Ճիշտն ասած երկու անգամ նայեցի այս բաժնում ու ի զարմանս ինձ չգտա "Ավետիք Իսահակյան" անվամբ թեմա ու էլի ճիշտն ասեմ՝ աչքերիս մինչ հիմա չեմ հավատում. եթե իրոք չեմ նկատել Ավետիք Իսահակյանին նվիրված թեման կխնդրեի մոդերատորներին ջնջեին այս նոր բացված թեման, բայց թե մինչ հիմա չի եղել՝ ուղղակի զարմանում եմ... ինձ միշտ թվացել է թե կար...
Եվ այսպես՝ այստեղ կարող եք տեղադրել Մեծ Իմաստուն, Մեծ Բանաստեղծ, Խոսքի Մեծ Վարպետ՝ Ավետիք Իսահակյանից Ձեզ դուր եկած տողերն ու նրան վերաբերող ամեն բան՝ ինչը կգտնեք հետաքրքիր և ուսուցողական մեր բոլորիս համար:
Շատ այլ հայ մեծանուն բանաստեղծների եմ սիրում ու հաճույքով կարդում նրանց գործերը, բայց ինձ համար մի առանձին մեծություններ են Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը՝ երևի թե, նախ և առաջ, նրանց մեջ եղած Իմաստության ու Ոգեղենության համար, որոնք իրենց արտահայտումն են գտել նաև նրանց գրվածքների մեջ: Բայց նախ՝ Սիրո մասին.
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
* * *
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
***
Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…
Էջանիշներ