Նայել RSS հոսքը

ars83

«Իսկական սրբի գերեզմանի վրայով պետք է քայլել»

Գնահատական. 7 ձայն, 5.00 ընդհանուր:
Հունիսի 7, 2009թ., Ս. Գեղարդ վանք (Այրիվանք):

Մեքենայով մոտենում ենք Ս.Գեղարդ վանքին՝ մեր աշխատախմբի ղեկավարը, Միացյալ Թագավորությունից ժամանած ազգությամբ դանիացի մի գործընկեր, աշխատակից-ընկերս և ես: Վանքի մոտակայքում աշխուժություն է տիրում. գետի մոտ մարդիկ խորոված են սարքում, կանայք գաթա և քաղցր սուջուխ են առաջարկում վանքի այցելուներին, երեխաներն աղմկում են: Երկրորդ անգամն է, որ գալիս եմ այստեղ: Առաջին անգամ եկել էինք մորս աշխատակիցների ընտանիքների հետ: Այնքան էինք տարվել խորովածի պատրաստությամբ, որ, երբ բարձրացանք վանքի մոտ երեկոյան, այն արդեն փակ էր, և չկարողացա ներսը նայել: Այս անգամ այդ հնարավորությունը հաստատ բաց չէի թողնի:
Վանքը շրջապատող, նրա պատերից մեկը կազմող ժայռերը զգաստ, լուռ, տարեց մարդու քնքշությամբ դիմավորում են այցելուին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եկել եմ հարազատներիս մոտ: Նույն զգացողությունն է, ինչ որ Տաթևի կամ Գանձասարի վանքում: Կարծես տարեց մարդիկ շրջան են կազմել՝ բազուկները տարածելով իրենց երեխաների վրա՝ ինչ գնով ուզում է լինի նրանց բոլոր վտանգներից պաշտպանելու վճռականությամբ, և հիմա գորովալից հայացքով նայում են նրանց: Այն տեղերից է, ուր հոգիդ իրեն զգում է յուրայինների մեջ, անկաշկանդ, ուրախ:
Վանքի կիսախավար է, միայն մեկ-երկու անցքից և բաց դռնից ներս է թափանցում ջրի կաթիլների հետ խառնված լույսը: Մարդիկ կամացուկ անցնում են մի սրահից մյուսը, կիսաձայն զրուցում, իրար ցույց տալով խաչքարերն ու քանդակները:
Սկսում է անձրևել: Վերևի անցքից լույսի շողի հետ թափվում են անձրևի կաթիլները և լցվում հատակին հոսող առվի մեջ: Հոգեցունց տեսարան է:
Քար և ջուր: Ինձ թվում է՝ տարբեր եկեղեցիների հոգևոր երաժշտությունների և դրանց տեսքի, ձևի միջև կապ կա: Կաթոլիկ հոգևոր երաժշտությունը նման է ոսկու՝ մշակված, թրծված, ձևավորված... միջնորդված: Օրթոդոքս երաժշտությունը՝ ակների, շողշողուն, պերճատեսիլ, մշակված, ներդաշնակեցված... միջնորդված: Հայ հոգևոր երաժշտությունը նման է քարի և ջրի. անկոտրում, հասարակ, սրտաբուխ, վճիտ, շարժվող, կենդանի... առանց Աստծո և մարդու միջև միջնորդվածության: Երբեմն մտածում եմ՝ ի՞նչն է, որ թույլ է տալիս ինձ տեսնել հոգևոր երաժշտության գեղեցկությունն ու սիրել այն: Երևի թե, հիմքերս՝ քարն ու ջուրը...
Երկրորդ հարկում ենք, ուր հոյակապ արձագանք կա: Թվում է՝ գտնվում ես երկնքի նախաշեմին: Շուրջը գերեզմաններ են: Մարդիկ քայլում են՝ ոմանք գերեզմանների վրայով, ոմանք էլ՝ շրջանցելով դրանք: Նկատեցի, որ հյուրը ևս շրջանցում է գերեզմանները: Մոտեցա և սկսեցի պատմել մի քանի տարի առաջ Գանձասարի վանքի քահանա Տ.Հովհաննեսից լսածս այն մասին, որ սուրբերը խնդրել են իրենց թաղել եկեղեցու մուտքի մոտ այնպես, որ յուրաքանչյուր ներս մտնող քայլի իրենց գերեզմանների վրայով՝ ի նշան խոնարհության: Զարմացած լսեց, ասաց, որ իրենց մոտ՝ Դանիայում, գերեզմանի վրայով քայլելը սրբապղծություն է համարվում: Բացատրեցի, որ, սովորաբար, մեզ մոտել է այդպես, բայց սուրբերի դեպքում այդպես չէ: Այդ պահին ղեկավարս գնաց, կանգնեց գերեզմաններից մեկի վրա և գոհունակությամբ ասաց. «Ա՛յ, իսկական սուրբն այսպես կլինի, որ գերեզմանը լինի հասարակ, և կարողանաս քայլել վրայով»:

Հաստատ գիտեմ, որ հայրերս, որոնց գերեզմանի վրայով քայլում եմ, երբեք անեծքի կամ մեղադրանքի խոսք չեն արտասանի առ Աստված, այլ միայն օրհնության: Երանի, թե իմ գերեզմանի վրայով էլ հայ մարդ քայլի, հայ երեխա վազի, շա՜տ կուզենամ: Ես էլ կօրհնեմ:

Ուղարկել ««Իսկական սրբի գերեզմանի վրայով պետք է քայլել»"» Digg-ին Ուղարկել ««Իսկական սրբի գերեզմանի վրայով պետք է քայլել»"» del.icio.us-ին Ուղարկել ««Իսկական սրբի գերեզմանի վրայով պետք է քայլել»"» StumbleUpon-ին Ուղարկել ««Իսկական սրբի գերեզմանի վրայով պետք է քայլել»"» Google-ին

Թարմացել է 17.08.2009, 20:32 ըստ ars83

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Monk -
    Monk-ի ավատար
    Արսենիոս, առանց մեկնաբանության
  2. Վահիկ -
    Վահիկ-ի ավատար
  3. Հայկօ -
    Հայկօ-ի ավատար
    Արս ջան, ինչ սիրուն էիր գրել : Քար ու ջուր... Ու հոգևոր երաժշտության հետ կապը: Կեցցես :
  4. ars83 -
    ars83-ի ավատար
    Շնորհակալ եմ, Հայկ ջան:
    Զգացածս եմ գրառել:
  5. Բարձրահասակ -
    Բարձրահասակ-ի ավատար
    Քար և ջուր, հոգևոր երաժշտություն՝ ընտիր է ասված:
    Կարդալու ամբողջ ընթացքում մարմնովս սարսուռ էր վազում:
  6. Ֆոտոն -
    Ֆոտոն-ի ավատար
    Քար և ջուր. հայ հոգևոր երաժշտությունն ավելի լավ հնարավոր չէ նկարագրել:
  7. ars83 -
    ars83-ի ավատար
    Նարեկացու «Մատյան ողբերգությունը» հատվածներ ունի, որոնք կարդալիս ցնցվում եմ: Անհնար է, որ դրանք ընթերցելիս հոգուս կեղտի գոնե մի փոքր մասը չլվացվի-տարվի սրբի գրի առած աղոթքով: Ահռելի խորության զղջման ծովը միաձուլված հավատքի ապառաժին՝ ջուր և քար... Ինքա՜ն շնորհ ենք գտել Աստծուց, որ Նարեկը դարեդար անցել-հասել է մեզ ու կարող ես կարդալ՝ կարդալ ու կարկամել, կարդալ ու շփոթվել, կարդալ ու հիանալ, կարդալ ու ցավից հառաչել, խաղաղությունից լռել...

    Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», Բան ԺԲ (գրաբար)

    ...
    Որ եւ անդստին իսկ յաւրհնաբանելն
    Եւ ի դաւանելն զկենդանարարն բնաւից Աստուած,
    Իսկոյն եւ կոչումն ընտանի ձայնի
    Ահաւորութեան անուան շնորհաձիրն բարերարի,
    Մահացելոյս է կենդանութիւն,
    Ըստ մարգարէին նախաճառութեան,
    Թէ` Որ կարդայ զանուն Տեառն, նա կեցցէ:
    Իսկ ես ոչ միայն կարդամ,
    Այլ նախ հաւատամ մեծութեան նորին,
    Ոչ եթէ վասն պարգեւաց նորա դարձեալ մատուցեալ յողոք դեգերիմ,
    Այլ իբր զկենդանութիւն իսկապէս
    Եւ զշնչոյ տուրեւառութիւն հաւաստի,
    Առանց որոյ ոչ է շարժողութիւն կամ ընթացութիւն,
    Զի ոչ այնքան յուսոյն հանգուցիւ,
    Որքան սիրոյն կապանաւք բերիմ:

    Ոչ ի տուրսն, այլ ի տուողն յաւէտ կարաւտիմ,
    Ոչ փառքն են ինձ անձկալի,
    Այլ փառաւորեալն է համբուրելի,
    Ոչ կենացն փափագանաւք,
    Այլ կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ,
    Ոչ վայելիցն տարփանաւք հեծեմ,
    Այլ հանդերձաւղին տենչանաւք` յերիկամանց աստի կականիմ,
    Ոչ զհանգիստն խնդրեմ,
    Այլ զհանգուցչին երեսս աղաչեմ,
    Ոչ հարսնարանին խնջոյիւք,
    Այլ փեսային անձկութեամբ մաշիմ:
    Ի ձեռն որոյ զաւրութեան վստահապէս ակնկալութեամբ,
    Վերագրեցեալդ յանցանաւք բեռանց,
    Աներկմիտ յուսով հաւատամ`
    Ի կարողին ձեռն ապաստանեալ.
    Ոչ քաւութեան միայն հասանել,
    Այլ զնոյն ինքն տեսանել`
    Յողորմութիւն եւ ի գթութիւն
    Եւ յերկնիցն ժառանգութիւն,
    Թէպէտ եւ յոյժ եմ տարագրելի:
    Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», Բան ԺԲ (աշխարհաբար, թարգմանությունը՝ Մկրտիչ Խերանյանի)
    ...
    Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես եւ դավանեմ
    Արարածներին բոլոր կյանք տվող Աստծուն,
    Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն ահավոր շնորհապարգև Բարերարի,
    Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ՝ մեղավորիս,
    Ըստ մարգարեի կանխասացության,
    Թե՝ «Ով կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի»:
    Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
    Այլ հավատում եմ նրա մեծությանն ամենից առաջ.
    Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա պարգևները ես,
    Այլ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է ճշմարտապես,
    Շնչառությունն իսկ, առանց որի չի՛ք շարժում և ընթացք:
    Ո՛չ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով եմ ես կապվում նրան.
    Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի կարոտով եմ ես վառվում շարունակ:
    Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի,
    Այլ փառավորյալն է համբուրելի,
    Ոչ թե ապրելու կյանքի փափագով,
    Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ:
    Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
    Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:
    Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:
    Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ փեսայի անձկությամբ եմ մաշվում,
    Որի զորության շնորհիվ՝ վստահ ակնկալությամբ,
    Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
    Որ վերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ՝
    Ապաստանելով ամենակարողի ձեռքին,
    Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն,
    Ընդունելու գութն ու ողորմությունը և ժառանգելու երկինքը նրա,
    Թեև հո՜ւյժ մերժելի եմ:

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց