«Ամեն մարդու հոգում Աստված կա»
-Տիկի՛ն Կապուտիկյան, լա՞վ եք հիշում Ձեր մանկությունը: Եթե այո` կարոտե՞լ եք նրան:
-Բավական հեռավոր մի հուշ է մանկությունը: Ես շատ տարիներ եմ ապրել: Երևի բնական է, որ ամեն մի մարդ կարոտի իր մանկությունը: Նույնիսկ պատահում է, որ 18-20 տարեկանում են կարոտում մանկությունը:
Ես ունեմ բանաստեսծություններ` գրած 15-16 տարեկան հասակում, և այնտեղ նույնիսկ մանկությունն արդեն կարոտի հուշ է: Իսկ երբ 70 տարին անցնում է, իհարկե, շատ բնական է, որ մարդ ոչ միայն մանկությունն է կարոտում, այլև իր ողջ անցած կյանքը:
Ձեզ գուցե տարօրինակ թվա, որովհետև ձեր սերնդի աչքին այնքան են սևացրել անցած տարիները, այնքան են տրորեն, գետնին հավասարեցրել, որ դուք երևի չեք հավատա, որ մենք իսկապես կարոտում ենք և՛ մանկությունը, և՛ պատանեկությունը, և՛ բոլոր մյուս անցած տարիները:
Ամեն սերունդ աշխարհ է մտնում իր հասկացողություններով, բերում է իր հետ նախկին տարիների և՛ բեռը, և՛ծանրությունը, և՛ քաղցրությունը: Իհարկե, մեր սերունդը շատ դժվար օրեր տեսավ, շատ անմարդկային տարիներ ապրեց: Բարեբախտաբար ես մի քիչ ուշ եմ ծնվել, և 37 թվականը անմիջապես ինձ չի վերաբերել, բայց այնպիսի մի համատարած աղետ էր դա, որ նույնիսկ եթե մենք 16-17 տարեկան էինք, չէր կարող դա մեր կողքով անցնել: Եվ, իհարկե, չանցավ: Ես «Գարուն» ամսագրի այս տարվա 3-րդ համարում տպագրել եմ հորս նվիրված մի հուշագրություն, որը գրել եմ 1974 թվականին, բայց գրաքննությունը թույլ չի տվել, որ տպագրեմ: Եթե դա կարդա պատանի ընթերցողը, գաղափար կկազմի, թե մեր սերունդները ինչ են ապրել այդ տարիներին: Հետո ուրիշ դժվար օրեր են եկել: Հատկապես գրողները շատ են ճնշված եղել գրելիքը առաջ տանելու գործում: Հայրենասիրական մեր արդար և ազնիվ զգացումները շատ է կտրել ու հանել խմբագրի անողոք մկրատը, բայց մեզ համար նույնքան մեծ բավարարություն է, զգալ, որ չնայած այդ արգելքներին, մենք նաև կարողացել ենք ինչ-որ գործ կատարել, գրել, հայրենասիրության սերմեր զարթեցնել մեր ընթերցողների սրտերում: Դա արել են և՛ պոեզիան, և՛ երաժշտությունը, և՛ թատրոնն ու կինոն: Այն հանգամանքը, որ 1988 թվականին այդքան բուռն ժայթքեցին հայրենասիրական զգացումները մեր ժողովրդի, կարծում եմ, որ դրանում մեծ դեր է կատարել նախորդ սերունդների աշխատանքը: Ուզում են, որ մենք լրիվ ժխտենք մեր անցյալը: Դա անհնա՛ր է, եթե ուզենանք էլ, հնարավոր չէ՛: Հիմա Երևանը, որ բարձրանում է ձեր աչքի առաջ, որը դուք, թանկագի՛ն պատանիներ, աղջիկնե՛ր, վայելում եք, դա կառուցվել է, դա գոնե քարեղեն հիշատակ է, որը ժխտել չի կարելի: Մեր ժողովուրդը, որբերի սերունդը, որը 18-20թթ. լցրել է Երևանն ու Հայաստանը, իր զրկանքներով, երիտասարդության գնով կառուցել է հայրենիքը, ճիշտ է` թերություններով, բացերով, բայց ստեղծվել է այդ հայրենիքը: Եվ եթե հիմա ժխտում են ինչ-որ տաք գլուխներ այդ հայրենիքի կերտման գեղեցկությունը, նշանակում է ժխտում են այդ սերունդների զոհողությունները, վիրավորում են նրանց, զրկում նրանց ծերության օրերին իրենց անցյալ կյանքով, ստեղծածով մխիթարվելու երջանկությունից: Դա մարդասիրական չէ: Կարծում եմ այս ամենը կանցնի, ամեն ինչ իր տեղը կընկնի, և մեր նոր Հայաստանը, որը բարձրացել է անցյալի հիմքի վրա, ավելի կծաղկի, ավելի ազատ, անկախ պայմաններում, և սերունդները կհաշտվեն իրար հետ:
-Դուք գրում եք նաև մանկական բանաստեղծություններ: Ի՞նչը Ձեզ տարավ դեպի մանկական աշխարը:
-Ես շատ սիրում եմ, երբ ինձ ասում են նաև մանկագիր, որովհետև իսկապես մանկական գրականությամբ զբաղվելն ինձ համար հաճույք է, հոգեկան բավարարություն:
Ի՞նչը տարավ ինձ դեպի մանկական աշխարհը: Պարզապես այդ աշխարհն ինքը եկավ ինձ մոտ, որովհետև ծնվեց երեխաս` Արայիկը, որը հիմա 51 տարեկան է: Յուրաքանչյուր մայր կարող է բանաստեղծ լինել, նա հոգով, սրտով հենց ծնված օրից կամ նույնիսկ ծնվելուց առաջ խոսում է իր զավակի հետ, իր զգացումներն է արտահայտում և երեխայի հայացքի մեջ տեսնում է պատասխանը:
Եվ եթե այդ մայրը բանաստեղծ է, բնական է, որ այդ ամենը պիտի դառնա բանաստեղծություն: Հենց այդ ժամանակ էլ գրել եմ «Փոքրի՛կ Արա, ակա՛նջ արա» ժողովածուն: Հետո մանուկները միշտ շրջապատել են ինձ, ներշնչել նոր բանաստեղծություններ: Իսկ վերջին 8-10 տարում իմ թոռնիկներն են ինձ տրամադրում գրել մանկական բանաստեղծություններ: Ի միջի այլոց, ես գրում եմ միայն շատ փոքրիկների համար: Եվ ահա իմ բոլոր դիտարկումները, նրանց հետ կապված, դարձել են փոքրիկ մի ժողովածու` «Երկու քույրիկ, երկու ուլիկ»:
-Ձեր կարծիքով այսօր մեր երեխաներին ամենից շատ ի՞նչն է պակասում:
-Շատ բան է պակասում: Շատ բան է ավելացել և շատ բան էլ պակասել է: Ավելացել է ազատ մտածողությունը, ներքին շղթայազերծումը: Դա, իհարկե, մարդկային մեծ հասրտություն է: Միևնույն ժամանակ կորչում են բաներ, որոնք չպետք է կորչեն: Ֆրանսիացիներն ասում են` ամեն մի բացասական բան դրականի շարունակությունն է: Ահա այդ ներքին կաշխանդումներից ազատվելը երբեմն փոխարինվում է սանձազերծությամբ: Դա ազատության մեծ հասկացության սխալ ընբռնումն է: Ազատությունը մարդկային առաքինության ամենաբարձր կատեգորիան է. սակայն դա չի նշանակում, որ մարդն ազատ է անելու ինչ որ ուզում է: Ազատությունը պահանջում է մեծ կուլտուրա, ներքին մեծ հղկվածություն: Եվ զարմանալի բան եմ նկատում ես. մեր ժողովուրդը իր նահապետական վարք ու բարքի մեջ շատ կիրթ է եղել: Ինչքան ներքին կրթվածություն է ունեցել: Օրինակ, երբ գյուղական ուսուցիչը անցել է փողոցով, նույնիսկ ծերունիները ոտքի են կանգնել ու հարգանք մատուցել: Երբեք նրանց չի պակասել ներքին տակտի զգացումը, ազնվականությունը. չպիտի հասկանալ, թե ազնվականությունը միայն ազնվական ծնված մարդու մեջ կարող է լինել: Դա կարող է լինել նաև հողի մարդու մեջ: Դա բնածին հատկություն է: Եվ ահա մեր երիտասարդությունը կորցնում է այդ` նահապետականությունից մեզ հասած հատկությունները և նորն էլ ձեռք չի բերում: Ես նկատել եմ, որ մեկ նահապետական գյուղացին է այդպիսի մեծ ներքին կուլտուրայի տեր, մեկ էլ` շատ զարգացած հայը, իսկական մտավորական հայը:
-Այս դժվարին ժամանակներում ի՞նչ եք գրում: Գրո՞ւ եք արդյոք և ի՞նչի մասին:
-Բարեբախտաբար ես դրական պատասխան ունեմ: Նոր բանաստեղծություններ եմ սկսել գրել, որովհետև այս բոլոր ապրումները չէին կարող չդառնալ ստեղծագործական հումք: Մենք շատ ծանր ապրեցինք այս հեղաբեկումները: Ես ինքս անձամբ ոգևորված մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, արձագանքել եմ Ղարաբաղի մեջ գերյալ ժողովրդի առաջին կանչերին: Հիմա ինձ համար, իհարկե, ցավալի է տեսնել, որ մեր այդ պայքարը ավարտվում է ոչ այնքան գեղեցիկ հեռանկարով Ղարաբաղի համար: Յուրաքանչյուր ազատամարտիկ, որ ընկնում է, իմ սրտից արյուն է կաթում: Յուրաքանչյուր գյուղ, որ դատարկվում է, դա մեզ համար մեծագույն ողբերգություն է: Եվ բնական է, այս բոլոր ապրումները չէին կարող չդառնալ բանաստեղծության նյութ: Ես մի շարք եմ գրել, որ կոչվում է «Տագնապ»: Այնպես որ, դժվարին ժամանակները երբեմն խթան են հանդիսանում ստեղծագործության համար:
-Եթե հնարավոր լիներ ժամանակի անիվը պտտել, Ձեր կյանքր ո՞ր հատվածի վրա այն կկանգնեցնեիք:
-Կանգնեցնե՞լ... Ոչ մի տեղ չէի կանգնեցնի: Պարզապես որոշ տեղերում կանգ կառնեի ու նորից կշարունակեի ընթացքս: Որտե՞ղ կկանգնեի... Ամենից շատ գիտե՞ք որտեղ. իմ կյանքի ամենաերջանիկ օրվա` 1945թ. մայիսի 9-ին: Դա հաղթանակի օրն էր:
Միայն մեր սերունդը, որ այն իր սրտի միջով է անցկացրել, կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ օրը: Մեծ, անչափելի ուրախություն էր: Ա՛յ, այնտեղ ես կանգ կառնեի:
-Հավատու՞մ եք եք Աստծուն:
-Հարցը շատ ուղղակի է, դրան ես ուղղակի պատասխանել չեմ կարող:
Ամեն մարդու հոգում Աստված կա: Ես իմ մեջ եղած Աստծուն հավատում եմ, նրանով ես առաջնորդվում եմ: Ուրիշ լեզվով` դա կոչվում է խիղճ, ինքնահսկումի կարողություն: Եվ վերջիվերջո «Աստված սեր է»: Եթե քեզ հաջողվում է սիրել աշխարհը, սիրել մարդուն, բարի լինել, հանդուրժող լինել, քո մեջ եղածը նվիրել մարդուն, դա էլ հենց Աստծուն հավատալն է:
1992թ. նոյեմբերի 5
«Դպրություն»
Էջանիշներ