Նայել RSS հոսքը

Alphaone

ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից

Գնահատել այս գրառումը
Գիշերը գրկեց լիճը, լճափի լեռները, բնությունը, մարդկանց…
Կապույտ մթության աստղաշող հմայքից արբած՝ քայլում էի լճափով, երբ անփույթ ցրված քարերից մեկն անձայն ճեղքվեց և քարից դուրս սահեց մի աղջիկ: Զմայլված ալյակները սկսեցին երգել, քամին հուշիկ նվագեց բյուրավոր տերևների վրա, ու ողջ էությունս դարձավ քարացում. գիշերային ներդաշնակ մեղեդու հնչյունների ներքո այն աղջիկը ինքնամոռաց սկսեց պարել լճափին: Նրա վարսերը մեղմիկ ծածանվում էին քամուց, պտույտի պահին թվում էր, թե աստղային լույսից հյուսված զգեստ կա հագին, իսկ նրա մեծ աչքերում ծովացել էր թախիծ, որ դարձնում էր աղջկա աչերը երազկոտ, եթերային,անիրական…
- Մի՛ նայիր նրա աչքերին, դրանք խաբում են, կախարդում: Անիծված էակ է նա, - անսպասելի ասաց ձկնորս ծերունին:
- Երբ նայում եմ նրան, այլևս անկարող եմ լինում հայացքս փախցնել, նա հրաշալի է, աննման, աննյութեղեն, - ասես հիրավի կախարդված մրմնջացի ես:
- Ինքս էլ չեմ կարողանում հայացքս նրանից հեռացնել, երկար տարիներ նայում են նրան ու չեմ հոգնել նայելուց, չգիտեմ անգամ խղճալ, թե ատել…
- Ո՞վ է նա` խելագար պարուհի, թե ջրերից դուրս լողած ջրահարս, որ, մարդկային ոտքեր ստանալով, սկսում է պարել, - հարցրեցի ես` սրտատրոփ սպասելով ջրահարսի մասին հեքիաթին:
Ջրահարսի մասին չէր հեքիաթը: Կարճատև լռությունից հետո ծերունին սկսեց պատմել, թե ինչու է ամեն գիշեր քարից դուրս գալիս ու պարում անիծված աղջիկը.
« Շատ ժամանակներ են անցել, նախկինում այստեղ գյուղի փոխարեն մի ավելի փոքր գյուղակ կար: Գյուղացիները լավ ձկնորսներ էին, բայց հովիվներ էլ կային, որ հեռու սարերում արածեցնում էին հոտը` չվախենալով վայրի գազաններից: Բայց քաջքերի մասին հեքիաթները սնահավատ մի վախ էին առաջացնում հովիվների սրտերում, որ նրանք հմտորեն ծածկում էին կատակասեր ձկնորսներից: Գյուղում ծերերը պատմում էին, որ հարյուր տարին լրանալու պահին զարթնում է մի սատանա ու լափում ոչխարներին, երբ բոլոր կենդանիները կերակուր են դառնում, սկսում է մարդկանց ուտել, մինչև որ չի հոգնում արյունոտ խրախճանքից ու նորից քնում մինչև հաջորդ հարյուրամյակ: Այդ օրերին, երբ տեղի ունեցան չարաբաստիկ դեպքերը, դարն արդեն ավարտվում էր ու նոր դար էր սկսվում: Երկու դարերի հանդիպման պահին սարերում շատ կենդանիներ կորան: Վախեցած հովիվները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես է դևը կենդանիներին հոշոտում, բայց գյուղում քչերն էին նրանց հավատում: Մի պառավ կար գյուղում, որ գիտեր հին պատմություններն ու հմայախոսությունները: Կանչեց նա իր մոտ հովիվներին ու ասեղ տվեց նրանց.
- Արյան գույնի թելով եմ այն թելել, - ասաց նրանց պառավը, - սա սատանի գլուխը խրեք ու կմեռնի չարքը: Մեր նախնիներն այդպես էլ վարվել են, բայց մի խաբված ջահել հանել է ասեղն ու չարքին ազատություն տվել: Չխաբվեք զավակներս, սպանեք նրա միջի չարությունն, ու նա մեզ նման մարդ կդառնա: Բոլոր քաջքերն էլ մի ժամանակ մարդիկ են եղել, բայց չարացել են աշխարհի վրա, ատել մարդկանց ու այդ չարությունից ու ատելությունից այլանդակվել, դևեր են դարձել: Իմացեք, որ մարդկայնությունը հեշտ չի մեռնում, խրեք ասեղը գլուխն ու ինքներդ կտեսնեք:
- Իսկ եթե ասեղը հանի՞, - վախվորած հարցրեց հովիվներից մեկը:
- Ո՛չ ինքը, ո՛չ իր ընկեր քաջքերը չեն կարող ասեղը հանել, միայն մարդիկ են կարող, դրա համար էլ հիշեք, ինչքան էլ խնդրի, աղաչի, հեկեկա, չհանեք ասեղը:
Վերցրեցին հովիվները հմայված ասեղն ու գնացին սարերը` չարքին բռնելու: Խորհրդավոր էակն արդեն հասցրել էր հոտը կոտորել, և այդ պահին յուրաքանչյուրը կուչ եկած սպասում էր, որ հատկապես իրեն է այդ գիշեր քաջքը կուլ տալու: Անքուն տղաներն աղմուկ լսեցին ու վախեցած ավելի մոտեցան իրար:
- Տվեք ասեղը, - ասաց մի խիզախ երիտասարդ, վերցրեց ասեղը, դուրս եկավ հովվական քոլիկից ու դեմառդեմ հանդիպեց քաջքին:
Զարմացավ քաջքը, որ մարդիկ չեն վախենում իր դեմ ելնել: Դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ տղան անվախ առաջացավ ու ասեղը նրա գլուխը խրեց` մտքում աղոթելով, որ պառավը ճիշտ ասած լիներ: Բոլորի աչքի առաջ սատանան կուչ եկավ, թպրտաց ու մի չքնաղ աղջկա վերածվեց: Կամաց-կամաց հովիվները իրենց անապահով թաքստոցից դուրս գալու համարձակություն հավաքեցին ու մոտեցան կուչ եկած աղջկան:
- Ուզում է սրտներս շահի, որ դեն նետենք ասեղը, - ասաց մի թերահավատ հովիվ ու մտրակեց չարքին:
Անպաշտպան աղջկա վերածված չարքը վեր թռավ ու սկսեց վախեցած դեսուդեն նետվել: Նրա անհանգիստ, հուսահատ վազքն, անհեթեթ շարժումներն, ասես, հեթանոս պար լիներ: Ծիծաղ որտոտաց:
- Պարի՛ր, սատանա՛, տեսնենք լավ են քաջքերը պարում, - ասաց մեկ ուրիշը՝ նույնպես մտրակելով աղջկան:
Դաժան երիտասարդները շրջան կազմեցին ու սկսեցին մտրակել չարքին: Վախեցած աղջիկն, անհույս փախչելու ուղիներ որոնելով ու տեսնելով, որ չի կարող շրջանից դուրս պրծնել, սկսեց խելագար պտույտներ կատարել:
- Վերջ տվեք, - սաստեց հովիվներին քաջ երիտասարդը, ամուր բռնեց աղջկա ձեռքից ու նրան պառավի մոտ տարավ: Պատմեց նրան կատարվածն ու հարցեց.
- Հիմա ի՞նչ անենք սրա հետ:
Պառավը կարեկցանքով նայեց վախվորած աղջկան, շոյեց նրա փափուկ վարսերն ու ապաստան տվեց նրան:
- Սխալ ես գործում, տատի՛կ, քաջքը մարդկային կերպարով էլ չար է մնում, - ասաց թերահավատ երիտասարդը, բայց պառավը նրան չլսեց:
Խաղաղ ու համերաշխ ապրում էին բարի պառավն ու նրա որդեգրած դուստրը: Տարիներն անփոփոխ երթով առաջ էին գնում ու չարության նշույլ անգամ չկար աղջկա ջինջ աչքերում: Բայց ամեն անգամ պառավը տեսնում էր, թե ինչպես է նա փորձում ասեղը դուրս հանել գլխից, իսկ գիշերները ցավից ու անզորությունից հեկեկում: Կրկին ու կրկին խնդրում էր աղջիկը պառավին դուրս հանել ասեղը, որ այնքան ցավեցնում էր իրեն, ստրկացնում ու նվաստացնում: Մի օր էլ բարի պառավը չդիմացավ ու դուրս քաշեց ասեղը: Ակնթարթներ անց աղջիկը քաջքի վերածվեց, խեղդեց պառավին ու նրա միակ կովին հեծած դեպ ազատություն սլացավ:
Անհանգիստ երազում գունատվեց քաջքին հաղթած երիտասարդը, արթնացավ վատ կանխազգացմամբ ու ակամա պառավի տուն վազեց: Այնտեղ մեռած պառավի ձեռքում փայլում էր կարմիր թելով թելված ու քաջքի արյունից կարմրած ասեղը: Նա վերցրեց ասեղն ու քաջքի հետքերով սլացավ: Ազատ լճափին վիթխարի կարմիր լիալուսնի ֆոնին սլանում էր կովին հեծած քաջքը: Քամու պես արագ էր սլանում հալածվող կենդանին, բայց վրդովված երիտասարդը քամուց էլ արագ սուրաց, հասավ չարքին ու գետին տապալեց նրան: Չարքը կեռ ճանկերով դուրս քաշեց երիտասարդի սիրտը, բայց մահամերձ նա կարողացավ ասեղը կրկին դևի գլուխը խրել: Քաջքի ներսում սառած խիղճը թպրտաց ու նրան մարդու վերածեց: Քաջքը սպանել էր այն մարդկանց, որ բարի են եղել իր հանդեպ: Ամբողջ կյանքում չար ամբոխից հալածված՝ վերջապես, բարի մարդկանց էր նա հանդիպել ու կործանել: Նա հասկացավ` ինչ է արել ու ամոթից քարի մեջ թաքնվեց: Այլևս չէր ցանկանում մարդկանց աչքին երևալ: Բայց գիշերը, երբ մարդիկ քնած էին, նա հիշում էր իր կյանքի ամենասարսափելի պահը, մտրակի հարվածները, ճիչերը և քարից դուրս սահելով պարում: Այդպես է նա ինքն իրեն պատժում, այդպես նա դարեր կպարի, մինչև չգա մեկը, ով չի վախենա ասեղը հանել ու կազատի նրան՝ վերջնականապես նրան մարդու վերածելով»:
- Ես կազատեմ նրան, - ասացի ու մոտեցա պարող աղջկան, բայց նա արագ վազեց ու քարի մեջ թաքնվեց:
- Չես կարող, - ժպտաց ծերունին, - այս անգամ նրան կարող է ազատել միայն նա, որ կների նրան, ով արժանի է ներելու:
- Իսկ ո՞վ է արժանի ներելու, - ծերունուն նայելով` տարակուսանքով հարցրեցի ես:
- Քիչ են այն մարդիկ, ովքեր ուրիշների ոտքերի մոտ են փռում իրենց սիրտը` չվախենալով, որ այն կտրորեն, որ ապրում են միայն բարիք սփռելով` չվախենալով, որ իրենց ոչինչ չի մնա, որ իրենց կյանքը ապրում են մարդկանց համար ու չեն վախենում, որ որ իրենք իրենց համար ապրելու ժամանակ այլևս չեն ունենա: Նման մարդիկ են արժանի ներել, բայց ավելի ու ավելի քիչ են հանդիպում նման մարդիկ, դրա փոխարեն շատանում են քաջքերը:
Կարո՞ղ էի ես այդպիսին դառնալ, շատ էի խղճում աղջկան, ցանկանում էի նրան ազատել, բայց արժանի՞ էր չարքը, որ նրա համար սիրտս ամբոխի ոտքերի տակ նետեի, ամեն ինչ տայի ուրիշներին ու կյանքս էլ ուրիշների համար ապրեի: Ո՛չ, չարքը դրան արժանի չէր, բայց դրան արժանի են մարդիկ:

Ուղարկել «ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից"» Digg-ին Ուղարկել «ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից"» del.icio.us-ին Ուղարկել «ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից"» StumbleUpon-ին Ուղարկել «ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ամմէ-ի ավատար
    Լավն էր, դուրս շատ եկավ: Կեցցե՛ս: