User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Իսահակյան Ավետիք / Վարպետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Իսահակյան Ավետիք / Վարպետ

    Աբու-Լալա-Մահարի

    Աբու-Լալա-Մահարին,
    Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
    Տասնյակ տարիներ ապրեց
    Խալիֆաների հոյակապ քաղաքում,
    Ապրեց փառքի և վայելքի մեջ,

    Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց,
    Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
    Սիրեց և փորձեց ընկերներին,
    Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,

    Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
    Եւ նրա խորաթափանց հոգին ճանաչեց մարդուն,
    Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
    Եւ նրա օրենքները:

    Եւ որովհետև չուներ երեխաներ,
    Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
    Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը`
    Պաշարով ու պարենով,

    Եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
    Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,
    Գաղտնի հեռացավ քաղաքից...


    Առաջին սուրահ

    Եւ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
    Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

    Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
    Եւ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

    Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
    Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

    Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
    Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆաների քյոշքից լուսեղեն:

    Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
    Եւ ղողանջում էր ողջ երկիրն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

    Մեխակի բույրով հողն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
    Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

    Եւ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
    Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

    «Գնա´, միշտ գնա´, իմ քարավանս, և քայլի´ր մինչև օրերիս վերջը»,–
    Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

    «Գնա´ մենավոր վայրերը թափուր. ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն.
    Դեպի արևը սլացիր անդուլ և սիրտս այրիր արևի սրտում:

    Ա~խ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
    Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

    Ես շատ սիրեցի իմ ընկերներին և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռուն,
    Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում:

    Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
    Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

    Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
    Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

    Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ,
    Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

    Իմ սեգ քարավան, գնա´, մխրճվի´ր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
    Եւ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

    Խփե´մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
    Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

    Քան ընկերի մոտ, ա~խ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
    Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

    Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես,
    Եւ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես:

    Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
    Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

    Եւ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
    Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»:

    Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
    Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

    Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ.
    Եւ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

    Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
    Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը:


    Երկրորդ սուրահ

    Եւ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
    Փոշի էր հանում,– փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

    «Քայլի´ր, քարավա´ն, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը»,–
    Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

    «Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք. –
    Քայլի´ր, կանգ մի´ առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

    Եւ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
    Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

    Խարխուլ մակույկով հանձնվի´ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին.
    Նա` կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

    Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
    Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ,

    Դու տենչացել ես լույս-ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
    Եւ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,–

    Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
    Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չըհագենաս:

    Ո~հ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
    Դո´ւ, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

    Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
    Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

    Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
    Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

    Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
    Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

    Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,
    Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից և անիծում եմ երկունքը նրա:

    Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
    Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տոփանքով ժահրի:

    Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
    Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

    «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»,
    Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

    Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
    Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

    Կը գգվեմ վայրի տատասկը դժնի և կը համբուրեմ փշերը նրա,
    Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա»:

    Եւ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
    Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

    Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
    Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

    Եւ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
    Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

    Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
    Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր և չունի վախճան:

    Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
    Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր,

    Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած-լքածին,
    Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Milli (08.08.2011), Ծով (12.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ավետիք Իսահակյան. Լիլիթ (վերլուծություն)
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.10.2014, 00:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •