PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական Ջազը 70 տարեկան է



Sunny Stream
12.08.2008, 20:38
Այս ողջ տարին տարբեր միջոցառումների շրջանակներում նշվում է հայկական ջազի 70-ամյակը!!! Իսկապես շա~տ գեղեցիկ ու բարձրակարգ ջազ ենք ունեցել, որոշ խմբեր այսօր էլ այդ մակարդակը պահում են ու ներկայացնում թե´ հայ, թե´ արտասահմանցի ջազասերին :)

Սա մեր ջազի պատմությունն է.


Հայկական ջազի պատմությունը

Ջազային առաջին նվագախումբը համարվում է 1938 թ.-ին ՀՀ կառավարության անմիջական հրահանգով ստեղծված Հայաստանի պետական ջազ նվագախումբը կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմ Այվազյանի ղեկավարությամբ և Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ: Այդ ժամանակ երևանյան ջազը դարձավ առաջինը Կովկասում:

Արտեմ Այվազյանը ծնվել է 1902թ.-ին իրավաբանի, երաժշտական քննադատի, թարգմանչի` ի դեմս մեկ անձի, և դաշնակահարուհու ընտանիքում: Մայրն ուսուցանել էր որդուն տիրապետել գրեթե բոլոր երաժշտական գործիքներին, ինչը հետագայում օգնեց նրան նվագախմբային և կոմպոզիտորական գործունեության ընթացքում: Պատանին 21 տարեկան էր, երբ ավարտեց կոնսերվատորիայի թավջութակի բաժինը, այնուհետև, շարունակելով կրթությունը, կոմպոզիցիա ուսանեց կոմպոզիտոր Ա. Սպենդիարովի մոտ: 1932 թվականին նա ավարտում է նաև Մոսկվայի կոնսերվատորիան և մեկ տարի անց մասնակցում է կատարողների Համախորհրդային I մրցույթին և արժանանում դափնեկրի կոչման: Հայաստան վերադառնալուց մի քանի տարի անց նրան առաջարկում են ղեկավարել նորաստեղծ նվագախումբը:

Կարճ ժամանակահատվածում նվագախումբը հռչակ ձեռք բերեց ողջ Միությունում և համարվեց խորհրդային լավագույն նվագախմբերից մեկը: Դա մարդկանց ստեղծագործական բույլ էր, որն աչքի էր ընկնում ղեկավարի հմտությամբ ու երաժշտական նուրբ ճաշակով: Պատահական չէ, որ Այվազյանի ստեղծագործությունների և բարձր կատարողականության շնորհիվ հռչակ ձեռք բերած նվագախումբը դարձավ միակը Միությունում և չխամրեց 40-ականների վերջին ջազի հանդեպ հալածանքների ժամանակ, թեև "սաքսոֆոնի ուղղման"-ը և Արևմուտքի առջև խոնարհության դեմ պայքարի ընթացքում նվագախմբի "ջազային" անվանումն այնուամենայնիվ վերածվեց "էստրադային"-ի:

Նվագախումբն իր առաջին մկրտությունն ստացավ 1939 թվականին Մոսկվայում կայացած Հայկական արվեստի տասնօրյակի ժամանակ: Նվագախումբը մյուսներից հիմնականում տարբերվում էր հնչող երաժշտության ազգային մեղեդայնությամբ: Նվագախումբը ներկայացնում էր քաղաքային ֆոլկլորի, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև` այդ ժամանակահատվածում արդի կոմպոզիտորների սրամիտ գործիքավորումներ: Նվագախումբը ներառում էր 5 սաքսոֆոն, 3 շեփոր, 2 տրոմբոն, 3 ջութակ, ակուստիկ կիթառ, կոնտրաբաս, թմբուկ և Օրդոյան եղբայրների պարային եռյակը: Որպես բոլոր համերգների տպավորիչ բացում` նվագախումբը կատարում էր Այվազյանի հանրահայտ ՙՀայկական ռափսոդիան¦: Այսպես շարունակվեց մինչև 50-ականները…

Կոստանդինի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան վաղ մանկուց: Ընդունակ տղան սովորում էր հատուկ շնորհալի երեխաների դպրոցում: 1942 թվականին 14 ամյա Կոստանդինին ընդգրկեցին 8-րդ օդաչվական նվագախմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Հյուրախաղերի ժամանակ Երևանում տաղանդավոր երաժիշտը գրավեց Արտեմ Այվազյանի ուշադրությունը, որը և որոշեց ընդգրկել նրան իր նվագախմբում: Երիտասարդ Օրբելյանն այնտեղ լավ դպրոց անցավ: Հենց այդ ժամանակ ամուր հիմք դրվեց իր հետագա գործունեությանը: Նվագախմբի համար նա կատարում էր ժողովրդական երգերի մշակումներ, ինչպես նաև ստեղծագործում էր: Որպես ջազային լավագույն կատարողներից մեկը` Կոստանդինը հռչակ ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: 1948 թվականին նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ Մոսկվայում Օրբելյանն ստանում է հանրահայտ Ուտյոսովի ջազային գործունեության մեջ ընդգրկվելու առաջարկը: Չնայած գայթակղիչ հեռանկարներին, Կոնստանդինը հրաժարվեց` հօգուտ Այվազյանի առաջարկի` ստանձնել Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Սակայն 1952 թվականին Օրբելյանը հեռանում է նվագախմբից և ընդունվում է երաժշտական ուսումնարան` կոմպոզիտոր Է. Միրզոյանի դասարան: 1954թ.-ն գերազանց առաջադիմությամբ ավարտում է ուսումնարանը և ընդունվում է կոնսերվատորիա:
Նույն թվականին Օրբելյանը կազմակերպում է ռադիոյում գործիքային հնգյակ, որը քայլ հանդիսացավ ջազի սիրելի աշխարհ վերադառնալու համար:

1956 թվականին նվագախմբի ստեղծագործական վերակենդանացման նպատակով` ֆիլհարմոնիայի ղեկավարության կողմից Կոստանդին Օրբելյանին առաջարկվեց ղեկավարել նվագախումբը, որտեղ նա բազում տարիներ աշխատում էր` որպես դաշնակահար: Երկարուձիգ վարանումներից հետո Կոստանդինը համաձայնեց և նշանակվեց որպես Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր: Նրան հաջողվեց առաջինն իրականացնել ժամանակակից ջազի և ազգայինի համադրման սկզբունքները: Հայկական ջազը սկսեց դուրս գալ միջազգային բեմահարթակ: 1966 թվականին կայացավ առաջին արտերկրյա ուղևորությունը Չեխոսլովակիա Խորհրդային Միության օրերին նվիրված մշակութային ծրագրի շրջանակներում: Հաջորդ տարի նվագախմբին բուռն ողջունեցին Լեհաստանում…

70-ականների սկզբից Հայաստանի նվագախումբը փայլուն հռչակ ձեռք բերեց ԽՍՀՄ-ում և արտերկրում: 1975թ.-ին Հայաստանի էստրադային նվագախումբը խորհրդային ջազային նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք` ԱՄՆ: Հայ ջազմենները 25 համերգներով հանդես եկան Ամերիկայի խոշորագույն քաղաքներում: Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի "Լինքոլն-Ցենտր"-ում: Առաջին իսկ համերգից հետո նվագախմբի մասին լուրերն անմիջապես տարածվեցին ողջ երկրով: "Հայկական նվագախումբը հերքում է խորհրդային ջազի արգելումն ու ստվերային գոյությունը": Կ. Օրբելյանի ղեկավարությամբ նվագախումբը մենակատարների հետ ցուցադրեց երաժշտական բարձրակարգ ներկայացում սեփական ստեղծագործության հարուստ երգացանկով, ինչպես նաև կատարելով համաշխարհային հռչակ վայելով ջազային այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Էլինգթոնը, Բեյսին և այլք: "Բիգ-բենդ-ջազի ինքնատիպ գործիքավորումները բոլոր առումներով չեն զիջում այն լավագույններին, որոնց հետ մշտապես առնչվում են Վուդի Հերմանի, Սթեն Քենթոնի, Քաունթ Բեյսիի կամ Թեդ Ջոնսոնի – Մել Լյուիսի նվագախմբերը",- գրում էին ամերիկյան թերթերը: Հանրահայտ ջազ քննադատ Ջոն Վասերմանը հայ երաժիշտների ելույթն անվանեց "արևելյան հմայքով համեմված ջազ":

Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարելու ընթացքում Կոստանդին Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց-նվագախումբը: Անցած տարիների բիգ բենդից Հայաստանի նվագախումբը վերածվեց ջազային ժամանակակից նվագախմբի` մշտապես նրբորեն զգալով այնպիսի անորսալի և փոփոխական ուղղությունը, ինչպիսին ջազն է:

1979 թվականին խորհրդային երաժշտության զարգացման խնդրում ունեցած իր նշանակալի ներդրման համար` Կոստանդին Օրբելյանն արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Այնքան էլ դյուրին չէր աշխատել 90-ականներից ի վեր. փլուզվեց ԽՍՀՄ-ն` ստեղծելով հանգամանքներ, որոնց դեմ դժվար էր պայքարել: Այսպիսով` 1992 թվականին Կոստանդին Օրբելյանը մեկնեց Սան Ֆրանցիսկո: Սակայն մշտապես հավատարիմ մնաց երաժշտությանն ու իր հայրենիքին: Կրկին երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախումբը "Պետական ջազ նվագախումբ" անվամբ 1997 թվականին ղեկավարեց տաղանդավոր կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Արմեն Մարտիրոսյանը: Նվագախմբի հետվերածննդյան ժամանակահատվածում նվագախումբը բազմիցս հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, նվաճեց ազգային պարգևներ, թողարկեց երկու լազերային ալբոմ և ներկայացրեց ջազի երկրպագուներին մի շարք յուրատիպ ծրագրեր:

Օրբելյանի կվինտետը հիմք հանդիսացավ Պետհեռուստառադիոյի, ներկայումս` Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի, էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման համար: 1966-1972թթ. նվագախումբը ղեկավարում էր հանրապետությունում ջազային շարժման հիմնադիրներից մեկի` Ց. Վարդազարյանի որդին` հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ, դաշնակահար, արդի գործիքավորող և նույն նվագախմբի խորհրդատու-դիրիժոր, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Նրանից հետո նվագախումբը ղեկավարեց Մելիք Մավիսակալյանը: Իսկ 1986 թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դարձավ հայկական ջազի փորձառու վարպետ Երվանդ Երզնկյանը: 50-ականների վերջում և 60-ականների սկզբին Հայաստանում սկսվեց ջազային տենդ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում, ձեռնարկությունում և այլուր հայտնվել էին ջազային փոքրիկ կոմբոներ: Առավել ակտիվ և հայտնի դարձավ Լեզուների ինստիտուտին կից ստեղծված քառյակը Լևոն Մալխասյանի ղեկավարությամբ: Երիտասարդ երաժիշտները` դաշնակահար Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը (թմբուկ), Արթուր Աբրահամյանը (կոնտրաբաս) և Ալեքսանդր Զաքարյանը (սաքսոֆոն) բազմիցս ելույթ էին ունենում Երևանում երիտասարդական երեկութների ժամանակ, կազմակերպում էին ջազային երեկոներ, ստեղծում էին ջազային ակումբներ, մեկնում էին ջազ փառատոնների Միության զանազան քաղաքներ, ուր մշտապես առանձնանում էին մյուսներից: Նրանք արձանագրել են ելույթներ և հաղթանակներ Կույբիշեվում, Յարոսլավլում, Վորոնեժում կայացած փառատոնների ժամանակ: 70-ականների կեսերին հայտնվեցին ևս երկու հրաշալի դաշնակահարներ` Դավիթ Ազարյանը և Արտաշես Քարթալյանը: Առաջինն իր եռյակի հետ աշխատում էր ժամանակակից ջազի ոճում, մինչդեռ երկրորդի եռյակում գերակշռում էր ազգայինը:
Նույն տարիներին ջազային բեմում հայտնվեցին սքանչելի կիթառահար Բորիս Անդրեասյանը, քնարական դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, անսամբլը` Էդուարդ Բախչինյանի ղեկավարությամբ:

Տաթևիկ Հովհաննիսյանը 10-12 տարի շարունակ համարվում էր ԽՍՀՄ անգերազանցելի երգչուհի: 11 տարեկանում երգելով ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում` 17 տարեկանում նա դառնում է Օրբելյանի նվագախմբի մենակատար: Նրան անվանում էին ոչ այլ ինչ, քան "Էլլա Երևանից" և տարեցտարի Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհու կոչում էին շնորհում:

Այսօր Հայաստանում գործում են մի քանի` ամենատարբեր ոճերի և ուղղությունների ջազ կատարող հետաքրքիր նվագախմբեր` "Time Report" էթնո-ջազ կվինտետը, "Katuner" ջազ- ռոք սեպտետը, ավանդական ջազ կատարող "Chiko & Friends" քառյակը, ֆյուժն "Art Voices" երիտասարդական խումբը և հիասքանչ "Armenian Navy Band"-ը: Ակումբներում ելույթ է ունենում նաև երիտասարդական ջազային շատ խմբեր: Այսօր Երևանում գործում են բազմաթիվ ջազ ակումբներ, ուր այդ ժանրի կենդանի երաժշտությունը մշտական բնույթ է կրում, կայանում են միջազգային ջազ փառատոններ, բազում հեռուստա և ռադիոալիքներ թողարկում են ջազին նվիրված մշտական հաղորդումներ, և նույնիսկ գործում է առանձին "Ռադիո Ջազ" ռադիոկայանը, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանում մեծ համբավ վայելող այս ժանրին:

Sunny Stream
12.08.2008, 20:39
սա` պաշտոնական կայքը (http://www.armenianjazz70.am/index.php), ուր կարող եք կարդալ ավելի ամբողջական պատմությունը.

սա էլ 70-ամյակին նվիրված վերջին միջոցառումների ազդարարը.



Նինո Կատամաձե
Օպերայի եվ բալետի պետական ակադեմիական թատրոն
Սեպտեմբեր 12, 2008 20:00

2008 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Պետական օպերայի բեմում կկայանա երգչուհի Նինո Կատամաձեի և իր Insight խմբի համերգը: Ջազի երևանյան սիրահարներին սպասվում է հանդիպում անսովոր երգչուհու հետ, ով ամենայն համարձակությամբ կոտրում է ոճային բոլոր սահմանները. նա ջազից ազատ անցնում է էթնիկ երաժշտության և այդ ամենն այնքան ինքնատիպ է կատարում, որ ամենափորձառու ունկնդիրն անգամ ստիպված է կռահել հնչող մեղեդին:

Նինո Կատամաձեն ծնվել է Կոբուլետիում (Աջարիա` Վրաստանի հարավային ինքնավար մարզ): 1990 թվականին նա ընդունվեց Զ. Ժ. Պալիաշվիլիի անվան Բաթումի երաժշտական ինստիտուտի վոկալի բաժին` Մ. Մահարաձեի դասարան: Ուսումնառության ընթացքում և ավարտելուց հետո ելույթ է ունեցել զանազան խմբերի հետ և մասնակցել է երաժշտական տարբեր նախագծերի: 1994-1998 թթ. նա ստեղծեց հաշմանդամներին և սոցիալապես անպաշտպան երաժիշտներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով հասարակական բարեգործական հիմնադրամ: 1999 թվականին Նինո Կատամաձեն սկսեց համագործակցություն Insight խմբի հետ, որը և երգչուհուն հռչակ բերեց հայրենիքում, Ռուսաստանում, իսկ 2002 թվականին Վրաստանի օրերի շրջանակներում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի ժամանակ Նինո Կատամաձեն հմայեց նաև Եվրոպայի ունկնդիրներին: Այսօր Նինո Կատամաձեն ռուսական և եվրոպական խոշորագույն փառատոնների մշտական հյուր է:

Նինո Կատամաձեն թողարկել է 3 լիարժեք աուդիո ալբոմ` "Ordinary day", "White" և "Black" (երկուսն էլ ձայնագրվել են 2006 թվականին), ինչպես նաև` "Start new peaceful day" համերգային DVD սկավառակը: Նա մասնակցել է նաև մի քանի ֆիլմերի սաունդթրեքերի ձայնագրման աշխատանքներին` "Խնձոր", "Նարնջագույն երկինք", "Ճանապարհ դեպի փրկիչ", "Ինդի":

Նրան բազմաթիվ պարգևներ են շնորհվել`

Տարվա լավագույն երգչուհի, "Օվացիա" մրցանակ, Վրաստան, 2002թ. Տարվա երգերի հեղինակ և կատարող, Վրաստան` 2002թ.
Մրցանակ ամենաինքնատիպ երաժշտության համար, Վրաստան` 2002թ. Տարվա դեմք, Վրաստան` 2003թ., Տարվա լավագույն երգչուհի, "ՄԵԳԱ" մրցանակ, Վրաստան` 2003թ.,
Լավագույն վոկալ-գործիքային անսամբլը (Նինո Կատամաձե և INSIGHT), "Օվացիա" մրցանակ, Վրաստան` 2004թ.

Անկասկած երևանցիներին սպասվում է հետաքրքրական հանդիպում: Համերգը կկայանա "Հայկական ջազ-70" կազմակերպության ջանքերով ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:


Տաթեվիկ Հովհաննիսյան
Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ
Սեպտեմբեր 27, 2008 20:00

2008 թվականի սեպտեմբերի 27-ին հայկական ջազի հոբելյանական տարվա շրջանակներում Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա հիասքանչ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բացառիկ համերգը: Համերգը կկայանա "Հայկական ջազ-70" կազմակերպության ջանքերով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
"Սա լավագույն նոր ձայնն է ջազում, որ լսել եմ վերջին քսանհինգ տարիներին",- նշում է Ջորջ Ավագյանը: "Նա ունի լայն դիապազոնով հրաշալի ձայն, նրա կատարումը դյութում է կրքի և սվինգի անզուգական զգացողությամբ",- Ալեքսեյ Բատաշեվ:

Տաթևիկ Հովհաննիսյանը խորհրդային ջազ վոկալի "թագուհին" է, ինչպես նաև` "Էլլան Երևանից" և այժմ ԱՄՆ մեկնելուց բազում տարիներ անց դեռևս անգերազանցելի է ջազային մեյնսթրիմում: Այդ ամենից զատ, երգչուհու կատարողականությունն առանձնանում է հայկական ժողովրդական երաժշտության վառ կոլորիտով:
Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի ընկավ: Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:

80-ականներին ճակատագրի բերումով Տաթևկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական "ես"-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են "Քարնեգի Հոլլ"-ը և "Լինքոլն Սենթր"-ը:

Որտեղ էլ որ նա ելույթ էր ունենում, մշտապես պատմում էր իր երկրի, ժողովրդի և արվեստի մասին: 90-ականներին Տաթևիկը Լարի Ուիլիսի (Լարի Ուիլիս` դաշնամուր, Իգոր Բուտման` տենոր սաքսոֆոն, Էնդի Մաքլաուդ` բաս, Սթիվ Վիլյամս` հարվածային գործիքներ) քառյակի հետ համատեղ ձայնագրեց և թողարկեց "Ballads from the Black Sea" ալբոմը, որը խանդավառությամբ ընդունվեց ամերիկյան քննադատների և ունկնդիրների կողմից: Սակայն այդ տարիների նրան սնող ազգային արմատները բավական խորն էին: Հայ հանրահայտ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի դուստրը` Տաթևիկը, չէր կարող չվերադառնալ ակունքներին: Հայկական ծագում ունեցող ամերիկացի ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանի հետ համատեղ Տաթևիկը ստեղծեց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներից բաղկացած ծրագիր և ձայնագրեց վերջինիս ալբոմը: Ալբոմի պրոդյուսեր դարձավ նույն ինքը` Ջորջ Ավագյանը: Զգացմունքների խորությունը և հոգևոր ջերմությունը, որոնց շնորհիվ աչքի է ընկնում երգչուհին, արդարացնում են սկավառակի անվանումը` "Listen to My Heart" ("Լսիր սրտիս բաբախյունը"):

Երգչուհին պայմանագիր է կնքել "Sony Classical" ընկերության հետ` հերթական հինգ ալբոմների ձայնագրման և թողարկման համար: Մասնագետներին և պրոդյուսերներին գրավեց Տաթևիկ Հովհաննիսյանի մեծ աշխատասիրությունը, բարեխղճությունը, նվիրվածությունը և լավագույն արդյունքին հասնելու ձգտումը: Վերջին 2-3 տարիների ընթացքում երգչուհին մի քանի անգամ ջազ փառատոնների է մեկնել Ռուսաստան: Սա բազմաթիվ տարիների ընթացքում հայրենիքում կայանալիք առաջին համերգն է:



Pilobolus Dance Theatre
Օպերայի եվ բալետի ակադեմիական թատրոն
Սեպտեմբեր 27, 2008 20:00


թեման որոշեցի բացել, երբ փողոցում տեսա Կատամաձեի համերգի ազդագիրը!!! Շա~տ ուրախ եմ, որ նա գալու է... հույս ունեմ, որ գալու է... ջազը սովորաբար արհամարհում է ամեն տեսակ քաղաքական խոչընդոտ ու միշտ դեմ է գնում հակամարտություններին... ջազի աշխարհը ամենաազատն է ու բարին :roll
բայց հենց թեման բացելիս իմացա, որ գալու է Տաթևիկ Հովհաննիսյանը :yahoo մանավանդ վերջերս շատ-շատ եմ լսում նրա երգերը, իսկ «Չեմ կրնա խաղալ»-ը, ինչպես ընկերներիցս մեկն ասաց, ուղղակի կախարդում է :love էս երկու համերգներին ԱՆՊԱՅՄԱՆ պիտի ներկա լինեմ ու արդեն չեմ համբերում, թե երբ կլսեմ նրանց կատարումները!!!

Շնորհավորում եմ ՀԱՅ ՋԱԶԻՆ :)

Sunny Stream
13.09.2008, 18:32
Կատամաձեի համերգին ինչ-որ մեկը գնաց? :roll
ետևի մուտքից ուզեցինք խցկվել, մի կլՕր գլխով ձյաձյա ջղայացավ, չթողեց, առջևի մուտով փորձեցինք` չգիտես որտեղից նույն ձյաձյան ծլեց, էլ չթողեցինք բան ասի` փախանք... հույս ունեմ` լավ է անցել :love