PDA

Դիտել ողջ տարբերակը : 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում



Ռուֆուս
26.04.2011, 20:28
... ըստ Rolling Stone ամսագրի:

Սկսե՞նք :B

Ռուֆուս
26.04.2011, 20:36
25. Panic! At the Disco խումբը անվանումից հանում է ! նշանը և հրաժեշտ տալիս էմո երաժշտությանը

http://i.imgur.com/sqAj1.jpg

Երաժշտության պատմության մեջ շատ քիչ խմբեր կան, ովքեր մի անմիտ արարքով այդքան հեշտությամբ փչացրել են իրենց ամբողջ կարիերան: Panic! At the Disco խմբի առաջին ալբոմը՝ A Fever You Can't Sweat Out վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակով, "I Write Sins Not Tragedies" երգը դարձավ հիթ, նրանք նույնիսկ հայտնվեցին Rolling Stone ամսագրի գլխավոր էջին: Սակայն խումբը չկարողացավ շարունակել իր հաղթարշավը: Հաջորդ ալբոմը ձայնագրելիս, նրանք խմբի անվանումից որոշեցին հանել բացականչական նշանը և ձայնագրեցին Բիթլզյան ոճով փոփ ալբոմ: Թե քննադատները, թե երկրպագուները ատելությամբ լցվեցին նոր ալբոմի նկատմամբ, խմբի չորս անդամներից երկուսը լքեցին խումբը: Իսկ մնացած անդամները արագ հետ բերեցին չարաբաստիկ բացականչական նշանը, սակայն արդեն ուշ էր...

Ռուֆուս
26.04.2011, 21:05
24. Motley Crüe-ն վռնդում է Vince Neil-ին

http://i.imgur.com/VEfIX.jpg

90-ականների սկզբին Motley Crüe-ն ամերիկյան ամենապոպուլյար խումբն էր: Նրանց Dr. Feelgood ալբոմը իրար հետևից հիթեր էր թողարկում, իսկ խմբի համերգները ստադիոններ էին լցնում: Հենց այս ժամանակ էլ խումբը որոշեց վռնդել վոկալիստ Vince Neil-ին: Մինչ օրս խմբի անդամները պնդում են, որ Վինսն իր կամքով է խմբից դուրս եկել, սակայն Վինսը հակառակն է պնդում: Ամեն դեպքում խումբը ընդունեց John Corabi-ին որպես վոկալիստ և նրա հետ ձայնագրեց խմբի անունը կրող ալբոմը, որը թե՛ քննադատները, թե՛ երկրպագուները այնքան էլ լավ չընդունեցին: Սակայն խմբի անդամները գոհ մնացին ալբոմով, մտածելով, որ Վինսի հետ այդպիսի «ծանր» ալբոմ ի վիճակի չէին լինի ձայնագրել: John Corabi-ն նույնպես խմբում երկար չմնաց, մի քանի տարի անց նրան նունպես վռնդեցին խմբից ու հետ կանչեցին Վինսին:

Ռուֆուս
26.04.2011, 21:28
23. Լու Ռիդը թողարկում է Metal Machine Music ալբոմը

http://i.imgur.com/WEuFn.jpg

"Walk On The Wild Side" հիթ սինգլի թողարկումից երեք տարի անց Velvet Underground խմբի նախկին վոկալիստ Lou Reed-ը կտրուկ որոշում կայացրեց իր կարիերան ոչ կոմերցիոն ուղու վրա դնել: Նա թողարկեց Metal Machine Music ալբոմը, ինչը բառիս բուն իմաստով 1 ժամ տևողությամբ աղմուկ էր: Երկրպագուներից շատերը ձայնասկավառակը հետ վերադարձրեցին խանութներ, կարծելով, թե այն դեֆեկտներ ունի: Լու Ռիդը վերջին 36 տարիների ընթացքում ոչ մի հիթ չի ունեցել, որովհետև նա պարզապես չի ցանկացել որևէ կոմերցիոն բան ձայնագրել...

Ռուֆուս
27.04.2011, 00:40
22. Էլթոն Ջոնը նվագում է Rush Limbaugh-ի հարսանիքի ժամանակ

http://i.imgur.com/LW24y.jpg

Էլթոնը Ջոնը, ով երեք տասնամյակ ակտիվորեն զբաղվել է համասեռամոլների շահերի պաշտպանությամբ, 2010թ-ին ապշեցրեց բոլորին, երբ համաձայնվեց նվագել Ռաշ Լիմբոյի հարսանիքի ժամանակ: Բանն այն է, որ Ռաշ Լիմբոն՝ աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող ռադիոհաղորդավարը բազմաթիվ անգամներ խիստ վիրավորական կերպով է արտահայտվել համասեռամոլների նկատմամբ և կտրուկ դեմ է համասեռամոլական ամուսնություններին: Սակայն Էլթոն Ջոնը ասում է, որ ինքը հաճելիորեն զարմացած էր, երբ Ռաշը դիմել էր իրեն՝ հարսանիքի ժամանակ երգելու խնդանքով: Ըստ Էլթոնի Ռաշը համասեռամոլների դեմ ոչինչ չունի, նա նույնիսկ առաջիններից մեկն է շնորհավորել Էլթոնին ու նրա ամուսին Դեյվիդին՝ զավակի որդեգրման կապակցությամբ: :}

Ռուֆուս
27.04.2011, 00:48
21. Pete Townshend-ը դառնում է խմբագիր

http://i.imgur.com/2pAQs.jpg

Երբ լեգենդար The Who խմբի 1982թ-ի համերգային շրջագայության ժամանակ Փիթ Թաունսհենդը հայտարարեց, որ The Who-ն կազմալուծվում է, ոչ մեկի մտքով նույնիսկ չանցավ, որ Փիթը կարող է գնա ու իսկական աշխատանք ճարի: Իսկ Փիթը հենց դա էլ արեց, 1985թ-ին նա դարձավ Faber and Faber հրատարակչության խմբագիրը: Մի քանի տարի այնտեղ աշխատելով Փիթը մի քանի գիրք տպագրեց, սակայն 1989թ-ին աշխատանքից դուրս եկավ ու վերամիավորեց The Who-ն:

Ռուֆուս
27.04.2011, 10:29
20. Միք Ջագգերը սոլո շրջագայություն է սկսում Ջո Սատրիանիի հետ

http://i.imgur.com/dTGxF.jpg

80-ականների կեսերը դժվար ժամանակներ էին Ռոլլինգ Ստոնզ խմբի համար, կրքերը էլ ավելի բորբոքվեցին, երբ Միք Ջագգերը հրաժարվեց շրջագայել 1986թ-ի Dirty Work ալբոմի թողարկումից հետո: Փոխարենը Ջագգերը իր երկրորդ սոլո ալբոմը թողարկեց ու 1988թ-ին սոլո շրջագայություն սկսեց: Շրջագայության ժամանակ Ջագգերը հիմնականում կատարում էր Rolling Stones-ի դասական երգերը, իսկ վիրտուոս կիթառահար Ջո Սատրիանին նվագում էր Քեյթ Ռիչարդսի մասերը: Սա գոտկատեղից ցածր հատված էր Քեյթի ու ամբողջ խմբի համար, ինչի պատճառով քիչ էր մնում խումբը ցրվեր: Սակայն հաջորդ տարի նրանք կարողացան հարթել բոլոր անհամաձայնությունները և միասին սկսեցին Steel Wheels համերգային շրջագայությունը:

Ռուֆուս
27.04.2011, 10:39
19. Ռոբերտ Փլանթը հրաժարվում է վերամիավորել Լեդ Զեպպելինը

http://i.imgur.com/UpROx.jpg

Սա ռոքի պատմության մեջ ամենամեծ պրովոկացիան էր: 2007թ-ի դեկտեմբերին Ռոբերտ Փլանթն ու Լեդ Զեպպելին խմբի մնացած անդամները ընդամենը մեկ լեփ լեցուն դահլիճով համերգ տվեցին Լոնդոնի O2 Արենայում: Ջիմմի Փեյջը, Ջոն Փոլ Ջոնսը, Ջեյսոն Բոնհեմը և Երկիր մոլորակի գրեթե ողջ բնակչությունը հույս ունեին, որ խումբը համերգային շրջագայություն կսկսի, սակայն Ռոբերտ Փլանթը կամակորություն արեց ու հրաժարվեց վերամիավորվել: Երկրպագուները հիասթափությունից գլուխներն էին թափարում, սակայն ի՞նչ անենք, շրջագայություն Փլանթի սրտով չէր :(

Ռուֆուս
27.04.2011, 11:26
18. Van Halen-ը խմբի վոկալիստ է դարձնում Gary Cherone-ին

http://i.imgur.com/pRYvw.jpg

Sammy Hagar-ը լքեց Van Halen խումբը 1996թ-ին և նրանց երկրպագուները աղոթում էին, որ խմբի առաջին վոկալիստ David Lee Roth-ը կվերադառնա: Խումբը այդ տարի Roth-ի հետ ներկայացավ MTV Video Music մրցանակաբաշխությանը, սակայն ետնաբեմում կատարված տուրուդմփոցից հետո հրաժարվեց վերամիավորվել Roth-ի հետ և նոր ալբոմ ձայնագրեց Extreme խմբի վոկալիստ Gary Cherone-ի հետ: Ալբոմը իսկական աղետ էր, սակայն Van Halen եղբայրները չկարողացան համաձայնության գալ մի երգչի հետ, ում այդքան ատում էին: 2004թ-ին Van Halen-ը շրջագայեց Sammy Hagar-ի հետ, իսկ 2007թ-ին՝ David Lee Roth-ի հետ: Ասում են, թե Van Halen եղբայրները ետնաբեմում աշխատում էին ընդհանրապես չշփվել Roth-ի հետ:

Ռուֆուս
27.04.2011, 11:37
17. Radiohead-ի երկրպագուներն են որոշում ալբոմի գինը

http://i.imgur.com/c0VE3.jpg

Երբ 2007թ-ին Ռադիոհեդը թողարկեց In Rainbows ալբոմը, նրանք արմատական նոր գնային քաղաքականություն մշակեցին. վճարիր ալբոմի համար այնքան, ինչքան ուզում ես: Խումբը կայք պատրաստեց, որտեղ երկրպագուները կարող էին ալբոմի համար վճարել այնքան, ինչքան ուզում էին, նույնիսկ եթե այդ գումարը 0 էր: Խմբի անդամները համակերպվել էին այն մտքի հետ, որ երկրպագուները այսպես թե այնպես գողանում են իրենց երգերը, այդ դեպքում ինչու՞ դա պաշտոնական կերպով չանեն: Երկրպագուներից շատերը ալբոմը ներբեռնեցին ձրի, սակայն խումբը հսկայական գումար աշխատեց նրանցից, ովքեր վճարեցին: Բացի դրանից Radiohead-ը ոչ մի գումար չտվեց ձայնագրման ընկերություններին, ոչ էլ գումար ծախսեց դիսկեր տպագրելու համար: Խումբը հայտարարեց որ In Rainbows-ի նմանատիպ թողարկումը արդարացրեց բոլոր սպասելիքները, սակայն 2011թ-ին նրանց հերթական The King Of The Limbs ալբոմը արդեն վաճառվեց ֆիքսված գնով:

Ռուֆուս
27.04.2011, 11:56
16. Green Day-ը նվաճում է Բրոդվեյը

http://i.imgur.com/6CBKZ.jpg

Փանք ռոքն ու Բրոդվեյը երաժշտական սպեկտրի երկու հակադարձ ու իրարամերժ ծայրերն են, սակայն 2010թ-ին Գրին Դեյ խումբը որոշեց լրացնել այս բացը՝ 2004թ-ի American Idiot ալբոմը դարձնելով Բրոդվեյի ներկայացում: Սա իրոք շատ մեծ ռիսկ էր, Բրոդվեյի ներկայացումները բավականին թանկ արժեն, ներկայացումներից շատերը նույնիսկ չեն էլ ծածկում ծախսերը: Սակայն American Idiot-ի ռեվյուները հիմնականում լավն էին, իսկ երբ տոմսերը սկսեցին քիչ վաճառվել, Գրին Դեյի վոկալիստ Billie Joe Armstrong-ը ինքը սկսեց խաղալ գլխավոր դերը: Բրոդվեյում ներկայացումը ցուցադրվեց մինչև 2011թ-ի ապրիլի 24-ը, սակայն խումբը մտադրություն ունի սկսել համաշխարհային շրջագայություն՝ այն ցուցադրելով աշխարհի տարբեր թատրոններում:

Ֆոտոն
27.04.2011, 12:00
Ռուֆ ջան, շատ ապրես, որ էսքան ջանք ես ներդնում նյութը ներկայացնելու համար: Բայց որ անկեղծ ասեմ, բավական անիմաստ թեմա է, մեջն էլ համարձակ քայլեր չեմ տեսնում տանջանքիդ արժանի:;)
Խմբից դուրս գալը կամ շրջագայությունից հրաժարվելը համարձակի տակ չեն անցնում: (Չմտածես, որ ամսագրի նյութի բովանդակության պատասխանատվությունը քեզ եմ վերագրում: Բայցևայնպես, թարգմանողը որոշ առումով իր ներկայացրածի համար պատասխանատու ա: )

Ռուֆուս
27.04.2011, 12:08
15. Էլթոն Ջոնը անկեղծանում է իր սեռական նախասիրությունների մասին

http://i.imgur.com/4D6AK.jpg

2011թ-ին գեյ երգիչները բավականին շատ են, բայց հեռավոր 1976թ-ին իրավիճակը փոքր ինչ այլ էր (շատերը նույնիսկ մտածում էին, որ Liberace-ը հետերոսեքսուալ էր): Այն թվերին Էլթոն Ջոնը ամենամեծ ռոք աստղն էր, բայց երբ նա Rolling Stone ամսագրին հայտարարեց, որ ինքը բիսեքսուալ է, նրա կարիերան վարի գնաց: Ամսագիրը հազարավոր նամակներ ստացավ, որոնք Էլթոնին անվանում էին հրեշ ու անբարոյական, իսկ երկրպագուներից շատերը հրաժարվեցին գնել Էլթոնի ձայնասկավառակները, չնայած 80-ական թվականներին ամեն ինչ փոխվեց դեպի լավը:

Ռուֆուս
27.04.2011, 12:12
Ռուֆ ջան, շատ ապրես, որ էսքան ջանք ես ներդնում նյութը ներկայացնելու համար: Բայց որ անկեղծ ասեմ, բավական անիմաստ թեմա է, մեջն էլ համարձակ քայլեր չեմ տեսնում տանջանքիդ արժանի:;)
Խմբից դուրս գալը կամ շրջագայությունից հրաժարվելը համարձակի տակ չեն անցնում: (Չմտածես, որ ամսագրի նյութի բովանդակության պատասխանատվությունը քեզ եմ վերագրում: Բայցևայնպես, թարգմանողը որոշ առումով իր ներկայացրածի համար պատասխանատու ա: )

Ջուլիա ջան, թույլ տուր չհամաձայնվել քո հետ :) Եթե դու էլ այդ խմբերի երկրպագուներից լինեիր, դու էլ ծանր կտանեիր այն փաստը, որ քո սիրած երգիչը դուրս է գալիս խմբից, կամ էլ 30 տարի համերգ չտալուց հետո հրաժարվում է շրջագայել :) Բացի դրանից թեմայում եղած շնորհակալություններն ու վարկանիշներն ասում են, որ շատերին հետաքրքրում է այս ցուցակը, էնպես որ անիմաստ չի :)

Համ էլ կուզենայի, որ ցուցակը վերջացնեի, հետո նոր սկսեինք քննարկումներն ու լրացումները :)

Ռուֆուս
27.04.2011, 13:44
14. Ջիմ Մորրիսոնին մեղադրում են անվայելուչ պահվածքի մեջ

http://i.imgur.com/Hwc37.jpg

Բոլորն էլ ընդունում են այն փաստը, որ 1969թ-ին Մայամիում տեղի ունեցած համերգի ժամանակ Ջիմ Մորրիսոնը հարբած էր և զայրացրել էր ոստիկաններին, սակայն նրա ձերբակալությունը և անվայելուչ պահվածքի մեղադրանքները իրոք որ չափազանցություն էր: Սրանից հետո The Doors խմբի կարիերան անդունդ գլորվեց, ոչ մի համերգասրահ թույլ չէր տալիս նրանց ելույթ ունենալ: Եթե Մորրիսոնը ընդուներ մեղադրանքը և ներողություն խնդրեր, միգուցե խմբի գործերը ավելի լավ դասավորվեին, սակայն Մորրիսոնը համառորեն հերքում էր մեղադրանքը: 2010թ-ին Ֆլորիդայի նահանգապետ Չարլի Քրիստը հետմահու ներում շնորհեց Մորրիսոնին:

Ռուֆուս
27.04.2011, 14:09
13. David Bowie-ին երգում է Nine Inch Nails-ից հետո ու ոչ մի հիթ չի կատարում

http://i.imgur.com/d5ZyV.jpg

1990թ-ին Դեյվիդ Բոուին սկսեց շրջագայություն, հայտարարելով, որ սա իր երկրպագուների վերջին հնարավորությունն է՝ իր հայտնի հիթերը կենդանի լսելու համար: Հինգ տարի անց նա սկսեց նոր շրջագայություն Nine Inch Nails խմբի հետ: Սա Nine Inch Nails-ի կարիերայի ամենաբարձր կետն էր, իսկ Բոուիի՝ ամենացածր, չնայած այս ամենին NIN-ի վոկալիստ Trent Reznor-ը խնդրում էր Բոուիին փակել բոլոր համերգները: Համերգի վերջում Բոուին միանում էր NIN խմբին, իսկ դրանից հետո սկսում էր երգել իր երգերը: Սակայն այն պահին, երբ Trent Reznor-ը լքում էր բեմը, երկրպագուների մեծ մասը դուրս էին գալիս դահլիճից, իսկ նրանք ովքեր մնում էին Բոուիից ոչ մի հայտնի հիթ չէին լսում: Փոխարենը Բոուին երգում էր կամ լրիվ նոր երգեր, կամ էլ հին, մոռացված, քիչ հայտնի երգեր, ինչպիսիք են "Andy Warhol"-ը և "Teenage Wildlife"-ը: Եվ այդպես յուրաքանչյուր համերգին Բոուին բեմ էր բարձրանում ու չէր գոհացնում երկրպագուներին՝ հրաժարվելով կատարել օրինակ "Ziggy Stardust"-ը կամ "Rebel Rebel"-ը: Բայց երբ Բոուին սկսեց միայնակ շրջագայել 1999թ-ին, հիթերը վերադարձան նրա երգացանկ :)

Ռուֆուս
27.04.2011, 14:47
12. Pearl Jam-ը դադարեցնում է տեսահոլովակներ նկարահանել և հրաժարվում է աշխատել Ticketmaster ընկերության հետ

http://i.imgur.com/I8LFm.jpg

1991թ-ին Pearl Jam խմբի դեբյուտային Ten ալբոմը նրանց դարձրեց աշխարհի ամենահանրահայտ ռոք խմբերից մեկը, հիմնական պատճառներից մեկն այն էր, որ MTV-ն ամբողջ օրը ցուցադրում էր "Jeremy" և "Even Flow" երգերի տեսահոլովակները: Սակայն երբ խումբը թողարկեց հաջորդ ալբոմը՝ Vs. անվանումով, նրանք որոշեցին այլևս տեսահոլովակներ չնկարահանել: Միևնույնն է, ալբոմը վաճառվեց միլիոնավոր օրինակներով: 1994թ-ին խումբը մեկ այլ որոշում կայացրեց, նրանք հրաժարվեցին նվագել Ticketmaster ընկերության դահլիճներում, երբ պարզեցին, որ ընկերությունը երկրպագուներից լրացուցիչ գումար է գանձում ծառայության համար: Բնականաբար այս երկու որոշումների հետևանքով խումբը մեծ դժվարություններ ունեցավ լայն մասսաներին հասնելու համար և նրանց ալբոմների վաճառքի թվերը սկսեցին նվազել: Սակայն փոխարենը խումբը ձեռք բերեց երկրպագուների հսկայական ու խիստ նվիրված բանակ, որոնք խմբի բոլոր համերգներին ապահովում են լեփ-լեցուն դահլիճներ: Իսկ վերջին տարիներին խումբը սկսել է թե տեսահոլովակներ նկարահանել, թե համագործակցել Ticketmaster ընկերության հետ:

Ռուֆուս
27.04.2011, 15:03
11. Sinead O'Connor-ը ուղիղ եթերում պատռում է Հռոմի պապի նկարը

http://i.imgur.com/hux5M.jpg

Եթե խոսենք խիստ համարձակ քայլի մասին, ապա Շինեդ Օ՛Քոննորի արարքը իսկական հերոսություն է: 1992թ-ի հոկտեմբերին իռլանդացի երգչուհի Շինեդ Օ՛Քոննորն այնքան էր զայրացրած կաթոլիկ եկեղեցու հետ կապված երեխաների նկատմամբ ոտնձգությունների սկանդալներով, որ նա որոշեց Saturday Night Live շոուի ժամանակ մասսաների ուշադրությունը հառել դրա վրա: Առանց նախօրոք պրոդյուսերներին տեղյակ պահելու, Բոբ Մարլիի "War" երգի կատարման ժամանակ Շինեդը պատռեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի լուսանկարը: Այս թվերին հասարակությունը տեղյակ չէր կաթոլիկ եկեղեցու մութ գործերից և Օ՛Քոննորի արարքը իսկական սկանդալ դարձավ: Մինչ օրս Օ՛Քոննորը ասում է, որ նա չի զղջում իր արարքի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այն ողբերգական ազդեցություն ունեցավ իր հետագա կարիերայի վրա:

Ռուֆուս
27.04.2011, 15:18
10. Բրիթնի Սպիրսը սափրում է գլուխը

http://i.imgur.com/IFtyb.jpg

Շատ քիչ հայտնի մարդիկ են ունեցել այնպիսի դժվար օրեր, ինչպես Բրիթնին՝ 2007թ-ին: Այդ թվականի փետրվար ամսին փոփ երգչուհին լքեց Անտիգուայում գտնվող թմրամոլության կախվածությունը բուժող կենտրոնը՝ մեկ օրյա բուժումից հետո ու վերադարձավ Լոս Անջելես, որտեղ նրան հետևում էին բազմաթիվ պապարացցիներ: Նրա կարիերայի ամենաապշեցուցիչ քայլն այն էր, երբ վարսահարդարման սրահում Բրիթնին սեփական ձեռքերով սափրեց գլուխը: Բրիթնիի համար, ում ամբողջ կարիերան հիմնված էր գեղեցիկ արտաքինի վրա, սա իրոք որ համարձակ քայլ էր:

Ռուֆուս
27.04.2011, 15:29
9. Lauryn Hill-ը թողարկում է Unplugged 2.0 ալբոմը

http://i.imgur.com/dCQc2.jpg

Ջորջ Մայքլի նման Լորին Հիլլը այնքան էլ չհամակերպվեց իր գերաստղ կարգավիճակի հետ: Նրա 1998թ-ի դեբյուտային The Miseducation of Lauryn Hill ալբոմը համարվում է 90-ականների լավագույն ալբոմներից մեկը: Սակայն մինչ օրս Հիլլը ոչ մի նոր ալբոմ չի թողարկել, եթե հաշվի չառնենք 2002թ-ի Unplugged 2.0 ալբոմը, որը բաղկացած է երգերի սևագիր տարբերակներից և կիսատ պռատ նոր երգերից: Նրա ձայնագրման ընկերությունը այնքան էր ուզում նոր ալբոմ թողարկել, որ որոշեց այս ալբոմը ի ցույց դնել հանրության: Սակայն երկրպագուները շատ վատ ընդունեցին այս ձայնասկավառակը ու այն շատ արագ անհետացավ չարթերից ու մոռացվեց...

Ռուֆուս
27.04.2011, 15:51
8. Ջորջ Մայքլը ընդհատում է իր կարիերան

http://i.imgur.com/2V6zs.jpg

Եթե հիշում եք, 80-ականների երկրորդ կեսին Ջորջ Մայքլը ամենահայտնի ռոք աստղերից մեկն էր աշխարհում: Ինչին Մայքլը դիպչում էր, այն վերածվում էր ոսկու, սակայն 1991թ-ին Մայքլը ջղայնացավ, երբ պարզեց, որ Սոնի ընկերությունը չի ուզում միջոցներ ծախսել իր Listen Without Prejudice Vol. 1 ալբոմին աջակցելու համար: Որպես բողոք Ջորջ Մայքլը պարզապես հայտարարեց, որ ինքը այլևս ոչ կերգի, ոչ նոր ալբոմներ կձայնագրի, ոչ էլ համերգներ կտա: Հետագա հինգ տարիների ընթացքում երաժշտական ինդուստրիայի ասպարեզում ռադիկալ փոփոխություններ տեղի ունեցան, և երբ 1996թ-ին Ջորջ Մայքլը վերադարձավ Older ալբոմով, պարզվեց, որ իր երկրպագուներից շատերը արդեն լքել են իրեն: Մայքլը հասավ իր նպատակին, սակայն շատ թանկ գնով:

Ռուֆուս
27.04.2011, 16:16
7. Քրիս Քորնելլը համագործակցում է Թիմբալանդի հետ

http://i.imgur.com/bHlF8.jpg

2008թ-ին Interscope ընկերության տնօրեն Jimmy Iovine-ը բոլոր խնդիրներին մեկ լուծում ուներ. «Ավելացրեք Թիմբալանդին»: Weezer խումբը ծաղրեց Իովինին իրենց "Pork and Beans" հիթում, սակայն Soundgarden ու Audioslave խմբերի նախկին վոկալիստ Քրիս Քորնելլը հիմարաբար համաձայնվեց համագործակցել ռեպպերի հետ: Soundgarden-ը վաղուց անցել էր պատմության գիրկը, իսկ Audioslave-ը կրկին վերամիավորվել էր որպես Rage Against The Machine: Արդյունքում ձայնագրվեց Քորնելլի Scream ալբոմը, որը կարծես շոկոլադով ջնարակված համբուրգեր լիներ: Մարդիկ սիրում են թե շոկոլադը, թե համբուրգերը, սակայն երկուսն իրար հետ սրտխառնոց են առաջացնում: Քորնելլը գիտակցեց իր սխալը և հաջորդ տարի վերամիավորված Soundgarden-ի հետ կոկորդը պատռելով սկսեց երգել "Spoonman"-ը Lollapallooza փառատոնի ժամանակ: Տիեզերական բալանսը վերականգնված էր :)

Ռուֆուս
27.04.2011, 16:24
6. Lil Wayne-ը ռոք ալբոմ է ձայնագրում

http://i.imgur.com/80NRG.jpg

Lil Wayne-ը 2008թ-ի ամենահայտնի ռեպպերն էր, երբ որոշեց ռոք ալբոմ ձայնագրել: Ալբոմի ձայնագրությունը անընդհատ հետաձգվում էր և երբ Rebirth-ը վերջապես 2010թ-ի փետրվարին թողարկվեց, քննադատները անգթորեն խայտառակեցին նրան՝ ալբոմը համարելով տարվա ամենավատ ալբոմներից մեկը… Ուեյնը գիտակցեց իր սխալը և հաջորդ ալբոմում կրկին վերադարձավ հարազատ ռեփին: Դա նույնն է ինչ ասենք Մայքլ Ջորդանը որոշեր ֆուտբոլ խաղալ, ինչը նույնպես շատ վատ գաղափար է:

Ռուֆուս
27.04.2011, 17:26
5. Բրյուս Սպրինգստինը ցրում է E Street Band-ը

http://i.imgur.com/v23sl.jpg

1989թ-ին Բրյուս Սպրինգստինը ծանր ժամանակներ էր ապրում: Ավելի քան 17 տարի նա նվագում էր E Street Band խմբի հետ ու կարծում էր, որ խումբը արգելակում է իր ստեղծագործական հնարավորությունները: 1988թ-ին Ստինգի հետ համատեղ շրջագայության ժամանակ Բրյուսը նկատեց, թե ինչքան ազատ է Ստինգը առանց The Police խմբի: Հաջորդը օրը նա զանգահարեց E Street Band խմբի բոլոր անդամներին ու հայտնեց, որ խումբը ցրվում է: Նույն օրը նա թողարկեց երկու ալբոմ (Human Touch և Lucky Town), որոնք ձայնագրվել էին տարբեր երաժիշտների համագործակցությամբ: Սակայն ալբոմները քննադատների կողմից արժանացան իր կարիերայի ամենացածր գնահատականներին: «90-ականների սկզբներին ես փորձում էի ուրախ երգեր գրել, սակայն հասարակությանը դրանք դուր չեկան», հայտնեց Բրյուսը 1999թ-ին: Հենց այդ տարվա ընթացքում նա վերամիավորեց E Street Band-ը և սկսեց համերգային նոր շրջագայություն:

Ռուֆուս
27.04.2011, 17:46
4. Prince-ը սեփական անունը դարձնում է անընթեռնելի սիմվոլ

http://i.imgur.com/CFkXV.jpg

1993թ-ին Փրինսը հոգնել էր իր ձայնագրման ընկերությունից՝ Warner Bros-ից: Ընկերությունը պահանջում էր, որպեսզի Փրինսը քիչ թվով ալբոմներ ձայնագրի և իրենք կարողանան ավելի լավ աջակցեն արտիստին: Քանի որ Փրինսը չէր կարող խզել պայմանագիրը, նա որպես վրեժ որոշեց իր անունը դարձնել անընթեռնելի սիմվոլ, որը լատինական տառերով մոտավորապես կարելի է պատկերել այսպես. O(+>: Լրագրողները Փրինսին սկսեցին անվանել «արտիստ, ով նախկինում հայտնի էր Փրինս անվանումով» (կրճատ՝ "TAFKAP"), սակայն 2000թ-ին, երբ պայմանագրի ժամկետը լրացավ, Փրինսը վերականգնեց իր անունը: Այս ժամանակաընթացքում Փրինսի ալբոմների վաճառքը զգալիորեն նվազեց, սակայն Փրինսը կարողացավ իր տեսակետը պաշտպանել:

Ռուֆուս
27.04.2011, 18:02
3. Garth Brooks-ը վերածվում է Chris Gaines-ի

http://i.imgur.com/odDvA.jpg

90-ական թվականներին քանթրի երգիչ Գարթ Բրուքսը ամենաշատ ալբոմ վաճառած արտիստն էր, սակայն տասնյամյակի վերջում հոգնելով ինքն իրենից, նա արմատական քայլ արեց՝ ստեղծելով իր երաժշտական ալտեր-էգոյին Քրիս Գեյնզ անունով: Այս նոր «անձնավորությունը» երգում էր փոփ երգեր, Բրուքսը ամենայն մանրամասներով կենսագրություն էր գրել, նույնիսկ պատրաստվում էր նրա վերաբերյալ ֆիլմ նկարահանել՝ The Lamb անունով: Սակայն երկրպագուները ատելությամբ լցվեցին Քրիս Գեյնզի նկատմամբ, ինչը շատ ծանր հետևանքներ ունեցավ Գարթի հետագա կարիերայի վրա:

Ռուֆուս
27.04.2011, 18:40
2. Neil Young-ը անցնում է New Wave-ի

http://i.imgur.com/BnF8u.jpg

Նիլ Յանգը իր կարիերայի առաջին 15 տարիների ընթացքում հավաքեց ռոք երկրպագուների մեծ բանակ: Իսկ 80-ական թվականներին նրանցից հեռացավ՝ իրար հետևից թողարկելով մի շարք տարբեր ժանրերի ալբոմներ: Ամեն ինչ սկսվեց 1982թ-ին թողարկված Trans ալբոմից: "Heart of Gold" և "Old Man" երգերի տակ մեծացած մարդիկ չէին կարող պատկերացնել, թե ինչպես էր իրենց սիրած երգիչը երգում "Computer Age" երգը վոկոդերի միջոցով, ինչը երգի բառերը գրեթե անհասկանալի էր դարձնում: Դա ավելի շատ Kraftwerk էր հիշեցնում, քան թե Crazy Horse: Չնայած այս ամենին Նիլ Յանգը տարիների ընթացքում ձեռք բերեց երկրպագուների նոր բանակ: Իսկ նրա ձայնագրման ընկերության տնօրեն Դեյվիդ Գեֆֆենը այնքան վիրավորված էր, որ դատի տվեց Յանգին «իրեն ոչ բնորոշ ստեղծագործություններ գրելու» մեղադրանքով:

Ռուֆուս
27.04.2011, 18:48
1. Բոբ Դիլանը վերածնվում է

http://i.imgur.com/yuoSU.jpg

1965թ-ին "Subterranean Homesick Blues" երգում Դիլանը երգում էր «Մի հետևեք առաջնորդներին...», սակայն 1979թ-ին Դիլանը սկսեց ուրիշ երգ երգել, երբ դարձավ «վերածնված» քրիստոնյա: Երբ Slow Train Coming ալբոմից հետո (որը հիմնականում պարունակում էր գոսպելներ) նա սկսեց շրջագայել, երկրպագուները չափից դուրս թշնամաբար էին վերաբերվում Դիլանին: Դիլանը դիմում էր երկրպագուներին. «Երբ ես ձեզ ասում էի, որ «Ժամանակները փոխվում են» ('The Times They Are A-Changing'), ժամանակները իրոք փոխվեցին: Ես ասացի, որ պատասխանը «Փչելն է քամու ուղղությամբ» ('Blowin’ In The Wind') և այդպես էլ եղավ: Իսկ հիմա ասում եմ, որ Հիսուսը վերադառնում է և ահա նա: Փրկության ուրիշ ճանապարհ չկա»:

Ռուֆուս
27.04.2011, 19:24
Մի քանի լրացումներ, որոնք տարբեր տեղերից եմ ճարել:

Բոնուս 1. Marillion-ը փոխում է վոկալիստին, սակայն մոռանում է փոխել խմբի անվանումը

http://i.imgur.com/4H6zc.jpg

80-ական թվականներին Մարիլլիոն խումբը թերևս միակ պրոգրեսիվ ռոք խումբն էր, ով բարձր էր պահում ժանրի պատիվը: Նրանց Kaylegh երգը մի քանի շաբաթ շարունակ մնաց բրիտանական չարթերի բարձր հորիզոնականներում: Սակայն 1988թ-ին վոկալիստ Fish-ը լքեց խումբը, իսկ խմբի նոր վոկալիստ դարձավ Steve Hogarth-ը: Յուրահատուկ վոկալային տվյալներ ունեցող Ստիվը արմատական փոփոխություններ մտցրեց խմբի երաժշտության մեջ, Մարիլիոնը հեռացավ պրոգրեսիվ ռոքից և սկսեց ալտերնատիվ ռոք նվագել: Սակայն քննադատները կարծես թե չնկատեցին այս փոփոխությունները: Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քննադատները շարունակում էին Մարիլլիոնին պիտակել որպես «պրոգրեսիվ ռոք», «Genesis»-ի ու Peter Gabriel-ի կլոն, իսկ ռադիոները հրաժարվում էին նվագել Մարիլլիոնի նոր երգերը:

Բանը հասավ նրան, որ Anoraknophobia ալբոմի թողարկումից հետո Ստիվ Հոգարթը նամակ ուղարկեց երաժշտական քննադատներին, խնդրելով գրել ալբոմի օբյեկտիվ ռեվյու՝ չօգտագործելով «պրոգրեսիվ ռոք», «Genesis», «Fish», «հեվի մետալ», «դինոզավրներ», «կանխատեսելի», «կոնցեպտուալ ալբոմ» բառերը: Ըստ Մարիլիոնի անդամների իրենց ճակատագրական սխալն այն էր, որ Ստիվ Հոգարթին խումբ ընդունելուց հետո չփոխեցին խմբի անունը և չկարողացան երաժշտական քննադատներին ապացուցել, որ Հոգարթի շրջանի Մարիլլիոնը ոչ մի ընդհանուր բան չունի Fish-ի շրջանի Մարիլլիոնի հետ:

Չնայած այս ամենին Մարիլլիոնը ունի նվիրված երկրպագուների մեծ բանակ, ովքեր ամեն ինչով աջակցում են իրենց սիրելի խմբին:

Tar
27.04.2011, 20:28
11. Sinead O'Connor-ը ուղիղ եթերում պատռում է Հռոմի պապի նկարը

http://i.imgur.com/hux5M.jpg

Եթե խոսենք խիստ համարձակ քայլի մասին, ապա Շինեդ Օ՛Քոննորի արարքը իսկական հերոսություն է: 1992թ-ի հոկտեմբերին իռլանդացի երգչուհի Շինեդ Օ՛Քոննորն այնքան էր զայրացրած կաթոլիկ եկեղեցու հետ կապված երեխաների նկատմամբ ոտնձգությունների սկանդալներով, որ նա որոշեց Saturday Night Live շոուի ժամանակ մասսաների ուշադրությունը հառել դրա վրա: Առանց նախօրոք պրոդյուսերներին տեղյակ պահելու, Բոբ Մարլիի "War" երգի կատարման ժամանակ Շինեդը պատռեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի լուսանկարը: Այս թվերին հասարակությունը տեղյակ չէր կաթոլիկ եկեղեցու մութ գործերից և Օ՛Քոննորի արարքը իսկական սկանդալ դարձավ: Մինչ օրս Օ՛Քոննորը ասում է, որ նա չի զղջում իր արարքի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այն ողբերգական ազդեցություն ունեցավ իր հետագա կարիերայի վրա:

Այս դեպքից 2 շաբաթ անց Շինեդ Օ՛Քոննորը պետք է ելույթ ունենար Բոբ Դիլանի ստեղծագործական կարիերայի 30-ամյակին նվիրված համերգին Նյու Յորքի Madison Square Garden-ում և երգեր Դիլանի "I Believe In You" երգը: Սակայն ժողովուրդը չի ընդումում Շինեդին, և նա ստիպված հեռանում է բեմից՝ առանց այդ երգը երգելու: Փոխարենը մինչ հեռանալը նա դարձյալ երգում է Բոբ Մարլիի "War" երգը և մի քանի անգամ հատուկ շեշտում "Child abuse" բառերը: Վիդեոյում երևում է, թե ինչպես է ստեղնահարը մի քանի անգամ սկսում նվագել "I Believe In You" երգի առաջին նոտաները, սակայն ժողովուրդը չի թողնում շարունակել:


http://www.youtube.com/watch?v=TKeJifOXAnA

Ռուֆուս
27.04.2011, 20:57
Բոնուս 2. Radiohead-ը թողարկում է Kid A ալբոմը

http://i.imgur.com/scAfi.jpg

90-ականների երկրորդ կեսը հրաշալի ժամանակներ էին Ռադիոհեդի համար, նրանք դարձել էին աշխարհի ամենամեծ ռոք խումբը, "Creep" երգը դարձել էր ալտերնատիվ ռոքի հիմնը, MTV-ն օր ու գիշեր ցուցադրում էր "Fake Plastic Trees", "Just", "Karma Police", "Paranoid Android" երգերի տեսահոլովակները իսկ OK Computer ալբոմը արժանացել էր 90-ականների լավագույն ալբոմ տիտղոսին: Շատ քննադատներ Ռադիոհեդին անվանում էին «մեր ժամանակների Բիթլզ»: Ամեն օր ամբողջ աշխարհում նոր խմբեր էին ձևավորվում, ովքեր փորձում էին կրկնօրինակել Ռադիոհեդին, նրանցից մի քանիսը՝ Coldplay, Muse, Travis և ուրիշներ նույնիսկ համարձակվեցին մարտահրավեր նետել Ռադիոհեդին, փորձելով խլել հաջողության դափնիները:

Սակայն այս ամենը Ռադիոհեդին ավելի քան դուր չէր գալիս: 2000թ-ին խումբը թողարկեց էքսպերիմենտալ էլեկտրոնային Kid A ալբոմը, որը գրեթե ոչ մի ընդհանրություն չուներ իրենց նախկին՝ կիթառային պարտիաներով գերակշռող ալտերնատիվ ալբոմների հետ: Փոխարենը Kid A-ում գերակշռում էին էլեկտրոնային ձայները, դաբերը, սեմփլներն ու Թոմ Յորքի էլեկտրոնային մշակում անցած ձայնը: Երկրպագուների մի մասը անմիջապես հիասթափվեց խմբից, քննադատներից ոմանք ալբոմը համարեցին Ռադիոհեդի ամենաթույլ ալբոմը, սակայն երկրպագուների ու քննադատների մեծ մասը գովեստներով ընդունեցին Ռադիոհեդյան նոր «ձայնը»: Տարիներ անց քննադատները վերագնահատեցին Kid A-ը, շատերը այն համարեցին Ռադիոհեդի լավագույն գործը ու Ռադիոհեդի երաժշտական տաղանդի ապացույցը: Kid A-ին հետևեցին մի շարք ալբոմներ, որոնք նորանոր երաժշտական ժանրեր էին շոշափում, սակայն կիթառային ալտերնատիվ ռոքին Ռադիոհեդը այդպես էլ չվերադարձավ:

Չնայած Ռադիոհեդի նախա-Kid A-յան շրջանը մեծ ազդեցություն ունեցավ բազմաթիվ ալտերնատիվ ռոք խմբերի կարիերաների վրա, ժամանակը ցույց տվեց, որ հետ-Kid A-յան շրջանը էլ ավելի մեծ ու կարևոր ազդեցություն թողեց տարբեր ժանրերի երգիչների ու խմբերի վրա:

StrangeLittleGirl
28.04.2011, 00:35
Բայց էդ 25-ի մեջ իսկականից շատ էին անկապ բաները: Մի երկու հատ իսկապես համարձակ բան կար, մեկը ասենք, որ Շինեդը Հռոմի պապի նկարը պատռեց կամ Radiohead-ը լսողին ալբոմի գինը որոշելու հնարավորություն տվեց:

Իսկ ինչ վերաբերում ա Radiohead-ի մասին վերջին գրվածին, ապա մեկը ես՝ որպես խմբի երբեմնի կտցրած երկրպագու, Kid A-ից հետո մի այլ կարգի հիասթափվեցի իրանցից, ու չնայած հետագա ալբոմները պարտաճանաչորեն գնեցի, տենց էլ չկարողացա սիրել նենց, ոնց որ սիրում էի Kid A-ից առաջ երեք ալբոմները:

Հայկօ
28.04.2011, 00:51
Իսկ ես սենց ցուցակ-նյութերը սիրում եմ :P: Ապրի Ռուֆուսը, փա՛ռք, փա՛ռք:

StrangeLittleGirl
28.04.2011, 00:56
Իսկ ես սենց ցուցակ-նյութերը սիրում եմ :P: Ապրի Ռուֆուսը, փա՛ռք, փա՛ռք:
Ես էլ եմ ընդհանրապես սիրում, բայց էստեղ Rolling Stones-ը լավ չէր աշխատել էլի: Օրինակ Բոբ Դիլանի քրիստոնյա դառնալն առաջին տեղում դնելը շատ անիմաստ էր: Հա, կարելի էր ընդգրկել ցուցակում, բայց ոչ առաջին տեղում:

Ռուֆուս
29.04.2011, 14:24
Բոնուս 3. The Verve-ը թողարկում է Bitter Sweet Symphony սինգլը

http://i.imgur.com/YZuBH.gif

Սա էդքան էլ համարձակ քայլ չի, ինչքան ռոքի ամենամեծ անարդարություններից մեկը: 90-ական թվականներին բազմաթիվ երաժշտական քննադատներ The Verve խումբը համարում էին բրիտանական ռոքի հույսն ու ապագան: Սակայն խմբի գործերը այնքան էլ լավ չէին ընթանում: Երկրորդ՝ Northern Soul ալբոմից հետո խումբը կազմալուծվում է ներքին կոնֆլիկների պատճառով: Երկու տարի անց 1997թ-ին խումբը նորից միավորվում է ու թողարկում մեծ համբավ ձեռք բերած Urban Hymns ալբոմը, որի հիթ սինգլն է դառնում Bitter Sweet Symphony երգը: Ներքին կոնֆլիկտները կրկին սպառնում են կազմալուծել խումբը, սակայն այս երգը ճակատագրական է դառնում խմբի հետագա կարիերայի վրա:

Բանն այն է, որ խումբը Andrew Oldham նվագախմբից թույլտվություն էր վերցրել երգի մեջ օգտագործել The Rolling Stones խմբի 1965թ-ի "The Last Time" երգի սեմփլը: Սինգլի թողարկումից հետո նվագախումբը դատի է տալիս The Verve-ի պատճառաբանելով, որ խումբը «չափից դուրս շատ է օգտագործել» սեմփլը: Երկարատև ու նվաստացուցիչ դատական պրոցեսից հետո The Verve-ը տանուլ է տալիս դատը ու ստիպված է լինում երգի հեղինակների ցանկում նշել նաև Քեյթ Ռիչարդսին և Միք Ջագգերին ու The Rolling Stones-ին հատկացնել երգի վաճառքից ստացված հասույթի մի մասը: The Verve խմբի վոկալիստ Ռիչարդ Էշքրոֆտը ի պատասխան նշում է. «Bitter Sweet Symphony-ն վերջին 20 տարիների ընթացքում Ջագգերի ու Ռիչարդսի գրած լավագույն երգն է, և The Rolling Stones-ի ամենամեծ հիթը "Brown Sugar"-ից հետո»:

The Verve-ը կարճ ժամանակով վերամիավորվում է 2000-ական թվականների կեսին ու թողարկում խմբի վերջին ալբոմը: