Կ Ա Տ Տ ՈՒ / K A T T O O
Այս երաժիշտն առաջարկում է կատարել ճանապարհորդություն ձայնային նոր՝ դեռևս չբացահայտված տարածություններում
Եթե հոգնել եք միանմանությունից, նույնանման երաժշտական ոճերից և կատարումներից, եթե ցանկանում եք պարգևել մի քանի ազատ րոպեներ ձեր ուղեղին և թույլ տալ նրան անկաշկանդ երևակայել, ապա առաջրկում եմ լսեք «ԿԱՏՏՈՒ»-ին։ Ես արդեն երկու շաբաթ իր ազդեցության տակ եմ։ Բավականին հետաքրքիր է։
«ԿԱՏՏՈՒ»-ն պրոեկտ է, որը ստեղծել է գերմանացի Վոլկեր Կահլը (Volker Kahl), ով էլ հանդիսանում է այս պրոեկտի միակ մասնակիցը և բոլոր ստեղծագործությունների հեղինակը։
Գերմանական էլեկտրոնային երաժշտության դպրոցը համարվում է աշխարհում լավագույներից մեկը։ Գերմանիան աշխարհին պարգևեց Կլաուս Շուլցին, Թենջըրին Դրիմ / Tangerine Dream և Կրաֆտվերկ / Kraftwerk խմբերին և այլ հայտնի և անհայտ՝ սակայն էլեկտրոնային երաժշտության մեջ իրենց լուման ներդրած երաժիշտների և խմբերի։
Եվ ահա, 2000-ականներին Գերմանիան լույս աշխարհ բերեց հերթական տաղանդ՝ Վոլկեր Կահլին։ Վոլկեր Կահլը համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ։ Սակայն վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս միմիայն «Կատտու» պրոեկտով։ Վոլկերը գործածում է ամենատարբեր էլեկրոնային երաժշտական գործիքներ և ստեղծում շատ արտահայտիչ երաժշտություն՝ գործածելով բազմաթիվ ստիլներ (styles), ֆանտաստիկ էֆեկտներ, «թափանցիկ» ձայներ և մեծ նվագախմբային էֆեկտներ։
«Կատտու»-ի ալբոմները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ պատկերներով և անվանումներով, իսկ ստեղծագործությունների մեծ մասը չունեն անվանումներ։ Օրինակ իր առաջին՝ Places ալբոմի բոլոր 12 ստեղծագործությունները անվանված են այսպես՝ Place 1, Place 2 և այլն։
Իսկ Megrim ալբոմի 20 ստեղծագործությունները պարզապես թվեր են՝ 1-ից մինչև 20։ Ի դեպ, իմ կարծիքով, սա իր ամենահաջողված ալբոմն է։
Իսկ այ իր վերջին՝ 2010 թվականի ալբոմը այս առումով ամենահետաքրքիրն է։ Ալբոմի անվանումը այսպիսին է՝ l--ll-ll l-ll ll-ll- l-ll- l--l-ll l--l-ll ll-- ll-- l- l--l- Այս ալբոմի բոլոր 11 ստեղծագործությունները ունեն նմանատիպ անվանումներ։
«Կատտու»-ն ունիկալ է նաև իր ալբոմները վաճառելու հարցում։ Նա իր բոլոր ալբոմները վաճառում է օնլայն իր պաշտոնական կայքում։ Իրականում նա առաջինը չէ, որ ընտրել է իր արվեստը տարածելու այս ձևը։ Եթե ես չեմ սխալվում, Ռուֆուսի և Rhayader-ի հետ իմ զրույցներից ես իմացել էի, որ նման ձև իրենց ալբոմները վաճառում են նաև Radiohead-ը, The Flashbulb-ը, Nine Inch Nails-ը և այլ երաժիշտներ և խմբեր։
ԲԱՅՑ.... Կա մի մեծ ԲԱՅՑ։ «Կատտու»-ն չի սահմանել որևէ գին իր ալբոմների համար։ Նա դրանք վաճառում է նվիրաբերությունների սկզբունքով։ Ով որքան ուզի կարող է այնքան էլ նվիրաբերել։ Պարզապես նա խնդրում էր չնվիրաբերել 1 եվրոյից քիչ, քանի որ PayPal համակարգը պահում է գումարի 3,9% + 0,35EUR և դժվար չէ պատկերացնել, թե որքան գումար նրան կհասնի 1 եվրոյից քիչ գումար նվիրաբերելիս։
Բնականաբար չեմ կարող խոսք տալ, որ անպայման կհավանեք, քանի որ ինքս էլ կարծում եմ, որ կան և ստացված և չստացված գործեր, սակայն վստահ եմ, որ երաժշտության առումով հետաքրքրասերները, հատկապես Ռոբերտ Մայլս, Կլաուս Շուլց և Ժան Միշել Ժառ սիրողները, մինիմում հետաքրքիր կհամարեն Կատտուի հետ ծանոթանալը։ Վերջիվերջո ամեն կատտու չի, որ երկու տ-ով ա գրվում ու սենց երաժշտություն ստեղծագործում
Հաջորդ գրառմանս մեջ կներկայացնեմ նրա ալբոմները, իսկ մինչ այդ մոտավորապես ծանոթացեք իր ոճին, թեև սենց առանձին լսելով երբեք չեք ստանա այն էֆեկտը, որը տալիս է ամբողջությամբ ալբոմը լսելուց։
ll- ll-ll ll--l- l--ll-ll ll- ll-ll
Place 8
8 (Megrim ալբոմից)
5 (Megrim ալբոմից)
Էջանիշներ