Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Քամու համբույրը
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:
Էջանիշներ