ, բայց դիմացավ: Երբ աչքերը բացվեցին, կողքին տեսավ իր քույրիկին ու մտածեց, որ ինքն էլ նրա նման գեղեցիկ, թռվռուն շնիկ է; Շատ գեղեցիկ էր քույրը. Սպիտակամորթի` սև ականջներով, սև դունչիկով, սև տոտիկներով, անգամ սև պոչիկով: Ու երբ երեխաները հացի կտոր կամ համեղ ուտելիք էին տալիս, նա թռվռում էր նրանց չորս կողմն ու ուրախ տարուբերում այդ սև պոչիկը: Ինքն էլ էր քրոջ պես վազվզում, թռվռում, անգամ պոչը տարուբերում, բայց հացի փոխարեն քարերի հարված էր ստանում: Չէր հասկանում, թե ինչի չեն երեխաներն իրեն սիրում, ինչի են քարկոծում, հեռու քշում: Ստացած ցավից կաղկանձելով հեռանում էր, բայց հաջորդ անգամ, մոռանալով ցավը, նորից էր քրոջ հետ վազում, սպասում մի կտոր ուտելիքի: Եվ այդ անհույս վազվզոցին վերջ տվեց, երբ սովորական քարկոծումից հետո ոտքին հասած ուժեղ հարվածից մնաց կաղ:
Սկսեց չսիրել ոչ միայն երեխաներին, այլ նաև իր քրոջը, որը միշտ կուշտ էր, միշտ ուրախ: Արդեն ստիպված էր ուտելիք գտնելու համար գնալ մոտակա աղբանոցը, որտեղ իրենից բացի էլի շներ կային, ու ինքը ստիպված էր նրանց հետ կռվել, պայքարել:Բայց այդ պայքրը շատ հաճախ իր պարտությամբ էր ավարտվում,նա իր վտիտ մարմնով ու կաղ վազքով չէր կարողանում հաղթել իրենից ուժեղներին: Շատ ժամանակ ավարի փոխարեն ետ էր դառնում շների ժանիքներից բաժին հասած վերքերով, որոնք ավելի էին այլանդակում առանց այն էլ նրա տգեղ տեսքը:
Իսկապես նա տգեղ էր, կարծես բնությունը ոչինչ չէր խնայել նրա քրոջ հակապատկերը ստեղծելու համար: Մորթին սևի ու շագանակագույնի անհամաչափ ու անճաշակ համադրություն էր: Դեմքի մի մասը սև էր, մյուսը` շագանակագույն և այդ կարծես կիսված դեմքի տգեղությունը լրացնում էին նրա շիլ աչքերը: Ծաղր է, չէ՞: Բնության մեջ հազվադեպ են հանդիպում շիլ շներ, այն էլ այսքան տգեղ մարմնի համադրությամբ: Դե հիմա պատկերացրեք. շիլ աչքեր, սևի ու շագանակագույնի անդուր համադրությամբ մորթի ու չպակասող վերքերով մի նիհար շուն: Տգեղ էր, շատ տգեղ: Բայց նա դա չէր տեսնում, իրեն պատկերացնում էր իր տեսած ամենագեղեցիկ շան, քրոջ տեսքով: Հիմա դա շատ հազվադեպ էր հիշում: Դա կարևոր չէր, կարևորը ուտելիք գտնելն էր: Ա~խ այդ ուտելիքը : Հիշում է, թե մի անգամ աղբ թափող կնոջ ետևից ոնց էին գլխապատառ վազում իրենք, այդ բակի շները` միմյանց ետ քշելով, կծելով, փորձում էին առաջինը հասնել: Եվ այդ խելահեղ վազքի ժամանակ շներից մեկը չնկատեց փողոցով սլացող մեքենան և դրա համար կյանքով հատուցեց: Մինչև հիմա էլ հիշում է այդ շան ահավոր կլանչոցը ու դրանից հետո, մինչև հոգին տալը, սրտամաշ վնգստոցը: Դրանից հետո վախենում էր նաև մեքենաներից ու ցերեկները չէր գնում ուտելիք փնտրելու: Մեկ է, այդ ցերեկվա փնտրտունքից շատ հաճախ էր դատարկ վեռադառնում: Հաճախ էր սոված մնաում և մեկ անգամ փորձեց խոտ ուտել: Ահավոր զզվելի էր, մինչև անգամ սրտխառնոց ունեցավ: Մի անգամ էլ փորձեց հող ուտել, նորից զզվելի էր: Ու սկսեց բավարարվել աղբանոցի գիշերվա փնտրտունքից գտած խղճուկ ուտելիքով: Սիրում էր տաք ու լուսնյակ գիշերները, երբ և՛ ցրտից կուչ գալ պետք չէր, և՛ ուտելիք գտնելն էր հեշտ, քանի որ սուր հոտառությանն օգնում էին նաև շիլ աչքերը:
…Հիմա էլ սպասում էր, թե երբ է մթնելու, որ գնա կեր փնտրելու: Իրեն շատ- շատ էր պետք այդ ուտելիքը, քանի որ հիմա մայր էր, ու իր երկու փոքրիկ ձագուկների համար էր բերելու: Արդեն ձագուկների աչքերը բացվել էին ու կարողանում էին ազատ այս ու այն կողմ թռչկոտել, խաղալ: Բայց թույլ չէր տալիս, որ երեխաներին մոտ գնան: Վախենում էր. նրանց էլ կքարկոծեն: Ամեն անգամ որոշում էր, որ ուտելիք փնտրելու համար ձագերին էլ իր հետ տանի, թող սովորեն, օգնեն իրեն, ախր մենակ շատ ուտելիք գտնել չէր կարողանում: Կտանի, անպայման կտանի, բայց այսօր էլի մենակ կգնա, թող մնա վաղը: Նորից մայրական քնքշությամբ սեղմվեց ձագերին, լիզեց, գգվեց, համոզվեց, որ քնած են, գնաց արդեն իր սովոր տեղը` աղբանոց:
Ճանապարհին շատ զգույշ էր, չէր ուզում ավելորդ քարկոծման արժանանա: Թփից- թուփ անցնելով` անընդհատ չորս կողմն էր նայում: Կարծես թե խաղաղ էր, ոչ- ոք չկար և ամենակրևորը, լուսնայկ գիշեր էր, հեշտ էր առաջ գնալը: Հանկարծ լսեց ուժեղ հարվածի ձայն:Շատ նման էր քարի հարվածից եկած ձայնի, բայց ավելի բարձր էր: Նորից լսեց այդ ձայնը ու չորս կողմը տարածվեց շան կլանչոց: Նայեց, բայց ոչինչ չտեսավ: Չէր հասկանում, թե որտեղից էր: Նորից ուժեղ ձայն ու նորից շան կլանչոց: Հետո էլ լսեց մեքենայի աղմուկ ու վախեցած մտավ թփերի տակ: Մեքենան հեռու էր, նրա մոտ մարդիկ այս ու այն կողմ էին գնում: Ետ դառնա՞ր , թե՞ …Չէ, կարելի է առաջ գնալ, շատ քիչ է մնացել, որ հասնի աղբարկղին: Նայեց այն կողմ ու տեսավ մի մեծ հացի կտոր: Առաջին անգամ էր այսքան մեծ ավար գտնում: Ուրախությունից շիլ աչքերը փայլում էին լուսնի լույսի տակ ոնց որ ֆոսֆորի երկու հատիկ: Չէ, ետ դառնալ հնարավոր չէ, հիմա, շատ արագ կհասնի հացին, թողնել չի կարելի: Իր կաղ քայլվածքով արագ- արագ մոտեցավ, հացն առավ բերանն ու շրջվեց, որ ետ դառնա, երբ կողքին զգաց մի ուժեղ հարված: Հարվածեցին, բայց ո՞վ: Մոտակա տարածքում ոչ ոք չկար, ու քարի հարվածից էլ ուժեղ ցավ էր, զգաց, թե ինչպես է կողքը տաքանում ու թրջվում: Արյուն էր հոսում: Այդպես էր լինում, երբ շներն էին իրեն սուր ժանիքներով խածում, ցավեցնում: Հիմա ցավի մասին մտածելու ժամանակ չկար: Շտապել էր պետք, քանի դեռ մարդիկ չէին մոտեցել: Շարժվեց առաջ: Կաղ քայլվածքն ավելի էր ժռմռվում կողքի ավելացող ցավից, բայց կանգնել չէր կարելի: Շուտով կհասն իր բուն- ապաստանը, շուտով: Քայլերն արդեն չորեքթաթ սողալու էին փոխվել, բայց չէր կանգնում: Հասավ բույնը, ատամներով սեղմած հացը պարզեց ձագերին ու պառկեց գետնին: Կիսափակ աչքերով նայում էր, թե ձագուկները ոնց են գռմռալով ուտում իր այդքան դժվարությամբ այստեղ հասցրած հացը, նայուն էր, ու թվում էր, թե շիլ աչքերը ժպտում են: Աչքերը փակվում էին, շատ- շատ էր ուզում քնել: Ինքն էլ էր սոված, բայց հիմա ուտել չէր ուզում, միայն քնել էր ուզում, մտածելով, որ ձագերին վաղն անպայման իր հետ կեր փնտրելու կտանի, գուցե այս հացից էլի լինի: Դա վաղը, իսկ հիմա կքնի, կհանգստանա, միայն թե վաղը չուշանա…

Firegirl777
05.06.2007, 18:08
Շատ լավն էր ու հուզիչ, ապրես, հիանալի պատմույուն էր, միայն ավարտն էր տխուր

ihusik
05.06.2007, 20:35
Շատ տխուր էր... :cry բայց գիտեմ, որ իրական նման շատ դեպքեր են եղել, երբ հատուկ պետական ծրագրով փողոցային շներին սպանում, ոչնչացնում էին (կամ հիմա էլ դա շարունակում են, չգիտեմ) մինչդեռ զարգացած երկրներում բոլորովին այլ կերպ է այդ ամենը. հավաքում տանում են առանձին հատուկ նրանց համար նախատեսած վայրերում պահում են, խնամում ու բուժում...

Ապրես lili-4...

Եթե մարդիկ հիշեին ավելի հաճախակի իրենց սրտի մասին, գուցե բոլորովին այլ լիներ աշխարհն՝ շատ ավելի լավը, քան կա այժմ...

Stranger
08.06.2007, 19:15
Շատ հուզիչ պատմւթյուն էր…

Root
09.06.2007, 14:07
Շատ տխուր էր... :cry բայց գիտեմ, որ իրական նման շատ դեպքեր են եղել, երբ հատուկ պետական ծրագրով փողոցային շներին սպանում, ոչնչացնում էին (կամ հիմա էլ դա շարունակում են, չգիտեմ) մինչդեռ զարգացած երկրներում բոլորովին այլ կերպ է այդ ամենը. հավաքում տանում են առանձին հատուկ նրանց համար նախատեսած վայրերում պահում են, խնամում ու բուժում...

Ապրես lili-4...

Եթե մարդիկ հիշեին ավելի հաճախակի իրենց սրտի մասին, գուցե բոլորովին այլ լիներ աշխարհն՝ շատ ավելի լավը, քան կա այժմ...

Սկզբից մարդկանց հավաքեք փողոցներից ...