Ծնունդդ շնորհավոր
Երեսուն-երեսունհինգ տարեկան տղամարդը երթուղային տաքսի մտնելուն ու իր մեծ չափերի շնորհիվ կողքի նստածներին ֆիզիկական ճնշման ենթարկելուց հետո (նստեց վերջին շարքում՝ միակ ազատ տեղը), որոշեց, որ մյուս ուղևորները փափագում են լսել իր զրույցները: Տղամարդն անմիջապես հանեց բջջային հեռախոսը և խոսափողի մեջ բղավեց.
- Վի՛կա, լսու՞մ ես ինձ:
Բջջային հեռախոսի ձայնի բարձրությունն այնքան բարձր էր դրած, որ ամենքը պարզորոշ լսեցին խոսափողի այն կողմից լսվող «Հա՛, Գար, մի գոռա» խոսքերը: Տղամարդն անմիջապես անցավ գործնական խոսակցությանը, շարունակելով խոսել ոչ այնքան Վիկայի, որքան ուղևորների համար, ովքեր ողջ օրը փափագել էին լսել Գարի զրույցը.
- Վիկ ջան, նենց անհարմար բան ստացվեց, չես պատկերացնի: Առավոտը որ զանգեցիր, քնած էի, քունը գլխիս էր, մտքիցս թռել էր: Ես էսօր չեմ կարող գամ, որտև էսօր մամայիս ծնունդն ա, հիմա տուն եմ գնում, մորքուրենքս, բան, մեր տուն են եկել... ասա խի՞ են եկել... ուղղակի ամոթ ա, որ տուն չգնամ, կներես էլի...
- Վայ Գար ջան, տուն գնա, - լսվեց խոսափողի միջից, - ես էլ հեսա կզանգեմ, մամայիդ կշնորհավորեմ:
- Ապրես, Վիկ ջան, - ակնհայտ կեղծ ուրախացավ տղամարդը, - ես գիտեի որ կհասկանաս: Դե հաջող, կխոսենք հետո:
- Պոկա:
Տղամարդը սեղմեց կարմիր կոճակն ու ակնհայտ աճապարանքով հավաքեց մի այլ համար ու նորից սկսեց գոռալ ուղևորների համար.
- Մամ, մամ, այ մամ, հեսա Վիկան կարող ա զանգի, կասես ծնունդդ ա ու տունը լիքը հյուր կա... հը՞... դե հավեսը չկար, ասեցի յանիմ ծնունդդ ա.. հա լավ դե, հիմա էդ խաբելու մեջ ի՞նչ կա, տղիդ խաթր թող էսօր ծնունդդ լինի...
Հեռախոսն անջատեց:
Տհաճ լռությունը խախտվում էր միայն շարժիչի ձայնից, մինչև ուղևորներից մեկը, մի համակրելի տատիկ, շուռ եկավ.
- Տղա ջան, մամայիդ հետ խոսեցիր, մոռացար ծնունդը շնորհավորես, բա ամո՞թ չի...