User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: 15. Մեր մեջի գազանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    15. Մեր մեջի գազանը

    15. Մեր մեջի գազանը


    Բացելով յուրահատուկ օրագրիս հերթական էջը պետք է առաջարկեմ ընթերցողիս փակել այն: Ընթերցողս զարմացած կմտածի, թե «էս տղուն ի՞նչ եղավ», իսկ ես կպատասխանեմ, որ ընթերցողիս հարմարության համար եմ ասում:
    Թեման, որի մասին այսօր ցանկանում եմ մրոտել օրագրիս էջերում, վաղուց ջանացել եմ շրջանցել, բայց եթե ուզում եմ բոլոր կողմերից ներկայացնել զինվորական ծառայության իրողությունը, այն, ինչը կա, ապա սխալ կլինի, եթե շարունակեմ առաջվա նման շրջանցել այս թեման:
    Եթե փորձեմ մեկ բառով ներկայացնել ներկայիս զինծառայողին (անշուշտ հասկանում ենք, որ խոսքը բոլոր զինծառայողների մասին չի գնում, այլ կատարվում է ընդհանրացում), ապա նրան կարելի է բնութագրել, ասենք, որպես գազան, կամ որպես բարբարոս, կամ...
    Մի խոսքով, ավելի լավ է ես չկենտրոնանամ մեկ բառով բնութագրումների վրա ու ներկայացնեմ ընդհանուր իրավիճակը, իսկ արդեն ընթերցողս կգտնի իր համար ամենից հարմար մեկ բառով բնութագրումն ու դրանով կբնութագրի զինվորին: Չեմ բացառում, որ այդ դեպքում ինքը ասի, որ ես շատ սխալ բնութագրում էի տվել ու անհրաժեշտ մոտեցումը ցույց չէի տվել հարցին: Գուցե և այդպես է, դրա համար էլ բնութագրի որոշումը թողնում եմ ընթերցողիս:
    Այսպիսով սկսենք բառապաշարից: Եթե, օրինակ, որոշեի այս օրագրիս տողերը գրել այն բառապաշարով, որով խոսում են զինծառայողները, ապա օրագրիս էջերը կբազմապատկվեին ասենք երկու կամ երեք, կամ գուցե չորս, հինգ թվերով: Պատճառը ժարգոնը կամ բարբառը չէր լինի: Երևի թե անհնար է գտնել զորամաս, որտեղ բոլոր զինվորները խոսեն միևնույն ժարգոնով կամ բարբառով, հաշվի առնելով որ զորամասեր զորակոչվում են տղաներ երկրի տարբեր ծայրերից ու նրանցից յուրաքանչյուրը իր հետ բերում է իր ժարգոնը, իր բարբառը: Չէ, այդ իրողության մեղավորը կլիներ հայհոյախոսությունը: Հայհոյանքները, որոնք կհաջորդեին յուրաքանչյուր բառին, յուրաքանչյուր արտահայտությանը: Այդ հայհոյանքների քանակը կգերակշռեր յուրաքանչյուր նախադասությանս միջի մնացած բոլոր բառերին: Իսկ ամենացավալին այն է, որ այդ ոճն ընտրելու դեպքում ես երբևէ ներկայացրած չէի լինի զինվորական զրույցների կոլորիտը, որովհետև այդ կոլորիտը, որպես այդպիսին, ուղղակի բացակայում է զինվորական լեքսիկոնում:
    Ընդ որում հայհոյախոսությունը գնալով զարգացում է ապրում դեպի Ամերիկա: Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով: Նկատի ունեմ, որ եթե մի քանի տարի առաջ այդպիսի հայհոյախոսություններում գերակշռում էին, այսպես ասած, հայկական ու ռուսական հայհոյանքները, ապա վերջին տարիներին աստիճանաբար դրանց է միանում նաև ամերիկյանը: Հայհոյանքների լեզուներն այս երեքով չեն սահմանափակվում: Հազվադեպ չեն նաև թուրքական և վրացական հայհոյանքները, այլ լեզուներ իմացողները չեն հապաղում հպարտանալ իրենց, այդ լեզուներով իմացած հայհոյանքների գիտելիքներով ու անպայման ցանկանում կիսվել կողքինների հետ:
    Առաջին հայացքից գուցե այստեղ ոչ մի վատ բան չկա: Բայց միայն առաջին հայացքից, որովհետև ավելի խորը վերլուծության ենթարկելով նկատում ենք շատ տգեղ իրողություն: Հայհոյախոսությունը, ինքնին, գուցե և վատ բան չէ, սակայն եթե օգտագործվում է ըստ իր նշանակության, նպատակաուղղվածության: Իսկ երբ այն դառնում է խոսքի գերիշխող բաղադրիչ, երբ ընկերն ընկերոջը որպիսությունը հարցնելիս այդ հարցն ուղեկցում է մի քանի, վերջինիս հասցեին ուղղված հայհոյանքներով, ապա նույնիսկ սրտխառնուք է առաջանում: Դու հանգիստ կարող ես ականատես լինել ընկերների խոսակցության, որն ուղեկցվում է խիստ, երբեմն էժանագին հայհոյանքներով: Նրանք կարող են մի թեթև վեճը վերածել ամենվերջին բառերով իրար անպատվելու, դրանից ուղիղ տաս րոպե հետո թևանցուկ գնալ սուրճ խմելու:
    Հայհոյանքներն ուղղվում են բացառապես բոլորի հասցեին ու բացառապես բոլորի կողմից: Այստեղ անմասն չեն ոչ շարքային զինծառայողները, ոչ ենթասպաները կամ սպաները: Իհարկե սուբօրդինացիան պահպանվում է: Այսինքն սովորաբար սպան կարող է բոլորի ներկայությամբ հայհոյել շարքայինին, իսկ շարքայինը բավարարվում է նեղ ընկերական շրջապատում սպայի մոր հասցեին ուղղված անպարկեշտ արտահայտություններով:
    Բայց միայն միամիտին կարող է թվալ, թե բանակում հայհոյանքը միայն «վատ իմաստով» է օգտագործվում: Այսպես, օրինակ գեղեցիկ աղջիկ տեսնող զինվորը նրա ետևից իր հիացական խոսքը հանգիստ կարող է արտահայտել մի քանի գռեհկաբանությամբ, մի քանի հայհոյական արտահայտությամբ, դեռ լավ է, որ այնպես, որ վերջինս չլսի: Անշուշտ այս նույն բաները շատերը տեսնում են նաև առօրյա կյանքում, սակայն իմ խորին համոզմամբ ոչ այն ծավալներով, ինչ բանակում, և նաև կարծում եմ, որ այդ սովորությունը սովորական կյանք մտնում է նաև բանակի ջանքերով՝ նախկին ու ներկա զինծառայողների միջնորդությամբ:
    Եվ քանի որ խոսք գնաց աղջիկների հասցեին ուղղված փաղաքշական հայհոյանքներից, ապա ճիշտ ժամանակն է անդրադառնալ զինծառայողների «անասնական» բնազդներին: Այստեղ, թերևս, գործ ունենք զուտ բնական մարդկային գործոնի հետ: Միայն պատկերացրեք, աշխարհից կտրված հարյուրավոր, հասունացման փուլում գտնվող երիտասարդ տղաներ, որոնցից ամեն մեկն ունի խիստ բնական ցանկություններ, չունի այդ ցանկությունները բավարարելու տարրական հնարավորություններ, էլ չհաշված, որ այդ ցանկությունները բազմապատկում ու քառապատկում են այդ մասին անընդհատ խոսակցությունները, «համով-հոտով» պատմությունները:
    Այս տղաների խոսակցություններում, հայհոյանքների հետ միասին գերակշռում են իրենց քաջագործությունների մասին պատմությունները, որոնք համեմվում են իրենց ստեղծագործ ուղեղի ծնած զարմանահրաշ մանրամասներով:
    Այսպես, եթե որևէ մեկը հաջողացրել է մի անգամ մոտենալ մի մարմնվաճառի ու վերջինից հարցնելով սպասարկման գինը, լսված գումարից վախեցած հետ է եկել զորամաս, ապա նա, առանց որևէ այլևայլություն, ուղիղ մեկ ամիս կպատմի, թե ինչ հրաշալի ժամանակ է անցկացրել մի գեղեցկուհու հետ ու նրա հետ փորձարկել սեռական հարաբերությունների բոլոր հնարավոր տարբերակները: Նա նաև կհավելի, որ այդ աղջիկը «մաքուր» աղջիկ էր, և սեռական հարաբերություններով համաձայնվել է զբաղվել միայն այն պատճառով, որ մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել մեր հերոսին:
    Սա այն դեպքն էր, երբ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր եղել: Իսկ հիմա, հաշվի առնելով սա, պատկերացրեք թե ինչ պատմություններ է պատմելու այն երիտասարդն, ով իրապես ինչ-որ մեկի հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Մասնավորապես գիշերները ընդհանուր ննջասենյակում, հնարավորին չափ ճոխացնելով պատմությունը, հնարավորին չափ երիտասարդացնելով կողակցին, հնարավորին չափ գեղեցկանելով նրան, հնարավորին չափ մեծացնելով և կլորացնելով նրա բարեմասնությունները, կպատմի իր քաջագործությունների մասին այնպիսի գունավորումներով, որ այդ պատմությունն արդեն հարյուր երեսունվեց անգամ լսած զինվորական ընկերներին կթվա, թե միայն առաջին անգամ են լսում: Պատմությունը կուղեկցվի «Վա՛յ քո», «Ու՜խ», «Հալալ ա», «Տեսա՞ր դրան» և բազմաթիվ այլ հիացական արտահայտություններով, իհարկե չհաշված բազմահազարանոց հայհոյական արտահայտությունները:
    Սա, իհարկե, դեռ «անասնական» բնազդը չի: «Անասնական» բնազդը նկարագրող տխուր իրականությանը նոր ենք հասնում: Խնդիրն այն է, որ այս երիտասարդների մի մասը, գուցե մեծ մասը, «ջահել» է բառիս բուն ու ամենալայն իմաստով ու չգիտի իրեն կառավարել: Սա առաջին հերթին նշանակում է, որ եթե նրանք, ասենք, ազատ արձակում ունեն ու դուրս են եկել քաղաք (փողոց), ապա իրենց կողքով անցնող յուրաքանչյուր աղջկան, անկախ նրա տարիքից, տեսքից, բոյից, չաղությունից, ուղեկցորդի առկայությունից ու անգամ սեռից նվիրում են տենչալի հայացքներ, բնավ չնայելով նրա դեմքին, աչքերին կամ վարսերին, այլ հայացնքն անմիջապես ուղղում նրա փափլիկ տեղերին, բարեմասնություններին:
    Այդ պահին այդ երիտասարդների կողքից անցնելիս դուք անպայման կլսեք թուքը կուլ տալու ձայնը, որը նրանց սոված լինելու նշան է և ուրիշ ոչինչ:
    Այստեղ փոքր-ինչ շեղվելով մի գնահատական տամ ու նոր շարունակեմ ընդհանուր բնութագիրս: Նկատելով, թե զինվորների հայացքներն անմիջապես աղջկա մարմնի որ մասին են ընկնում, կարելի է բոլորովին չտարակուսել, թե ինչու՞ են զինծառայողները երկար ժամանակ աղջիկ չտեսնելուց հետո հենց առաջին հանդիպած աղջկան պատկերացնում իբրև գեղեցկուհի: Իհարկե չեմ պնդի, որ միակ պատճառը դա է, բայց կարծում եմ, որ կարևոր պատճառներից մեկն այն է, որ նրանք պարզապես ժամանակ չունեն դիմացի գեղեցկուհուն ըստ գեղեցկության գնահատելու: Այնպես որ, այս երիտասարդները զորամաս վերադառնալով իրենց զինվորական ընկերներին կպատմեն, թե ինչ «մարալ» աղջկա են տեսել: Անշուշտ նրանք պատմությունը պատմելիս չեն օգտագործի «մարալ» բառը, այլ կօգտագործեն հերթական «փաղաքշական» հայհոյական բառերը, բայց դրանից, իհարկե, պատմության իմաստը չի փոխվի, փոխարենը ունկդիրն ավելի լավ կհասկանա, թե ինչի՞ մասին է խոսքը: Նաև այստեղ տարակուսել պետք չէ և կարելի է հանգիստ ենթադրել, որ այդ երիտասարդներից նրանք, ովքեր առավել երազող են, կպատմեն, թե ինչպես են ծանոթացել այդ աղջկա հետ, առավել համարձակները կպատմեն, թե ինչպես են բռնի ուժով կամ խոսքի զորությամբ տիրացել այդ չքնաղ հրեշտակին (կարծում եմ հարկ չկա ևս մեկ անգամ նշելու, որ դժվար թե նրանք օգտագործեն չքնաղ հրեշտակ բառերը):
    Եվ անգամ սա դեռ ոչինչ: Բանն այն է, որ այս ցանկատենչության պայմաններում, երբ մարդու բնական ցանկություններն ելել իրեն ուտում են, մեր ավանդապաշտ հայ տղաները լրիվ մոռանում են իրենց սովորույթների, հավատի, համոզմունքի, գաղափարի և այլ գործոնների մասին: Իհարկե այստեղ ևս խոսելու եմ մասնավոր դեպքերի մասին, բայց որոշ առումներով կարելի է ասել, որ այդ մասնավոր դեպքերը, ցավոք, վերաբերվում են շատ-շատերին:
    Խնդիրն այն է, որ «անասնական» բնազդով տարված գազանացած երիտասարդը, նույն տենչալի հայացքով, որով նայում է փողոցով քայլող անծանոթ աղջկան, կարող է նայել նաև իր զինվորական ընկերոջն այցելության եկած գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ քրոջը: Ավելին, նրա տենչանքը կարող է այնքան շատ լինի, որ նա այլևս իրեն զսպել չկարողանալով կարող է իրեն թույլ տալ, մեղմ ասած, ոչ պարկեշտ արտահայտություններ: Անշուշտ այսպիսի դեպքերը պատժվում են, սակայն չեն վերանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (06.09.2011), Progart (11.04.2019), Արևածագ (09.11.2010), ՆանՍ (21.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •