Հայկ Սայադյան
Ընդամենը մի քանի օր առաջ ինձ համար բացահայտեցի մի հիանալի հայ նկարչի, որի աշխատանքները դիտելիս ուղղակի ապշել էի: Նրա ոճը, նկարներում առկա հայկական ոգին, սիմվոլիկան քեզ ուղղակի գամում են նկարների առջև: Սիրտս մի յուրահատուկ հպատրությամբ է լցվում, որ նման ստեղծագործողի հայրենակից եմ, որ նման մարդիկ են մեր կողքին ապրում: Շատ կցանկանայի, որ որքան հնարավոր է շատ մարդիկ ծանոթանային նրա աշխատանքներին, զգային այն, ինչ նա փորձում է իր աշխատանքների միջոցով մեզ հաղորդել: Կարծում եմ նարն մեծ ապագա է սպասվում ու ամբողջ սրտով մաղթում եմ մեծ հաջողություններ ու ցանկանում, որ իր աշխատանքները մեծ ճանաչում ունենան:
Հայկ Սայադյանը ծնվել է 1980 թ. մայիսի 28-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և 1997-2003 թթ. ուսանել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում` գրաֆիկայի բաժնում: Հայկը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, 2001 թ. Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակի շրջանակներում մասնակցել է Դանթեական ցուցահանդեսին Երևան-Ռավեննա փուլերով: 2008 թ. "Ակադեմիա" պատկերասրահում կայացել է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Հայկը ներկայումս բնակվում և ստեղծագործում է քաղաքամայր Երևանում: Նրա ներկայիս գործունեությունը փորձարարական շարժանկարներն են: Վերջերս կայացավ Հայկ Սայադյանի «Նազարե» փորձարարական շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Այն նկարված է Սայադյանի «Մոզ» հեքիաթաշարի հիման վրա, որտեղ հեղինակը փորձել է ցույց տալ իրականի և անիրականի սահմանը, և պատմում է մարդկանցից մեկուսացած տիկնիկագործի մասին:
Սայադյանը ֆիլմի համար օգտագործվել է շուրջ 200 նկար և ծախսվել է 4 ամիս ժամանակ: Ֆիլմում օգտագործվել է Վաչե Շառաֆյանի երաժշտությունը, որը ռեժիսորին է տրամադրել անձամբ կոմպոզիտորը:
Ըստ Հայկ Սայադյանի` վերջին տարիներին իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել միջնադարյան հայոց պատմագրության մեջ, մասնավորապես Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում հիշատակվող Վայոց աշխարհի և Մոզ քաղաքի կործանման պատմությունը, որը մեղքի ու հատուցման մի պատմություն է, նման Սոդոմի և Գոմորի կործանման պատմությանը, և որին նվիրել է իր Մոզ հեքիաթաշարը` գրված դեռևս 1999թ.: «Նազարեն» հատված է նկարչի «Մոզ» հեքիաթաշարից: Շարժանկարը հյուսված է նկարչի գրաֆիկական աշխատանքներից :
Ըստ Հայկի` «Նազարեն» չի կարելի դիտել ֆիլմի մեզ հայտնի ձևաչափի մեջ և, այս շարժանկարը ստեղծելով, իր առջև խնդիր չի դրել վերարտադրել Վայոց աշխարհի ու Մոզ քաղաքի պատմությունն ազգագրագիտական ու պատմագիտական ճշգրտությամբ: «Ես վավերագրող չեմ,-ասում է նա,- ես ստեղծագործող եմ, ինչն ինձ թույլ է տալիս համարձակորեն վերարտադրել իրականությունն իմ` սեփական, ամենատարբեր հայեցակետերից: Իսկ իրականությունն այս շարժանկարում հետ է քաշվել` զիջելով իր տեղը այլաբանությանն ու խորհրդապաշտությանը: Ծեսեր, տոներ ու ավանդույթներ, որպես այդպիսիք, չկան այստեղ, այլ միայն նրանց ալեգորիկ պատկերներն ու մեկնությունները: » Դառնալով Մոզի պատմությանը` նկարիչը արտահայտում է հոգևոր անազատության, հասարակական-պատմական տեղաշարժերի նկատմամբ իր ողբերգական զգացողությունը: Նրա ստեղծած պատկերները մեր գիտակցության մեջ արթնացնում են զուգորդումներ ու հուշումներ անտեսանելիի, մոռացվածի, կուրուսյալի մասին: Զանազան այլաբանությունների ու հայոց ազգային խորհրդանիշերի` խաչքարերի, ժայռապատկերների, զարդաքանդակների միջոցով նկարիչը փորձում է արտահայտել իր վերաբերմունքը ազգային հոգեբանության, բնավորության գծերի, կողմնորոշումների վերաբերյալ: Հայկ Սայադյանի նկարների մեծ մասը կառուցված են մուգ և բաց ֆոների ու ֆիգուրների հակադրության վրա, որոնք իրար մեջ լուծվում են նրբին գծերով ու առաձգականությամբ: Բաց ֆոնի վրա արված նրա նկարները կախարդում են մեզ գծերի ու ուրվապատկերների հմայիչ խաղով: Նրա հերոսները մերթ անմաքուր ուժի ծառաներ են, մերթ` բարուց լուսավորված ու բարին արարող կերպարներ: Նկարիչը արտասովոր պատկերներով իրար է հակադրում գայթակղությունն ու ախտը, հոգևոր խորը ճեղքերը և հատուցման անխուսափելիությունը: Այս հակադրությունների արտացոլման լավագույն լուծումը գտնվել է կերպարվեստի, երաժշտության, բանահյուսության և անիմացիայի համադրության շնորհիվ, որը և Հայկ Սայադյանի «Նազարե» ֆիլմն է: Այն ֆիլմ է հոգևոր ճանաչողության և մեզ երևացող աշխարհի աներևույթ ճշմարտությունների մասին:
Աղբյուրը՝ http://www.lurer.net/story/14808/ :
Էջանիշներ