PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքն առանց ցավի...



Claudia Mori
18.05.2012, 12:09
Լուծում կա, բայց չի գործում. Հայաստանում օրական 3600 մարդ տառապում է անտանելի ցավերից

http://www.hra.am/i/up/cav-logo.jpg

Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա օրական տարբեր հիվանդություններից ցավով տառապող 3600 մարդու ցավազրկելու համար, սակայն բժիշկների տեղեկացված չլինելու և օրենսդրական բացերի պատճառով այն հասնում է միայն 80-90 հիվանդի:

Այս հարցը մեկն է այն խնդիրներից, որը բարձրաձայնվում է «Կյանք առանց ցավի» (http://www.stopthepain.am/) նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության ներկայացուցիչները ցանկանում են, որ պալիատիվ խնամքն (http://ru.wikipedia.org/wiki/Паллиативная_помощь) իր բոլոր երեք գործառույթներով գործի Հայաստանում՝ ցավի կանխարգելում ու կառավարում, ֆիզիկական ախտանշանների կանխարգելում ու բուժում, հոգեսոցիալական օգնություն հիվանդին ու նրա ընտանիքին:


http://www.hra.am/i/up/o/d9a2923855bdd34fa3958185ac4ce77f.jpg

Հայաստանում արդեն 12 տարի գործող «Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի» ուսումնասիրությունների համաձայն՝ օրական 3600, իսկ տարեկան կտրվածքով` 18.000-22.000 սաստիկ ցավեր ունեցող հիվանդ է լինում: Ասոցիացիայի հիմնադիր Հրանտ Կարապետյանը տեղեկացնում է, որ Հայաստանում միայն քաղցկեղով հիվանդներին է օրենքով մորֆին հասնում, չնայած նրան, որ 3600 հիվանդների միայն 40 տոկոսն է քաղցկեղով հիվանդ:

«Փաստորեն նրանց 60 տոկոսն ընդհանրապես զրկված է ցավազրկող դեղեր ստանալու հնարավորությունից, որը օրենքի սահմանափակում է»,- նշում է Կարապետյանը, ով համոզված է, որ «Դեղերի մասին» օրենքը դեռ շատ բարեփոխումների պետք է ենթարկվի ու զրոյից գրվի, քանի որ անհաջող օրենք է: Այն իրականում չի արգելում մորֆին տրամադրել, բայց նաև հստակ չի սահմանում՝ դեղերը երբ, ում և որքան պետք է տրամադրվեն:

Ամեն ինչ արդյունքում դրվում է բժիշկների խղճի վրա, ովքեր գերադասում են մորֆին դուրս չգրել, որ հետո իրենց չմեղադրեն վերջինիս դուրս գրելու քանակը չարաշահելու մեջ: Հաճախ նաև մորֆինը դուրս չեն գրում, քանի որ այն թմրանյութ է համարվում, ու բժիշկները խուսափում են տարբեր մեղադրանքներից:

«Մորֆինը մնում է պահեստներում՝ բժիշկների կողմից նշանակվելով միայն ծայրահեղ դեպքերում՝ հիվանդության վերջին շրջանում»,- հայտնում են շարժման անդամները:

Հայաստանում մորֆինը չի վաճառվում, այն բժշկի նշանակած դեղատոմսով անվճար ստանում են դեղատներից: Յուրաքանչյուր հիվանդի օրական անհրաժեշտ է 6-8 բաժին մորֆին: Մեկ ամսվա համար անհրաժեշտ ներարկվող մորֆինի արժեքը միջազգային գներով 120-180 դոլար է, հաբայինը` 300 դոլար:

«Բաց հասարակության ինստիտուտի» Նյու Յորքի պալիատիվ խնամքի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոնները www.hra.am (http://www.hra.am) –ին հաղորդում է, որ ամբողջ աշխարհում մեկ շաբաթվա մեջ տարբեր հիվանդությունների արդյունքում առաջացած ցավերից տանջվում է մոտավորապես 750 հազար մարդ:

http://www.hra.am/i/up/LARA.JPG

«Աշխարհի երկրներից միայն 57 տոկոսն են իրականացնում պալիատիվ խնամք, որոնցից միայն 20 տոկոսի դեպքում է այն ամբողջությամբ իրականացվում: Հայաստանը ամենացածր մակարդակում է գտնվում այդ տեսանկյունից, քանի որ այստեղ նոր-նոր է իրականացվում պալիատիվ խնամք»,- ասում է Քոնները:

Քոնների համոզմամբ՝ մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ օրալ մորֆին չի ներկրվում Հայաստան։ Հայաստան հասնող ներարկվող մորֆինը ներարկելիս ևս ցավեցնում է հիվանդին: Այն կարող է առաջացնել նաև գերդոզավորում՝ հաբային մորֆինի համեմատ:

Քոնները նաև առաջարկում է ընդլայնել բժիշկներին վերապատրաստելու ծրագրերը, որի հիմքն արդեն դրվել է Հայաստանում. 25 վերապատրաստված մասնագետներ աշխատելու են այլ մասնագետների հետ:

http://hra.am/i/up/QRMOYAN.JPG

Նշենք, որ Հայաստանում մարդկանց առանց ցավի ապրելու և դրա հետ գրագետ վարվելու մասին գիտելիքներ չի հաղորդում ոչ մի ուսումնական հաստատությունում:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ նախարարությունն արդեն 2011թ. հունիսից պիլոտային ծրագիր է իրականացրել երկրի 4 հիվանդանոցներում՝ երկուսը` Երևանում, մեկը` Վանաձորում, մյուսը` Արարատում: Այս տարի դրանց թիվն ավելանալու է երեքով՝ Վանաձորում, Գյումրիում ու Զանգեզուրում:

«Ամփոփելով այս տարին՝ մենք մոտակա ամսվա ընթացքում կհաստատենք հատուկ քաղաքականություն՝ մշակում ենք հատուկ հայեցակարգ, որի հիման վրա պալիատիվ խնամքի քաղաքականությունը կիրականացվի շատ մեծ քայլերով»,- ասաց Քրմոյանը:

Անդրադառնալով բժիշկներին՝ Քրմոյանը նշեց, որ նրանք շատ հաճախ ապօրինի շրջանառության վախի պատճառով, զրկվում են մորֆին նշանակելու իրավունքից:

«Մենք երաշախավորված հստակ մեխանիզմներ ենք մշակելու, որ բժիշկն առանց վախերի դա անի, որ ապօրինի դաշտ այդ դեղերը չգնան: Բայց ներկայումս բժիշկների մեծ մասը բարեխղճորեն են անում իրենց գործը, իսկ թմրամիջոցներն այլ համակարգերից են ներթափանցում դաշտ և ոչ թե բժշկական համակարգից»,- հավաստիացնում է Քրմոյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Մովսիսյանը նշում է, որ մարդիկ պետք է գիտակցեն՝ առանց ցավի ապրելու իրավունքը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված միջազգային տարբեր օրենսդրական ակտերով, ու այն պետք է հարգել ու դրա համար պայքարել:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/05/18/pain

Claudia Mori
18.05.2012, 12:13
Կյանքն առանց ցավի. Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար


17/04/12


Օրենսդրության անկատարության պատճառով ծանր հիվանդություն ունեցող հազարավոր հայաստանցիներ աշխարհում վաղուց հասանելի բժշկական օգնություն չեն ստանում, ու քանի դեռ պետությունն առաջին քայլերն է ձեռնարկում մարդկանց ցավը մեղմելու համար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ քարոզարշավ է սկսել այդ մարդկանց ցավը մեղմելու համար:


«Կյանք առանց ցավի» նախաձեռնության անդամները բարձրաձայում են` Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա, սակայն այն հասնում է միայն 80-90 հիվանդի` բժիշկների տեղեկացված չլինելու և օրենսդրական բացերի պատճառով:


Սյուզաննա Հովհաննիսյանը քաղցկեղից երկու հարազատ է կորցրել, ու նրանցից ոչ մեկն անհրաժեշտ բժշկական խնամք չի ստացել ու կյանքից հեռացել է` մինչև վերջին վայրկյանը ցավ զգալով: Հիմա նա պայքարում է, որ Հայաստանը պաշտոնապես ընդունի պալիատիվ խնամքը ծանր դրության մեջ գտնվող հիվանդների համար:
Պալիատիվ խնամքը երեք գործառույթ ունի՝ ցավի կանխարգելում ու կառավարում, ֆիզիկական ախտանշանների կանխարգելում ու բուժում, հոգեսոցիալական օգնություն հիվանդին ու նրա ընտանիքին:


«Հայրս սաստիկ ցավեր ուներ, մենք անգամ սրսկել էլ չէինք կարողանում նրան, քանի որ դա լրացուցիչ ցավ էր առաջացնում: Նա անգամ չէր թողնում, որ մոտենային իրեն վերջին օրերին: Ով որ աշխատում էր ընտանիքում, չէր կարողանում նորմալ գործ աներ, քանի որ մտքերով տանն էր, իսկ երեխաները, տեսնելով մեր տրամադրությունը, էլ ո´չ վազվզում էին տանը, ո´չ ծիծաղում: Այդ ցավը տարածվում էր մեր ամբողջ ընտանիքով, ոնց որ ջուրն է տարածվում, երբ նետում ես ջրի մեջ»,- հիշում է Հովհաննիսյանը:


Հրանտ Կարապետյանն արդեն 12 տարի` լծված է Հայաստանում առանց ցավի ապրելու իրավունքի պաշտպանությանը: Նրա հիմնադրած «Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան» դասընթացներ է անցկացնում բժիշկների համար` փորձելով բարձրացնել նրանց գիտակցության մակարդակը, սակայն իրավիճակի փոփոխություն գրեթե չեն արձանագրում:


Նրա կազմակերպության կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ օրական 3600, իսկ տարեկան կտրվածքով` 18.000-22.000 սաստիկ ցավեր ունեցող հիվանդ է լինում Հայաստանում, բայց պալիատիվ խնամքի շահառուների թիվը կարելի է համարել 100.000, քանի որ հարազատները ևս անմիջական ազդեցություն են կրում:
«Նշենք, որ Հայաստանում միայն քաղցկեղով հիվանդներին է օրենքով մորֆին հասնում, բայց այդ, 3600 հիվանդների միայն 40 տոկոսն է քաղցկեղով հիվանդ, այսինքն` այդ մարդկանց 60 տոկոսն ընդհանրապես զրկված է ցավազրկող դեղերից»,- ասում է Կարապետյանը:


Փորձագետը նշում է` իրավիճակը շտկելու համար պետք է համակարգի ամբողջական փոփոխություն: Նա առաջարկում է մի եռանկյունի, որի հիմքում ազգային քաղաքականությունն է իր օրենքներով, ուսումնական գործընթացները բժիշկների ու առողջապահություն իրականացնողի համար ու համապատասխան դեղամիջոցի առկայությունը հանրապետությունում, դրա տեղական արտադրությունը:


Բժշկական ոչ մի հաստատությունում ապագա բժիշկները չեն սովորում մարդկանց առանց ցավի ապրելու և դրա հետ գրագետ վարվելու մասին գիտելիքներ: Ի հետևանք` երկրում առկա մորֆինը մնում է պահեստներում, քանի որ վերադասը բժիշկներին հրամայում է դեղերը դուրս գրել միայն ծայրահեղ դեպքերում, երբ հիվանդության վերջին շրջանն է:


Մինչդեռ «Դեղերի մասին» օրենքն անկատար է ու ո´չ արգելում, ո´չ էլ թույլատրում է ավելի շատ նշանակում անել:


«Կա ևս մեկ խնդիր` Հայաստան միայն սրսկվող դեղամիջոց են ներկրում, այն դեպքում, երբ աշխարհում վաղուց անցել են դեղահաբերին, քանի որ այն ունի մի քանի առավելություններ: Նախ` հիվանդն ինքն է իրեն սպասարկում, հետո` չի ցավեցնում, բացառվում է գերդոզավորումը, որը շատ հավանական է դառնում, երբ մարդուն իրար հետևից մորֆին են սրսկում»,- ասում է Կարապետյանը:


Նա հայտնում է` յուրաքանչյուր հիվանդի օրական անհրաժեշտ է 6-8 բաժին մորֆին: Մեկ ամսվա համար անհրաժեշտ ներարկվող մորֆինի արժեքը միջազգային գներով 120-180 դոլար է, հաբայինը` 300 դոլար: Հայաստանում մորֆինը չի վաճառվում, այն բժշկի նշանակած դեղատոմսով անվճար ստանում են դեղատներից:
Առողջապահության նախարարությունը միայն վերջերս է սկսել պալիատիվ խնամքի ներդրումը` 2011-ի հունիսից մեկնարկելով պիլոտային ծրագիր երկրի 4 հիվանդանոցներում` երկուսը` Երևանում, մեկը` Վանաձոր, մյուսը` Արարատ քաղաքներում:


Բայց այս ծրագիրն էլ իրավաբան Վիոլետա Զոփունյանի համոզմամբ` դեռ լիարժեք չէ, քանի որ «Դեղերի մասին» օրենքը թույլ չի տալիս բժիշկներին բավարար քանակությամբ մորֆին դուրս գրել հիվանդների համար, չնայած մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի վավերացրած մի շարք միջազգային փաստաթղթեր մարդուն արժանապատիվ կյանքի իրավունք են տալիս:


Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Մովսիսյանը մարդկանց ցավը չմեղմելու մեջ մեղավոր է համարում նաև բժիշկներին:


«Նրանք մտածում են` մինչև չհասնի ինչ-որ վիճակի, դուրս չգրեն դեղը, այն դեպքում, երբ հակացավային բուժումը սկսվում է հիվանդությունը հայտնաբերելուց անմիջապես հետո՝ անհրաժեշտության դեպքում»,- «Մեդիալաբին» ասում է Մովսիսյանը:


2012 թվականի ապրիլից «Կյանք առանց ցավի» քարոզարշավի մասնակիցները տարբեր միջոցառումներ են իրականացնելու` երկխոսություն ստեղծելով հասարակության, պետության և շահագրգիռ մյուս կողմերի միջև: Քարոզարշավին, որը տևելու է 4 ամիս, օժանդակում է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը»:

Աղբյուրը՝ http://www.medialab.am/%D5%80%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D4%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D6%81%D5%A1%D5%BE%D5%AB.-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A6-%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BF-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80.html

ivy
18.05.2012, 13:06
Ինչ ահավոր է, էդքան մարդ ցավի մեջ է ապրում...

Լավ հոդվածներ ես գրում, Կարինե, հետաքրքրությամբ կարդում եմ միշտ:

Claudia Mori
19.05.2012, 11:05
Ինչ ահավոր է, էդքան մարդ ցավի մեջ է ապրում...

Լավ հոդվածներ ես գրում, Կարինե, հետաքրքրությամբ կարդում եմ միշտ:

:oy շնորհակալ եմ, ես էլ, դե գիտես, հավեսով քո պատմվածներն ու հեքիաթներն եմ կարդում:ok