Խոր Վիրապի մոտ է… էն բարդիները որ կան, այ էդտեղ ամեն առավոտ մի տատիկ խաղողի այգին է խնամում, սուրբ գործ անելու նման, խնամքով, հաճույքով, խաղաղ, անշտապ, կարծես վախենում է, որ գործը կվերջանա:
Կնճռոտված, ցավացնելու չափ չոր ձեռքերով զգույշ բարձրացնում է ուր որ է արթացող շիվերը ու դեղին ժապավենով կապում լարին:
Երբեմն ափի մեջ երկար նայում է շիվին, կարծես զգում է նրա շնչառությունը, մոտեցնում է քթին, շնչում նոր էտած շիվի արցունքի բույրն ու ժպտում… Հետո նայում է երկնքին, վարանոտ աղոթում, ամաչելով ու նստում հանգստանալու:
Նստում է հողին, գարնան խոնավ հողին ու ձեռքով շոյում հողը: Այնքան ներդաշնակ է, այնքան խաղաղ է բնության հետ նրա ձուլումը, այնքան գեղեցիկ է նրա ձեռքերից բուրող հողը:
Նա չար կին է… գյուղում են ասում: Գյուղում չեն սիրում նրան: Գյուղի երեխաներն էլ չեն սիրում: Գյուղում երեխաները սովոր չեն, որ ուրիշի այգուց միրգ չի կարելի քաղել, զարմանում են, չեն հասկանում՝ ի՞նչու:
Նա չոր կին է:
Ձեռքի կոպիտ շարժումով մաքրեց տաք արցունքը…
Երբեք չէր լացել…
Ոչ ամուսնուն կորցնելուց, ոչ հիվանդ սրտով տղային մենակ մեծացնելուց, ոչ նրան պատերազմ ուղարկելուց, ոչ էլ մահվան գույժը լսելուց:
Գյուղի կանայք խաչակնքում էին, զարմանում, խուսափում նրանից:
Գյուղում մարդիկ տաք են… խաչակնքում էին նրա սառնությունը:
Առաջ խաղողի այգիների տեղում ցորենի արտեր էին, երկար ձգվող արտեր:
Պատերազմում կռվող գյուղի որդիներին, նրա որդուն խաղող պետք չէր… ցորեն էր պետք, ցորենը հաց է:
Եղանակների հետ գույները փոխելով ծփում էր արտը համատարած լայնարձակությամբ:
Որդիները տանը չէին, ծերերի թախծոտ հոգնություն կար ամեն մի հասկում: Ուրիշ կերպ չէին կարող օգնել, զինվոր որդիների հացն էր…
Չորացած մատները կատաղությամբ ցամաքեցրին փոս ընկած այտերին անվերջ թափվող արցունքները…
Տխուր նայեց, մի տեսակ չհավատալով, աչքերը բարձրացրեց առ Աստված, անզոր կատաղությամբ խոնարհեց գլուխը ու ափերով փակեց ականջնները, որպեսզի չլսի այդ ճնշող ճարճատյունը:
Բույրը տարածվեց գյուղով մեկ, հացի անուշ բույրը…
Մեր դրոշի երրորդ գույնն է ցորենը, մեր դրոշի երրորդ գույնով էլ հիմա այրվում է… հսկա լեզվակները երկինք են ձգտում, ճարճատում տանջալիորեն պողպատաձայն, կապույտ, զրնգում ուղեղում, երերում մարմինը պատած դողից…
Արցունքները ցամաքում էին կրակի մոտիկությունից… սոսկալի տաքություն…
Այրվում էր որդու հացը…
Որդին չկար, որդին մեռել էր մարտում…
Այրվում էր ուրիշների որդու հացը…
Չլացեց երբեք, ոչ ամուսնուն կորցնելուց, ոչ սրտի արատով մենակ որդուն մեծացնելուց, ոչ նրան կռիվ ուղարկելուց, ոչ էլ մահվան գույժը լսելուց…
Փակել էր աչքերը, ամուր, որպեսզի խեղդեր արցունքները: Արցունքները անվերջ հոսում էին ոսկրոտ այտերով:
Անիծեց Աստծուն ու դողաց այդ մտքից, մեղավոր փլվեց գետնին, անզոր ճանկռտելով հողը: Արցունքները խառնվեցին հողին…
Այրվող արտից հացի բույր էր գալիս…
Քանի անգամ եմ մեքենան կանգնացրել ու երկար նայել այդ կնոջը…
Հիմա այդ տեղում խաղողի այգիներ են, կանաչ, առողջ:
Կնճռոտված, ցավացնելու չափ ոսկրոտ ձեռքերով զգույշ բարձրացնում է կենդանի շիվերը ու կապում լարին…
Էջանիշներ