PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևի գինը



lili-4
02.06.2007, 13:13
Արևի շողը պատուհանից ներս էր մտել ու մոր կողքին պառկած գառնուկի դունչը խուտուտ էր տալիս: Գառնուկն անսովոր լույսից փակել էր աչքերն ու վայելում էր արևի ջերմությունը: Նման տաքություն միայն մորը հպվելիս էր զգում: Գոմում միշտ ցուրտ էր ու, որքան հիշում է, մորը հպված, սեղմված էր լինում: Հիմա տաք էր, ու պառկել էր կիսաթաց հատակին, վայելում էր փոքրիկ շողի փոքրիկ ջերմությունը:
Աչքերը բացեց մայունի ձայներից ու հրմշտոցից: Ակամայից ինքն էլ խառնվեց բոլորին ու, չհասկանալով, թե ուր է գնում, դուրս եկավ գոմից: Առաջին անգամ էր դրսում: Զարմանքից չորս կողմն էր նայում: Այնքան լուսավոր ու այնքան տաք էր: Ա~յ քեզ, իսկ ինքն այդ թաց ու սառը տեղն է ապրում: Կարծես խենթ քամի մտավ ռունգը, այն խուտուտ տվեց ու ստիպեց այս ու այն կողմ ցատկի: Ի~նչ հաճելի էր, ազատ տարածք, լույս ու ջերմություն: Իր խենթությանը միացան իրենց գոմից էլի մի քանի գառներ: Թռչկոտում էին ու ուրախ մայում: Չէր հասկանում, թե ինչի են այս մարդիկ իրեն ստիպում գնալ ուրիշ ուղղությամբ: Չէ, չի ենթարկվի, ինքը թռչկոտել ու խաղալ է ուղում: Բայց մեջքին իջած մահակի հարվածն այքան ցավոտ էր, որ ստիպված հնազադվեց: Մի քանի գառների հետ իրեն էլ առանձնացրեցին բոլորից ու ստիպեցին մտնել մի ինչ- որ ճաղապատ տարածք: Լավ էր, որ գոնե արև կար ու տաք էր, բայց հատակը նորից թաց էր: Ներսում էլի գառներ կային, որոնք ոչ մի ուշադրություն չէին դարձնում ո՛չ արևին, ո՛չ էլ իրենց ներս գալուն: Ինչ զարմանալի է: Ինչպե՞ս կարելի է չուրախանալ այն ամենով, ինչ տեսավ այսօր: Այս ու այն կողմ էր նայում, երբ ռունգին հասավ անծանոթ, բայց հաճելի բույր: Նայեց ու տեսավ ճաղերից այն կողմ թարմ կանաչ: Ներսի մի քանի գառներ ձգվել ու հաճույքով ուտում էին այդ կանաչը: Դեռ երբեք ինքը չէր համտեսել: Մոր կաթից ու չոր խոտից բացի ոչինչ չէր կերել: Արագ- արագ մոտեցավ, վիզը ձգեց դեպի խոտը, որ համտեսի, բայց զգաց ոտքից դեպի ետ քաշող մարդու ձեռքը: Խոտը համտեսելու ցանկությունը այքան մեծ էր, որ փորձում էր ազատվել մարդու ձեռքից ու հասնել ցանկանածին, բայց…
Չէ, ուժերը չհերիքեցին, ու ստիպված տեղի տվեց: Այս ու՞ր են քարշ տալիս իրեն, հիմա ու՞ր են տանում: Չէ, չի ուզում, գոնե այստեղ թողնեն: Բայց նորից տեղի տվեց, քանի որ գլխին իջած հարվածը շատ ուժեղ էր, անգամ աչքերը արցունքով լցվեցին: Ստիպված թույլ տվեց, որ իրեն քարշ տալով տանեն, միայ թե հիմա ոչ արև , ոչ կանաչ խոտ, ոչ էլ թռվռալ էր ուզում: Ուզում էր, որ մայրը կողքին լիներ, որ հպվի ու զգա նրա տաքությունը, և զգաց, թե ինչքան է կարոտել մորն ու մայեց, կանչեց նրան: Չէ, չկար մայրը, իրեն պատասխանող չկար ու նորից լռեց: Չէր հասկանում, թե ինչ է կատարվում , ինչ են ուզում իրենից: Քարշ տվեցին ու պառկացրին սառն ու կոշտ հատակին: Ոտքերն այնքան ոժեղ էին սեղմում, որ ցավին չդիմանալով, նորից կանչեց մորը, նորից մայեց: Հետո այդ մայունը դարձավ լացխառը խռխռոց, երբ կոկորդին զգաց սուր ու անդիմադրելի ցավ: Ուզում էր գողալ` ես արև ու լույս չեմ ուզում, ես մեր թաց գոմն ու իմ մայրիկին եմ ուզում, բայց..
…Չգիտես արևից, ավելորդ քաշից, թե կատարած ծանր աշխատանքից էր, որ տղամարդու ճարպոտ դեմքից հոսում էր աղի քրտինքը, լցվում աչքերի մեջ , ստիպում այն կկոցել, ու այդ ճարպոտ մսագունդը այս էլ քանի անգամ ձեռքերը օճառով մանրակրկիտ լվանում էր ու փորձում կիսափակ աչքերով ստուգել, մաքուր է, թե ոչ: Վերջում էլ , համոզվելու համար, որ մաքուր է, մոտեցրեց մսոտ քտին ու հոտ քաշեց ու փնթփնթաց.
_Էս ոչխարի հոտն էլ մարդու ձեռքերին որ կպչում է, էլ պրծում չկա, դրա համար էլ ոչխարի մորթը չեմ սիրում…

Firegirl777
02.06.2007, 19:12
Ուժեղ գործ է. ապրես, շատ ճիշտ ու հիանալի նկարագրել ես ամեն ամեն ինչ, մարմնովս դող անցավ կարդալուց...

Մանոն
02.06.2007, 19:22
Ի~նչ կարճ ու տխուր պատմություն է, բայց որքա~ն իմաստ է ներառում…Մի արևի կարոտ կյանքի պատմություն…Այնքան էլ բնական ես պատկերել, գոմը, փոքրիկ գառնուկի մայունը, մահակի հարված…մի խոսքով`կեցցես Lili-4, շարունակում ես զարմացնել քո գրական հոտառությամբ:

ihusik
03.06.2007, 01:36
Ապրես ու կեցցես lili-4...
Շատ ուժեղ եմ զգում ու ծանր եմ տանում գրածդ՝ հասկանում եմ ու պատկերացնում թե ինչ է զգում այդ գառնուկը ու ցավում այն մարդկանց, որ ամեն օր մսի մի կտոր են ծամում՝ ուրիշի մի կյանք իրենց ատամների տակ առած... զզվում եմ երբեմն...

Մի օր պատուհանից տեսա թե մեր բակում ինչպես էին ուզում վիզը կտրեին մի հորթուկի, որն ուզում էր փախչեր, իսկ մարդիկ ծանր մուրճով հարվածում էին գլխին որ գետին տապալեն, իսկ նա ընկնում էր ու էլի վեր կենում վազում, մարդիկ գցում կրկին գետնին նորից շտապ վրա էին բերում դանակն, նա ծորացող արյամբ վազում էր, բայց անսիրտ ու խելքով օժտված մարդկանցից այդ անմեղ անասունն չէր կարող փախչեր.... հավատացնում եմ, այդ կենդանին ինձ համար այդ պահին ավելի կատարյալ ու լավն էր քան այդ մարդիկ, որոնք իմ աչքին այդ կենդանուց շատ ցածր մակարդակի էին... ամեն մի խանութից միս գնող ու միս ծամող մարդ նույն բանն է կատարում՝ նույն անմեղ կենդանուն սպանում ու ուտում նրա մարմինը իրեն ստամոքսը հաճելիորեն լցնելու համար... ի՞նչ կարող է լինել ավելի գարշելի...

Շնորհակալ եմ գրվածքիդ համար lili-4... Շատ ազդեցիկ ես գրել... Ապրես... Բարի մաղթանքներս քեզ՝ նորանոր քո ստեղծագործություններում ու կյանքում հաջողություններ...

Grieg
03.06.2007, 10:52
Բավականին հետաքրքիր էր , շատ հաճելի էր որ պատմությունը սովորական չէր և ուներ իր համն ու հոտը .. ստեղծագործական ուժը միշտ գնահատվում է :)

lili-4
03.06.2007, 11:05
Ապրես ու կեցցես lili-4...
Շատ ուժեղ եմ զգում ու ծանր եմ տանում գրածդ՝ հասկանում եմ ու պատկերացնում թե ինչ է զգում այդ գառնուկը ու ցավում այն մարդկանց, որ ամեն օր մսի մի կտոր են ծամում՝ ուրիշի մի կյանք իրենց ատամների տակ առած... զզվում եմ երբեմն...


Հաճելի է, երբ կարողանում եմ ձեզ հաղորդակից դարձնել այն ապրուներին, որոնք շատ հաճախ ինձ պարզապես հանգիստ չեն տալիս: Մեկ- մեկ մտածում եմ, որ եթե ես աթեիստ չլինեի, երևի մի մեծ բողոք կգրեի առ Աստված, որ ստեղծելով այսպիսի գեղեցիկ ու ներդաշնակ բնություն, ինչի է գոյատևման համար դրել այս անաստված հոշոտման պայմանը, ինչի՞ ենք մենք գոյատևում մեկ ուրիշի կյանքի հաշվին: Մենք դա գիտակցում ենք, ցավում, բայց... բայց հետո հաճույքով համտեսում խորովածը, մոռանալով դրա որտեղից լինելը:Երևի արդարացման մի ձև գիտենք. բնության օրենք: Բայց խոստովանենք, որ մենք հաճախ որսում, ոչնչացնում ենք ոչ միայն գոյտևելու, այլ նաև մեր նվիրական հագիստը չխանգարելու համար: Հուսով եմ, որ շուտով մնան մի ստեղծագործությունն էլ կհանձնեմ ձեր դատրն. նորից տխուր, բայց իրական…

ihusik
04.06.2007, 02:03
Ինչպես բոլոր ժամանակներում այնպես էլ մեր օրերում շատ ու շատ մարդիկ կան, որոնք գիտակցաբար ընտրում են առանց կենդանիներին սպանելու սնունդը... Դա մարդու սրտի ու կամքի ընտրության հարցն է...

Մսակերության արդարացման ձևն էլ է սխալ ընրտրված այստեղ lili-4 - բնության օրենքը չի ենթադրում, որ մարդ գոյատևելու կամ լավ ապրելու համար պետք է կենդանի սպանի ու միս ուտի. դա բոլորովին էլ այդպես չէ և դեռ ես կասեի ուղիղ հակառակն է իրականում այդ ամենը: Մինչ մարդկային աստիճանը հասնելն ամեն բան (ապառ, բույս, կենդանի) զարգանում է, գնում իր էվոլուցիոն ճանապարհով՝ առաջ տանելով իր "ես"-ն, "էգո"-ն՝ վերցնելով աշխարհից ամեն բան՝ զոհաբերելով ուրիշներին հանուն իրեն կյանքի պահպանման, այսպես ասած գործում է պահպանման բնական օրենքը, բայց մարդկային աստիճանից արդեն սկսած դա այդպես չէ. մարդու դեպքում այն մարդն է ավելի առաջ գնում իր զարգացման մեջ, ով հաղթահարում է իր մեջ այդ ցածրագույն "ես"-ը ու կարողանում տալ դիմացինին, այլ ոչ թե նրանից խլել, վերցնել: Մարդ առաջ է գնում իր զարգացման մեջ, որպես մարդ, երբ նա կարողանում է գնալ զոհաբերության, այլ ոչ թե, երբ զրկում է կյանքից իրեն թույլից մեկին՝ ինչը շատ ու շատ դանդաղեցնում է նրա այդ առաջընթացը:

Կներեք փոքրիկ շեղման համար, բայց թեմայի հետ կապված էր այն...;)

Կրկին շնորհակալությունս եմ հայտնում ստեղծագործությանդ կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ...:)

Ուլուանա
04.06.2007, 08:41
Ես էլ կարդացի, ազդեցիկ գործ էր։ :think
Լիովին համաձայն եմ Հուսիկի հետ և հուսով եմ, որ նմանատիպ ստեղծագործությունները մարդկանց մտածելու տեղիք կտան, և թեկուզ կաթիլ-կաթիլ, բայց, այնուամենայնիվ, մարդկանց գիտակցության վրա իրենց ազդեցությունը կունենան, ու կգա մի օր, երբ այժմ այնքան սովորական թվացող երևույթը, ինչպիսին կենդանի սպանելն է, մարդկանց կողմից լընկալվի որպես ոչ պակաս մեղսալի, քան մարդ սպանելն է։ :oy