Սա խոստացել էի մի առիթով, բացի էդ, էսօր էլ խոստացա մեկին:
Ոնց որ Նաբոկովը կասեր. " Խնդրեմ, վայելեք այս փուշ ու տատասկի կծիկը":
ԿԱՄՐՋԻՆ
…պարզապես մեկը պետք է,
որպեսզի…
Քո նուրբ ձեռքերի կեղտերը լիզի:
Էն, ինչ պիտի պատմեմ հորինվածք չի. ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Վկա էս դեղին սենյակը, դիմացի պատից բացակայող Նարեկացու մանրանկարը վկա, վկա էս տափակ գրառումներով անիմաստ թղթապանակներն ու մնացած զիզիբիզիությունները : Գուցե ուրիշ կյանքում, բայց ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Հիշո?ւմ եք` Ապոլիների մոտ. “Միրաբոի հին կամրջի տակով հոսում է Սենան, և սերերը մեր… և այլն”: Բայց սա հենց այնպես, ուղղակի հիշեցի...
Նրանք երկար համբուրվում էին կամրջի վրա, իսկ քամին հեշտանքով խաղում էր աղջկա գեղեցիկ գանգուրների հետ: Մինչև նրանց գոտկատեղը բարձրացած թեթև մառախուղը հմայված պտտվում էր նրանց շուրջ. խոնավ ու մաքուր օդի բույրը արբեցրել էր ողջ բնությունը: Ամեն ինչ կարծես քարացած լիներ: Այդքա~ն էլ երկար համբո՞ւյր: Ինձ թվաց նույնիսկ, թե նրանց հոգիները լքել են մարմինը, ու ինչ որ տեղ հեռվում, ամպի մի փոքրիկ կտորի վրա կողք կողքի նստած մեղմ զրուցում են, կամ նույնիսկ չեն էլ զրուցում, այլ պարզապես լուռ վայելում են մեկը մյուսի ներկայությունը: « Իսկ մարմինները երևի կախել ա»,- ինձ համար օտար IT եզրով արտահայտությունը մեխանիկորեն ձգեց դեմքիս` ժպիտի համար պատասխանատու մկանները և սթափեցրեց հափշտակության վիճակից: Թե չէ, երևի չնկատեի էլ, որ տղան մի պահ սկսեց ցնցվել:
“ На мосту стоят трое- он она и у него”,- հիշողության միջից հայտնվեց վաղուց մոռացված sms հումորը, ու մի կերպ ծիծաղը զսպելով, նա սկսեց կծոտել աղջկա շուրթերը:
-Քեզ ի՞նչ եղավ: Լավ չե՞ս,- վախեցած ու մի քիչ ագրեսիվ նետեց աղջիկը` ետ հրելով նրան:
Տղան, կարծես ազատություն ստացած սկսեց վայրենու պես ծիծաղել.
-Չէ դու կապ չունես, դու ծերեթելու աղջիկերքից վատ չես համբուրվում,- դեռ խոսքը չավարտած` մի կարգին ապտակ իջավ նրա դեմքին:
-Փչացածը դու ես,- լացակումած ասաց աղջիկն ու վազեց դեպի գետափով ձգվող ճանապարհը:
Տղան հետևեց նրան.
-Սպասի'ր… Կներե'ս… լսի', լո'ւրջ եմ ասում… կանգնի’ր… պիտի խոսե'նք…
-Ես խոսելու բան չունեմ: Բաց թող ձեռքս:
-Կներե'ս:
-Էդպես մի' նայիր ինձ,- ու փաթաթվելով տղային` սկսեց ավելի ուժեղ հեկեկալ:
-Կներե'ս…
-Ինչո՞ւ ես ինձ տանջում:
-Ես քեզ չեմ տանջում, ես ինձ եմ տանջում:
-Ի՞նչ ես դուրս տալիս:
-Գիտեմ, ինձ չես հասկանա, ուղղակի ներիր:
Աղջիկը նորից սկսեց հեկեկալ.
-Դու չես սիրում ինձ:
-Ինչպես և դու… ու դու դա ինձնից լավ գիտես:
-Դու ինձ արհամարհո՞ւմ ես:
- Ես խղճում եմ քեզ: Ո՞ւմ ես խաբում` ի՞նձ, թե՞ քեզ: Ախր, դու գրկում ես ոչ թե ինձ, այլ ցանկացած մեկի: Ինձ սխալ մի հասկացիր, ես չեմ ասում, որ դու սաղի հետ քնում ես: Ուղակի, ուզում եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, դե գրեթե... Ես քո կողքին գոյություն ունեմ սոսկ մենության սարսափը փարատելու համար: Ես քեզ համար քնքշանքի կարոտն եմ` անդեմ: Դու ինձ գրկում ես, ոչ նրա համար, որ ուզում ես հենց ինձ գրկել, այլ` որ զգաս քեզնից դուրս աշխարհի գոյությունը: Դու դրա կարիքն ունես: Քեզ համար ես անդեմ եմ...
Նրանք դեռ կամրջին էին, ու նույնն էր օդը` մաքուր ու խոնավ, նույնիսկ մառախուղը չեր ցրվել դեռ, բայց բնության արբեցումի հետքն անգամ չկար:
-Դու ինձ արհամարհո'ւմ ես,- ինքն իր հարցին հուսահատ պատասխանեց աղջիկը:
-Չէ: Բայց, ներիր, սիրտս խառնում է, երբ մտածում եմ , որ ես էլ եմ քեզ նման... հայելային արտացոլանքի պես: Ես նույնն եմ, ինչ որ դու:
-Էլ մի խոսա... դու սպանում ես ինձ:
-Գաղափարը քոնն էր,- կարծես ցրված ու տարօրինակ տոնով ասաց տղան, անսպասելի ամուր գրկեց աղջկան ու,- վերջապե~ս, այնքան սպասված "ազատ անկումը"... ու ես նույնիսկ միայնակ չեմ:
Էջանիշներ